HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հեռուստատեսության թվայնացում` անորոշ պատկերացումներով

Աննա Բաբաջանյան

Արդեն մի քանի տարի «Հետքը» հետեւում է Հայաստանում վերգետնյա թվային հեռուստատեսային հեռարձակման նախապատրաստման գործընթացին:

2015-ի ամռանը նախատեսվում է անալոգային հեռուստատեսային հեռարձակման ավարտը եւ թվայինի սկիզբը: Գործընթացի կազմակերպման տեխնիկական հարցերը կառավարությանը, կարծես թե, հաջողվել է լուծել: 2013թ. ռադիոհաճախականության հատվածից 20 ՄՀց գումարային շերտի օգտագործման թույլտվությունը մրցույթով 6 մլրդ 225 միլիոն դրամով վաճառվեց «Յուքոմ» ընկերությանը, եւ այդ գումարով «Էրիքսոն» ընկերությունը 2014-ին սկսեց թվային ցանցի կառուցումը: Բայց թվային հեռարձակումը միայն տեխնիկական փոփոխություն չէ: Այն օրենսդրական նոր կարգավորում, հեռուստատեսային բովանդակության ստեղծման եւ մատուցման նոր ձեւեր է ենթադրում, նոր մրցակցային եւ բիզնես միջավայր: Որքանո՞վ են հեռուստաընկերությունները պատրաստ այդ անցմանը (տեխնիկապես եւ ստեղծագործական առումով), ի՞նչ փոփոխություններ կարող են լինել հեռուստադաշտի մասնակիցների, հեռուստադիտողների համար, ի՞նչ խնդիրներ կարող են ծագել: Այս հարցերի պատասխանները փորձել ենք գտնել հեռուստաընկերությունների պատասխանատուների եւ մեդիայի ոլորտի փորձագետների հետ հարցազրույցների միջոցով:

Տպավորություն ունենք, որ հեռուստաընկերությունների համար թվայնացումը զուտ տեխնիկական հարց է, սարքավորումների եւ հեռարձակման ազդանշանի փոփոխություն: Կառավարությունն էլ հեռարձակման նոր ցանցի եւ պետական մուլտիպլեքսի ստեղծմամբ, որում ընդգրկվել է սահմանափակ թվով` 18 հեռուստաալիք, իր անելիքը հիմնականում ավարտված է համարում, մնում է լուծել սոցիալապես անապահով խավին դեկոդերներով ապահովելու խնդիրը: Մասնավոր մուլտիպլեքսի եւ հեռուստադաշտում հնարավոր նոր խաղացողների հարցը թողնվել է Ազգային ժողովի հայեցողությանը, եթե այն որոշի դրան անդրադառնալ 2015-ին: Մինչդեռ մեդիայի ոլորտի փորձագետները մատնանշում են թվայնացման արդյունքում ծագելիք իրավական, մրցակցային, բազմազանության ապահովման, բիզնես միջավայրի անբարենպաստության խնդիրները: Ստորեւ ամփոփ ձեւով մեկտեղել ենք հեռուստաընկերությունների ղեկավարների եւ փորձագետների տեսակետները:   

Նունե Սարգսյան (Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն). «Հայաստանը դեռևս պատրաստ չէ անցնելու թվային հեռուստատեսության»

Պետությունն իր վրա վերցնում է թվայնացման գործը, բայց չի հոգում հեռուստաընկերությունների ծախսերը: Եթե շուկայում գործող լիդերները` 3-4 հեռուստաընկերություն, կկարողանան լուծել իրենց ֆինանսական խնդիրները, ապա մնացածի համար դա դժվար կլինի: Մարզային հեռուստաընկերություններն այսօր ամենավատ վիճակում են: Լիցենզիա չստացած հեռուստաընկերություններից վերցնում են բիզնեսը շարունակելու հնարավորությունը: Ես համարում եմ, որ դա, ինչ-որ իմաստով, ձեռներեցության իրավունքի ոտնահարում է: Այդ հեռուստաընկերությունները տարիներ շարունակ բիզնես են հիմնել, իսկ հետո նրանց թույլ չեն տալիս շարունակել իրենց գործը: Կան հույսեր, որ կլինի մասնավոր մուլտիպլեքս, որը կլուծի այդ խնդիրը, բայց օրենքում առայժմ չկա այն հիմքը, թե ինչպես է դա իրականացվելու:

Թվայնացումն ուղեկցվելու է լուրջ ծախսերով, ուստի նվազելու են բովանդակություն ստեղծելուն ուղղվելիք ծախսերը: Այդ իմաստով թվայնացումն անուղղակիորեն  բացասաբար է ազդելու մատուցվելիք բովանդակության վրա:

Կարծում եմ` Հայաստանը դեռևս պատրաստ չէ անցնելու թվային հեռուստատեսության,  քանի որ.

1.Մենք չունենք ամբողջական իրավական հիմք, որն այսօր թույլ կտա, որ թվայանցումը դրականորեն ազդի մեդիադաշտի վրա, որ բոլոր խաղացողների համար իրենց հնարավորություններն ակնհայտ լինեն: Գործող օրենքն ունի բազմաթիվ բացեր, արդեն երրորդ տարին է` փորձում ենք դրա հերթական տարբերակը մշակել:

2. Չկան ֆինանսական հիմքեր ո́չ հեռուստաընկերությունների, ո́չ մուլտիպլեքս ապահովող ներդրողների համար: Հայաստանում գովազդային շուկան, այնուամենայնիվ, շատ փոքր է, իսկ հեռուստաընկերությունների քանակը` մեծ, ուստի թվայնացման հետ կապված ծախսերը հաշվի առնելով` կարող ենք եզրակացնել, որ այս իրավիճակը կարող է նպաստավոր չլինել:

3. Մարդիկ այնքան էլ պատրաստ չեն թվայնացմանը` ֆինանսական առումով և գրագիտության տեսանկյունից: Նրանք պատրաստ չեն ամբողջովին ընկալել տվյալ բովանդակությունը և դրա դիմաց վճարել:

Բորիս Նավասարդյան (Երեւանի մամուլի ակումբի նախագահ). «Հայաստանը 2015-ին զուտ տեխնիկապես, մի կերպ կանցնի թվային հեռուստատեսության»

Անցումը թվային հեռարձակման ենթադրում է մի շարք օրենսդրական, սոցիալական ծրագրերի իրականացում. այդ առումով մեր երկիրն անպատրաստ է: Հայաստանը 2015-ին զուտ տեխնիկապես, մի կերպ կանցնի թվային հեռուստատեսության, սակայն անցումը թվային հեռարձակման ենթադրում է նաև բնակչության կողմից որոշակի ծախսեր, որոնք մեր բնակչության ոչ ամբողջ մասն է պատրաստ և ունակ կատարել: Այդ անցումը ենթադրում է նաև որոշակի սոցիալական փաթեթի ստեղծում, որը կապահովի անապահով խավերի` հեռուստատեսային հաղորդումներ  սպառելու իրավունքը. նմանօրինակ ծրագրերը Հայաստանում լավ մշակված չեն: Պարզ չէ նաև, թե ովքեր պետք է անվճար սարքավորումներ ստանան: Պետք է լինի հստակ ռազմավարություն կամ հայեցակարգ, որը  կտա այս հարցերի պատասխանները: Այս պահին հստակ տեղեկատվություն չկա, այնինչ մնում է շատ քիչ ժամանակ. սա, ինչ-որ առումով, սպառողների իրավունքների ակնհայտ խախտում է:

Հարկավոր է օրենսդրական որևէ կարգավորում, որպեսզի հեռուստատեսության թվայնացման շնորհիվ շուկայում նոր հեռուստաալիքների հայտնվելու դեպքում  այդ նոր պոտենցիալ խաղացողները նախապես պատրաստվեն, ձևավորեն բիզնես-պլաններ, որոշեն իրենց արտադրանքի բովանդակության բնույթը: Իսկ այս պարագայում, բնականաբար, որևէ ընկերություն այդպիսի նախապատրաստական աշխատանքներ իրականացնելու հանարավորություն չունի:

Գործող օրենքը չի նախատեսում որևէ ընթացակարգ` ստանձնելու մասնավոր մուլտիպլեքս օպերատորի գործառույթները: Եթե Հայաստանը հետզհետե դադարում է նույնիսկ այն չափով օրենքի գերակայության երկիր լինել, ինչպիսին որ կար, կա հեռանկար, ըստ որի` ամեն բան կլուծվի ոչ թե օրենքով, պարզ մշակված և թափանցիկ ընթացակարգերով, այլ` իշխանություն, ազդեցություն ունեցողների, նրանց` պետական և հանրային կառույցների հետ ունեցած ոչ ֆորմալ պայմանավորվածությունների միջոցով: Որպեսզի խուսափենք  առանց օրենքով նախատեսված կարգի մասնավոր մուլտիպլեքս օպերատորի հայտնվելուց, անհրաժեշտ է, որ օրենքում հստակ նկարագրված լինեն այն ընթացակարգերը և կարգավորող մեխանիզմներն ու մարմինները, որոնք կապահովեն քաղաքակիրթ գործընթաց այս ոլորտում:

Ես զգուշավոր կլինեի անել այնպիսի կանխատեսում, ըստ որի թվայնացման արդյունքում մենք կունենանք նոր, ավելի հետաքրքիր ու բազմազան բովանդակություն: Թվայնացման արդյունքում նոր ծրագրերի ապահովումն օբյեկտիվորեն հնարավոր է, հատկապես երբ այդ պարագայում մոտ կլինենք այն բանին, որ մեդիաշուկայում ինտերնետի և հեռուստատեսության հնարավորությունները միավորվեն, դառնան մեկ տիպի լրատվամիջոց, զուտ տեխնիկապես, կոմունիկացիոն ռեսուրսների շնորհիվ առաջ գան ֆանտազիայի, ստեղծագործական աշխատանքի, նոր բովանդակություն ստեղծելու համար լրացուցիչ հնարավորություններ: Սակայն  հարց է ծագում, թե արդյոք կունենանք բավարար ֆինանսական ռեսուրսներ, որպեսզի այս ոլորտում խրախուսվեն նման նախաձեռնությունները:

Թվայնացման արդյունքում կխորանա մրցակցային բովանդակություն ունենալու  խնդիրը, քանի որ այդ պարագայում հնարավորություններ կստեղծվեն նոր խաղացողների համար:

Վաղ թե ուշ կծագի հեռուստաալիքների խոշորացման հարցը, այսինքն` մի քանիսը կմիանան, կդառնան մեկ, ինչը ծրագրային ապահովում ունենալու,  ֆինանսական խնդիրները լուծելու  ավելի շատ  հնարավորություններ կընձեռի: Իսկ այն տեղը, որը կբացվի, գուցե զբաղեցնեն արտասահմանյան, միջազգային տիպի հեռարձակողները:

Մարզային հեռուստաընկերությունները, բնականաբար, թվայնացումից կտուժեն: Մարզերից ամեն մեկում կմնա ընդամենը մեկ հեռուստաալիք, ուստի մրցակցության ապահովման և բազմազանության ստեղծման առումով կտուժենք: Այդ պարագայում փոխհատուցում հնարավոր է իրականացնել մասնավոր մուլտիպլեքսի և ցանցային օպերատորների գործունեության շնորհիվ: Բայց արդյո՞ք կլինեն համապատասխան ներդրումներ, թե`  ոչ, դժվար է ասել:

Կշահի, թե կտուժի Հայաստանը թվայնացումից,  որքան էլ տարօրինակ է,  կախված  կլինի երկրի  ընդհանուր  քաղաքական զարգացումներից: Եթե Հայաստանը վերադառնա աշխարհին ինտեգրվելու ճանապարհին, բռնի կյանքի ոլորտներում թափանցիկության և բազմազանության ապահովման ուղին, ապա բոլոր առումներով կշահենք, քանի որ այդ դեպքում կբացվեն շուկայում ներդրումներ անելու, մրցակցություն ապահովելու հնարավորությունները, և, բնականաբար, տեխնոլոգիական անսահմանափակ հնարավորությունների դեպքում մենք կստանանք պատկերի որակի առումով  շատ ավելի լավ հեռուստատեսություն, իսկ եթե Հայաստանը շարունակի շեղվել այդ ուղուց (արդեն մեկ տարի է` դա տեղի է ունենում), կհանգի հեռուստաշուկայի մենաշնորհացման: Ցանկացած  նոր խաղ ոչ ժողովրդավարական երկրներում մանիպուլյացիայի հնարավորություններ է տալիս: Իշխանության կողքը կանգնած մի քանի օլիգարխներ իրենց հսկողության տակ կառնեն ամեն ինչ, այդ թվում` տեխնիկական սպասարկումը, միայն նրանք կլինեն  լիցենզավորված հեռուստաընկերությունների բացահայտ կամ ստվերային սեփականատերերը: Շատ հնարավոր է, որ իրադարձությունների այդկերպ զարգանալու դեպքում  ոլորտում առկա բազմազանությունը մասամբ  կորցնենք:

Մովսես Հակոբյան (Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի իրավաբան). «Գործող օրենքը չի կարգավորի այն հարաբերությունները, որոնք  կծագեն թվայնացումից հետո»

Մենք ունենալու ենք հեռուստատեսության նոր տեսակ, որը կարգավորվելու է նոր կարգով, այնինչ, մենք չունենք օրենքով նախատեսված մարտահրավերները: Oրենքը պետք է հնարավորինս փոփոխվի, վերամշակվի, համապատասխանեցվի այն սպասելիքներին, որոնք ունենալու ենք թվայնացման արդյունքում: Պետք չէ մոռանալ, որ հեռուստաընկերությունները նաև բիզնես իրավունքներ ունեն, և իրավական որոշակիության բացակայության դեպքում այդ բիզնեսը սահմանափակված կլինի զարգացման տեսանկյունից: Թվայնացումը պահանջում է որոշակի ծախսեր ոչ միայն Կառավարությունից, հասարակությունից, այլև` հեռուստաընկերություններից: Իսկ անորոշակիությունը  ոչ միայն չի նպաստի  ոլորտի զարգացմանը, այլև կհանգեցնի նրան, որ մեդիաշուկան հետընթաց կապրի:

Հարկավոր է ապահովել լրատվամիջոցների սեփականատերերի մասին տեղեկությունների թափանցիկություն: Թե՛ հանրությունը, թե՛ կարգավորող մարմինը պետք է իմանա, թե ում է շնորհվում լիցենզիան:

Հանրային իրազեկվածության հնարավորինս բարձր մակարդակի ապահովումը Կառավարությանն ու կարգավորող մարմիններին ուղղված տարբեր փաստաթղթերով նախատեսված պարտադիր պահանջներից է: Կարևոր է, որ թվային հեռուստատեսությանն անցնելու գործընթացում տեղեկատվական հոսքերի ընդհատում չնկատվի:

Պետք է հստակ ձևավորվեն Հանրային հեռուստառադիոընկերության ֆինանսական աղբյուրները: Դրանք չպետք է կախված լինեն գործատուի որոշումից և պետք է անկախ լինեն իշխանությունից:

Ազատ և զբաղված հաճախականությունների ցանկի հրապարակումը պարտադիր է: Մենք պետք է ունենանք հաճախականությունների ռեսուրսի աղյուսակ, ինչպես ողջ աշխարհում է: Պետք է այդ աղյուսակը հրապարակվի և լինի մատչելի:

Արտակ Ալեքսանյան («Արմնյուզ» հ/ը գործադիր տնօրեն). «Չեմ կարծում, թե հեռուստատեսության թվայնացումից հետո կփոխվեն խաղի կանոնները»

Մենք վաղուց ենք պատրաստ թվայնացմանը՝ դեռևս 2011-ից: Այդ ժամանակ մենք որդեգրեցինք հետևյալ քաղաքականությունը. վերազինման արդյունքում ողջ հեռուստատեսային տեխնիկան  ձեռք բերել  2015-ին ընդառաջ, որպեսզի  այն նորից չփոխվի, չհարմարեցվի նոր պահանջներին և ճիշտ հակառակը, որպեսզի մեզանից ոչինչ չգնա: Այսինքն, մենք երեք տարի դրան պատրաստվել ենք: Թվայնացման արդյունքում բովանդակության, հաղորդումների մատուցման ձևի փոփոխություն չենք նախատեսում. դա որևէ կապ չունի հեռարձակման հետ: Թվայնացումը միայն տեխնիկական հարց է:

 

Դավիթ Հակոբյան («Երկիր Մեդիա» ՀԸ տնօրեն). «Որևէ հայկական հեռուստաընկերություն մինչև վերջ չի պատկերացնում,  թե ինչ է թվային հեռուստատեսությունը»

Թվայնացումը մեզ համար թղթի վրա մի բան է, ինքներս չենք պատկերացնում դրա իրականացումը գործնականում: Քանի որ մենք  թվայնացման արդյունքները չենք տեսել, դրա հնարավորությունները կանխատեսել չենք կարող: Երբ դա տեղի կունենա, կտեսնենք, թե ինչ արդյունքներ է տալիս, ըստ այդմ էլ կշարժվենք առաջ:

Մեր հեռուստաընկերության՝ կոնկրետ տեխնիկական սպասարկումն ապահովող անձնակազմը բավականաչափ պրոֆեսիոնալ է, տիրապետում է թե´ նոր, թե´ հին թվային սարքավորումներին: Թվայանցումը, կարծում եմ, զուտ տեխնիկական բարեփոխում է, ուրիշ՝ ոչինչ: «Երկիր Մեդիան», ընդհանուր առմամբ, պատրաստ է այդ գործընթացին, բայց կարծում եմ՝ որևէ հայկական  հեռուստաընկերություն մինչև վերջ չի պատկերացնում, թե ինչ է թվային հեռուստատեսությունը,  քանի որ այն կապված է տեխնիկական նոր միջոցների կիրառման, հեռուստալսարանը թվային սարքավորումներով ապահովելու և այլ հարցերի հետ: 

Մարգարիտա Մինասյան (Շիրակի մարզում թվային ցանցի միջոցով հեռարձակում իրականացնելու լիցենզիա ստացած «Ցայգ» ՀԸ տնօրեն). «Հայաստանում թվայնացումը   միտված է ոլորտն առաջատարներին թողնելուն

Թվայնացման արդյունքում մարզային  հեռուստաընկերությունը  կշահի,  քանի որ  մարզում  կունենա    մենաշնորհային    իրավունք: Եթե  մտել  ենք այս գործընթացի  մեջ, ապա ֆինանսական հավելյալ ծախսերի խնդիրը հիմնադիրների  կողմից  կատարվող  ներդրումների  հաշվին կլուծվի: Բովանդակության, հաղորդումների մատուցման ձևի փոփոխություն չենք նախատեսում, թվայնացման  գործընթացը դրա հետ ոչ  մի կապ  չունի:

Եթե թվայնացման գործընթացը դիտարկենք որպես մոնոպոլիզացման գործընթաց, ապա այն չի նպաստի ոլորտում բազմակարծության և մրցակցության խթանմանը:

Իմ  խորին   համոզմամբ,  Հայաստանում   թվայնացումը   միտված  է   ոլորտն   առաջատարներին   թողնելուն:

Սուրեն Բարսեղյան (Գեղարքունիքի մարզում թվային ցանցի միջոցով հեռարձակում իրականացնելու լիցենզիա ստացած Գեղամա» ՀԸ)
 

Մինչև  լիարժեք անցումը թվային հեռուստատեսության, ֆինանսական խնդիրներ կլինեն: Օրինակ՝ եթե հաշվի առնենք, որ հեռարձակումը տալու ենք մուլտիպլեքսին, դրան զուգահեռ մուծելու ենք հեռարձակման վճար, որը կգումարվի լիցենզիայի համար վճարվելիք մեկ միլիոնին: Բացի այդ՝ ազդանշանը ՀՀՌՑ-ին հասցնելու համար ևս ծախսեր կպահանջվեն: Թվայնացումից հետո ավելի շատ հաղորդումներ կհեռարձակվեն: Այն աշխատակազմը, որն անալոգային հեռարձակման պայմաններում ստիպված էր որոշ տեխնիկական հարցեր լուծել, այժմ կներգրավվի հաղորդումների պատրաստման գործում:

Կարեն Արշակյան (Լոռու մարզում թվային ցանցի միջոցով հեռարձակման լիցենզիա ստացած «Ֆորտունա» ՀԸ տնօրեն). «Անգամ ՀՀՌՑ-ն կդժվարանա ասել, թե որքանով կավելանան մեր ծախսերը»

«Ֆորտունան» արդեն երկու տարի է՝ պատրաստ է անցնելու թվային հեռարձակման: Մենք ունենք թվային ազդանշան հեռուստաաշտարակում, և երբ Լոռու մարզում շահագործվի թվային ցանցը, հնարավոր կլինի մեր հեռարձակումը մարզի ցանկացած տարածքում: Այս պահին անգամ «Հայաստանի հեռուստատեսային եւ ռադիոհաղորդիչ ցանցը» կդժվարանա ասել, թե որքանով կշատանան մեր   ծախսերը, կամ թե ինչի հաշվին դրանք կբարձրանան, ինչի հաշվին կձևավորվեն սակագները. մենք դա դեռ չգիտենք:

Թվայնացումից հետո կունենանք պատկերի առավել բարձր որակ: Արդեն մոտ 6 ամիս է, ինչ մեր կայքում գործում է օնլայն հեռարձակումը: Տեխնիկական պատրաստվածության առումով մենք այս պահին էլ կարող ենք անցնել թվայնացման: Բարձր որակի ազդանշանի պարագայում հարկավոր է ունենալ բարձր որակի տեխնիկական հնարավորություններ, իսկ մեր աշխատակիցները բոլորը պատրաստված են:

Այսօր  հեռուստաընկերություններն ավելի շատ են մրցակցում, քան դա կանեն 2015-ին: Կոնկրետ «Ֆորտունան» որդեգրել է ծրագրային մի քաղաքականություն, որի շրջանակներում անդրադառնում է մարզի խնդիրներին, բնակիչներին հուզող հարցերին: Մենք չենք կրկնում այն բովանդակությունը, որն ունեն հանրապետական սփռման հեռուստաընկերությունները: Այսինքն, թվայնացումից հետո մարզային  հեռուստաընկերություններն ավելի են շահելու, քան հանրապետականները. բովանդակության առումով նրանք պետք է փորձեն  լրատվական դաշտում մեզ հետ մրցել: Մենք մոտ ենք մեր մարզերին, արագ ենք ստանում տեղեկատվությունը, մեր մատուցած բովանդակությունն էլ այլ է, հետևաբար մարզային հեռուստաընկերություններն ավելի շահեկան դիրքում են հայտնվելու:

Թվայնացումից հետո միայն մի հարցում կտուժենք. ամեն ամիս մենք  բավական մեծ գումար ենք վճարում հեռուստաշտարակներում մեր հեռուստահաղորդակների տեղադրման, սպասարկման համար, իսկ մեր ֆինանսական միջոցները սուղ են: Եթե հանրապետական հեռարձակում ունեցող առաջատար հեռուստաընկերություններում գովազդի մեկ րոպեի արժեքը 150-200 հազար դրամ է, ապա Լոռու մարզում գովազդի մեկ րոպեն այդ գումարի 15%-ն էլ չի կազմում:

Հանրային հեռուստատեսության Հասարակայնության հետ կապերի բաժին

2015 թվականը Հայաստանի հեռահաղորդակցության բնագավառում կառանձնանա թվային հեռարձակման անցումով: Թվային հեռարձակման մուտքը հեռուստատեսություն պահանջում է սկզբունքային նոր մոտեցում հեռուստասարքավորումների կառուցման եւ հեռարձակման կազմակերպման գործում: Այս ուղղությամբ Հանրային հեռուստաընկերությունն արդեն մի շարք քայլեր արել է` մասնավորապես նախորդ տարվա ընթացքում տեխնիկապես ամբողջությամբ վերազինվել է Առաջին լրատվական ծառայությունը, որն այժմ իրականացնում է եթերի հեռարձակումը ամբողջովին ավտոմատացված պայմաններում: Իսկ տաղավարային եւ արտագնա նկարահանումների համար ընտրվել են full-HD  հեռուստասարքավորումներ`  ելնելով Եվրոպական հեռարձակողների միության հեռարձակման բնագավառում արված վերջին առաջարկություններից եւ 2015 թվականից թվային հեռարձակման անցնելու անհրաժեշտությունից: Սակայն արված քայլերը դեռեւս բավարար չեն թվայնացման գործընթացն ամբողջովին ավարտված համարելու համար: Հեռարձակման թվայնացումը ենթադրում է ոչ թե մի առանձին սարքասրահի ստեղծում, այլ Հանրային հեռուստաընկերության ամբողջ տեխնիկական համալիրի կառուցվածքային վերազինում, բոլոր սարքասրահների ընդգրկում մեկ միասնական ցանցում: Իսկ այդ ամենն իրականություն դարձնելու համար ֆինանսական մեծ ներդրումներ են անհրաժեշտ:

Մենք գիտակցում ենք, որ թվայնացման գործընթացն իրականացնելիս անհրաժեշտություն կառաջանա համապատասխան մասնագիտական դասընթացներ կազմակերպելու մեր աշխատակիցների որակավորումը բարձրացնելու համար, հնարավոր է` նոր մասնագետների ներգրավման անհրաժեշտություն ունենանք:   

2015 թվականի փոփոխությունն առաջին հերթին կապված կլինի տեխնիկական պարամետրերի բարելավման հետ: Այնուամենայնիվ, չի բացառվում ազատ մրցակցային դաշտի ձեւավորման հնարավորությունը տարբեր ուղղվածություն ունեցող հեռուստաընկերությունների ստեղծման համար:

Նունե Սարգսյանի, Բորիս Նավասարդյանի, Մովսես Հակոբյանի, Դավիթ Հակոբյանի, Սուրեն Բարսեղյանի լուսանկարները` նրանց ֆեյսբուքյան էջերից, Մարգարիտա Մինասյանի լուսանկարը` asparez.am   

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter