HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տեր Գրիգոր. «Ղարաբաղ եկա 15 օրով, բայց մնացի 24 տարի»

«Բանակի առաջին հոգևոր հովիվն էր տեր Գրիգորը»,- Գանձասարի Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցու ճանապարհին տեղեկացնում է Ղարաբաղյան պատերազմի լուսանկարիչ Հակոբ Պողոսյանը: Լուսանկարների ծրարը վերցրած՝ ներս ենք մտնում Գրիգոր քահանա Մարկոսյանի սենյակը: Առանց հոգևորականի սքեմի՝ փոքր սենյակում նստած էր: Հակոբը ծրարից հանում է լուսանկարները, տեր Գրիգորի հետ նայում են: Լուսանկարներից մեկում հոսպիտալում մկրտության արարողությունն է: Պատերազմի հիշողությունները լուսանկարների միջով հանգիստ անցուդարձ են անում: Տեր Գրիգորը խոսում է առանց շատ հոգևորականներին բնորոշ արհեստական հնչերանգի, բառերը պարզ են, մտածված:

Պատերազմից հետո մարդուն արդեն գնահատում ես, գիտես ինչ բան է մարդը, կյանքը

-Ի՞նչ է փոխվել վերջին 20 տարիներին պատերազմից հետո:

-Էս ինչ բարդ հարց էր: Երևի ոչինչ չփոխվեց, ավելի շատ խորացավ էն ցավը, որ կար, ավելի մարդկային դարձան մարդկանց հետ հարաբերությունները: Պատերազմից հետո մարդուն արդեն գնահատում ես, գիտես ինչ բան է մարդը, կյանքը: Հենց պատերազմը տվեց այդ հնարավորությունը, տվեց այն, ինչն աշխարհիկ կյանքում երևի չունենայի, որովհետև մինչև քահանա լինելն ընդամենը երաժիշտ էի:

-Բայց պատերազմի ժամանակ արդեն քահանա էիք:

-Այո, 90 թվից դարձա այստեղի վանահայրը Վազգեն վեհափառի հրամանով: 92 թ. ապրիլին արդեն պաշտոնապես դարձա բանակի հոգևոր հովիվ: Շուշիի ազատագրմանն արդեն բանակի հոգևոր հովիվ էի: Իսկ մինչ այդ՝ 91 թվին, Շահումյանում էի: Շահումյանն իր կոլորիտով ավելի հզոր է, քան Ղարաբաղի որոշ տարածքներ:

-Զենք ունեի՞ք:

-Ո՞վ զենք չուներ (ծիծաղում է- հեղ.): Այն ժամանակ հոգևորական լինելը շատ հեշտ էր, տեսնում էին՝ հոգևոր հովիվը զենքով գնում էր, ասում էին՝ էս տերտերը, որ զենքով գնում է, բա մեզ ի՞նչ է եղել, որ չգնանք: Մինչ այդ երբևիցե չէին տեսել զենքով հոգևորականի, բայց ինձ տեսան, Պարգև սրբազանին տեսան: Հետաքրքիր էր: Այդ տղաներն ինչ-որ բանի հասել էին, բայց հոգևորականի ներկայությունն իրենց ավելի էր ոգևորում: Վերինշենում (Շահումյանի գյուղերից- հեղ.) հազարավոր մարդկանց կնքեցի: Մարդիկ անգամ գալիս էին, ասում էին՝ գիտեմ, զոհվելու եմ, կնքի գոնե քրիստոնյա զոհվեմ: Այ, դա ուժ էր տալիս հոգևորականին:

Ժամանակի ընթացքում զգում ես, որ սուտն ավելի է իշխում, քան ճշմարտությունը

-Ձեր ներկայությունն ի՞նչ էր փոխում այդ օրերին:

-Իմ ներկայությունը փոխում էր հենց մարդկային հոգեբանությունը: Ես էլ ընդամենը հասարակ մարդ եմ, երբևիցե քիթս չէի ցցում, թե ես հոգևորական եմ, ո՞նց կլինի, այս խրամատը ո՞նց մտնեմ՝ դեռ չհաշված այն, որ դրանից առաջ ջութակահար էի: Ոչինչ անհարիր չէր՝ ուզում ես հոգևորական եղիր, ով ուզում ես եղիր, դու մարդ ես, կողքինդ մարդ է, ընկեր է: Հետո պատերազմը մի բան տվեց. ես հասկացա, թե ինչ բան է ընկերությունը, օտար մարդուն եղբայր ասելը: Երբ մարտից գալիս էինք, այն տղերքը, ովքեր չէին մասնակցել մարտին, ջուրը դնում էին, լվանում ոտքերը: Ցնդելու բան է: Ես էլ էի ուզում լվանալ, բայց ասում էին՝ չէ, չէ, տեր Գրիգոր, պետք չէ: Բայց մեր ջոկատի տղերքի ոտները լվացի այստեղ, ոտնլվայի օրը՝ 92 թվին:

Մի հետաքրքիր բան ասեմ. Շուշին երբ ազատագրվում էր, բոլորի մարմնի վրա՝ ուսին, թևին, մեջքին, խաչ կար, մենք ինքներս էլ չէինք հասկանում, որ Շուշին ազատագրելն Աստծո պարտք էր: Մի ամիս հետո ով եկավ, ասում էր՝ ես եմ տարել այդ հաղթանակը, ես եմ ազատագրել Շուշին: Այ, այդ մեծախոսության հետևանքը եղավ Շահումյանն ու Մարտակերտը: Եթե այն ժամանակ նեղ պահերին Աստծուն էինք ապավինում, հետո պարզվեց, որ չէ:

-Այսինքն՝ հաղթանակը մասնատո՞ւմ էին:

-Հաղթանակը միշտ Աստծո կամոք է լինում, անգամ ուրախությունն ու տխրությունն են Աստծո կամոք: Մենք մոռանում ենք դա: Մեկ-մեկ մտածում եմ՝ երևի ազգովի ծնկի գանք, նորից քրիստոնեություն ընդունեք, որ ուշքի գանք:

-Ինչո՞ւ այսպես դարձանք:

-Ինչո՞ւ, չգիտեմ, երևի այսպես էինք, հետո բացահայտվեցինք, երևի միշտ էլ այսպես ենք եղել: Մարդն ամեն քայլափոխի մտածում է՝ ինքը, ինքը, ինքը, հետո մի հանգամանք էլ կա՝ սուտ հերոսանալը, ցույց տալը, թե ես եմ, որ կամ: Ժամանակի ընթացքում զգում ես, որ սուտն ավելի է իշխում, քան ճշմարտությունը: Մեկն ուզում է դառնալ պատգամավոր, այնքան սուտ է ասում, որ ընտրվի, նախագահը սուտ է ասում, որ դառնա նախագահ, անգամ սիրահարներն իրար շատ գաղտնիքներ չեն ասում, ներկայացնում են բաներ, որոնք հետո պարզվում է, որ այդպես չեն:

Ինձ թվում է՝ հերոսները հենց էն տղերքն էին, ովքեր զոհվեցին: Զարմանալի է՝ մենք մեր հայրենիքն էինք պաշտպանում, Աֆղանստանի, Մոնղոլիայի համար չէինք կռվում: Մեր բոլոր տղաները կռվել են հայրենիքի համար, բայց այսօր հպարտանում են, կուրծք են ծեծում, թե ես, ես… Այդ նույն բանն է, որ քո ընտանիքի համար երկու մատնաքաշ առնես ու տան ամբողջ ճանապարհին կուրծք ծեծես, ասես, իմ ընտանիքի համար հաց եմ տանում:

-Ինքնադրսևորվելո՞ւ խնդիր կա:

-Արդեն ինքնադրսևորվել էինք, ուղղակի պետք է գնահատեինք այն մարդկանց, ովքեր, իսկապես, կռվել էին: Ցավոք, այդ գնահատականը չեղավ, շատերը հիասթափվեցին, թողեցին-գնացին, մարդիկ էլ կային, ովքեր ասացին, թե էլ էսպես է, Աստծո կամքն է: Ես կողմնակից եմ այդ մարդկանց: Այդ մարդիկ ոչինչ չունեն, բայց իրենք էլի ապրում են, իսկ այն մարդիկ, ովքեր ունեն, ուզում են էլի ունենալ:

Շատ բան փոխվում է մարդու մեջ, աչքիդ առաջ մարդ է մահանում, ջարդում է քեզ, կոտրում է, դու գիտես, որ 5 րոպե հետո կարող է դու էլ չլինես: Կյանքն էլ ես արժևորում, հետո զգում ես, որ կյանքն այդքան էլ գին չունի: Կյանքն Աստծո տված է, բայց չենք կարողանում այն մարդավարի օգտագործել: Ինչ ասես անում ենք, բացի մարդավարի ապրելուց: Փաստորեն, մենք բնության մի մասնիկն ենք, բայց բնությունից անջատվել ենք: Մենք Աստծուն հիշում ենք միայն նեղության մեջ, լենության մեջ չենք ասում, թե փառք քեզ, Աստված, էսօր կերա, խմեցի, ապրեցի, շնչեցի, աչքերս բացվեցին, լույսը տեսա, թռչունների ծլվլոցը լսեցի: Չգիտեմ, մարդիկ ավելի շատ մոռանում են, որ իրենք էլ գոյություն ունեն երկրում, բնության մի մասն են, բայց այդ բնությունն ինքն այնպես է աղավաղում, ու պարզվում է՝ ինչպես բնությանն ենք վերաբերվում, այդպես էլ ինքներս մեզ ենք վերաբերվում: Այ, դա է ցավը: Ժամանակին հայրս էր գրել, որ «Ցավ» է կոչվում (տեր Գրիգորը գուսան Հավասու որդին է- հեղ.): Ոտանավոր է, որը չեմ հիշում: Ասում է՝ կինը հղիացավ, երեխան մեծացավ, ուրախացավ, հարստացավ, աղքատացավ, ամուսնացավ, հիվանդացավ, մահացավ, վերջացավ: Բառերի խաղն է: Ամեն ինչ ցավ է: Մենք ցավի մասին մոռանում ենք, քանի ապրում ենք: Հիվանդանում ենք, նոր ենք հիշում Աստծուն: Մարդ էլ կա, ասում է՝ բա որ Աստված կա, ես էսպես կհիվանդանայի՞: Արդեն մոռանում ենք մեր ապրած կյանքը: Գուցե դա մեր պատասխանն է: 24 տարի է՝ Ղարաբաղում եմ: Երբ հարցնում են, թե ինչ տվեց ինձ Ղարաբաղը, պատասխանում եմ՝ տարբեր հիվանդություններ:

Ապագա կինս արմունկով բզեց, ասաց՝ կարող է անիծի, ասա՝ հա

-Որտեղի՞ց եք:

-Երևանցի եմ:

-Ասացիք՝ երաժիշտ էիք:

-Նախկին երաժիշտ (ծիծաղում է- հեղ.):

-Որտե՞ղ եք ավարտել:

-Զարմանալի բան է՝ ինձ բոլոր տեղերից հանել են, երաժշտական դպրոցի 9-րդ դասարանից հանել են, կոնսերվատորիայի 2-րդ կուրսից հանել են: Ոնց որ ասեին՝ դա քո գործը չէ, թեպետ 14 տարի աշխատել եմ ֆիլհարմոնիայում, ջազ, ռոք էի նվագում, ինձ լավ էի զգում, բայց հետո բանից պարզվեց, որ ինձ պետք չէ:

-Հետո ո՞նց ստացվեց, որ հոգևորական դարձաք:

-Հետաքրքիր բան եղավ: Ապագա կնոջս, որ Զորավոր եկեղեցու մեներգչուհին էր, փորձի էի ուղեկցում, տեսա իրենց խմբավարն ընկերս էր, ասաց՝ Արմեն, հեսա եպիսկոպոսը գալու է, կանգնի խոռում, մեկ է, էլի, ջութակահար ես, նոտաներին կնայես, կերգես: Ես էլ էնքան ակտիվ երգեցի, այն ժամանակ Կոմիտաս սրբազանն էր, ասաց՝ տղա, դու չես ուզո՞ւմ եկեղեցուն ծառայել: Ասացի՝ կմտածեմ, ապագա կինս արմունկով բզեց, ասաց՝ կարող է անիծի, ասա՝ հա: Ես էլ ասացի՝ հա: 78 թվից սկսեցի ծառայել Երևանի եկեղեցիներում, հետո տարան Աշտարակ, Աբովյան, մի տարի էլ Սիսիանում ծառայեցի:

-Ինչո՞ւ համաձայնեցիք: Կապ տեսա՞ք հոգևոր կյանքի հետ:

-Կապն այն էր, որ ասում էի՝ գոնե հոգևոր երաժշտությանը կմերձենամ, ինչքան չլինի, երաժիշտ էի: Երբևիցե չեմ ուզել քահանա լինել, որովհետև գիտեի՝ ինչ բան է քահանան: Քահանայի գործը բարդ է, դժվար է, անընդհատ ժողովրդի մեջ, մեկի ասածը դուրդ է գալիս, մյուսինը՝ ոչ: Անընդհատ նյարդերի վրա ես:

Մինչև գտա Ղարաբաղը քարտեզի վրա…

-Ի՞նչ էիք մտածում, երբ Ձեզ նշանակեցին բանակի հոգևոր հովիվ:

-Ես Ղարաբաղ եկա 15 օրով, բայց մնացի 24 տարի: Պարգև սրբազանն իմ մանկության ընկերն է: 48 տարի ընկերություն ենք անում: Ինքն ասաց՝ 15 օրով արի, էն ժամանակ ես սարկավագություն էի անում: Ասաց՝ բուրվառ գցող չունեմ, արի գոնե բուրվառ գցի: 15 օրով եկա, հետո Ամերիկա հյուրախաղերի պիտի գնայի, բայց չստացվեց: Այդ ժամանակ էլ սրբազանն ասաց՝ արի, Աստծո կամքն է:

Ճիշտն ասած, որսորդական հրացան հեռուստացույցով էի տեսել, խորհրդային բանակում չեմ ծառայել: Մի բան էլ ասեմ՝ չծիծաղեք. մինչև գտա Ղարաբաղը քարտեզի վրա…

-Հետո հե՞շտ գտաք Ղարաբաղը:

-Ամենազարմանալին այն է, որ Երևանում ասում էին՝ Խոջալուն արդեն դառել է մեծ քաղաք, սրբազանի հետ եկանք Ստեփանակերտ, ասացի՝ սա՞ է Խոջալուն: Ասաց՝ ի՞նչ Խոջալու, Ստեփանակերտն է: Նայեցի՝ ասի, այ մարդ, մեզանից լավ հագնվում են, մեզանից լավ ուտում են, մենք էլ էնտեղ շոր ենք հավաքում, փող ենք հավաքում: Հետաքրքիր էր: Երբ առաջին անգամ եկա Ղարաբաղ՝ 1990 թ. հունիսի 3-ին, հետաքրքիր բան տեսա՝ ղարաբաղցին մարդամոտ էր, ընկերասեր էր, ժամանակի ընթացքում էս ամեն ինչն ավելի ամրապնդվեց իմ ընկերներով, հիմա չեմ հասկանում ղարաբաղցուն. ինչո՞ւ փոխվեց, ինչո՞ւ ամեն ինչ փոխվեց: Երևի դարն է այդպես: Ամեն ինչ փոխվել է: Էսօր գալիս կուրծք են ծեծում այստեղ. «Ես ստեղ արուն ըմ տվալ»: Զարմանալի է, է, ինքն իր տունն է պահել, բայց ինձ ուզում է համոզի, որ ինքը կռիվ է արել: Բաներ կան, որ չես հասկանում՝ ո՞րն է սխալ, ո՞րն է ճիշտ, ինչի՞ց բռնվես, ո՞վ է ճիշտը, ո՞վ է սխալը:

Մենք՝ հոգևորականներս, առաջին հերթին պիտի դարձի գանք

-Ինչպե՞ս ընդունեցին Ձեզ Վանքում:

-Ես Վանք եկա նոյեմբերին, Ստեփանակերտում էի մի քանի օր, հետո գնացի Ամարաս: Սկզբից զարմանում էին, չէին հավատում, որ երևանցի եմ: Էն ժամանակ սարկավագ էի: Հետո կամաց-կամաց սկսեցին կասկածանքով նայել, ասում էին՝ չէ, ուրեմն մի բան կա, որ իր հաճելի կյանքը թողել է, եկել է էստեղ: Ինձնից առաջ Միքայել Աջապահյանն էր վանահայրը, ինքը շատ հզոր հոգևորական էր, Վազգեն վեհափառը կանչել էր նրան՝ Էջմիածնում դաս տալու համար, ես 3 օր սարկավագ-վանահայր եմ եղել այստեղ:

24 տարվա մեջ միշտ զարմացել են՝ ինչի՞ երևանցին եկել է, ինչի՞ մեր ղարաբաղցին չպիտի լինի մեր Գանձասարի վանահայրը, ղարաբաղցին չպիտի լինի բանակի հոգևոր հովիվ: Ես 24 տարվա մեջ ղարաբաղցի չդարձա:

-Ինչո՞ւ, չէիք ուզո՞ւմ :

-Չէ, նախ լեզուս չփոխեցի, գիտեմ, մարդիկ երեք ամսով գալիս էին, ղարաբաղցու պես խոսելով գնում էին: Ես չկարողացա իմ մեջ ջարդել իմ քաղաքացիությունը, թեպետ ապրում եմ կուսակրոնի կյանքով (տեր Գրիգորը կուսակրոն քահանա չէ- հեղ.): Էստեղ կուսակրոն էր պետք, որ վանական համալիրը ծաղկեցնի:  Էն օրը մեկը եկել, ասում է՝ «Բրատ, կարող ա՞ մըխ ունենաս»: Գնաց-եկավ, նորից հարցրեց՝ «Յանի ծռած մըխ ալ չոնի՞ս»: Ասում եմ՝ ինչի՞: Պատասխանում է՝ «Անունս կիրիմ պատին»: Այ, սա է մեր հավատքը: Ամերիկացիք հասնում են, առաջինը հարցնում են՝ «Արտաքնոցն ո՞ւր է», ու նկարվում են: Էն տպավորությունն է, որ տուրիստներն էստեղ գալիս են զուգարանի ու նկարվելու համար: Հետո մայկա-տրուսիկով մոմ են վառում, որ իրենց գործերին հաջողություն լինի, բայց երբ արդեն գործի պիտի ընդունվեն, կոստյումով գնում են: Փաստորեն, խնդրելուց ոնց պատահի խնդրում են, բայց գործի գնալուց՝ չէ: Փոխվել ենք:

Ինձ թվում է՝ կգա ժամանակ, որ ամեն ինչ կդզվի: Հետո մի բան էլ կա, որ երևի դրանից չի դզվում. երևի մենք՝ հոգևորականներս, առաջին հերթին պիտի դարձի գանք, որ կարողանանք էս ժողովրդի վրա ինչ-որ ազդեցություն ունենալ:

Պատերազմը առողջությունս վերցրեց, մարդ կոչվելու իրավունք տվեց

-Ինչո՞ւ Ձեզ ընտրեցին բանակի հոգևոր հովիվ:

-Նախ հրամանատարը՝ Կոմանդոսն էր ցանկանում, որ բանակում հոգևոր հովիվ լիներ: Ես բավականաչափ գրականություն կարդացի էն ժամանակ ռուսական բանակի կապելաների մասին, ասենք, զինվորների ուղղորդում, ուղեկցում: Անգամ մի պահ եկավ, որ ասացին՝ ինչի՞ չես ուզում զինվորական կոչում ստանալ: Ասացի՝ ախպեր ջան, իմ խաչը, իմ շորն արդեն զինվորական կոչում են: Դրա համար էլ շատերն ինձ թարս են նայում, իմ պատճառով հիմա ոչ մի հոգևորական զինովորական աստիճան չի ստանում: Եթե, ասենք, ես լեյտենանտ լինեմ, ու մի մայոր գա, ասի՝ թռի մի բաժակ ջուր բեր, հա՛, պատերազմի ժամանակ կթռնեմ, բայց հանգիստ ժամանակ կասեմ՝ հըլը մի արի էստեղ, քեզ հավաքիր: Էն մարդը, որ կռիվ է տեսել, իսկապես, գնահատում է իր զինվորին: Իսկ էն, որ կռիվ չի տեսել, լավ հրամանատար չի կարող լինել էս տարածքի համար, կարող է լավը լինել Երևանի համար, բայց ոչ էս տարածքի համար: Մենակ հրամանատարով չէ, զինվորներն են հաղթանակը տանում:

-Հիշո՞ւմ եք՝ ո՞նց վերաբերվեցին Ձեզ զինվորները, ո՞նց հաշտվեցին բանակում հովիվ ունենալու ներկայությանը: 

-Շատ նորմալ: Էսպիսի մի բան եղավ, հիշում եմ: Կոմանդոսն ասաց՝ գնա «26»-ի դիրքեր՝ Քյոսալար: Ասաց՝ գնա էնտեղ, տղերքին դուխ տուր: Էնտեղի հրամանատարը մի հոյակապ անձնավորություն էր՝ «26»-ի Յուրան: Առաջին օրը, երբ սրբազանն ինձ տարավ Կոմանդոսին ներկայացնի, Յուրան էլ էր էնտեղ: Էս Յուրան նայեց սրբազանին, ասաց. «Սրբազան, քեզանից դուխով տերտեր ենք ուզել, էս դոդիկին բերել ես…»: Միանգամից չկապվեցին իմ ու իր հարաբերությունները: Կոմանդոսն ասաց՝ գնա «26», գնացի, տեսնեմ մի ավտոմատ գցած է էնտեղ, վերցրեցի, ասաց՝ դե գնա 11-րդ պոստը: Էդ ավտոմատը գցեցի ուսս, Յուրան թե. «Է՜, է՜, էդ ավտոմատն ի՞նչ ես տանում, քոնը խաչն է»: Դու մի ասա՝ իր ավտոմատն էր: Տվի իրեն: 92-ի ապրիլն էր: Երբ արդեն գնում էինք, «ՏՏ» ունեի (ատրճանակի տեսակ- հեղ.), հանեցի, էս Յուրան ասաց՝ «Էդ որտեղի՞ց»: Ասացի՝ Շահումյանից է մնացել: Հետո որ արդեն Շուշին ատազագրվեց, շատ մտերմացանք:

Նույն ձևով Մոնթեի հետ եղավ Շահումյանում: 91 թիվն էր: Չգիտեմ, ինչի հենց ինձ մոտեցավ՝ ակնոցիս, թե շորերիս վրա գնաց, մոտեցավ ինձ (տեր Գրիգորն այդ ժամանակ հոգևորական հանդերձանքով չէր- հեղ.): Ասաց՝ «Եղբա՛յր, հոս հոգևորականի կարիք կա՞»: [Մեղրյան] Շահենը նայեց, քթի տակ ծիծաղեց: Ասացի՝ կա, բայց իմաստ չունի, մենք մեր գլխի ճարը հազիվ ենք տեսնում, տերտերին բերենք գլխներիս փորձանք՝ մեր հացն էլ է ուտելու: «Եղբայր, դուն հաղորդվելու, խոստովանվելու կարիք չունի՞ս»: Ասի՝ ունեմ, բայց տերտերի կարիք չունեմ: Ասաց՝ կնքվա՞ծ ես, ասի՝ հա: Բա քահանայի կարիք ինչի՞ չունես: Ասի՝ չեմ ուզում: Շուռ եկավ, ասաց. «Դուն թուրք ես»: Զգացի, որ արդեն լրջանում է, ասացի՝ կարծես, Վերինշենում մի տերտեր կա, առավոտներն էնտեղ է: Առավոտը շուտ Կարաչինարից ոտքով եկավ Վերինշեն, մոտեցավ ասաց՝ «Օրհնյա, տեր հայր»: Որ շուռ չեկա, ասաց՝ «Ծո, դո՞ւն ես»: Ամեն անգամ ինձ տեսնելիս, ասում էր՝ կներես:

Տենց շատ դեպքեր են եղել: Միայն ինքը չէր, շատերն էին՝ իմանալով, որ քահանա եմ, ու զենքը ձեքիս խրամատում եմ, մեկն ասում էր՝ «Քու ցավը տանեմ», մյուսն ասում էր՝ «Քու տեղը էդտեղ չի, գնա եկեղեցի»: Դա էլ ներվերի հարց էր, կամ պիտի շուռ գայիր պատասխանեիր, ասեիր՝ բա քու տեղը որտե՞ղ է:

-Ի՞նչ տվեց պատերազմը Ձեզ, ի՞նչ վերցրեց:

-Առողջությունս վերցրեց, մարդ կոչվելու իրավունք տվեց: Հանգիստ կարող եմ ասել՝ մարդ եմ, մի օգուտ տվել եմ: Էդքան բան:

Մեկ-մեկ Աստծո բանակին լավ զինվոր է պետք

-Մեկ-մեկ ազատամարտիկներից շատերն ասում են, որ պատերազմը քաշեց ազգի սերը:

-Մեկ-մեկ Աստծո բանակին լավ զինվոր է պետք, լավ զինվորներն էլ հենց էդ զոհված տղերքն են: Երևի հիմա իրենք բարեխոսում են, մեր պահապան հրեշտակներն են: Շատ բաներ կան, որոնք պիտի սրբագրվեն՝ մարդկային հարաբերությունների, ապրելաձևի... Չի սրբագրվում: Աֆղանստանի, Չեչնիայի սինդրոմ կա, բայց Ղարաբաղի սինդրոմ չկա: Որ կռված տղային ասում ես՝ կռիվ լինի, կգնա՞ս, ասում է՝ հա, բայց ավտոմատ կվերցնեմ մի 3 օրով ներսում իմ հարցերը կլուծեմ, հետո կգնամ, ի՞նչ է եղել: Էդպես ինչքա՞ն մարդ կա, որ ուզում է հարցեր լուծել: Մեկը լավ չի նայել իրեն, մյուսն իր շանը չոռ է ասել… Էդ մտածելակերպը պիտի փոխվի, որովհետև էն մարդը, որ չի գնահատվել պատերազմից հետո, ամեն ինչ անելու է, որ գնահատվի: Մարդ կա, նայում ես, տեսնում ես էնքան շքանշան է կպցրել, մտածում ես՝ բայց էդքան կռիվ չի եղել, էս մարդուն որտեղի՞ց էդքան շքանշան: Եթե էսօր թալանչին պատմում է, թե պատերազմում ինչ սխրագործություններ է արել, սխրագործություն արած տղան էլ էդ հունարը չունի, որ գնա կուրծք ծեծի, ասի՝ բա ես եմ, ես եմ… Էն մարդիկ, ովքեր խորհրդային տարիներին կոմսոմոլի քարտուղար կամ եսիմինչ էին, առաջ գնացին, որովհետև առաջ գնալու ձև գիտեին: Ո՞նց կարելի է՝ ոչ մի բան չանել, բայց դիրքի հասնել: Չգիտեմ:

-Ո՞նց լսեցիք հրադադարի մասին:

-Շտաբում էի: Ասացի՝ վայ, վերջապես: Եկա սրբազանին ասացի՝ գնում եմ, երեք ամիս պիտի քնեմ: Բայց երբ գնացի Երևան, հասկացա, որ ավելի լավ է հետ գայի Ղարաբաղ:

-Քանի՞ երեխա ունեք:

-Մի աղջիկ: Երկու թոռ ունեմ: Ավելի հեշտ կյանքի համար, մտածում ես, գուցե գնայի էստեղից, հետո հասկանում ես, որ չէ, էսպես է պետք, էստեղ ավելի շատ ես պետք անգամ քո անգրագետ, խմող, ծխող վիճակով:

Ղարաբաղում սկսեցի ծխել: Շրջափակման մեջ էինք, 15 օր թարգել էի ծխելը, բայց դրանից հետո նորից սկսեցի: Շատ ուշ սկսեցի խմել, հենց մի սխալ բան էի տեսնում, գալիս խմում էի, որ միայն թե չխոսեմ: Մի անգամ մի խումբ էր եկել, որ շատ ագրեսիվ էր տրամադրված, ես որոշեցի խոսակցությանն ուրիշ ընթացք տալ, սկսեցի խոսել քաղաքականությունից: Այ, դա պիտի չանեի: Ասաց՝ դու ո՞վ ես, դու հոգևորակա՞ն, թե՞ քաղաքական մեկնաբան ես: Ասացի՝ գիտե՞ս՝ ես ինչ տարածքում եմ ապրում, երբ լապատկեն մտցնում ես հողը, որ կարտոշկա հանես, պրեզիդենտ է դուրս գալիս, դու եկել, ասում ես՝ ի՞նչ քաղաքականություն: Ես քեզ համար ոչխար կամ խաչհամբույր հաշվող տերտե՞րն եմ: Կամ գիշերը գալիս են լուսամուտները թակում, ասում եմ՝ ի՞նչ է եղել, պատասխանում են՝ եկել ենք լուսաբացը նկարենք: Ասում եմ՝ նախօրոք զանգեիք, հետո գայիք: Ասում են՝ մենք դեռ թերթում կգրենք Ձեր հյուրընկալության մասին: Մեկը առավոտյան ժամը 5-ին խփեց դուռս ջարդեց, ասում էր՝ բաց, ես եկել եմ էստեղ, դու քնած ես: Այ, սա ենք, և պահանջում ենք, որ քահանան շատ մարդամոտ, սիրալիր լինի:

-Տեր Գրիգոր, շատ հոգևորականներ թաքցնում են, որ ծխում են, խմում են: Դուք, կարծես, բացառություն եք, չեք թաքցնում:

-Ինձ մոտ եկել էր մի տղա, որը 17 տարի բանտ էր նստել: Բանակում ծանոթացել էր Աստվածաշնչին, հանդիպել էր էնտեղի քահանային, նա ասել էր՝ չէ, դու հերետիկոս ես, ոչ մի հարցիդ չեմ պատասխանելու: Էս տղան Ռուսաստանից եկել էր Երևան, որոշել էր էդտեղից էլ գնալ Էջմիածին: Հասել էր Էջմիածին, տեսել էր հոգևորականները հավաքված են, ասել էին՝ արա, ախպեր, գողական ես, ցավդ տանեմ: Էս մարդը վատ էր զգացել իրեն, Երևանում էլ էր նույնը, մեկը գոռացել էր վրան՝ ասելով, թե իբր լավ բան ես արել, եկել գլուխ ես գովում: Մի ընկեր ունեմ, որից հարցրել էր, թե մի կարգին հոգևական կա՞, ում հետ կարող եմ նստել, խոսել: Ընկերս ասել էր՝ կա, բայց քո բախտից Ղարաբաղում է: Ժամերգությունը վերջացրել էի, փարաջաս հանել, գցել էի ձեռս, սիգարետս կպցրել, մեկ էլ մի երեխա եկավ, ասաց՝ տեր Գրիգոր, քեզ մի մարդ էր հարցնում: Տեսա՝ էդ տղան է: Բարևեց, հարցրեց՝ Տեր Գրիգորն ո՞վ ա, ասի՝ ես եմ, նայեց, ոտից գլուխ չափեց, նայեց սիգարետիս, հետո ասաց՝ լավ, թողեց-գնաց: Ես էլ գնացի սենյակս, շորերս փոխեցի, ջինս հագա, սառնարանիցս գարեջուր հանեցի, հեռուստացույցը միացրեցի, դուռը ծեծում են, գնացի-բացեցի, տեսա՝ էլի էդ տղան է: Եթե էն ժամանակ սիգարետն էր ձեռքիս, հիմա էլ գարեջուրը: Ասաց՝ հաստատ դու տեր Գրիգորն ե՞ս, ասի՝ հա: Ասաց՝ էն շորը հագի, էլի: Ասի՝ կհագնեմ էդ շորը, բայց ի՞նչ կփոխվի: Պատասխանեց, թե կիմանամ, որ քահանայի հետ եմ խոսում: Ասի՝ կհագնեմ, ո՞նց է ձեռնտու քեզ՝ էսպես խոսե՞նք, թե՞ փարաջաս հագնեմ, 5 րոպեն մեկ նայեմ ժամացույցին, թե երբ ես գնալու, որ հետո սիգարետս ծխեմ, գարեջուրս էլ խմեմ… Մենք 3 օր խոսում էինք, մի երկու ժամով քնում էինք, միասին գնում էինք ժամերգության: Հիմա շատ մոտիկ ընկերներ ենք: Ինքն ասում է՝ հիմա ես հասկացա, թե ինչ բան է հոգևորական լինելը, պիտի դերասանություն չանես:

Հոգևորականներ են գալիս, ուխտավորներ են բերում, գիտեմ, որ իրենք ինձնից շատ են ծխում, ինձնից շատ են խմում: Թաքուն գալիս են, ասում՝ կլինի՞ մի հատ ծխեմ էստեղ, ասում եմ՝ ծխի: Ես ազատ ծխում եմ, հավատացյալներն ինձ թուքումուր են անում: Հետո էդ հոգևորականները գալիս ասում են՝ կարող ա՞ մի բաժակ բան տաս խմենք, ասում եմ՝ հա: Հավատացյալները հարցնում են՝ տեր հայր, խմում էլ ե՞ս, ասում եմ՝ հա, ինչպես բոլոր նորմալ մարդիկ: Ասում են. «Էէ՜, բա քո ինչի՞ն էլ հավատանք»: Զամանալի է, չէ՞, բայց երբ գնում ենք հաց առնելու, հացավաճառի կենսագրությունը չենք հարցնում: Կարող է սեռական վարակ ունի: Հիմա եկել ես, քեզ աղոթք է պետք, լսի, բայց չէ, պիտի խորանանք, իմանանք՝ ով է, ինչ է:

Ես գիտեմ՝ ինչ բան է հոգևորականը

-Ո՞նց եք վերաբերում էն հանգամանքին, որ հոգևորականներից ոմանք օլիգարխի պես են ապրում՝ շքեղ ավտոմեքենաներ ունեն, առանձնատներ և այլն:

-Մարդուց է: Էս գիտեմ էդպիսի հոգևորականներ: Էս թեմում ունենք 11 հոգևորական Պարգև սրբազանի հետ միասին, մենակ ես եմ երևանցի: Գանձասարի վանքն էլ մեքենա ունի, բայց ես վարորդ վերցրեցի՝ մտածելով, որ մի ընտանիք աշխատավարձ կունենա: Ես ձգտում չեմ ունեցել մեքենա քշելու, հետո, վերջին հաշվով, գայթակղության բույն է:

Չգիտեմ՝ ինչ եղավ, ինչ պատահեց, մի անգամ քահանաների ժողովին թեմա բացվեց, որ հոգևորականը պիտի փարաջայով ման գա, ու խոսում էին էն մարդիկ, ովքեր ունեն մեքենա, հետո Պարգև սրբազանն ասաց՝ հասկացա՞ր, դա քեզ էր վերաբերում առաջինը: Ով էլ ասի՝ փարաջան հագին, խաչն էլ ձեռն է ծնվել՝ չհավատաք:

-Այսինքն՝ հոգևորականներն անկեղծ չե՞ն:

-Ես դրա համար եմ ասում՝ եթե մենք՝ հոգևորականներս, դարձի չգանք, մեր վիճակն էսպիսին է լինելու: Ես պիտի ամեն ինչը խաղա՞մ: Մի քահանա ունենք, մի օր լացեց, ասաց՝ Երրորդ մասի 3-սենյականոց տունը ծախեցի, ասացի՝ բա հետո՞, ի՞նչ արեցիր, ասաց՝ հեչ, Տերյանի վրա 5-սենյականոցն առա: Անընդհատ այս խաղը կա, որը շատ վտանգավոր է, դեմքդ կորցնում ես անկախ քեզնից: Էսպես պիտի չլիներ:

-Ինչի՞ պակաս ունենք էսօր:

-Հոգևորականների:

-Իսկ ո՞վ է հոգևորականը:

-Հոգևորականը նա է, ով ապրում է հոգևոր կյանքով: Ես գիտեմ՝ ինչ բան է հոգևորականը, որովհետև փորձել եմ ապրել էդ ձևով, բայց հետո հասկացել եմ, որ այդ ձևով ապրելը սխալ է, համենայն դեպս, այս տարածքում, որովհետև քեզ լրիվ ուրիշ կերպ են հասկանում:

-Որտեղի՞ց պիտի սկսենք, որ ճիշտը կառուցվի:

-Պիտի չասենք երկուշաբթի օրվանից ծխելը թարգելու եմ: Պիտի հենց այդ պահից սկսես: Եթե ուզում ես սուտ ասես, լեզուդ կծի էդ պահին, ուզում ես հայհոյես, լեզուդ կծի: Մի հետաքրքիր բան կա՝ դու չես կարող լավ լինել բոլորի համար, բայց մարդուն մի մեծ շնորհք է նաև տրված՝ որևէ մեկին վատություն չանել: Բաներ կան, որոնք, իսկապես, պիտի խմբագրվեն, կյանքդ պիտի խմբագրվի: Հիմա եթե ասեմ՝ 8 տարի էս բազմոցին եմ քնում, չեն հավատա: Իսկ ես չէի ուզի՞ Երևանում իմ տանը նստած լինել, հեռուստացույցը՝ դիմացս դրված, ոտս ոտիս գցած, նարգիլեն՝ մի կողքիս, վիսկին՝ մյուս: Չէի ուզի՞: Կուզեի: Սա կուսակրոնների տեղն է, որոնք նույնիսկ չեն ուզում գալ էստեղ: Եթե քչով չես կարողանում բավարարվել, ուրեմն, հոգևորական չես: Կան բաներ, որոնք մենք կարող ենք փոխել, եթե չես փոխում, չես կարող ապրել:

-Դժվա՞ր եք հարմարվել Ղարաբաղին:

-Սկզբից՝ չէ, հետաքրքող էր բնությունը, բայց գնալով էս կանաչի թերապիան ազդում է նյարդերիս:

-Կուզեի՞ք նորից վերադառնալ Երևան:

-Իհարկե: Շատ կուզեի:

-Իսկ ի՞նչն է խանգարում:

-(Շրջվում է, նայում պատին փակցված Պարգև սրբազանի լուսանկարին և ժպտում- հեղ.):

-Չեն թողնո՞ւմ:

-Չի թողնում: Բաներ կան, որոնք ահավոր ծանր ես տանում, բաներ կան, մտածում ես, որ կդիմանաս: Ցավալին, գիտե՞ս, որն է՝ կոլեգաներդ մեքենաներով գալիս են էստեղ, ճռռըցնում- անցնում, կամ կուսակրոնները, որ ասում են՝ տեր հայր, էս ի՜նչ դրախտի մեջ ես ապրում, ասում եմ՝ էս դրախտը տալիս եմ քեզ, արի…

Տեր Գրիգորի հետ մեր զրույցը մոտ երկու ժամ տևեց: Երբ վերջացրել էինք, վանքի բակի ծառերի ստվերներն ուրվագծվում էին գետնին: Մենք քայլում էինք այդ ստվերոտ տեղերով: Մթության պես խտանում էր իմ մեջ հոգևորականի խոսքը՝ դառնացած, լի հիասթափությամբ: Եկեղեցու պարսպի մոտ հրաժեշտ տվեցինք նրան: Դուռը փակվելուց հետո մի քանի վայրկյան դեռ նայում եմ դեպի նրա կողմը ու մտածում, որ առաջին անգամ, իսկապես, զրուցեցի հոգևորականի հետ, ով չի թաքնվում իր սքեմի տակ ու ստում, ով, չնայած իր՝ դառնությամբ լի անցկացրած վերջին 24 տարիներին, իր անկեղծությամբ նույնիսկ շփոթեցնում է քեզ: Տեր Գրիգորի մեջ պատերազմը դաջել է իր հետքը: Մեր զրույցի ընթացքում նույնիսկ նկատելի էր նրա ձեռքերի թեթև դողը: Ֆիզիկական հոգնություն կար նրա մեջ, բայց այն էներգետիկ ուժը, որ կրում է իր մեջ, երբևէ որևէ քահանայից, թերևս, դժվար է ստանալ:

Լուսանկարները՝ Հակոբ Պողոսյանի

Մեկնաբանություններ (3)

Karen
Շատ լավ հոդված է: Մեծ բավականություն ստացա կարդալուց, Գանձասար այցելելուց անպայման կհանդիպեմ հետը:
Գեղամ կամ Գեղամյան, ինչպես կուզեք
Հենց նոր ինձ հասավ ցավալի գույժը: Չկա այլևս Տեր Գրիգորը, նույն ինքը՝ Արմեն Մարկոսյանը: Նա արժանի զավակն էր իր հոր, հայ ժողովրդի շատ սիրելի Գուսան Հավասու (Արմենակ Մարկոսյան): Գնաց լավ Մարդը, ափսոս, հազար ափսոս... Թող հայրենի հողը թեթև լինի նրա վրա:
Վարազ Սյունի
Բայց այդ խաչը հային երբեք չի փրկել: Ամենախոսուն ապացույցը՝ 1915-ը: ՀԳ. ի՞նչու հայկական բանակի զինվորը եկեղեցականի առջև պիտի ծնկի գա կամ խոնարհվի: Պետությունն ու կրոնը Հայաստանում անջատ չե՞ն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter