Հինգշաբթի, 20 սեպտեմբերի

Արկածներ ընթացքի մեջ. Երեւան-Արցախ-Երեւան ավտոստոպ



Ուկրաինացի լրագրող Միրոսլավայի հետ ծանոթացել ենք Լեհաստանում. երկուսս էլ փոքրիկ գյուղաքաղաքից մայրաքաղաք տեղափոխված լրագրողներ ենք, սիրում ենք ճանապարհորդել: Ծանոթությունից ամիսներ անց Միրոսլավան եկավ Հայաստան, ցանկանում էր ավտոստոպով գնալ Արցախ. ես որոշեցի միանալ նրան:

Ավտոստոպով ճանապարհորդել եմ Լիտվայում, Լատվիայում, Լեհաստանում եւ Վրաստանում: Վերջին անգամ մի տարի առաջ էր, երբ Բաթումիում երթուղայինով վթարի ենթարկվելուց հետո ավտոստոպով Թբիլիսի հասա գիշերվա 4-ին, շատ հոգնած էի, մենակ ու մնալու տեղ չունեի: Տաքսիով ճանապարհ ընկա, Թբիլիսիից քիչ էինք դուրս եկել, երբ ՀՀ պետհամարանիշերով մի բեռնատար նկատեցի, որով էլ հասա սահման, քնեցի մեքենայի մեջ մինչ առավոտ: Այդ ընթացքում վարորդը ներսում գտնվող ապրանքն էր գրանցում: Այդ բեռնատարը Ռուսաստանից Հայաստան էր տեղափոխում մսամթերք՝ բանակի համար:

Ավտոստոպը ճանապարհորդելու ամենահետաքրքիր միջոցներից մեկն է: Անընդհատ հյուրընկալվում ես անծանոթ անձանց մեքենաներ, պատմում քո մասին, զրուցում քաղաքականությունից, իսկ երբեմն էլ՝ հանդգնում իրենց կյանքից հարցնել: Ավտոստոպի հաջողված պատմությունները շատ հեշտ մոռացվում են, իսկ անհաջող դեպքերը՝ հիշվում ողջ կյանքում:

2010-ի դեկտեմբերյան ձմեռային օր էր Լիտվայում: Սուրբ ծննդյան տոներն էին մոտենում: Ընտանիքիս անդամներն էին ֆրանսիացի Վիվին, ռումինացի Միցան եւ մի գերմանացի, որ երկար չապրեց մեզ հետ: Վիվիի հետ ամեն շաբաթ-կիրակի կանգնում էինք մեր քաղաքից մի քիչ դուրս գտնվող մայրուղու մոտ, բռունցք անում, բարձրացնում բութ մատն ու պարզում ձեռքը: Գնում էինք այնտեղ, ուր մեզ կտանեն. անկանխատեսելիությունը երջանկացնում էր մեզ: Դեկտեմբերյան այդ օրը միակն էր, երբ ուղղություն ունեինք: Սուրբ ծննդյան օրերը ես որոշել էի անցկացնել Շվեդիայի, իսկ Վիվին՝ Լիտվայի հյուսիսային գյուղերից մեկում: Մենք գնում էինք դեպի Շիաուլիայ քաղաքը, որտեղից ես պիտի ճանապարհվեի Ստոկհոլմ, իսկ Վիվին՝ գյուղ:

Մի զույգ մեզ հասցրեց մինչ ճանապարհի կեսը, օրը գնալով մթնում էր ու սառում: Մեր դուրս ցցած ձեռքերն այլեւս չէինք զգում: Ոչ ոք չէր կանգնում: Մենք տաքանում էինք ծխախոտի ծխով: Լիտվայում մուգ ապակիներով մեծ մեքենաներ (ջիպ) գրեթե չկան: Հանկարծ տեսադաշտում նման մի մեքենա երեւաց, մի քանի մետր առաջ գնաց ու կանգնեց: Ես վազեցի, բացեցի դուռն ու միանգամից ալկոհոլի հոտը խփեց քթիս: Որքան ինձ վանում էր ալկոհոլի հոտը, նույնքան էլ գրավում էր ներսի տաքությունը: «Դեպի Շիաուլիայ»,- ասացի: «Նստեք»,-եղավ պատասխանը:

Ներսում երեք ռուս տղամարդ էին, որոնցից երկուսը՝ ալկոհոլից անջատված: Սկզբում հարցրին՝ ով ենք, որտեղից, ինչ գործ ունենք այդ ժամին մայրուղու վրա: Ամբողջը պատմելուց հետո առջեւում նստածն ասաց. «Ես 21 տարեկան աղջիկ ունեմ, թողնում եմ դիսկոտեկ գնալ, ծխել, խմել, երբեմն տուն չգալ, բայց երբեք չէի թողնի մայրուղու վրա կանգնել»:

 - Ընտրության հարց է,- պատասխանեցի։
- Հիմա ճանապարհի ողջ երկայնքով անտառ է, գիտե՞ք, որ ինչ ուզեմ, կանեմ ձեզ հետ,- շարունակեց:
- Տեսականորեն այո, բայց չեք անի, քանի որ բոլորիս նպատակը Շիաուլիայ հասնելն է՝ առանց ավելորդությունների:
- Մենք Շիաուլիայ չենք գնում, ուղղակի կանգնեցինք, տեսնենք՝ ինչ գործ ունեք մայրուղու վրա: Ի՞նչ իմանամ՝ դուք արտասահմանից բերված անբարոյականներ չեք:

Նրանք մոսկվացի ռուսներ էին, Գերմանիայից վերադառնում էին Ռուսաստան, ճանապարհին էլ փորձում էին ճշտել՝ Լիտվայում արտասահմանից բերված անբարոյականներ կան, թե չէ:

Խնդրեցի կանգնեցնել մեքենան: Որին ի պատասխան՝ առջեւում նստածն ասաց. «Ոչ մի կանգնեցնել, ձեզ հիմա կտանենք Կլաիպեդա, ինչ ուզենք՝ կանենք ու դելֆինների կեր կսարքենք: Ոչ Հայաստանի, ոչ էլ Ֆրանսիայի ոստիկանները ձեզ գտնել չեն կարողանա»:

Քանի որ ֆրանսիացի ընկերուհիս ռուսերեն ոչինչ չէր հասկանում, սակայն զգացել էր լարված իրավիճակը, նրան մի քանի բառով բացատրեցի, թե ինչ պիտի անենք: Կլաիպեդան Լիտվայի ամենահյուսիսում գտնվող ծովային քաղաք է, որին հասնելու համար դեռ 400 կմ պետք է գնայինք: Ես համոզված էի, որ նա ոչինչ չի ձեռնարկի ճանապարհի կեսին, համոզված էի նաեւ, որ մինչ հասնելը գոնե մեկ անգամ պիտի բենզին լցնի: Այդ մարդու սպառնալիքները լսելով՝ մոտ 100 կմ գնացինք: Վարորդը եւ հետեւում նստածը ոչինչ չէին խոսում: Եւ ահա, մեքենան թեքվեց դեպի բենզալցակայան: «Ասա, որ դուռը չբացի եւ մեքենայից դուրս չգա հանկարծ»,- ասաց առջեւում նստածը: «Հենց մեքենան կանգնի, արագ բացիր դուռն ու դուրս արի, ես քո հետեւից դուրս կգամ»,- թարգմանեցի դռան մոտ նստած Վիվիին:

Այդպես էլ արեցինք, սկզբում մենք դուրս թռանք, հետո իրերը վերցրինք: Իսկ մեքենայի ներսում հրեշ ձեւացողը միանգամից ներողություն խնդրեց ավել-պակասի համար, ասաց՝ եթե ոստիկանություն դիմեք, ամեն տեղ կգտնենք ձեզ, նստեց մեքենան ու շարժվեցին:

Մենք, իհարկե, հասանք Շիաուլիայ, այդ գիշեր արթուն լուսացրինք եւ դեռ մի որոշ ժամանակ էլ հետ էինք նայում՝ համոզվելու, որ մեր հետեւից ոչ ոք չի գալիս:

Այս դեպքից հետո ես առիթը բաց չեմ թողնում՝ ավտոստոպով ճանապարհորդելու: Այդ ճանապարհորդությունները լցվում են նոր պատմություններով ու ստիպում մոռանալ այս մեկը:

Հայաստանն ամենալավ վայրն է ավտոստոպի համար, այնինչ հայերը գրեթե չեն ճանապարհորդում այսկերպ: Ուրիշների մեքենաներում հյուրընկալվելը բոլորովին անտեր կամ «բոմժ» լինելու նշան չէ: Երեւան – Տաթեւ – Սիսիան – Գորիս – Ստեփանակերտ – Շուշի- Լաչին – Տաթեւ – Երեւան երթուղով ավտոստոպի արդյունքում ես եւ ուկրաինացի գործընկերս ծանոթացանք 15 մարդու հետ: Նրանցից ոմանք քչախոս էին, որոշները՝ արագախոս, մյուսներն էլ՝ հետաքրքրասեր:

Արմեն Վանյանը արագ-արագ վերադասավորում էր մեքենայի հետեւում բիբարով ու լոլիկով բարձած արկղերը՝ երկու հոգու տեղ ազատելու համար: Մենք շատ հույս չունեինք, որ արկղերն ու տոպրակները հնարավոր կլինի այնպես դասավորել, որ տեղ ազատվի, բայց պարզվեց՝ Արմենը դրանք վերադասավորելու հատուկ հմտություն ունի:

Արմենը Սիսիանից է, 10 տարուց ավելի է, ինչ ապրում է Ստեփանակերտում, ամուսնացած է, մեր ճանապարհորդության օրվանից մի քանի օր անց պետք է ծնվեր նրա երկրորդ երեխան: Ուկրաինացի Միրոսլավան նրան հարցնում էր, թե ինչ դժվարություններ կան Հայաստանում, ինչ է կարծում հայ-ադրբեջանական հակամարտության մասին:

«Հայաստանում ամեն ինչ լավ է, ուղղակի հայերը սիրում են ուրիշինը, դրսինը: Ես Ղարաբաղում եմ ապրում ու շատ լավ էլ ապրում եմ: Աշխատում եմ շինարարությունում, վաստակում եմ այնքան, ինչքան ինձ հերիքացնում է: Աշխատանքային օրերին գնում եմ գործի, իսկ աշխատանքից հետո կամ շաբաթ-կիրակի ընկերներիս հետ ուրախանում ենք, խմում, բայց ալկաշ չեմ էլի»,- ժպիտը երեսին պատմում էր Արմենը:

Արմենի մեքենան մեզ մինչեւ Ստեփանակերտ կհասցներ, սակայն նախընտրեցինք մի քանի մեքենաներով հասնել տեղ, քանի որ Միրոսլավան նոր մարդկանց հետ էր ուզում զրուցել։

Սովետական «Ռաֆը» հանգիստ ընթացքով հասավ մեզ, աջ թեքվեց ու կանգնեց։ Ներսում բոլոր նստատեղերը հանված էին, երբեմնի երթուղային տաքսին վերածվել էր բեռնատարի։ Վարորդը Երեւանից Ստեփանակերտ էր տեղափոխում մի քանի բալոն ածխաթթու գազ. «Սրանցով թանը, ջուրը, հյութերն ենք գազավորում,Ղարաբաղում չկա։ Ամեն ամիս Երեւանից եմ տանում, վաճառում, զբաղվում ենք էլի»,- ասաց վարորդը։

Սիսիանից Ստեփանակերտ ճանապարհը մանուշակագույն վարագույրներով «Ռաֆը» անցավ մոտ 5 ժամում, բոլոր չքնած գիշերների տեղը հանեցինք։


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (1)
1. Արամ23:32 - 8 սեպտեմբերի, 2014
Նրան ես ՈՒլա անունով եմ ճանաչում, անցյալ կիրակի սևանում եմ հանդիպել
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ