HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Ի՞նչ տվեցին օգոստոսյան դեպքերն Արցախին

Հարցազրույց ԼՂՀ վարչապետի մամլո խոսնակ, վերլուծաբան Արտակ Բեգլարյանի հետ

-Արտակ, օգոստոսյան վերջին իրադարձությունները՝ Ադրբեջանի դիվերսիաների շարքն ու հայկական կողմի կտրուկ հակազդեցությունը, ի՞նչ տվեցին ԼՂՀ-ին արտաքին քաղաքական ոլորտում:

-Նախ պետք է հասկանալ այդ դեպքերի պատճառները: Դրանք մի քանիսն են: Առաջին հերթին Ադրբեջանը ցանկանում էր տպավորություն թողնել եւ հայկական կողմերի վրա, եւ արտաքին աշխարհի: Երկրորդ՝ ներքին հասարակական ուշադրությունը. սեփական ժողովրդին պետք էր ցույց տալ, որ գումարներ են ծախսվում, եւ դա իր ազդեցությունն ունեցել է բանակի մարտունակության վրա: Ավելի կարճաժամկետ նպատակներ կարող ենք նաեւ դիտարկել՝ նախագահների հանդիպումից առաջ բանակցություններում ինչ-որ ազդեցության լծակ ստանալ, որով կարելի էր հայկական կողմին ճնշել: Ինձ թվում է, որ ռազմական նշանակություն էլ ուներ այդ ամենը: Ադրբեջանական իշխանությունները փորձարկում էին իրենց բանակը, դրա հմտությունները՝ հասկանալու համար, թե ինչ խնդիրներ կան մեծածավալ պատերազմական գործողությունների դեպքում, եւ ներկայուսմ ինչ բացթողումներ կան հայկական կողմում: Այսինքն, կոպիտ ասած, հետախուզական քայլ էլ կարող ենք դիտարկել:

Մեր պատասխանը բավականին համարժեք եղավ՝ ի պատիվ հայոց բանակի: Բանակը ցույց տվեց, որ պատրաստ է գոնե այդ ծավալի ռազմական գործողությունների եւ կարող է այնպիսի պատասխան տալ, որ Ադրբեջանը չմտածի ռազմական գործողությունների մեծացման մասին:

Կարծում եմ՝ արտաքին քաղաքականության մեջ հիմնական առավելությունն այն էր, որ ղարաբաղյան կողմը կանխեց ադրբեջանական կողմի՝ բանակցություններում ուժի սպառնալիքի կիրառումը մեծացնելու մտադրությունը:

-Կարծիքներ կան նաեւ, որ դիվերսիոն գործողությունները կոնկրետ թիրախ ունեին: Մասնավորապես, Քարվաճառի տարածքում գերի ընկած երկու դիվերսանտների ու մեկի դիակի փոխանակման համար հայ գերիներ վերցնել: Հակառակորդի կողմից նման ծրագրի մշակման հարցը ղարաբաղյան իշխանությունները քննարկե՞լ են, ու ի՞նչ արձագանք է եղել:

-Կարծում եմ՝ ռազմական փորձագետները կամ բանակի ներկայացուցիչները ավելի լավ կարող են պատասխանել: Բայց ես՝ որպես ընդհանուր լրահոսին հետեւած մարդ ու վերլուծաբան, կարող եմ ինձ թույլ տալ հետեւություն անել, որ այնքան էլ դրանից չէին բխում դիվերսիաները, այսինքն՝ դրանք զզուտ քարվաճառյան դիվերսիայի շարունակությունը չէին, քանի որ 50-60- հոգանոց ջոկատով հարձակում կազմակերպելը դժվար է պատկերացնել փոխանակում կատարելու նպատակների շրջանակներում: Եթե փորձում են գերի վերցնել, որպեսզի փոխանակում կատարեն, շատ ավելի արդյունավետ մեթոդներ կան. ասենք՝ հետախույզ են ուղարկում կամ 2-3-հոգանոց խումբ, որի համար այնքան էլ դժվար չի լինում գոնե մի հոգի գերի վերցնել կամ գոնե դիակ տանել: Այդպիսի օրինակները քիչ չեն: Դրա համար կարող ենք միանշանակ ասել, որ Ձեր նշած պատճառով չի եղել, այլ նախատեսված, պլանավորված քայլեր են եղել:

-Ըստ Ձեզ՝ Սոչիում կայացած վերջին հանդիպումը, որը հայաստանյան որոշ շրջանակներում դիտարկվեց իբրեւ ոչ արդյունավետ, հերթական հանդիպում, ի՞նչ տվեց ղարաբաղյան կոնֆլիկտի լուծման հարցում:

-Այդ հանդիպումը ես կանվանեի ավելի արդյունավետ, քան վերջին 20 տարվա ընթացքում հանդիպումների ճնշող մեծամասնությունը, քանի որ դրա միջոցով գոնե կարճաժամկետ կամ միջնաժամկետ խաղաղություն ապահովվեց: Այսինքն՝ վերջին 20 տարիների ընթացքում այսքան լարում չի եղել սահմանին, եւ այս հանդիպման արդյունքում այդ լարումը բավականին նվազեց, ու նույնիսկ մի քանի օր այն ավելի ցածր մակարդակի վրա էր, քան վերջին տարիներին: Դրա համար էլ կարող եմ ասել, որ այս գլխավոր նպատակին ծառայեց հանդիպումը: Իսկ թե երկարաժամկետ լուծման ուղղությամբ ինչ տվեց, նույն կարծիքին եմ, որ ոչինչ էլ չտվեց: Բայց այն, որ զրույց է եղել, արդեն ողջունելի է՝ չհաշված արդեն Ռուսաստանի շահերը, նրա հետաքրքրությունները այդ հանդիպումը կազմակերպելու հարցում: Մեր օգուտն ու շահն այն էր, որ խաղաղություն եղավ:

-Տպավորություն կա, որ Արցախի իշխանությունները ՀՀ իշխանությունների կողքին կրավորական կեցվածք են ընդունել  ու սպասում են, որ գա այն պահը երբ իրենց ընդունեն բանակցային սեղանի շուրջ, չնայած հայտարարել են, որ առանց Արցախի մասնակցության հնարավոր չէ հարցի լուծում: Նույն Մադրիդյան սկզբունքների շուրջ բանակցություններն ընթանում են առանց Արցախի: Ինչու՞ հենց ԼՂՀ նախագահի մակարդակով բացահայտ չի հայտարարվում, որ Արցախը դեմ է բանակցությունների ընթացքին մինչեւ չլինի իր մասնակցությունը:

-Ես կոմպետենտ չեմ այս հարցին պատասխանելու, այսինքն ՝ ինչու այդպես չի արվում, բայց որպես կարծիք կարող եմ ասել, որ այդքան էլ այդպես չէ, որ լրիվ պասիվ, չեզոք դիրքորոշում է հայտնում Արցախը: Կարծում եմ՝ առկա հնարավորությունների պարագայում հիմնականում օգտագործվում են այն ռեսուրսները, որոնք հնարավոր է օգտագործել: Արդյո՞ք պետք է ԼՂՀ-ն բոյկոտի եւ ասի, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները չպիտի գան Արցախ: Կարծում եմ՝ սա արդեն կառուցողական քայլ չէ: Բայց Արցախն այն գլխից ասում է, որ մենք չենք պատրաստվում միանալ բանակցություններին կեսից եւ քննարկել ինչ-որ փաստաթուղթ, որը մեզնից առաջ քննարկել են այլ կողմեր: Սա արդեն նախագահի կողմից էլ մի քանի անգամ հայտարարվել է:

Դրան զուգահեռ՝ պետք է նկատել որ Արցախը բավականին ակտիվ քայլեր է անում՝ իր միջազգային սուբյեկտայնությունը հնարավորինս բարձրացնելու ուղղությամբ: Իհարկե, պետութունները չեն ճանաչում ԼՂՀ անկախությունը, բայց նույնիսկ ենթապետական միավորները, ասենք, ԱՄՆ նահանգները եթե ճանաչում են, սա ինքնին քաղաքական ազդեցություն ունենում է: Կարծում եմ՝ այս պահին այդպիսի հարաբերությունների ստեղծումը եւ նմանատիպ հնարավորությունների օգտագործումն այն հիմնականն է, որ Արցախը կարող է կատարել:

-Սեպտեմբերի 2-ն իբրեւ Արցախի անկախության օր է նշվում: Ի՞նչ եք կարծում, որպես վերլուծաբան եւ մամլո խոսնակ, Հայաստանի կողմից նպատակահարմա՞ր է ԼՂՀ անկախության ճանաչումը, թե՞, ինչպես նշվում է, դա կխոչընդոտի բանակցությունների ընթացքին, դրանք կմտցնի փակուղի:

-Արցախից սրա վերաբերյալ պաշտոնական դիրքորոշումներ եղել են, եւ համաձայն եմ դրանց հետ: Այս պահին նպատակահարմար չէ, որ ՀՀ-ն ճանաչի Արցախի անկախությունը, քանի որ մենք պետք է դիտարկենք, որ եթե ճանաչում է, ապա ինչ ենք ստանում դրանից եւ ինչ կարող ենք կորցնել: Եթե անկախությունը ճանաչում է, կորցնում ենք երկրորդ հնարավորությունը՝ անկախությունը ճանաչելու: Այսինքն՝ դա ինքնանպատակ չպետք է լինի: Պիտի լինի ճիշտ պահին, ճիշտ տեղում, որ առավելագույն ազդեցությունն ունենա:

-Շատ է խոսվում, որ կոնֆլիկտի հայանպաստ լուծման համար կարեւոր գործոններից մեկը Արցախի կայացումն է բոլոր ոլորտներում, այդ թվում՝ տնտեսական, որի շրջանակներում իրականցվում է «Արաքսի ծրագիրը»: Տեսանելի արդյունքներ գրանցվե՞լ են այս մեկ տարվա ընթացքում:    

-«Արաքսի ծրագիրն» իր որշակի արդյունքները տվել է, եւ դրանք շոշափելի արդյունքներ են՝ համեմատած մի քանի տարի առաջ եղած իրադրությանը: Սակայն այն չենք կարող բավարար գնահատել՝ հաշվի առնելով մեր ցանկությունները կամ ռազմավարությունը, քանի որ Արաքսի հովիտը բավականին մեծ նշանակություն ունի թե ռազմավարական, թե տնտեսականան առումով: Ռազմավարական առումով այն հարավային կողմի համար բնական սահման է, բացի դրանից՝ գյուղատնտեսական նշանակություն ունի, քանի որ բավականին բերրի հողեր կան, իսկ գետի առկայությունը թույլ է տալիս տարածքներն իրացնել գյուղատնտեսական տեսանկյունից: Եթե ցանկանում ես տարածքի ներուժը կիրառել, պետք է այնտեղ հիմնական բնակչություն ունենաս: «Արաքսի ծրագիրը» միտված է այդ բնակչությունն այնտեղ ունենալուն, որպեսզի բնակիչը եւ հարազատ զգա այդ հողի վրա, եւ զբաղվի տնտեսական ակտիվությամբ: Ժամանակի ընթացքում, կարծում եմ, արդյունքներն ավելի զգալի կլինեն, քան հիմա են: 

Լուսանկարը՝ Ա. Բեգլարյանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանություններ (1)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
Ամենակարևոր հարցին (վերևից՝ չորրորդը) կոնկրետ պատասխան չտրվեց: Իմ գնահատմամբ՝ անհասկանալի,ցավալի ու նույնիսկ վտանգավոր է,որ ԼՂՀ-ի ամենաբա՛րձր պաշտոնյաններ խորությամբ չե՛ն հասկանում Ղարաբաղի պրոբլեմի լուծման մեխանիզմները: .........................................Ուրեմն՝ ԱՌԱՋԻՆ՝ Ստրատեգիան/ նպատակը ՀՀ-ի և ԼՂՀ-ի de facto և de jure ՄԻԱՎՈՐՈՒՄՆ է մե՛կ պետության/ սուբյեկտի մեջ: Իսկ սրան հասնելու միջոցը (այսինքն՝ տակտիկան), հիմա, առաջին հերթին, դարձրին ԼՂՀ-ի անկախության ճանաչումը. (գոնե մեկ հզոր երկիր պիտի սկզբից ճանաչի ԼՂՀ-ն. օրինակ՝ ԱՄՆ, Ֆրանսիա, Գերմանիա,Անգլիա, և այլն: Ռուսաստանը երբեք ԼՂՀ-ն չի ճանաչելու. ինչքան էլ Ստեփանակերտում դհոլ-զուռնա խփեն Ղրիմի համար):................................................ ԵՐԿՐՈՐԴ՝ Մինսկի խումբը ընդամենը ՄԻՋՆՈՐԴ է,որի հիմնական ֆունկցիան/մանդատը/նպատակը հրադադարը պահպանելն է:Այսինքն՝ Մինսկի խմբի նպատակը ԼՂՀ-ի տարածքային ամբողջականության պահպանումն ու ԼՂՀ-ի անկախության չանաչումը չէ՛:............................................. ԵՐՐՈՐԴ՝ Ճշմարտության մասնիկ կա այն արգումենտի մեջ,որ եթե այս՛ պահին ՀՀ-ն չանաչի ԼՂՀ-ն,ապա Մինսկի խումբը ավելորդ կդառնա: Բայց պիտի գիտակցել,որ Մինսկի խումբը ՏԱՍՆՅԱԿ ՏԱՐԻՆԵՐ կարող է ձգձգվել: ....................................................Ուստի՝ ՉՈՐՐՈՐԴ՝ Պիտի՛ ամեն ինչ անել,որ բանակցությունները (բոլոր ձևաչափերով) լինեն ԼՂՀ-Ադրբեջանի միջև՝ որպես կոնֆլիկտի ԵՐԿՈՒ ԿՈՂՄԵՐ: Իսկ ո՞վ է ասում,թե ԼՂՀ-ն պիտի բոյկոտի ԵԱՀԿ Մինսկի խմբին: Մինսկի խումբը Արցախին տալիս է (հարաբերական) ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ, բայց ՀՀ-ն և հատկապե՛ս ԼՂՀ-ն պիտի ՕԳՏԱՏՈՐԾԻ այս խաղաղությունը/ստատուս քվոն՝ Արցախի հայանպաստ լուծման համար, որի առաջին ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ քայլը ազատագրված տարածքների արագացված վերաբնակեցումն է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter