HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շնողցիները նոր անտառահատումները սվիններով են ընդունում

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարտուն Մաթևոսյանի 2014թ. հունվարի 21-ի N1 հրամանով հաստատված «Անտառտնտեսություն» մասնաճյուղերի հատատեղային ֆոնդի համաձայն «Լալվարի» անտառտնտեսությանը 2014թ.-ին տրվել է 1970 խմ բնափայտի և 80 խմ շինափայտի պլան: Բնափայտի պատրաստումը անտառտնտեսությունը պետք է իրականացնի 77 հա անտառներում: «Լալվարի» անտառտնտեսությունը վերահսկում է Թումանյանի տարածաշրջանի 26 հազար հա անտառային տարածքներ:

Անտառտնտեսության տնօրեն Կամո Շահնազարյանն ասում է, որ հատկացված պլանը բաշխել է անտառտնտեսության 5 անտառապետություններից 4-ի միջև: Նա Շամլուղի անտառապետությանը հանձնարարել է պատրաստել 714 խմ, Սանահինի անտառապետությանը` մոտ 230 խմ, Ծաղկաշատի անտառապետությանը `365 խմ, Շնողի անտառապետությանը` 845 խմ փայտանյութ: Տնօրենի բաշխած թվերով 2014թ. փայտանյութի պլանը ավելացել և դարձել 2154 խմ, որը 104 խմ-ով ավելի է «Հայանտառի» նախատեսած այս տարվա պլանից:

Հիշեցնենք, որ Թեղուտի պղինձամոլիբդենային հանքավայրի շահագործման նպատակով Շնողի 360 հա անտառների հատումը նույնպես կատարում է «Լալվարի» անտառտնտեսությունը: Շնողի անտառներում նոր հատումները շնողցիները սվիններով են ընդունում: «Իբր անտառ են թողել, եղածը քիչ էր ամբողջ ամառը փայտով բեռնված բեռնատարները անտառից հա մի գլուխ փետը կրեցին»,- Շնողի գյուղամեջի հրապարակում ասաց մի շնողցի, ով խնդրեց չհրապարակել իր անունը:

Շնողում մեզ նաև տեղեկացրին, որ անտառտնտեսության տնօրենի որդին` Արման Շահնազարյանը, իր սեփական բեռնատարով փայտի բիզնես է անում. «Հիմա, այս պահին նույն մեքենայով փայտանյութ է տեղափոխում տղայի ընկերը`շնողցի Գագիկ Միրզոյանը»,- հայտնեց մեկ այլ գյուղացի: Որդու փայտի բիզնեսով զբաղվելու մասին հարցին Կամո Շահնազարյանը պատասխանեց. «Ուզում էր զբաղվել: Մտքին կար, սակայն չզբաղվեց»,-ասաց նա և չհիշեց, թե անտառտնտեսության հաշվապահական փաստատթղթերով տղային անունով որքան փայտ է դուրս գրված.«Կարող է մի քանի անգամ լինի»,- ասաց նա:

Շնողցիները պատմեցին, որ ամբողջ ամռանը Կամո Շահնազարյանը Շնողի անտառներից տեղափոխել է փայտանյութ: ՀՀ անտառային օրենսգրքի համաձայն բնափայտի մթերումը և տարեկան հաշվարկային հատատեղերը որոշվում են անտառաշինական նախագծերի հիման վրա:

Կամո Շահնազարյանի ասելով` այս տարի «Լալվարի» անտառտնտեսւթյունում շահագործվում են 6 հատատեղեր, որոնց համապատասխան «Հայանտառը» տրամադրել է բնափայտի մթերման և այն անտառից դուրս բերման իրավունքը հաստատող անտառահատման 6 տոմս:

«Առանց վերադասի համաձայնության իրավունք չունենք Ձեզ անտառահատման տոմսեր տրաամադրելու »,- ասաց տնօրենը: Ավագ անտառապետ Արամ Ռամազյանը թույլտվություն ստանալու համար զանգահարեց վերադասին. «Ասում է միայն մեկ տոմս տվեք, թող ծանոթանա»,-վերադասի խոսքը տնօրենին փոխանցեց նա: Ծանոթանալու համար տրվեց անտառահատման N15 տոմսը` սերիա Ա, թիվ 00542, 05.05.2014թ. «Հայանտառ» ՊՈԱԿ-ի 21.01.14թ.N1 հրամանով: Տրամադրված անտառահատման տոմսի 15 համարը փաստում էր, որ «Լալվարի» անտառտնտեսությունում 1970 խմ պլանային փայտանյութը պատրաստելու համար շահագործվում է ոչ թե 6, ինչպես ասում էր Կ. Շահնազարյանը, այլ առնվազն 15 հատատեղ:

Փաստորեն «Լալվար» անտառտնտեսության տնօրենը թաքցրել է պլանային փայտանյութի պատրաստման հատատեղերի և անտառահատման տոմսերի քանակը: Կամո Շահնազարյանի ասելով փայտանյութի պլանից անտառտնտեսությունը մինչ օրս կատարել է 970 խմ-ը: Փաստացի կատարված պլանը երբ բաժանում ենք անցած 8 ամիսների 240 օրերի վրա, պարզվում է, որ անտառտնտեսությունը օրական 4 խմ փայտանյութ է պատրաստել:

«Օրական որքան փայտանյութ եք հանում անտառից»,- հարցրի Կամո Շահնազարյանին: «Քիչ ա, թանկացման պատճառով հիմա քչացել է: Մի 20 օր առաջ վառելափայտը թանկացավ, 7,2 հազար դրամից դարձավ 10 հազար 600 դրամ: Ծախվում է ոչինչ, հիմա ահագին մնացորդ ունենք, մոտավորապես մի 1000 խմ-ի, բայց մինչև տարեվերջ լրիվ կիրացնենք»,- ասաց նա:

Անտառտնտեսությունում փայտը վաճառվում է ինքնապատրաստումով: «Մենք գնորդին ֆակտուրան տալիս ենք`10,6 հազար դրամով: Ինքն իր ուժերով, գնում է անտառից իր բանվորով, տրանսպորտով ծառերը կտրում, տանում է»,- բացատրեց տնօրենը: «Լալվարի» անտառտնտեսությունում հատատեղերի ճանապարհների շահագործման պարտականությունները նույնպես դրված է գնորդների վրա: «Դրա համար մեզ ֆինպլանով գումարներ չեն հատկացնում»,- ասաց Կամո Շահնազարյանը: Վերջինս չհամաձայնեց միասին Շնողի մոտակա անտառների հատատեղեր գնալ. «Շնողի հատատեղերի ճանապարհները շատ վատն են, չենք կարող գնալ»,- ասաց նա:

Ըստ անտառահատման N 15 տոմսի Շնողի անտառապետ Արտյոմ Բեկթաշյանի պատասխանատվությամբ թույլատրվել է 2014թ.-ի հատատեղային ֆոնդի հաշվի Շնողի անտառապետությանը պատկանող «Գելածակեր» հանդամասում հատել 45 հաճարենի տեսակի ծառեր, որից պետք է պատրաստել 179 խմ փայտանյութ, 10 խմ շինափայտ, 23 խմ ցախ և ճյուղ , ընդամենը 201 խմ:

«Գելածակեր» հանդամասը գտնվում է Նոյեմբերյանի վարչական տարածքում գտնվող Գոգդաղ սարի փեշերին, սակայն պատկանում է Շնողի անտառապետությանը: Կամո Շահնազարյանի «Նիվայով» շուրջ 65 կմ հատելուց հետո հասանք Գոգդաղ: Մոտ 400 մետր զառիթափ իջնելուց հետո մեր առջև փռվեց «Գելածակեր» հանդամասի հատատեղը:

Հատատեղում առաջինը աչքի զարնեցին հատված կոճղերը, որոնց շատերի կողքին ընկած էին հաստաբուն բազմաթիվ գերաններ ու քամաթափ ծառեր: Ավագ անտառապետ Արամ Ռամազյանը, Շնողի անտառապետ Արտյոմ Բեկթաշյանը և անտառապահ Մհերը սկսեցին որոնել կոճղերի կնիքները, որոնց թիվը 45-ի փոխարեն հասավ հազիվ 20-ի: Ասացին մնացածը թեք լանջի ներքևում է, հնարավոր չէ հաշվել: Մի քանի կոճղեր առանց կնիքի էին. «Գնորդը էս հատատեղում վնասով է աշխատել,չի կարողացել գերանները բարձրացնել հատատեղի զառիվեր ճանապարհով» ,-բացատրեց անտառապետ Արտյոմը:

«Գելածակերի» հատատեղում խնամքի ու սանիտարական հատման մասին խոսք լինել չէր կարող: Հատատեղում անտառ էր ոչնչացվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter