HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ախթալայում տեղի ունեցավ խորովածի 6-րդ փառատոնը

 Այսօր Լոռու մարզի Ախթալա քաղաքում  տեղի ունեցավ խորովածի ամենամյա  6-րդ փառատոնը: Փառատոնին մասնակցել են 22 թիմ  և 3  անհատներ: Ներկայացված էր Արագածոտնի, Տավուշի  և Լոռու մարզերը,  Վրաստանից , Ռուսաստանից ժամանած թիմերը: Այս տարի առաջին անգամ  Ախթալայի խորովածի փառատոնին մասնակցեց  ՀՀ պաշտպանության նախարարությունը: Սահմանային Իջևանի N  զորամասի  3 ժամկետային զինծառայող խոհարարներ փառատոնի մասնակիցներին  մատուցեցին  զինվորներին մատուցվող ճաշատեսակներ:  Խորովածի փառատոնին ներկայացել էին նաև Վանաձորի խնամքի կենտրոնի և մանկատան սաները:

Փառատոնին սահմանվել էր լավագույն համ, լավագույն տեսք, լավագույն մտահղացում անվանակարգերը:  Հաղթողներին  հանձնվեցին 10 գավաթ ,  9-ը արծաթե և ոսկե մեդալներ: «Լավագույն մտահղացում» անվանակարգում 1-ին տեղը  զբաղեցրեց  և ոսկե մեդալով պարգևատրվեց  Դիլիջանի «Տավուշ» ռեստորանային  համալիրը: «Լավագույն տեսք» անվանակարգում  1-ին  տեղը զբաղեցրեց  և ոսկե մեդալով պարգևատրվեց  «Լույսինկա»  երիտասարդ խոհարաների ուսումնական կենտրոնը: «Լավագույն համ» անվանակարգում  առաջին տեղը զբաղեցրեց և ոսկե մեդալով պարգևատրվեց «Տրիո» թիմը:

Փառատոնին մեկ շամփուր `300 գրամ խոզի մսի խորովածը վաճառվեց  3 հազար դրամով:  Մեկ կգ խորովածի գինը  հասավ  9 հազար դրամի: Փառատոնի գլխավոր կազմակերպիչներից`«Հայ խոհարարական ավանդույթների  զարգացման  և պահպանման» ՀԿ-ի նախագահ Սեդրակ Մամուլյանը  խորովածի բարձր գների վերբերյալ «Հետքին» տվեց իր մեկնաբանությունը. «Կարծում եմ այն մարդիկ, ովքեր գնողունակ չլինելու պատճառով չեն կարողացել համտեսել խորոված , կգտնվեր մեկ տաղավար, որն անպայման կհուրասիրեր նրանց: Բայց իրականում թիմերին ներգրավելու և շահագրգռելու առումով ունենք խնդիր: Մենք պետք է ազատ շուկայի կանոններին համապատասխան թողնենք ազատ գնագոյացում: Իհարկե, թիմերին նաև հորդորում ենք, որ գները մատչելի լինեն»,- ասաց Սեդրակ Մամուլյանը:  Նա ասաց, որ հաջորդ տարի «Հայ խոհարարական  ավանդույթների զարգացման և պահպանման»  ՀԿ-ն  փառատոնին ներկայանալու է իր մթերքներով, որպեսզի կարողանա մեղմել խորովածի գները: «Ես հայցում եմ ազգաբնակչության ներողամտությունը, խորովածի փառատոնի կազմակերպման գործում կան խնդիրներ, որոնք աստիճանական լուծումներ են պահանջում»,- ասաց նա:  

Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանը քաղաքի տնտեսության զարգացման գործում նշեց  խորովածի փառատոնի կարևորությունը: «Փառատոնի շնորհիվ մեծ  համբավ և ճանաչում է ձեռք բերում Ախթալան:  Տարեցտարի ավելանում են Ախթալա ժամանող զբոսաշրջիկների թիվ: Մենք հյուրանոցային պայմաններ չունենք, արդեն երկու ախթալեցիներ փորձում են կառուցել հյուրատներ»,- ասաց քաղաքապետը:  

Սեդրակ Մամուլյանը փառատոնի մասնակիցներին տեղեկացրեց, որ  «Խորովածի փառատոն- 2014»-ի հաղթողները կմասնակցեն 2015թ.-ի  փետրվարին  Դուբայում կայանալիք խորովածի առաջնությանը:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter