HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Հացիկում ջուր չկա. այգիները ոռոգում են տարաներով բերված ջրով

Օրեր առաջ Արմավիրի մարզի Հացիկ գյուղի բնակիչներ՝ երկու հորեղբոր որդիներ իրար ծեծել են ջրի պատճառով եւ դարձել թշնամիներ: Նրանցից յուրաքանչյուրը փորձել է րոպե առաջ ոռոգել չորությունից խանձվող դաշտը, ինչը կռվի պատճառ է դարձել: Հացիկում նույն պատճառով թշնամի են դարձել գրեթե բոլորը: Գյուղացիների աչքի առաջ ոչնչանում է ոչ միայն այս տարվա ամբողջ բերքը, այլեւ այգիներն ամբողջությամբ՝ զրկելով նրանց նույնիսկ գալիք տարիներին սպասվող բերքից:

Դաշտերում տղամարդիկ վախենում են նույնիսկ ծխախոտ վառել. դաշտերը չորացել են, եւ մեկ անզգույշ քայլը կարող է մոխրի վերածել ամբողջ գյուղը: Հացիկ, Խանջյան, Արաքս եւ Արմավիրի տարածքի մի շարք գյուղերում ջուրը տալիս են շաբաթվա մեջ երեք օր: Գյուղացիները դժգոհում են, որ տրված ջուրը շատ քիչ է եւ չի բավարարում բոլորին: Մեր այցելության պահին գյուղերին ջրով ապահովող ջրանցքը չոր էր, իսկ դաշտերի առուներում նույնիսկ գորտերն էին սատկել:

75-ամյա Ռոբերտ Թովմասյանը արեւի կիզիչ ճառագայթների տակ դաշտում կովերին էր արածեցնում: Նրա մի ձեռքում փայտն էր, մյուսում՝ եռման աստճանի հասած պլաստիկ շշով ջուրը: Տեսնելով անծանոթ մարդկանց՝ առաջ եկավ: Նրա ձեռքերը հուզմունքից դողում էին:

«Ամառվա կեսին խնձորիս այգին լրիվ տերեւաթափ է եղել, այգու մեջ խոտ էլ չա, որ գոնե անասուններին արածեցնեմ: Գարնանից տանջվում ենք, հույսներս դա էր: 75 տարեկան մարդ եմ, կյանքս այս հողերի վրա եմ մաշել: Թող մտածեն, որ գյուղացին է քաղաքի ժողովրդին պահում, որ գյուղացին քյասիբ լինի, էլ երկիրը ի՞նչ երկիր պիտի լինի: Բա ամառվա կեսին գյուղացու ջուրը կտրու՞մ են, դա լրիվ անխղճություն է»,-ասում է Ռոբերտ պապն ու փոքր քայլերով շարժվում չոր դաշտում կանաչ փնտրող կովերի ուղղությամբ:

«Մի երկու կով է մնացել, բայց խոտ չկա, հույս էլ չկա, որ մինչեւ գարուն կովերին պահեմ»,-ինքն իրեն խոսելով գնում էր Ռոբերտ պապը:

Քիչ հեռվում հանդիպեցինք Գարեգին Քերոբյանին: Նա, ձեռքերը գլխին դրած, նստած էր իր այգու դեղձենիների տակ: Տեսնելով մեզ՝ կորածաց մեջքն ուղղելով ոտքի կանգնեց: Նա էլ դժգոհեց, որ խաղողի այգին գրեթե ամբողջությամբ չորացել է, այժմ հերթը դեղձի ծառերինն է: Նա էլ շատերի նման չի հավատում կառավարության եւ պատկան մարմինների խոստումներին՝ ասելով, որ բոլորն իրենց շահերից են խոսում եւ սովորական քաղաքացուն մոռացության են մատնել:

«Պետությունը միշտ էլ ասել է, որ գյուղացու կողքին է, բայց փաստը սա է, որ գյուղացու կողքին չի: Սա ի՞նչ վիճակ է, որ գյուղացին է ապրում, դառը դատեցինք հիմա դատարկ նստելու ենք, էլ հնարավոր չի այսպես շարունակել: Գալիս է սեզոնին ջրի, հողի հարկ են ուզում, ինչպես ենք վճարելու, չենք էլ վճարում դատի են տալիս: Ջուրը հիմա է պետք գյուղացուն, մարդիկ ժամանակից շուտ խնձորները հավաքում են, որ չթափվի: Դեղձերից ամեն մեկը պիտի կես կիլո քաշ ունենար, բայց հիմա աշնան բերքս կանաչ-կանաչ լրիվ թափվում է: Տնամերձ հողամասում նույն վիճակն է, երկու տոննա դեղձ է փչանում, գոնե մի հատիկ վաճառքի ենթակա չի, ընդամենը մեկ անգամ եմ  ջրել»,-ասում է Գարեգինը եւ ծառերի չորությունը ցույց տալու համար թեթեւ հպվում չհասունացած դեղձի ճյուղին. դեղձերը փաթվում են գետնին:

Գարեգինը ծնկաչոք փխրեցրել է ծառերի բույնը, պարարտացրել, բայց հույսը կտրել է ոչ միայն այս տարվա, այլեւ եկող տարվա բերքից:

«Այս ծառերը եկող տարի էլ բերք չեն տա: Ակնկալում էի 15 տոննա բերք ունենալ, բայց մի գրամ դեռ չեմ ծախել, եթե հասունանա էլ, պտուղը փոքր է մնալու, ապրանքային տեսք չունի. ոչ չրի է պիտանի, ոչ իրենից սոկ է դուրս գալիս: Գործարանն ասում է՝ բեր 30 դրամով հանձնի, բայց բեռնատարն ինձանից 50.000 դրամ գումար է ուզում, որ գա տանի: Ես ինչքա՞ն հավաքեմ, որ ծախսս հանեմ, բեռնատարի գումարը տամ ու ձմեռն էլ ապրեմ: Պարզ է, չէ՞, որ ծախսս չեմ հանելու, լրիվ սկած եմ: Թափված բերքը հավաքել տարել լցրել եմ հողի գլուխը, որ աչքս չտեսնի, որ եկամուտս թափվել է գետնին»,-նշում է Գարեգին Քերոբյանը:

Սայադ Աղամալյանի աչքի առաջ չորանում է 3 հա արեւածաղկի դաշտը: Նա 1.5 մլն դրամ գումար է ծախսել, բայց ջրի պատճառով նույնիսկ այդ ծախսը չի կարողանալու հետ բերել: Նրա խոսքերով՝ մեկ ամսից ավել է՝ չի կարողանում դաշտը ոռոգել, որ սերմերը հասունանան:

«Նորմայով պետք է 10 օրը մեկ ջրվի, որ բերք տա, բայց ամիսը մեկ էլ չեմ կարողանում մի կաթիլ ջուր հասցնել: Ջուրը 3 օրով են տալիս ու քիչ քանակությամբ, մարդիկ իրար ծեծելով ջուր են փախցնում, ու շատերին այդպես էլ հերթ չի հասնում»,-ասում է Սայադը եւ ցույց տալիս արեւածաղկի ցամաքած սերմերը:

Դավիթ Իսկանդարյանը ծառերը փրկելու ելքը գտել է: Նա ամեն օր իր ավտոմեքենայով պլաստմասսե տարաներով ջուր է բերում ու ձեռքով ջրում է 2 հա մակերեսով դեղձի, խնձորի այգիները: Ասում է, որ իր «մեթոդը» այնքան էլ օգտակար չէ, որովհետեւ ծառը լիարժեք չի հագենում, սակայն իր հանգստության համար փորձում է մի բան անել:

«Իմ այգին երկու ամիս է ջուր չի տեսել, 2 հա տարածք ես ինչքա՞ն կանեստրներով բերեմ ջրեմ: Օրը 10-20 ծառ ստից ձեռքով ջրում եմ, այնքան որ սրտահովանք, թե իբր մի բան անում եմ, որ չչորանա: Էլ բերքի մասին չեմ խոսում, բայց մորս տնկած ծառերն են, չեմ ուզում, որ չորանան»,-ասում է Դավիթը:

Դավիթի որդիները հողի «դարդից» գնացել են երկրից: Հայրը չի կարողացել նրանց հետ պահել, որովհետեւ ամեն տարի աշխատում են, հողում չարչարվում, բայց տարվա վերջում մնում են առանց եկամտի, ինչն էլ ստիպել է որդիներին չստացված եկամուտը Հայաստանի սահմաններից դուրս փնտրել:

«Ի՞նչ անեմ, ես էլ թողնեմ գնա՞մ…Արարատյան դաշտն է ափսոս, հոգուդ մատաղ: Մենք աշխատող մարդիկ ենք, ջուր շատ կա, թե ինչի չեն տալիս չեմ հասկանում: Կամ թող ասեն ընդհանրապես ձեռք քաշեք հողից, ձառերը կտրեք վառեք, կամ էլ թող ջուր տան: Իրենց մի կոպեկ պարտք չեմ, բոլոր հարկերը ժամանակին տվել եմ, հիմա ինչի՞ են ինձ ցավացնում»,-ասում է Դավիթ Իսկանդարյանը

Հացիկի համայնքապետի տեղակալ Ֆիրդուսի Վարդանյանը եւս առանձնացրեց ոռոգման ջուրը: Ըստ նրա, վիճակը շատ թե քիչ լավ է այն տարածքներում, որտեղ խորքային հորեր կան: Ֆ. Վարդանյանն ասաց, որ ջրի պակասը լրացնելու համար այս տարի ցանկացել են վերագործարկել նաեւ խորհրդային տարիներին հորատված հորերը: Դրանցից մեկը մաքրման աշխատանքների ժամանակ փլուզվել է, մյուսի պոմպն է այրվել, իսկ երրորդի վերագործարկման աշխատանքներն ընթացքի մեջ են եւ հույս ունեն, որ մոտ օրերս կաշխատեցնեն:

«Հուլիս, օգոստոս ամիսներին ամենախիստ ջրի կարիքն է զգացվում, գյուղի 1000 հա ոռոգվող հողերին չկարողացանք պատշաճ ապահովել ջրով: Ջուրը տալիս են երեք օրով, մարդ կա երրորդ օրն է կարողանում ջրել ու դեռ հողամասի կեսը չոռոգած ջուրը կտրվում է, հաջորդ ջրի ժամանակ նորից սկսում է ջրել ոռոգած մասը, ու այդպես էլ վերջին հատվածները չեն ոռոգվում»,-ասում է Ֆիրդուսի Վարդանյանը:

Նա պատմեց, որ ոռոգման ջրի խնդիր գրեթե ամեն տարի եղել է, բայց այս տարի վիճակն ավելի վատ էր: Ըստ նրա՝ եթե գյուղացիներից մեկը կարողանում է մի կերպ ջուր  «գողանալ», ապա հարեւանները դույլերով նրա դաշտի մեջից տանում իրենց ծառերը ջրում են՝ հուսալով, որ գոնե ծառերը չեն չորանա:

Հացիկի ավագանու անդամ Սամվել Ասլանյանն էլ ավելացրեց, որ ամառվա սեզոնին համայնքի բնակիչները պատերազմում են իրար դեմ, բայց անօգուտ: «Շատ ենք դիմել, բողոքել, բայց օգուտ չկա: Արաքս գյուղում նույնիսկ ճանապարհ փակեցին, ոչինչ չփոխվեց»,-հավելեց Սամվելը:

Համայնքապետի տեղակալը նշեց, որ գյուղացիները դատարանից մոտ 40 նամակ են ստացել. «Արմավիր» ՋՕԸ-ն գյուղացիներն դատի է տվել եւ պահանջում է նախորդ տարիների ոռոգման ջրի գումարները: Ֆիրդուսի Վարդանյանի դեմ եւս դատական գործ կա, սակայն վերջինս հրաժարվեց խոսել այդ մասին:

«Արմավիր» ՋՕԸ-ի գործադիր տնօրեն Հովհաննես Պետրոսյանը «Հետքի» հետ զրույցում չհերքեց, որ այս տարի ոռոգման ջրի պակաս կա եւ իրենք մեծ դժվարությամբ են կարողանում ջրօգտագործողներին ապահովել ջրով: Ըստ նրա՝ դեռ տարեսկզբից գյուղացիներին զգուշացրել են սպասվող դժվարությունների մասին:

Ըստ նրա՝ ջրանցքներում ջուր չկա եւ իրենք ի վիճակի չեն ամբողջությամբ ապահովել Հացիկի 852 ջրօգտագործողների պահանջները: «Մարդիկ կան, որ, օրինակ՝ ծիրանի կամ  դեղձի ծառերի տակ առվույտ կամ բանջարաբոստանային մշակաբույսեր են ցանել: Ոռոգման ջրի այգու նորմատիվներն այլն են, մշակաբույսերինը՝ այլ, այս պայմաններում պարզ է, որ դժվարություններ են լինելու»,-ասում է Հովհաննես Պետրոսյանը:

Նա տեղեկացրեց, որ Հացիկ գյուղին ոռոգման ջուր են տալիս 3 օր՝ 4-օրյա դադարներով:

Գյուղացիները պատմեցին, որ մոտ մեկ ամիս առաջ, երբ գյուղնախարար Սերգո Կարապետյանը եկել էր գյուղ, այդ օրը ուժեղ ջուր են տվել գյուղացիներին, բայց նախարարի գնալուց հետո ջրերն անջատել են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter