HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Սիսիանում կյանքը շատ տխուր է, չոբանի օրվա պես»

Սիսիանցի Հովիկ Հովակիմյանին պատահաբար հանդիպեցինք Երևան-Սիսիան ճանապարհին ոչխարներ արածեցնելիս: Հեռվից բարևում ենք, ջերմորեն արձագանքում է մեր բարևին, հետո մոտենում ենք նրան:

Ասում է՝ ոչխարները հերթով են պահում, առավոտյան ժամը 05:30 հանում են ոչխարները, բերում «աերոպորտի դուզ» կոչվող վայրը, չնայած, նրա կարծիքով, այդտեղից վերև ավելի լավ տարածք կա ոչխարների համար: Հովվություն անում է ամսվա մեջ մի օր: Մեր գնալու օրը 350 ոչխար էր պահում, որոնք պատկանում են 20 ընտանիքի: Իր ոչխարները հինգն են: Ասում է՝ ամսվա մեջ բաժանել են հովվության օրերը, եթե ինքը չտանի ոչխարները պահելու, ստիպված կլինի 5000 դրամ վճարել: 3-4 տարի առաջ, իր ասելով, ոչխարի գինը բարձր էր, հիմնական գնորդներն իրանցիներ էին: Այդ ժամանակ մի ոչխարի գինը (30-կիլոգրամանոց) 50.000 դրամ էր, հիմա՝ 30-35.000: 

Հովիկի հիմնական աշխատանքը պաշտպանության զորամասերից մեկում է. աշխատում է որպես պահեստապետ: 2 աղջիկ ունի: Ասում է՝ եթե շատ չչարչարվի, չի կարող ապրել, որովհետև կյանքը Սիսիանում դժվար է: «Սիսիանում կյանքը շատ տխուր է, չոբանի օրվա պես: Սիսիանում կյանք չկա, Սիսիանն ամենաանտեսված քաղաքներից մեկն է հանրապետությունում, ով կարողանում ա, իրա փողը դիզում ա, իսկ ժողովրդի, մնացածի մասին չեն մտածում»,- ոչխարների ուղղությամբ նայելով, երկու ձեռքերով հենվելով բարակ ճիպոտին՝ նշում է նա: Ձայնի մեջ դժգոհության տոն չկա, որովհետև այդ տխուր կյանքին էլ հարմարվել են, հետո էլ դժգոհության համար հասցեատեր էլ չի մնացել: Լռում ենք: Ոչխարները արևից պաշտպանելու համար մակաղել են մի տեղ, գլուխները չեն երևում: Հովիկը մեզ բացատրում է, որ շատ շոգից է, հետո մեղմ ժպտում է:

«Ընդհանուր աշխատանք չկա Սիսիանում, մի տամոժնյա կա, էնտեղ են աշխատում, մի մասը զինվորական են, մի մասն էլ աշխատում է միլիցիայում: Արտադրանք չկա, գործարան չկա, մի փոքր ֆաբրիկա ա բացվել տրիկոտաժի, 50-60 հոգի են աշխատում էդտեղ էլ»,- տեղեկացնում է զրուցակիցս:

Բացի ոչխարներից, 3 կով է պահում, բայց, ասում է, չի էլ կարող շատ պահել, որովհետև արտադրանքը իրացնելու խնդիր կա: Հիմա կաթը լավագույն դեպքում վաճառում են 140 դրամով: Այդ գնով հիմնականում գնում են կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող ընկերությունները: Լավագույն դեպքում կաթը վաճառում են 200 դրամով՝ անհատներին: Ամառվա սեզոնին խոտի 1 հակն էլ գնում են 1000 դրամով, բայց եթե սեզոնը վերջանա, կգնեն 1500 դրամով:

«Էդ դեպքում վաբշե ձեռ չի տա պահելը, կթանկանա, գյուղացու ապրանքն էլ նույն գնին կմնա: Գյուղացին խեղճ եղել ա, խեղճ էլ կմնա»,- եզրափակում է ու նորից ժպտում: Ասելու բան էլ չունի, նշում է, որովհետև բողոքելով բան չի փոխվի գյուղացու կյանքում: Փոխարենը մեզ առաջարկում է գնալ իրենց տուն, որ մի լավ հյուրասիրի մեզ: Արդեն հասել էինք ավտոմեքենայի մոտ, Հովիկը կանչում է. «Անապայման եկեք, հայի տուն ա, ուրիշ տեղ չի»: 

Մեկնաբանություններ (1)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
Ես կապրեի Սիսիանում: ՀԳ. «Հետքը» ինչու՞ է անցել փոքր տառատեսակին. դժվար է ընթերցելը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter