HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Մխիթարյանով եւ առանց նրա

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականն իր պատմության մեջ 6-րդ անգամ է մասնակցում Եվրոպայի առաջնության ընտրական փուլին եւ 4-րդ անգամ մեկնարկում է պարտությամբ: Միայն «Եվրո-2000»-ի (Հայաստան-Անդորրա՝ 3-1) եւ «Եվրո-2004»-ի (Հայաստան-Ուկրաինա՝ 2-2) առաջին խաղերում է մերոնց հաջողվել հասնել դրական արդյունքի:

Սեպտեմբերի 3-ին կայացած Լատվիա-Հայաստան ընկերական խաղի համեմատ գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը կատարել էր միայն մեկ փոփոխություն. կենտրոնական պաշտպաններից Տարոն Ոսկանյանի տեղը զբաղեցրել էր Ռոբերտ Արզումանյանը, որը նախկինում վնասվածք ուներ: Այդուհանդերձ, Ռոբերտը չկարողացավ խաղալ մինչեւ վերջ եւ Ոսկանյանով փոխարինվեց 66-րդ րոպեին:

Լատվիացիների հետ հանդիպմանը Շալանդը փորձարկել էր 5 պաշտպանով խաղային սխեման: Դրա էությունն այն է, որ, ելնելով մրցակցի ուժից, եզրային պաշտպաններն ավելի շատ միանում են գրոհներին՝ այդպիսով ուժեղացնելով գրոհի աջ ու ձախ թեւերը, կամ խաղում են իրենց նոմինալ դիրքերում՝ օգնության հասնելով 3 կենտրոնական պաշտպաններին: Եվ եթե ավելի ցածր խաղամակարդակ ունեցող լատվիացիների դեմ Լեւոն Հայրապետյանն ու Կամո Հովհաննիսյանը միջին գծում էին հիմնականում աշխատում, ապա դանիացիների դեմ գործում էին թիկունքում, քանի որ սկանդինավները շարունակում գրոհում էին, չնայած այնքան էլ վտանգավոր չէին: Բերեզովսկին միայն մեկ անգամ լրջորեն խաղի մեջ մտավ առաջին կեսում, չնայած դաշտի տերերը շարունակ մեր տուգանայինի մոտ էին:

Զգացվում էր Յուրայի ու Արասի բացակայությունը: Գրոհային խումբը կազմել էին Մանուչարյանը՝ ձախից, Ղազարյանը՝ ձախից, Մխիթարյանը՝ կենտրոնից: Այդուհանդերձ, պետք էր առաջ քաշված գոնե մեկ մաքուր հարձակվող՝ դանիացիների թիկունքում լարվածություն ստեղծելու համար: Յուրայի ու Մաուրո Գեւգեոզյանի բացակայության պարագայում այդ բեռն ընկել էր Հենրիխի ուսերին, որը գործում էր դաշտի ամբողջ երկայնքով՝ կատարելով «կեղծ 9 համարի» դեր:

ԱՄԷ-ի, Ալժիրի, Գերմանիայի ու Լատվիայի հետ ընկերական խաղերում 14 գոլ բաց թողնելուց հետո մերոնք ձգտում էին ամեն գնով գնդակը հեռու պահել սեփական դարպասի մատույցներից, եւ առաջին կեսում դա նրանց հաջողվեց: 50-րդ րոպեին խոսեց Մխիթարյանի կարգը: Ինչպես եւ նախորդ շրջափուլում, Հենրիխը կենտրոնում ապակողմնորոշեց մրցակցի պաշտպաններին, տեղափոխվեց մի փոքր ձախ ու ձախ ոտքի հարվածով գրավեց Կասպեր Շմեյխելի դարպասի հեռավոր անկյունը: Հենոն խփեց հավաքականում իր 15-րդ գոլն ու բարելավեց իրեն իսկ պատկանող ռեկորդը: Գոլը նյարդայնացրեց դաշտի տերերին, որոնք սկսեցին սխալվել իրար հետեւից ու ավելի կոպիտ գործել: Ընդ որում՝ նրանք մեկ անգամ կարողացան գրավել Բերեզովսկու դարպասը, բայց խաղից դուրս վիճակից: Հենրիխը եւս մեկ լավ առիթ ուներ աչքի ընկնելու, երբ մեն-մենակ դուրս եկավ Շմեյխելի դեմ, սակայն վերջինս փրկեց դրությունը: Մխիթարյանն այդ դրվագում բախվեց մրցակցի հետ եւ վայր ընկավ՝ ըստ էության, վնասելով նաեւ իրեն:

65-րդ րոպեին դանիացիներն, այդուհանդերձ, հասան իրենց նպատակին: Տուգանայինում ստեղծված խառնաշփոթ իրավիճակն ավարտվեց նրանով, որ գնդակը հայտնվեց «Բավարիայի» խաղացող Հոյբյերգի մոտ, որն էլ հարվածեց ընթացքից: Գնդակը թեթեւակի դիպավ Եդիգարյանի ոտքին ու մի փոքր շեղեց ուղղությունն՝ ի վնաս Բերեզովսկու, որի ցատկն էլ չփրկեց մեր թիմին: 1-1-ից հետո դաշտի տերերը ոգեւորվեցին, սակայն Հայաստանի հավաքականը շարունակում էր հաջող դիմադրել: Մխիթարյանը շարունակում էր մրցակցին լարվածության մեջ պահել մինչեւ 71-րդ րոպեին ստիպողաբար փոխարինվելը: Ինչպես խաղից հետո կայացած ասուլիսում նշել է Շալանդը, ինքն այնքան հիմար չէ, որ փոխարիներ Մխիթարյանին հենց այնպես:

Հայերի առաջատարի դուրս գալը մրցակցի սրտով էր, քանի որ նրան փոխարինած Մարկոսը առջեւի եզրում ոչ մի բանով աչքի չընկավ: Կամաց-կամաց զգացվեց Մանուչարյանի հոգնածությունը, որն ավելի ծանր էր գործում աջ եզրում, ինչի արդյունքում փոխարինվեց 84-րդ րոպեին: Նկատելի է, որ Մանուչարյանը 90 րոպե ակտիվ գործել դեռ չի կարողանում: Շալանդի ասելով՝ թիմը ֆիզպատրաստության խնդիր չի ունեցել: Սակայն նկատելի էր, որ Հենրիխի փոխարինումից հետո համագործակցությունը առջեւում կտրուկ անկում ապրեց: Մարկոսը որքան էլ խաղային պրակտիկա ունենա ղազախական «Ակտոբեում», իր դիսպետչերական հատկություններով չի կարող համեմատվել Մխիթարյանի հետ, առավել եւս, որ վերջին շրջանում շատ քիչ է խաղում հավաքականում: Հենոն կարողանում էր իր հետեւից առաջ տանել աջ ու ձախ թեւերը, իսկ նրանից հետո մի տեսակ ընկճվածություն նկատվեց նաեւ Գեւորգի խաղում, որը շատ լավ է հասկանում Մխիթարյանին:

Այս ամենի արդյունքում դանիացիները մեծացրին ճնշումը մեր դարպասի վրա: 80-րդ րոպեին Բենդտների փոխանցումից հետո փոխարինման մտած Կալենբերգն առանց դիմադրության հանդիպելու գլխով խոցեց մեր դարպասը՝ 2-1: 3 կենտրոնական պաշտպանով Հայաստանի հավաքականը չկարողացավ վնասազերծել մրցակցին: Անհասկանալի էր, թե ինչով էր այդ պահին զբաղված Հարոյանը, հենց որի դիրքից գոլ բաց թողեցինք:

Շալանդն իրավացի է, երբ ասում է, որ առանց Յուրայի, Արասի ու Հենրիխի շատ դժվար է: Բայց մարզչի շնորհքն էլ եղածից օգուտ քաղելն է: Մեր թիմի այս մեկնարկային խաղում չտեսանք այն խենթությունը, որի անհրաժեշտության մասին խոսում է շվեյցարացին: Գուցե պատճառը դրական արդյունքի հասնելու, առանց առաջատարների գոնե ոչ-ոքի խաղալու մեծ ցանկությունն ու հուզմունքն էր: Փաստ է, որ առանց նշված երեքի Հայաստանը բոլորովին այլ թիմ է, ավելի լավ կլինի զերծ մնանք բնորոշումներից:

Հոկտեմբերի 11-ին, երբ մեր թիմը Երեւանում կընդունի սերբերին, Յուրան, ամենայն հավանականությամբ, պատրաստ կլինի, իսկ Արասին դեռ երկար պիտի սպասենք:

Հետաքրքիր է, որ դանիացիների հետ I խմբի մրցաշարային աղյուսակը գլխավորում են ալբանացիները, որոնք մրցակցի հարկի տակ 1-0 հաշվով հաղթել են խմբի ֆավորիտ համարվող Պորտուգալիային: Սերբիա-Ֆրանսիա հաշվարկից դուրս հանդիպումն էլ ավարտվել է 1-1: Հոկտեմբերի 11-ին կմրցի նաեւ Ալբանիա-Դանիա զույգը:                   

Լուս.՝ uefa.com-ի

Մեկնաբանություններ (1)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
Ես միայն 2-րդ խաղակեսի կեսն եմ տեսել: Ոնց որ բենզակալոնկայից 11 հոգի բռնեին ու գցեին դաշտ: ՀԳ. Մարզիչը իրոք լավը չէ. մարդը ստիպված գործ ա գտել աֆրիկյան երկրում՝ Հայաստանում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter