HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ջորջ Մայքլ՝ սկանդալային, անկանխատեսելի եւ մելանխոլիկ

Նաիրա Հայրապետյան

1990-ական թվականներին տարբեր երաժշտական ծրագրերում հաճախ էր հնչում մի երգ, որն այնքան ընդունված էր լսարանում ու այնքան պահանջված, որ երբեմն կարող էիր լսել միաժամանակ թե ռադիոյով, թե հեռուստատեսությամբ: Շատ նուրբ, զգացմունքային, մեղեդու և կատարման գեղեցիկ ներդաշնակությամբ մի երգ-մենախոսություն, որը կարծես ոչ թե հնչում, այլ սեփական տխուր ապրումներն էր շշնջալով պատմում ինքն իրեն, իր համար, իսկ դու ակամայից դառնում էիր այդ խոստովանության վկան:

« Jesus to a Child» – հունական ծագմամբ բրիտանացի Ջորջ Մայքլի այս երգը մուտք գործեց որպես վերադարձի խորհրդանիշ. վերադարձ դեպի կյանք, երաժշտություն: Այն իսկապես շատ բան փոխեց ոչ միայն երգչի և երաժշտասերների հարաբերություններում, այլև ինչ-որ առումով վերանայեց և սկզբնավորեց նրա քայլերի և տրամադրության ուղղությունը: Մինչ այդ, իհարկե, նա արդեն անցել էր աստեղնային ուղին ու հաղթահարել մեծ տարածքներ: Նախ՝ 1981թ. հիմնադրված «Wham! » խումբը՝ իր շուրջ տասը սինգլներով և համերգներով: 1987թ., իր սոլո կարիերայի սկզբում, Ջ. Մայքլը դուետով հանդես եկավ սոուլ երաժշտության խորհրդանիշ Արետա Ֆրանքլինի հետ:

«I Knew You Were Waiting (For Me)» երգը շրջադարձային եղավ երգչի ստեղծագործական կյանքում. այն օգնեց Ջ. Մայքլին հասնելու իր երազանքներից մեկին` երգել ամենասիրելի արտիստներից մեկի հետ և գրավել առաջին դիրքերը ոչ միայն բրիտանական, այլև համաշխարհային հիթերի շարքերում: Սոլո կարիերայի հաջողությունն արդեն սկսված էր:

 

Մայքլի ու Արետա Ֆրանքլինի այս կատարումը 1988թ-ին կայացած «Գրեմիի» մրցանակաբաշխության ժամանակ երկու անվանակարգում հաղթեց`«R &B ոճում Լավագույն աշխատանք» և «Լավագույն վոկալ դուետ»: Հաջորդաբար ծնվեցին նոր երգերն ու նոր ալբոմները, համերգային հսկա նախագծերը որոնք վերջնականապես ամրապնդեցին երգչի դիրքերը աստեղային ցուցակում:

«Jesus to a Child» երգը նորովի բացահայտեց Ջորջ Մայքլ երգահանին, ապա՝ մարդուն: Այն մինչ օրս համարվում է նրա ամենաճանաչված երգերից մեկը: Մելանխոլիկ տրամադրությամբ, բրազիլիական բոսանովայի ազդեցությունը ակնհայտորեն կրող երգը իրականում հարգանքի տուրք էր երգչի սիրեցյալի՝ բրազիլիացի մոդելավորող-դիզայներ Անսելմո Ֆելեպեի հիշատակին: Նրանք ծանոթացել էին 1991թ. հունվարին՝ Ռիո Դե Ժանեյրոյում կայացած «Rock in Rio» փառատոնի ժամանակ: Երկու տարի անց Ֆելեպեն մահացավ սպիդից: Նրա մահից հետո 18 ամիս շարունակ Մայքլը ուշքի չէր գալիս, նա գրեթե ոչինչ ի վիճակի չէր անել՝ ոչ ստեղծագործել, ոչ երգել, ոչ էլ պարզապես շփվել որևէ մեկի հետ:

Մի անգամ, աշնանային մի գեղեցիկ օր, բազմաթիվ անքուն գիշերների միջից նրան նայեց այն դեմքը, որը մանուկներին ժպտացող Հիսուսին նմանեցրեց: Ընդամենը մեկ ժամում ծնվեց տեքստը, ապա՝ մեղեդին: Երգը իր հետ նաև ապրելու ու ստեղծագործելու իմաստը վերաարժեվորեց:

 

1994թ. նոյեմբերին Բեռլինում անցկացվող MTV Europe Music Awards-ի ժամանակ կայացավ երգի պրեմիերան, որով միաժամանակ ազդարարվեց Ջ. Մայքլի վերադարձը: Ներկայացնելով այն, Թոմ Ջոնսը, ով այդ երեկո հանդիսավարն էր, «Jesus to a Child» -ը «հանճարեղ երգ» անվանեց:

Այս պատմության իրական լինել-չլինելու մասին որոշ ժամանակ երաժշտասերները միայն ենթադրություններ էին անում, քանի որ երգչի անձնական կյանքն ու բուռն քննարկվող հարաբերությունները շարունակում էին վարագույրի հետևում մնալ: Բացահայտորեն չխոստովանած լուրերը, բամբասանքների կամ զրպարտության ազդեցությամբ, նույնպես նպաստում էին երգի հանդեպ հետաքրքրությունը մեծացնելուն: Մինչև 1998թ. իր հոմոսեքսուալության մասին լուրերը Ջ. Մայքլը չէր հաստատում, սակայն այսուհետ յուրաքանչյուր համերգի ժամանակ «Jesus to a Child» -ը կատարելիս, նա բացահայտ նվիրում էր այն Անսելմո Ֆելեպեի հիշատակին:

«Jesus to a Child» -ը թեև գրվել էր 1994թ-ին, թողարկվեց երկու տարի անց, Older. ալբոմի կազմում: Այս երգը անցագրային դարձավ նաև ԱՄՆ-ի երաժշտական տարածքում, երեք ու կես տարի մնաց որպես երգչի ամենահիթային գործը իր 25-ամյա ստեղծագործական կյանքում և միևնույն ժամանակ ամենաերկար տևողությամբ երգը «Բրիտանական 40 լավագույն սինգլներ» անվամբ հիթ-շքերթի ցանկում՝ 7 րոպե: Երգը սիրված և պահանջված է մինչ օրս։

«Կյանքից քաղած իմ կարևորագույն դասը սեփական անձի հանդեպ անկեղծ լինելն է»,- ասել է երգիչը վերջերս, բրիտանական հայտնի «The Guardian» ամսագրին տված հարցազրույցում: Պատասխանելով «Եթե Դուք հնարավորություն ունենայիք խմբագրելու Ձեր անցյալը, ապա ի՞նչը կփոխեիք» հարցին՝ ասել է. «Ես պարտադիր կերգեի Դեյվիդ Գիլմորի հետ «Քարնեգի Հոլլում»»: Երգիչ, երգահան, ձայնագրման պրոդյուսեր, ում գործունեությունը հիմնականում տեղավորվում է «post-disco ոճային», «ոչ այնքան սոուլ, որքան փոփ», ապա՝ «blue-eyed soul»  բնորոշումներում, խոստովանել է, որ «Pink Floyd» խմբի մեծ երկրպագու է: 2014թ. մարտին նա տասը տարվա ընդմիջումից հետո թողարկեց վեցերորդ ալբոմը՝ «Symphonica» անվամբ: Այն ընդգրկում է հիմնականում 2011-2012թթ. «Symphonica» Tour շրջագայության ընթացքում ձայնագրված կենդանի կատարումները:

Լուս․՝ theguardian.com-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter