HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արևածաղիկ «չրթողները», էլիտար հյուրասիրության սեղաններն ու «Կրակե օղակ» օպերան

Սեպտեմբերի 1-ին Շուշիի ամրոցում ներկայացվել էր «Կրակե օղակ» օպերան: Այդ մասին քաղաքի տարբեր կետերում կարելի էր տեսնել ծանուցման թերթիկներ, իսկ բացի դրանից, «Ղարաբաղ-Տելեկոմ»-ը բջջային հաղորդագրություններ էր ուղարկել՝ հրավիրելով ներկա գտնվել բեմադրությանը:

Օպերան ժամը 20:00-ին: Դրանից մեկ ժամ առաջ մենք Ստեփանակերտից Շուշի էինք գնում: Շուշի տանող գլխավոր ճանապարհը փակել էին ոստիկանական մեքենաները: Տաքսու վարորդից պահանջեցին աջ կողմի ճանապարհով գնալ: Մարտունեցի վարորդը նախ ընդդիմացավ, որովհետև մեքենան հին էր, վախենում էր վերնասլաց փոքրիկ թումբը բարձրանալ, ոստիկաններն ի պատասխան դրա ասացին, որ նախագահները պիտի անցնեն, դրա համար են փակել ճանապարհը:

Երեկոյան Շուշիի ամրոցից լույսերի փունջ էր երևում: Թանկարժեք մեքենաների շարասյունը շարժվում էր դեպի ամրոց: Դեպի «բեմ» տանող ճանապարհին՝ մոտ 100 մետր էր մնում, սպիտակ ծածկոցով սեղաններ էին դրվել ռեստորանային բացօթյա տարածքում:

Իսկ օպերան դիտելու համար երկու ճանապարհ կար: Ցած գնացող ուղին տանում էր էլիտար հյուրերի, հրավիրատոմս ունեցող անձանց համար նախատեսված աթոռների մոտ, իսկ դեպի վեր բարձրացողը տանում էր ծառաշատ տարածք, որտեղ մուտքն առանց հրավիրատոմսերի էր: Մեքենաները ցաքուցրիվ կայանել էին ծառերի տակ այնպես, կարծես, անտառում քեֆ էին կազմակերպում: Մարդկանց մի խումբ էլ «Կոկա-կոլա» գրությամբ տաղավարի մոտ էր խմբվել, որտեղ հիմնականում վաճառվում էին հյութեր:

Բեմը գտնվում էր բերդապարսպի հարևանությամբ, դրա դիմաց հրավիրյալ հանդիսատեսի աթոռներն էին, որոնք իրենց թիկունքում գտնվող ծառաշատ տարածքից ավելի ցածր մակարդակի վրա էին եւ բաժանված էին պատով: Ծառերի մոտից աթոռների մոտ իջնել կարելի էր աստիճաններով, սակայն դրանք փակել էին ոստիկանները: Իսկ պատի երկայնքով սպիտակ ժապավեն էր կապվել իբրև անվտանգության համար, բայց այդ սահմանից նույնիսկ բեմում կատարվող գործողությունները գրեթե չէին երևում: Տեսարանը հաջողվում էր տեսնել նրանց, ովքեր խմբել էին պատին մոտ կանգնած առաջին երկու շարքերին: Իսկ եթե նույնիսկ հայտնվում էիր այդ շարքերում, սկսում էին հրել, որովհետև ինչ-որ ճարպիկ մեկը փորձում էր հասնել «առաջնագիծ»: Կողքիս կանգնած երկու կանայք, արևածաղկի տոպրակները հանած, «չրթում» էին այնպիսի հաճույքով, կարծես, հերթական սերիալն էր սկսվել: Նայում էի իրենց: «Էն հի՞նչ պրաստին ա յեր կալած թափ տամ»,- ասում էր նրանցից ավելի գերը՝ նայելով ներքևում նստած հրավիրյալների շարքերին: Աթոռներից շատերն արդեն դատարկ էին, ոմանք վերջին աթոռներին նստել, ակտիվ զրույց էին անում: Պատից ներքև կանգնած ոստիկաններն էլ անընդհատ դիտողություն էին անում վերևում կանգնածներին, թե մի քանի մետր հեռու կանգնեք, չընկնեք:

Այդ շարքերից դուրս ոմանք ծանոթներ էին փնտրում, խոսում, ծիծաղում, գրկում, բաժանվում: Իսկ օպերան շարունակվում էր: 

Շուշեցի մի կին հաջորդը օրը քաղաքի կենտրոնական շուկայում զայրույթով պատմում էր մեզ, թե ինչպես իրեն չթույլատրեցին ներկա գտնվել օպերային: Նկատի ուներ աթոռներով տարածքը, որովհետև ինքը հրավիրատոմս չուներ: Ասել էր, թե հրավիրատոմսն ուղարկել են իր հեռախոսին` այն էլ մի քանի անգամ, բայց ապարդյուն էր եղել ոստիկաններին համոզելը: Իսկ նրա ընկերուհին էլ լրացնում էր խոսքը, թե այդ դեպքում թող չասեն, թե շուշեցիների համար են կազմակերպել:

Խնդիրն օպերայի բովանդակությունը կամ երգիչների լավ կամ վատ կատարումը չէ, այլ կազմակերպումը: Մոտ մեկ ամիս լրատվամիջոցներով գովազդվում էր օպերան, նշվում, որ կոմպոզիտոր Ավետ Տերտերյանի «Կրակե օղակ» օպերան ներկայացվելու է Արցախի անկախության 23-րդ և Ա. Տերտերյանի ծննդյան  85-ամյակի առթիվ՝ չմոռանալով ընդգծել, որ այն կազմակերպվում է ՀՀ առաջին տիկնոջ բարձր հովանու ներքո: «Կրակե օղակը» խաղաղության, պատերազմի և սիրո մասին է, որի թեմատիկան չհնացող է:

Օպերան դեռ նոր էր սկսվել, երբ  մարդիկ խմբերով լքում էին տեղանքը՝ դժգոհելով տեղի անհարմարավետությունից: Ես երբեք չէի տեսել արևածաղիկ «չրթող», «պիկնիկի» գնացած օպերայի հանդիսատես: Գուցե այս հանգամանքը բեմադրության կազմակերպիչները պետք է հաշվի առնեին. հատկապես, երբ օպերան զանգվածային մշակույթ չէ, և այդքան էլ հեշտ չէ դրա հետ երկխոսության մեջ մտնելը:

Մեկնաբանություններ (2)

Hasmik
Այո , հոդվածը արդարացի է , օպերան բեմադրվեց ընդամենը առաջին տիկինի ընկերուհիների և ընկերների համար , ժողովուրդը դուրս էր կազմակերպչական ծրագրից
AN
Ցավոտ իրականության ևս մեկ դրսևորում, ուստի նախքան կազմակեպչական մասին անդրադառնալը, պետք է հոգալ պրիմիտիվ նրբությունների մասին, հետո նոր միայն անցնել ոտնկայս ծափահարություններին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter