HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Քո տառապանքների առաջ մեր դժգոհությունները դառնում են փոքրոգության դրսևորումներ»

Մհեր Ենոքյան, «Հետքի» թղթակիցը «Նուբարաշենի» բանտից 

Ցմահ դատապարտյալի հարցազրույցը ՀՀ վաստակավոր արտիստուհի Կարինե Ջանջուղազյանի հետ

Բարի օր Ձեզ սիրելի Կարինե Ջանջուղազյան

Մենք երբեք չենք հանդիպել իրական կյանքում, սակայն արվեստի միջոցով, ասես, վաղեմի բարեկամներ ենք... Շուտով կլրանա 2 տարին, երբ 2012 թ-ի նոյեմբերի 29-ին ռեժիսոր Տիգրան Խզմալյանի բեմադրությամբ, Վարդան Պետրոսյանի հետ Դուք իմ ստեղծագործություններից մեկի հիման վրա բեմ բարձրացրեցիք «Մհերի դուռը» բեմական ընթերցման տեսքով յուրահատուկ ներկայացումը:

Մեր սիրելի դերասան Վարդան Պետրոսյանն այսօր բանտում է: Ողբերգություն է տեղի ունեցել՝ կան զոհեր ավտովթարի հետևանքով: Դատաքննության ընթացքում ակնհայտ է դառնում, որ չի եղել Վարդանին վերագրվող մեղքը, և ինչպես ինքն է ասում՝ խնդիրը «վերևների» հետ է: Ցավոտ թեմա է, սակայն ճանաչված դերասանի ճակատագիրն է որոշվում, ում ամիսներ առաջ հոծ բազմություն էր ծափահարում:

«Հացի խնդիր», «Մի գավաթ բարություն», «Սխալների կոմեդիա» և բազմաթիվ այլ ներկայացումներում եք խաղացել, սակայն հիշատակելով այս երեք վերնագրերը՝ տեսնում եմ Հայաստանի անկախության պատմությունը... Հացի խնդիրը շատերի մոտ առաջացրեց բարության պակաս, այժմ էլ սխալների կոմեդիայի փուլն, ասես, անվերջ շարունակվում է:

Կարծում եմ՝ արվեստը այն հրաշալի «գործիքն» է, որի միջոցով հնարավոր է ազդել մարդկանց զգացմունքների վրա՝ ձևավորելով համապատասխան գիտակցություն: Սակայն այսօր թատրոնը տեղափոխել են մարդկանց բնակարաններ՝ հեռուստաէկրանից հեղեղվող սերիալների տեսքով, որտեղ գերակշռում է բռնության ու զոռբայության քարոզը, մեծարվում է հանցագործ աշխարհը:

Կարդացել եմ Ձեր հարցազրույցը, ոտեղ պատմում եք Վահե Ավետյանի մահվանից հետո Ձեր հանդիպման մասին երջանկահիշատակ Վարպետի՝ Սոս Սարգսյանի հետ. «Ես ու դու մեղավոր ենք: Մենք մեր գլխին տեր ենք կարգել: Թույլ ենք տվել, որ մեզ ծեծեն, մեզ հետ էդպես վարվեն: Վարպե՛տ, նոր խոսք է պետք, նոր որակ, Նոր հերոսի կերպար է պետք...»,-այսպիսի խոսքեր եք ասում Դուք, որից հետո Սոս Սարգսյանը համաձայնվում է:

- Որպես հայ դերասանուհի, որտե՞ղ եք այսօր տեսնում արվեստի խնդիրը մեր հասարակության զգացմունք-պետություն գիտակցության մեջ:

- Սիրելի՛ Մհեր, լուսավո՛ր մարդ, նախ ինձ համար առանձնակի պատասխանատվություն և բերկրանք է քեզ հետ զրուցելը: Քո բազում տառապանքների առաջ մեր դժգոհությունները դառնում են չնչին և փոքրոգության դրսևորումներ: Կուզեի քեզ լույս հաղորդել, սեր ու հավատ փոխանցել, սակայն ստիպված եմ ես մեկ անգամ էլ փնթփնթալ, սիրելի՛ս: Հավատում եմ անմեղությանդ և հիամում անկոտրում հոգովդ: Ամեն օր ցորենի հատիկի չափ հավատ եմ փնտրում, որ կարողանամ Աստծո Կամքին համեմատ աղոթք բարձրացնել քո համար, սիրելի՛ Մհեր: Սակայն մեր Աստծո Բարի Սիրտն ավելի մեծ է և Գիտե ճիշտ ժամանակին մեզ բարձրացնել: Այնպես, որ սրտներս հառենք Աստծո Սրտին և շարունակենք արդարություն որոնել: Ամուր գրկում եմ քեզ և փորձում հնարավորիս պատասխանել ինձ և քեզ հուզուղ հարցերին:

Իմ ժամանակակիցներն անցան բազմաթիվ փորձությունների ու դառնությունների միջով: Եվ երբեմն մեծ ջանքեր և կամքի զորություն է պահանջվում արվեստագետից լավատես մնալու և գեղեցիկով լցվելու համար: Որպեսզի կարողանաս հոգևոր արժեքներ արտասփռել, պիտի կարողանաս նախ ինքդ գտնվել գիտակցական և հոգևոր մակարդկի վրա: Ցավոք «հացի խնդիրը» շատերին դրեց նույն հարթության վրա, իսկ հասարակարգ-համակարգը օր օրի կլանում է գոհության մաքուր զգացղությունը, մարդուս հոգևոր արժեհամակարգն  էլ դառնում է անպիտան: Իսկ մեր ժողովուրդը գեղեցիկը գնահատող է և հոգու ծարավ է այժմ: Պատճառները բազմաշերտ են, իսկ խնդիրները՝ ցավ պատճառելու աստիճան անհանգստացնող: Քանի դեռ արվեստագետը գործ ունի թելադրող միջակության հետ, քանի դեռ «ստրուկները ձիերին են, իշխանները՝ ոտաբոբիկ», ապա արվեստագետն ինքն  այսօր ունի խնդիրներ, ուր մնաց խնդիրներ լուծելու հնարավորություն, քանի որ միտքը թելադրվում է, իսկ երևակայությունը՝ սահմանափակվում: Ըստ իս, բռնությունը չի կարող արվեստ ծնել, այն հոգևոր է, ուստի մնում է գոնե գնահատել դեռևս իրենց առաքելության կանչին հավատարիմ արվեստագետներին, որոնք իրենց փխրուն սրտով դեռևս տոկում են և անսալով սեփական ժողովրդի հառաչի՝ շարունակում են գոնե փոքրիշատե փարատել այն: Մեր սերունդը շատ բան տեսավ, բայց, ցավոք, քիչը քննեց: Հուսով եմ, երբ նոր սերունդը մշակութային հեղափոխության կարիքը զգա, մեզ բաժին հասած քչից շատը կքննի, և եթե նոր բան ունենա ասելու, հնարավորություն կունենա ոտքի կանգնելու:

-Զուտ զգացմունքային մակարդակի վրա ի՞նչ եք կարծում՝ արդարության «դուռը» կբացեն այս իշխանությունները, թե՞ այն պետք է կոտրել:

- Ես միշտ հավատացել եմ, որ արդարները միայն իրավունք ունեն արդարություն պահանջելու, և իմ հույսը բնավ չեմ կապում անօրեն իշխանությունների հետ: Պիտի հուսանք, որ մի օր վերջապես կբորբոքվի մեր ժողովրդի արդարության ծարավը և ապաշխարհությամբ կձերբազատի զոհի և ստրուկի մտածելակերպից: Պայմանը դա է, և այդժամ է միայն, որ Աստված կուղղորդի արդարության «դուռը» կոտրելու, բայց այն կոտրելու իրավունքը պիտի ունենան միայն արդարները: «Երանի նրանց, ովքեր ծարավ են արդարության». նման մարդիկ միայն իրավունք ունեն Մարդ կոչվելու:

Բոլոր ժամանակներում էլ, երբ որևէ անհատ-արտիստ հասնում է այնպիսի հանրային սիրո, գնահատանքի, ինչպիսին մեր Վարդանն է, սկսում է լուրջ վտանգ ներկայացնել գործող կարգերի համար: Ժողովուրդը սկսում է անվերապահորեն հետևել իր սիրելիի յուրաքանչյուր խոսքին: Ցավոք, այս դժբախտ պատահարը առիթ հանդիսացավ, որ ժողովրդի «խղճի ձայնը» փակվի և լռեցվի: Բայց սխալվում են նրանք, ովքեր կարծում են, թե կարող են կոտրել Վարդանի նման արվեստագետին: Վերջին դատավարության ընթացքում արդեն իսկ նկատելի էր տուժող կողմի պաշտպանների ատելությունը Վարդանի նկատմամբ, քանի որ, կարծում եմ, շատ լավ գիտակցում են, որ Արտիստի ազատությամբ իրենք ցնցող բեմական հակահերոսներ են ներկայացվելու և արժանանալու մեր ժողովրդի քամահրանքին: Դերասանին մեյմուն համարողները պիտի հասկանան, որ մեր գործը հենց իրենց նման մեյմուններին բացահայտելն ու մերկացնելն է: Այնպես, որ քամու աշխատանք է Վարդանին փորձել վարկաբեկել, առանց այն էլ նրա փխրուն հոգին տառապում է կատարվածից: Ժամանակը և մեր ժողովուրդը կտա իր գնահատականը և կօգնի իր սիրեցյալին ոտքի կանգնելու: Ինչ վերաբերում է Վարդանին, նա արժանապատիվ ու պինդ տղա է, և գիտի ինչ է անում՝ շատ լավ գիտակցելով իրեն բաժին հասած փորձությունը: Համենայնդեպս, ինձ շատ շոյում է մեր ժողովրդի սերն ու անհանգստությունը իր ազնիվ մտավորականի հանդեպ: Խիստ ցավում եմ կատարվածի համար և աղոթում, որ Աստված մխիթարի բոլոր տուժողներին և Իր Բարի Կամքը հաստատի միայն:

-Ինչո՞ւ որոշեցիք նկարահանվել սերիալում:

 -Իմ դժգոհությունների մեջ բազմաթիվ անգամներ հայտնել եմ իմ մտահոգությունները սերիալներում հնչող խոսքի, որակի և հայ մարդուն աղավաղված ներկայացնելու մասին: Մենք այնքան մեծ քանակ չենք կազմում, որ ինչ ուզենանք, հրամցնենք մարդկանց: Եվ ի վերջո, մեր սերիալները հսկայական ազդեցություն ունեցան մեր մի բուռ ժողովրդի բարոյահոգեբանական կերտվածքի վրա: Արդյունքում ունեցանք այն, ինչ ունենք այսօր՝ վհատված ժողովուրդ: Չեմ ուզում խոսել այդ մասին, բայց կուզեի, որ խիստ ծրագրավորված մշակութային քաղաքականություն վարվեր այդ ոլորտում՝ ի նպաստ հանդիսատեսի: Ինչ վերաբերում է ինձ, իմ շատ սիրելի ռեժիսոր Գարիկ Մաշկարյանի հորդորով հրավիրվեցի սերիալում նկարահանվելու, երկար ընդվզումներից հետո հասկացա, որ կերպարն ինձ գրավել է և իր ասելիքով օրհասական է թե՛ ինձ համար, թե՛ հանդիսատեսի: Սցենարիստ Արփի Վանյանի հետ մեր համագործակցումը տվեց իր պտուղը, և կերպարը ստացավ խրատական և իր իմաստությամբ՝ ուղղորդող դեր: Ժողովրդի գնահատականը չուշացավ, և ես տեսա, թե որքան ծարավ է մեր հանդիսատեսը բանական խոսքի, վարակիչ, ազնիվ հույզերի: Սիրում եմ Էմմայիս կերպարը և շնորհակալ եմ իմ հանդիսատեսին, որ կիսում է նրա հայացքները:

-Սոս Սարգսյանի հետ զրույցում Ձեր հիշատակած Նոր հերոսը՝ կա՞ այսօր Նա, ո՞վ է:

-Քիչ չեն լինում հուսահատ պահեր, երբ մտածում եմ, թե հերոսությունն այսօր ծիծաղելի է, քանի որ շուրջդ հերոսներ չկան: Բարեբախտաբար, դրանք անցողիկ հոգեվիճակներ են, իսկ կյանքն ինքնին արդեն հրաշալի է իր վեր ու վարերով: Երախտամոռ պետք է լինել չգնահատելու համար մեր համառ պայքարող երիտասարդներին, որոնք արհամարելով ստրակմտությունը՝ իրենց ազնիվ պայքարով վերագտնում և վերահաստատում են հայ մարդու կորցրած արծեքները: Եվ մի՞թե հերոսներ չեն նրանք, որ ծեծի և մտրակների տակ միաբանության են կոչում մի ամբողջ ժողովրդի հաստատելու իր արժանապատվությունը: Ցավոք, հակահերոսներն այսօր գերակշռում են: Եվ ավելի մեծ ցավով պիտի ասեմ, որ առայժմ թեև մեր ժողովրդին միայն թուրքն է միաբանում, միևնույնն է, ակնհայտ է նրա պայքարի կենդանի ոգին, և հավատում եմ, որ մեր այսօրվա մարտնչող երիտասարդներն են լինելու մեր երկրի արժանավորները, որովհետև բարին են ցանում և բարին են հնձելու: Ես միայն կուզենայի, որ Աստված է՛լ ավելի զորացներ այն մարդկանց, ովքեր հոգով անկոտրում են և մաքուր իրենց շարժառիթներում: Եվ թող կատարվի այն Խոսքը, որն ասում է. «Երանի ձեզ, երիտասարդներ, որ ուժով եք և հաղթեցիք չարին»:    

 

Շնորհակալություն հարցազրույցի համար

Սիրով ու ջերմ մաղթանքներով՝ Մհեր

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter