HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

«Էստեղ հեշտ կյանք են ուզում»,- Վանքի մասին ասում է «սուպերդուքյանի» աշխատողը

49-ամյա Կարինե Գաբրիելյանին հանդիպեցինք Վանք գյուղի՝ զբոսաշրջիկներին հայտնի «Գել» խանութում, կամ որ ավելի ճիշտ կլինի ասել՝ «սուպերդուքյանում»: Խանութը, ինչպես հայտնի է, կառուցել է վանքեցի գործարար Լեւոն Հայրապետյանը, սակայն հետո նվիրել է իր բարեկամին՝ Էդիկ Հայրապետյանին: Կարինեն Էդիկի կինն է:

Ինչու՞ «սուպերդուքյան», հարցնում ենք վաճառասեղանի մոտ կանգնած տիկին Կարինեին: Ասում է՝ դեռ խորհրդային տարիներին, երբ հարեւան ժողովուրդների միջեւ «եղբայրություն ու բարեկամություն» էր, ադրբեջանցիները ներկայիս խանութի դիմացի ճանապարհով անասուններին սարերն էին տանում՝ արածեցնելու: Նրանց լեզվով, ինչպես պատմում է Կարինեն, դա կոչվում է «էլչ»: Իրենց հերթին տեղացիները ճամփեզրին տարբեր մթերքներ էին դնում՝ իմանալով, որ հովիվներն ունեն դրանց կարիքն ու առնելու են: Այստեղից էլ առաջ է եկել «դուքյան» որակումը, ադրբեջաներեն՝ խանութ: Ըստ Կարինեի՝ սկզբնական շրջանում, երբ խանութը ներկայիս բանկի տեղում էր, այն ուղղակի «դուքյան» էր, իսկ երբ տեղափոխվեց դիմացի մայթ՝ այժմյան տեղը, Լեւոն Հայրապետյանն այն կոչեց «սուպերդուքյան»: «Գել» անվանումն էլ տիրոջ՝ Էդիկ Հայրապետյանի ազդականչն է, որով նրան դիմել են պատերազմի ժամանակ: «Փաստորեն սուպերմարկետ է, էլի»,- կատակում ենք: Ասում է՝ չէ, ես շեշտը դնում եմ «դուքյանի» վրա, որովհետեւ «մարկետը» «մարկետ» է, «դուքյանը»՝ «դուքյան»:

Խանութի պատուհանին մեծ պաստառ է փակցված, որի վրա հայերեն, ռուսերեն ու անգլերեն գրված է. «Խանութը պատկանում է Ղարաբաղյան պատերազմի վետերանին»: Կարինեն ասում է՝ Լեւոն Գուրգենովիչի հարազատն է փակցրել իբրեւ գովազդ տուրիստների համար, բայց վերջիններիս գլխում ավելի շատ հարցեր են ծագում դրանից, քան առեւտուր անելու ցանկություն:

Կարինե Գաբրիելյանը հարեւան Քոլատակ գյուղից է, 19 տարի առաջ է հարս եկել Վանք ու արդեն 4 տարի աշխատում է խանութում: Ասում է՝ եթե ներկայիս կյանքը համեմատելու լինենք անցյալի հետ, թվում է, թե հիմա ավելի լավ է, սակայն իրականում այդպես չէ. կյանքը փոխվում է, բայց դժվար է ասել, թե դեպի լավ կողմը:

«Պատերազմը խեղել է մարդկանց մտածելակերպը, ժամանակին նրանք իրենց աշխատանքով էին ապրում, իսկ պատերազմի ժամանակ այդքան հումանիտար օգնություն ստանալուց հետո սկսեցին մտածել, թե կարելի է ոչինչ էլ չանել, քեզ սկուտեղի վրա կմատուցեն ու կուշտ կլինես: Նախկինում եթե առավոտից վեր էին կենում, գնում բանջարանոց, հող մշակում, հիմա երիտասարդները նման բան չեն անում: Երիտասարդությունը հեռուստացույցի մեջ է մտած: Ես էլ երեխաներիս դժվարությամբ եմ բանջարանոց ուղարկում: Ասում են՝ մեր դասարանցիներից ոչ մեկ չի գնում, մենք խի՞ պիտի գնանք»,- բողոքում է վաճառողուհին, ով 4 երեխա ունի, 3-ը՝ դպրոցահասակ, 1-ը՝ ուսանող:

Կարինեն պատմում է, որ գյուղացիության հիմնական զբաղմունքը անասնապահությունն է, շատ են խոշոր եղջերավորները: Հողագործության հիմնական մասն էլ տնամերձերի մշակումն է, քանի որ գյուղը շրջապատված է անտառներով, հողակտորներն էլ սարերի վրա են՝ հեռվում: «Գազ ունենք, հեռախոս ունենք, ինտերնետ ունենք, բանկ ունենք, շրջանային հիվանդանոց ունենք, երկու հյուրանոց, արվեստի դպրոց, մանկապարտեզ»,- ժպտալով թվարկում է տիկինը: Էլ ի՞նչն է պակասում, հարցնում ենք՝ ի պատասխան: «Գործը, աշխատանքը»: «Բայց գյուղացու գործը պիտի լինի հող մշակելն ու անասնապահությունը»: «Ես էլ միշտ դա եմ ասում: Իսկ էստեղ հեշտ կյանք են ուզում: Բայց մյուս կողմից՝ որտե՞ղ իրացնել ապրանքը: Լեւոն Գուրգենովիչը շուկա սարքեց, չի աշխատում, ոչ ոք չի ուզում օրերով կագնել այնտեղ»,- նկատում է Կարինեն:

Իրենք՝ խանութ ունեցողներն էլ քաղաք չեն գնում՝ ապրանք գնելու, որովհետեւ բերողներ կան, Կարինեի ասած «ցանցային մարկետինգն» է գործում: Փոխարենը նշում է, որ հաճախորդ գրեթե չունի, որովհետեւ խանութը կտրված է գյուղի բուն տարածքից: Ըստ տիկնոջ՝ միայն 3-4 տուն է օգտվում «սուպերդուքյանից», մյուսները հարեւան խանութի հաճախորդներն են: Ասում է՝ մրցակցություն չկա իրար միջեւ, չնայած նույն փողոցում 6 խանութ կա, ավելին՝ եթե իր մոտ տվյալ ապրանքը չի լինում, ուղարկում է կողքի խանութ, նա էլ՝ նմանապես: Դիտարկմանը, թե «սուպերդուքյանը» դեպի Գանձասարի վանք տանող ճանապարհի վրա է, հյուրանոցի, գազանանոցի ու բանկի հարեւանությամբ, որտեղ զբոսաշրջիկները պետք է որ շատ լինեն, պատասխանում է. «Տուրիստները 3 ամիս կան, իսկ հետո՝ չէ»:

«Երբ բանկը բացվեց, Երեւանից մարդիկ եկան, մտածում էին, որ մեր գյուղը սա է, իսկ իրականում սա չէ,- ցույց տալով դպրոցով, հյուրանոցով, բանկով, գազանանոցով ու «սուպերդուքյանով» շրջապատված բարեկարգ հատվածը՝ ասում է Կարինեն:- Կա Մոսկվա սիթի եւ Մոսկվա, սա Վանք սիթին է, կա նաեւ Վանք: Եթե Գանձասարից նայեք, ամեն ինչ շատ լավ է երեւում: Նախկինում առեւտուրն ավելի լավ էր, հարուստների շարժը շատ էր, իսկ հիմա միջին խավը հաշվում է փողերը: Տուրիստները գալիս նայում են, նկարում ու գնում»:

Ըստ վաճառողուհու՝ զբոսաշրջիկները հիմա ավելի շատ գնում են գյուղից մի փոքր հեռու գտնվող «Ծովին քար» հյուրանոցը, որտեղ անտառ կա, լավ բնություն: Իսկ «սուպերդուքյանի» հարեւանությամբ գտնվող «Էկլետիկա» հյուրանոց, որը տուրիստները ճանաչում են իբրեւ «Տիտանիկ», շարժը նվազել է: Հարցնում ենք՝ «նիսյայի» ցուցակ ունի՞: Ծիծաղում է՝ ո՞վ չունի որ: Ապրանքների քչությունն էլ բացատրում է գնորդի բացակայությամբ: Ասում է՝ ամենաշատը վաճառվում է ջուրը, գարեջուրը, հյութերը, ծխախոտը:

Խանութի հարեւանությամբ՝ գազանանոցի կողքին, Լեւոն Հայրապետյանի հիմնադրած «ԱՏԱ Վանք Լես» փայտամշակման կոմբինատն է, որի սղոցների ձայնը, սակայն, չի սլվում: Տիկին Կարինեն ասում է, որ այն աշխատում էր, երբ անտառում սանիտարական հատումների փայտանյութ կար: Դրանից մանրահատակ էին պատրաստում ու վաճառում. Կարինեի տանն էլ հենց այդ մանրահատակից է տեղադրված: Իսկ հիմա կոմբինատն աշխատում է միայն այն դեպքում, երբ որեւէ մեկը սեփական փայտանյութն է բերում ու ձեւելու պատվեր տալիս:       

Կողքից դիտողի համար առաջին հայացքից թվում է, թե Լեւոն Հայրապետյանի կալանավորումից հետո Վանքը մի տեսակ կորցրել է նախկին տեսքն ու աշխուժությունը, ինչ-որ սպասողական վիճակ է: Հարցնում ենք, թե իր կարծիքով ինչու կալանավորեցին Հայրապետյանին: Կարինեն թոթվում է ուսերը՝ ի՞նչ իմանամ, դժվար է ասել, մենք միայն կարող ենք ենթադրել, թե որն է պատճառը: Ու չնայած նշում է, որ դրանից ադրբեջանցիները ուրախացան, «որովհետեւ միակ մարդն էր, որ մեզ համար այսքան բան էր անում», սակայն հավելում է, որ Հայրապետյանի ձերբակալությունը գուցե այլ բիզնես-անձանց վրա դուրս գալու միջոց էր:   

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter