HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Հայաստանի տեղական իշխանությունները ավելի շատ կառավարության ներկայացուցիչներ են, քան…

Եվրոպայի խորհրդի տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի նախաձեռնությամբ սեպտեմբերի 9-ին Գյումրիում անցկացվեց «Տեղական ժողովրդավարության խթանումը Հայաստանում» սեմինարը՝ մասնակցությամբ ՀՀ 5 մարզերը ներկայացնող մոտ 100 համայնքների ղեկավարների եւ ավագանու անդամների:

Նպատակն էր` ներկայացնել 2014թ. մարտին Կոնգրեսի ընդունած թիվ 351 հանձնարարականը, որում ընդգծվում են Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի դրույթների իրականացմանն ուղղված Հայաստանի իշխանությունների ջանքերը եւ միաժամանակ մատնանշվում հետագա բարելավման կարիք ունեցող մի շարք ոլորտներ:

Մասնավորապես առաջարկվում է վերանայել օրենսդրությունը՝ սուբսիդիարության սկզբունքը կիրարկելու համար, խրախուսել միջհամայնքային համագործակցությունը եւ ընդլայնել համայնքների ավագանիների կարողությունները, ինչպես նաեւ սահմանել ու ապահովել տեղական իշխանությունների լիարժեք եւ բացառիկ լիազորությունների կիրարկումը:

Կոնգրեսի զեկուցող Նայջլ Մերմագենը (Մեծ Բրիտանիա) ողջունեց Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի դրույթների իրականացմանն ուղղված Հայաստանի իշխանությունների ջանքերը՝ մասնավորապես 2005թ.-ի սահմանադրական փոփոխությունները եւ 2008թ.-ի ‹‹Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին›› նոր օրենքի ընդունումը: Նա շեշտեց, որ, ցավոք, Հայաստանի տեղական իշխանությունների դերը սահմանափակ է:

«Գործնականում Հայաստանի տեղական իշխանությունները ոչ միշտ ունեն լիարժեք եւ բացառիկ լիազորություններ, ծառայում են ավելի շատ որպես կառավարության ներկայացուցիչներ, քան տեղական հանրային կառավարման ինքնավար դերակատարներ,- նշեց Նայջլ Մերմագենը,- ավելին՝ բազմաթիվ փոքր եւ թույլ համայնքների առկայությունը շարունակում է մնալ կառուցվածքային խնդիր Հայաստանի համար»:

Կոնգրեսը կոչ է անում Հայաստանի իշխանություններին մեծացնել տեղական իշխանությունների սեփական եկամուտները եւ վերանայել ֆինանսական համահարթեցման համակարգը՝ ավելի լավ կանոնակարգելու ֆինանսական աղբյուրների անհավասար բաշխման հետեւանքները եւ իրենց կողմից որպես աջակցություն տրամադրվող ֆինանսական բեռը:

«Մենք կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին բարելավել տարածքային կառավարումը՝ քաջալերելով միջհամայնքային համագործակցությունը, հզորացնելով համայնքի ավագանիների կարողությունները եւ սահմանափակելով վարչական վերահսկողությունը»,- հայտարարեց Նայջլ Մերմագենը:

Եվրոպացի փորձագետներին մտահոգում է այն, որ պետական կառավարման մարմինների իրականացրած վերահսկողությունը չի սահմանափակվում համայնքների գործողությունների օրինականության ստուգմամբ, այլ տարածվում է նաեւ տեղական կառավարման հարցերի տնտեսական եւ ֆինանսական կողմերի ստուգման վրա, ինչը հակասում է Խարտիայի դրույթներին (Խարտիայի հոդված 8.2),:

Նրանք շեշտեցին, որ համայնքների սեփական ռեսուրսները սահմանափակ են, տեղական իշխանությունները չեն կարող սահմանել տեղական իրական հարկեր կամ որոշել դրույքաչափը՝ օրենքով նախատեսված ողջամիտ սահմաններում (Խարտիայի հոդված 9.3), ֆինանսական համահարթեցման մեխանիզմները համարժեք չեն համայնքների բյուջետային ապահովվածության եւ ֆինանսական կարիքների առումով (Խարտիայի հոդված 9.5), իսկ դոտացիաների տեղաբաշխման գծով այլ պետական փոխանցումները կանոնակարգված չեն որեւէ օրենքով (Խարտիայի հոդված 9.7) եւ այլն:

Սեմինարի ընթացքում մասնակիցները բաժանվեցին չորս խմբի՝ թեմատիկ քննարկումներ կատարելու ըստ իրենց հետաքրքրող ոլորտների: Նրանց ներկայացրած տեսակետներն ու կարծիքները կամփոփվեն «Ուղերձ Հայաստանի կառավարությանը» փաստաթղթում եւ կներկայացվեն ՀՀ տարածքային կառավարման նախարարությանը:

 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter