HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավտովթարից հրաշքով փրկված աղջիկը հաղթահարել է հաշմանդամությունը

5 տարի առաջ ավտովթարից հետո Հասմիկ Մուրադյանը, կոմայից արթնանալով, ավելի շուտ հիշել է ճապոներենը, հետո՝ ծնողներին. «Երբ նա սկսեց կենդանության նշաններ ցույց տալ, բայց դեռ չէր կարողանում խոսել, ցույց էինք տալիս ճապոներեն բառեր, հետո համարժեք նկարներ, նա իր շարժվող ձեռքով ճիշտ հուշում էր, թե որ բառն ինչ է նշանակում»,- «Հետքի» հետ զրույցում պատմեց Հասմիկ Մուրադյանի մայրը՝ Անահիտ Գևորգյանը:

Հասմիկը 30 տարեկանում վթարի է ենթարկվել, կյանքի հետ անհամատեղելի գանգային տրավմա ստացել, սակայն կամքի ուժի շնորհիվ հաղթահարել է հաշմանդամությունը: 

Հասմիկն առաջին մասնագիտությամբ տնտեսագետ է: Երևանի պետական տնտեսագիտական համալսարանում սովորելու տարիներին, ճապոնական տնտեսության պատմությունն է ուսումնասիրելով: «Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո այդ ժողովուրդը զրոյական տնտեսությունից դարձավ հզոր տնտեսական երկիր: Ես պարզապես ցանկացա ուսումնասիրել նրանց լեզուն ու մշակույթը»,- պատմեց Հասմիկը: Ստանալով երկրորդ մասնագիտություն, դառնալով ճապոներեն լեզվի մասնագետ՝ մոտ մեկ տարի նա աշխատել է Ճապոնիայում՝ «Համաշխարհային էքսպո» ցուցահանդեսում՝ ներկայացնելով Հայաստանը: Ապա աշխատած գումարով վերադարձել Հայաստան, գնել ավտոմեքենա և աշխատել որպես զբոսավար՝ ճապոնացի հյուրերին ներկայացնելով Հայաստանը:

2009-ին դժբախտ պատահարի հետևանքով մոտ 4 տարի տնից չի կարողացել դուրս գալ: «Սակայն նա և՛ բժշկությանը, և՛ ինքն իրեն ապացուցեց, որ երբ կա կյանքի հանդեպ անսպառ սեր, ամեն ինչ կարելի է հաղթահարել, անգամ հաշմանդամության սայլակից հրաժարվել, նորից բարձրանալ սարերը»,-պատմեց Հասմիկի բժշկուհի քույրը՝ Արփինե Մուրադյանը: 

Հասմիկ Մուրադյանը հեղինակել ու անցյալ տարի սեփական միջոցներով տպագրել է հայ-ճապոներեն զրուցարան, այս անգամ նա հեղինակել է հայ-ճապոնական կապերի մասին japanarmenia.com կայքը, որի շնորհանդեսին եկել էին Հասմիկի հայ ու ճապոնացի հյուրերը: «Ես ուսումնասիրել եմ, նման կայք չկա, որտեղ ներկայացվի ամեն ճապոնականը Հայաստանում և հակառակը՝ ամեն հայկականը Ճապոնիայում: Սա յուրօրինակ կամուրջ կարող է դառնալ երկու երկրների միջև: Այստեղ կա ամեն ինչ՝ տնտեսությունից մինչև ժամանց»,- պատմեց Հասմիկն իր հյուրեին: 


Շնորհանդեսն անցկացվեց Երևանի «Սակուրադա» ճապոնական ռեստորանում: Հասմիկը պատրաստվում է նոր անակնկալներով հանդես գալ, որոնք դարձյալ կվերաբերեն հայ-ճապոնական կապերին:    

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter