HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Պատգամավորների «սեպտեմբերի 1»-ը` խորհրդարանում

Մեկնարկեց հինգերորդ գումարման Ազգային ժողովի վեցերորդ նստաշրջանի աշխատանքները: Ամառային արձակուրդից հետո, այսօր պատգամավորների «սեպտեմբերի 1»-ն էր: Դատելով նրանց պահվածքից` տպավորություն էր ստեղծվում, որ կարոտել էին միմյանց. նիստերի դահլիճում ողջագուրվում էին, օդային պաչիկներ ուղարկում: Ամենաշատը կարոտել էին Մանվել Գրիգորյանին ու Սեդրակ (Սեյրան) Սարոյանին: Հանրապետական տղամարդ պատգամավորները մոտենում էին նրանց ձեռքով բարեւում, ողջագուրվում էին ու գնում նստում իրենց ճոճվող կարմիր փափուկ աթոռներին:

Ոչինչ չէր փոխվել պատգամավորների «աշխատելաոճում». ոմանք շարունակում էին աչքերը փակ, աթոռին նստած օրորվել կամ օրակարգի հաստատման ժամանակ հեռախոսով խոսել, ոմանք էլ աչքը չէին կտրում ժամացույցից, թե երբ պետք է լքեն խորհրդարանի շենքը:

Օրակարգը հաստատվելուց հետո սովորության համաձայն «Էլիտար» մասան` Առաքել Մովսիսյանի գլխավորությամբ, իրար հրելով դուրս եկավ նիստերի դահլիճից: Լրագրողական օթյակից բացված տեսարանը նույնն էր. կիսադատարկ դահլիճ, որից բոլորը շարունակ դժգոհում են:

Նիստերի առաջին օրը պատգամավորներն ավելի բարյացկամ չէին, նրանց արտաքինում էլ քիչ փոփոխություններ կային. միայն ընդմիջումների ժամին ճաշարան շտապողներն ավելի էին գիրացել, մնացած ամեն ինչ նույնն էր: Կանխատեսվում է, որ այս նստաշրջանն ավելի «թեժ» է լինելու. Զարուհի Փոստանջյանը վերադարձել է ԱՄՆ-ից: Առաքել Մովսիսյանը ծանր է տանում ընդդիմադիր պատգամավորի հարցերը` ուղղված իշխանական պատգամավորներին եւ կառավարության անդամներին: Նա ամեն անգամ տեղից արձագանքում եւ վիրավորական արտահայտություններ է անում Զ. Փոստանջյանի հասցեին, ինչից էլ մեծ աղմուկ է առաջանում:

Իրենց հասցեին ուղղված վիրավորական արտահայտությունների պակաս այսօր չունեցան նաեւ լրագրողները: Դեռ նիստը չավարտված նիստերի դահլիճը լքող Մանվել Գրիգորյանից «Ա1+» լրատվական կայքի լրագրող Մհեր Արշակյանը հետաքրքվեց. «Փաստորեն դուք էլ եք լքու՞մ խրամատը»: Ինչին հաջորդեց պատգամավորի անեծքախառը պատասխանը. «Գետինը մտնես դու, էս ի՞նչ հարց ես տալիս»:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 6-ի ՀՀԿ խորհրդի նիստի ժամանակ կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ խորհրդարանի աշխատանքներին մատների արանքով նայելը կամ խորհրդարանի աշխատանքներից բացակայելն անթույլատրելի է:

«Այդպիսի մարդիկ ինձ համար նման են այն զինվորներին, ովքեր թողնում են խրամատը»,-ասել էր Ս. Սարգսյանը:

Ընդմիջման ժամը մոտենում էր, միջանցքներում տարածվեց «քյաբաբի» բույրը: Պատգամավորների զգալի մասը շտապում էին «հաց ուտելու» կամ վիսկի խմելու: Նրանց աշխատանքային օրն ավարտվում է հենց այդ ժամից: Մինչեւ աշխատանքային օրվա ավարտը խորհրդարանում աշխատում են մատների վրա հաշված պատգամավորներ:

Այնպես չէ, որ քաղաքական մեծամասնությունը միայն ուտելով է զբաղված: Նրանք ակտիվ են նաեւ քվեարկությունների եւ նիստը սկսվելու առաջին րոպեներին գրանցվելու ժամանակ: Բոլորը պարտավոր են գալ եւ նույնիսկ առանց տեղեկանալու, թե ինչ հարց է քննարկվում, «կողմ» քվեարկել կառավարության եւ իշխանական պատգամավորների օրենսդրական նախաձեռնություններին: Օրինակ՝ այսօր 123 պատգամավոր էր եկել խորհրդարան, որոնք կարողացան իրենց ներկայությամբ ԱԺ նախագահությանը գոհացնել ընդամենը 30-40 րոպե:

Նրանք, իհարկե, նաեւ «դեմ» կոճակի տեղը գիտեն: Այդ կոճակի գոյության մասին հիշում են, երբ ընդդիմադիր պատգամավորներն են առաջարկ ներկայացնում: Հենց այդ պայմաններում էլ ընդունվում են երկրի եւ հասարակության համար կարեւոր շատ օրենսդրական նախաձեռնություններ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter