HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Արդարադատությանը չեմ հավատում 19 տարեկանից»

Արդարադատության նախարարության քրեկատարողական վարչության համաձայնությամբ «Հետքը» եղավ «Սևան» քրեակատարողական հիմնարկում, ուր ազատազրկումից 10 տարի անց հարցազրույց վարեց19 տարեկանում նախ ցմահ, ապա Վերաքննիչ դատարանի կողմից 15 տարվա ազատազրկման դատապարտված նախկին զինվոր Ավետիք Թումանյանի հետ:

Հիշեցնեմ, որ «Հետքը» ուսամնասիրել է երեք նախկին զինծառայողների 9 հատորանոց քրեական գործը, որի հետևանքով 19-ամյա Արթուր Քոչարյանը, Ավետիք Թումանյանն ու Սուրիկ Չոբանյանը դատապարտվել էին նախ ցմահ ազատազրկման, ապա վերջին երկու զինծառայողների դատավճիռը Վերաքննիչ բողոքից հետո փոխարինվել էր 15 տարվա ազատազրկման: Նրանք մեղադրվել են համածառայակից, 4 ամսվա զինծառայող, 18-ամյա Արթուր Մեսրոպյանի սպանության մեջ, սակայն թե՛ նախաքննության փուլում, թե՛ դատավարության ժամանակ, թե մինչ օրս պնդում են, որ անմեղ են, պայքարում են արդարադատության հասնելու համար:

- Ավետիք, խնդրում եմ պատմեք Ձեր մասին:

- Ծնվել ու մեծացել եմ Բերդ քաղաքում: 2003 թ-ին զորակոչվել եմ բանակ, ծառայել Ղարաբաղում: Տարիուկես ծառայելուց հետո, 2004-ին եղավ ողբերգական դեպքը:

- 2004 թ. սեպտեմբերի լույս 21-ին, ըստ քրեական գործի, հայտնաբերվել է 18-ամյա շարքային Արթուր Մեսրոպյանի դին: Ի՞նչ եք հիշում այդ օրվանից:

- Հիշում եմ, որ Արթուրը օրուկես, թե երկու օր չկար: Բոլորն իրեն էին փնտրում, մտածում էինք՝ փախել է զորամասից: Նա աֆիցերներից մեկի հետ պրոբլեմ ուներ, որը հետո անցել-գնացել էր: Ասեմ, որ ես որևէ խնդիր Արթուր Մեսրոպյանի հետ չեմ ունեցել: Հիշում եմ, որ ամսի 21-ին գտան դիակը, ես անձամբ չեմ տեսել: Բոլորը խոսում էին, որ զորամասի պարսպից կախված են գտել: Հետո դատարանում իմացանք, որ կախված է եղել ոչ թե պարսպի ներսի կողմից, այլ դրսի: Անգամ դա չգիտեինք, գիտեինք, թե ներսի կողմից են գտել կախված: Իսկ առավոտյան մեր վաշտից մոտ 20 հոգի տարան Ստեփանակերտ՝ ռազմական ոստիկանություն: Ասացին՝ կհարցաքննենք ու վերջ, հետո կթողնենք, բայց ի՞նչ թողնել:

- Ավետիք, ինչպե՞ս էին հարցաքննում ռազմական ոստիկանությունում: Բռնություն կիրառվե՞լ է Ձեր նկատմամբ:

- Բռնությունն էն խոսքը չի: Չեմ էլ ուզում հիշեմ: Եթե մի բան էլ իմանայիք Արթուրի մահվան մասին, չասելն անհնար էր: Ծեծում-ջարդում էին, որ խոսենք: Գիշերով էլ էին բարձրացնում հարցաքննությունների: Իսկ հարցաքննությունները առանց ծեծի չէին լինում: Դուբինկաներով էին խփում, պլինդուզներով էին խփում ոտքերիս տակ:


- Ինչո՞ւ չէիք բողոքում, ունեի՞ք փաստաբան:

- Ես դեռ վկայի կարգավիճակում էի, փաստաբան չունեի, հետո դարձրեցին կասկածյալ, հետո մեղադրյալ: Ո՞ւմ բողոքեի, ծնողներս հեռու էին, անգամ իմ տեղը չգիտեին, բացի էդ` չգիտեի նույնիսկ, որ կարող եմ բողոքել: Դե, պատկերացրեք՝ 19 տարեկան էրեխա, որ ոստիկանությունում կյանքում չի եղել, չգիտեի՝ բանտն ինչ է, քրեական օրենսգիրքն ինչ է, իմ իրավունքները չգիտեի, որևէ մեկը չէր պարզաբանում. մենակ ծեծ ու ջարդ էր, ի՞նչ կարող էի անել:

- Քանի՞ օր են Ձեզ պահել Ստեփանակերտում՝ ռազմական ոստիկանությունում:

- Սեպտեմբերի 21-ից մինչև հոկտեմբերի 8-ը պահել են էնտեղ՝ ռազմական ոստիկանությունում, համարյա 20 օր: Ուզում էին` ինքնախոստովանական ցուցմունքներ կորզեին, գործը հեշտ փակեին-գնար, թե տեսեք-տեսեք` գործ բացահայտեցինք: Բայց մենք նույնիսկ տեղյակ չէինք, թե ինչ է եղել Արթուրի հետ: Անցել է 10 տարի, բայց ես մինչև հիմա չգիտեմ, թե ինչ է կատարվել:


- Ձեզանից վերցվել են տարբեր նմուշներ՝ եղունգի տակից, մազերից, գլխի մաշկից: Կատարվել է մոտ 15 փորձաքննություն, սակայն որևէ մեկով չի հաստատվել Ձեր առնչությունը դեպքին: Ի՞նչ կասեք:

- Երբ եկան էդ նմուշները վերցնելու, ուրախացա, մտածեցի, որ հիմա կտանեն-կստուգեն, կպարզեն, որ կապ չունեմ Արթուրի մահվան հետ, ու բաց կթողնեն: Բայց չէին թողնում: Հասկացա, որ մի բան էն չի: Դատարանում էլ պարզվեց, որ Արթուրի դիակի վրա եղել են չպարզված մատնահետքեր: Մի օր էլ իմացանք, որ էն ժամանակվա զիդատախազ Գագիկ Ջհանգիրյանն է եկել: Երբ ինձ միջանցքով տանում էին, տեսա նրան: Քննիչների հետ էր զրուցում, ասում էր՝ քանի օր է անցել, չե՞ք կարողանում մի գործ բացահայտեք:

- Ձեր մեղադրանքում նշված է՝ պաշտոնական դիրքի չարաշահում, բայց Դուք շարքային եք եղել:

- Այո, ես շարքային եմ եղել: Դա էլ էր աբսուրդ, դա էլ էին փնթի արել: Մի խոսքով, 9 հատորանոց քրեական գործում մենակ մեր անձնական տվյալներն են ճիշտ գրված, որտեղ ենք ծնվել ու երբ, մնացածը հորինվածք է: 

- 2004 թ. հոկտեմբերի 8-ին Ձեզ բերեցին Երևան, ո՞ւր տարան:

- Բերեցին Երևանի ռազմական ոստիկանություն, պահեցին մինչև նոյեմբերի 4-ը` համարյա մեկ ամիս: Վերջին առերեսումից առաջ ինձ բարձրացրեցին Վլադիմիր Գասպարյանի մոտ, ով էդ ժամանակ ՌՈ պետն էր: Նա ինձ ասաց՝ ոնց քննիչները քեզ ասում են, էդպես էլ պատմի, լավ կլինի: Հարցրեց՝ աղբեր ունես, ասեցի՝ հա: Ասեց, որ նա էլ լավ տեղ կծառայի, լավ մտածի: Բայց ես բան չգիտեի, ի՞նչ պատմեի: Քննիչները շարադրություն էին գրում, ուզում էին, որ ստորգրեինք: Բայց ո՞նց կարող էինք զրպարտել ուրիշին, սուտ ցուցմունք տալ կամ խոստովանել չարած բանը:

- Երբևէ Ձեզանից գումար պահանջե՞լ են, ակնարկե՞լ են, որ գումար բերեն Ձեր ծնողները:

- Ակնարկելը որն է, ուղիղ ասում էին՝ ովքե՞ր են ծնողներդ, ո՞նց եք ապրում, թող փող բերեն, տուն կգնաս: Երևանում՝ ռազմական ոստիկանությունում, պարզ ասում էին` կապ չունի դու մեղավոր ես, թե անմեղ. փող ունես, չես դատվի, փող չունես՝ գնում ես, կորես: Մարդ չէին, մարդկային ոչինչ չկար նրանց մեջ: Թուրքեր էին, էլի:  Իրենք հատուկ ընտրում են էն ընտանիքների էրեխեքին, ովքեր փող չունեն: Ու սարքում են, ինչ ուզեն:


- Քննչական փորձարարությանը Դուք մասնակցե՞լ եք: Գործում չգտա Ձեր անունը:

- Ոչ, մենք չենք մասնակցել քննչական փորձարարության, տարել են մենակ էն անձին, ում ցուցմունքներով մենք հայտնվել ենք էստեղ` Անդրանիկ Կարապետյանին՝ «Աղվես» մականունով: Նա հեքիաթ է պատմել: Իսկ երբ դեպքից երկու օր հետո մեր ծնողներն են դեպքի վայր գնացել, տեսել են, որ բուլդոզերով քանդել են տարածքը:

- Անցել է 10 տարի, Դուք ունեք այն հարցի պատասխանը, թե ի՞նչ է եղել:

- Ազնվությամբ եմ ասում, ոչինչ չգիտեմ, չգիտեմ անգամ, թե ում տեղն եմ նստած: Բայց գիտեմ մի բան, եթե մերոնք փող ունենային, եթե օլիգարխ հովանավորեր մեզ, մեր գլխին չէին կարա սարքեին:

- 2004 թ. նոյեմբերի 4-ին Ձեզ տարան «Նուբարաշեն» ՔԿՀ, հետո տեղի ունեցավ դատավարություն Վայքի դատարանում: Ի՞նչ է տպավորվել դատավարութունից:

- Հիշում եմ՝ դատերից մեկի ժամանակ պահանջում էինք փորձագետին, որ գա ու հարցաքննվի դատարանում, փաստաբան արդեն ունեինք՝ Վահե Մարգարյանը: Նա միջնորդություններ էր անում՝ վկաներ հրավիրել, հարցաքննել, բայց ոչինչ չէր ընդունվում դատարանի կողմից: Երբ մենք սկսեցինք աղմկել, դժգոհել, Վայքի դատարանի դատավոր Լևիկ Պողոսյանն (այժմ վաստակած հանգստի է անցել-հեղ.) ասաց՝ խելոք մնացեք, թե չէ բոլորիդ ցմահ եմ տալու: Ասեց ու տվեց, էլի: Սա պատվեր էր, ուրիշ ոչինչ: Ես կարծում եմ, որ այս ամենի հետևում Գագիկ Ջհանգիրյանն է կանգնած: Դատավճռում էլ գրված է, որ դատավորը առաջնորդվել է իր ներքին համոզմունքով: Նա պնդում էր, որ դեպքից հետո մենք լվացել ենք մեր հագուստը, դա է պատճառը, որ դրանց վրա արյան հետքեր չկան: Բայց հագուստ լվանալու ապացույց էլ նա չուներ: Համ էլ, արյունը մնում է:

- Տուժող կողմի դիրքորոշումն ինչպիսի՞ն էր:

- Մի անգամ Արթուրի հայրն ասաց, որ չի հավատում, որ մենք ենք իր տղային սպանել, բայց ասաց նաև, որ իր կարծիքով՝ գիտենք, բայց չենք ասում, թե ովքեր են:

- Կարդալով քրեական գործի նյութերը՝ ինձ համար պարզ չդարձավ սպանության մոտիվը, դրդապատճառը:

- Իմ համար 10 տարի է՝ պարզ չի սպանության դրդապատճառը: Հորինելուց գոնե նորմալ հորինեին: Ուղակի պիտի մեկին պատժեին, պատժեցին: Մեկի տեղը երեքին պատժեցին: Ունեցան բացահայտված գործ: Կապ չունի անմեղ, թե մեղավոր: Բայց դատական սխալը պիտի ուղղվի, պիտի շանս տան, որ գործերը վերաբացվեն: Գոնե էս տիպի կասկածելի գործերը:


- Երեք նախկին զինծառայողներիդ բարձրացրեցին «Նուբարաշենի» բանտի 5-րդ հարկ, ուր ցմահ դատապարտյալներն են: Ի՞նչ զգացողություններ եղան:

- Մեզ՝ երեքիս, տեղավորեցին նույն խցում: Ես ու Սուրիկը Արթուրի հետ մնացինք 9 ամիս 3 օր: Զգացողությունները լավ չեմ հիշում: Բայց հաստատ գիտեմ, որ չէի զգում, թե կյանքը վերջացել է: Մենք պայքարում էինք միասին, մեր տնեցիներն էլ դրսից էին պայքարում: Նամակեր էին գրում, բողոքներ, որ մեր երեխաները մեկ վկայի մոտ 15 անգամ լրացվող, փոփոխվող ցուցմունքներով են ցմահ դատապարտվել: Անգամ ցմահի տակ նստած ժամանակ Ջհանգիրյանը մարդիկ էր ուղարկում, թե թող մեկն ու մեկը վիզ վերցնի, մեղմ կվարվենք:

- Վերաքննիչ դատարանը փոխեց Ձեր ու Սուրիկ Չոբանյանի ցմահ ազատազրկումը՝ դարձնելով 15 տարվա ազատազրկում: Ի՞նչն էր, ըստ Ձեզ, պատճառը:

- Պատճառը, կարծում եմ, էն էր, որ չլսված-չտեսած բան էր՝ 1 մարդու սպանության համար մինագամից 3 հոգու ցմահ դատապարտելը: Աղմուկը, բողոքները շատ էին: Դրա պատճառով երկուսիս պատժաչափը փոխեցին: Ոնց որ նոր ծնվեինք, բայց անգամ մեկ տարի ազատազրկված լինելը չկատարած հանցանքի համար աբսուրդ է: Իսկ Արթուր Քոչարյանին տվեցին լիդերի դեր ու նրա պատժաչափը չփոխեցին: Միշտ մտածում եմ, որ մենք՝ ես ու Սուրիկը, հնարավոր է պայմանական վաղաժամկետ ազատվենք շուտով (հոկտեմբերին լրանում է ժամկետը), եթե չէ, գոնե 5 տարի հետո կգնանք տուն, իսկ Արթո՞ւրը:

- 10 տարի Դուք պայքարում եք Ձեր անմեղությունն ապացուցելու համար: Հավատո՞ւմ եք արդարադատությանը:

- Երբ նոր էի բանակում, ինքնասպանության դեպք էր պատահել: Մի քանի հոգու դատում էին ինքնասպանության դրդելու մեղադրանքով, զորամասում տղերքը խոսում էին, որ սխալ մարդկանց են դատում, որ շառ են անում: Ես էլ մտածում էի՝ ո՞նց կարող է շառ անեն, չեղած բանը ո՞նց կարող են հաստատեն: Երևի շատ զարմացա, չհավատացի, որ կարող են մարդուն չարած հանցանքի համար, անմեղ տեղը դատեն: Ու գլխիս եկավ: Չէ, արդարադատությանը չեմ հավատում 19 տարեկանից: Եթե արդարադատություն լիներ, էստեղ չէի լինի: Համոզվեցի, որ արդարադատությունը փող ու թիկունք ունեցողինն է: Իմ կյանքից, իմ երիտասարդությունից 10 լավագույն տարիներս արդեն կորել են Հայաստանի չակերտավոր արդարադատության պատճառով: Արդեն 30 տարեկան եմ, իսկ դրսում իմ տարիքի տղամարդիկ իրենց բոյի էրեխեք ունեն:


- Օրենքն ասում է, որ գործը կարող է վերաբացվել նոր երևան եկած հանգամանքների հիմքով: Ինչպե՞ս ես պատկերացնում արդարադատության հասնելու ճանապարհը:

- Չգիտեմ, Հայաստանում ոչինչ չեմ պատկերացնում: Էսքան բողոքում ենք, փաստաբան Վահե Մարգարյանի հետ մեր ծնողները գնացել են գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի մոտ: Նա ասել էր՝ անհրաժեշտ են նոր երևան եկած հանգամանքներ: Բայց մեր ամբողջ գործը նոր հանգամանք է` էսքան բռնությունները, այդքան ժամանակ ՌՈ-ում մեզ պահելը:

- Ավետիք, ի՞նչ երազանք ունես:

- Երազում եմ լինեմ ազատության մեջ, ընտանիք կազմեմ, հասնեմ արդարացման դատավճռի: Իմ վերջին խոսքում էլ խնդրել եմ արդարացման դատավճիռ: Էնպես չի, որ 15 տարի նստեմ, դուրս գամ ու հաշտվեմ էս ամենի հետ: Ես պայքարելու եմ, որ ճշմարտությունը բացահայտվի:

Առաջին լուսանկարում` Ավետիք Թումանյանը ( 30 և16 տարեկանում)

Մեկնաբանություններ (1)

Kima
Թույլ մի տվեք,որ մեղքը շարունակի թագավորել ձեր մահկանացու մարմիններում,որպեսզի չհնազանդվեք նրանց ցանկություններին;Եվ ձեր անդամները մեղքին մի ներկայացրեք իբրև անարդարության զենքեր; Հռոմեացիս 6;12,13 ՞Զորն ,անզորին կերելա՞ Քանի դեռ անկատար ենք,մեր մեջ բնակվող մեղքը պատրաստ է օձի պես խայթելու; Եկեք զգոն լինեենք մեր թուլությունների հանդեպ;Ճիշտ է, Աստված համբերատար է,բայց մենք պետք է պայքարենք մեր սխալ հակումների դեմ և անենք անհրաժեշտ փոփոխություններ,թողնենք ծառայությունը եսասիրական նպատակների համար;Անհավատների....... մտքերը այս աշխարհի աստվածը կուրացրեց 2 Կորնթ. 4;4Բայց Արարչի օրը գողի պես կգա,երբ երկինքները շառաչուն աղմուկով կանցնեն,իսկ տարրերը սաստիկ շիկացած կլուծվեն,և երկիրն ու նրանում եղած գործերը կբացահայտվեն 2 Պետրոս 3;10 Ամեն անարդարություն ----ՄԵՂՔ է ...Իսկ ,եթե իրենց հետ այդպես վարվեին ,իրենք ինչպես ?կընդունեին;Ամեն մարդ թող իր կաշվի վրա դա զգա ու պատկերացնի ...ՄԱՐԴ կոչումը ամենբարդ մասնագիտությունն է, որ ամենքին չէ,որ տրված է ....Դրանք իրենց Սատանա հորից են սերմված և նրա գործերն են անում,մեր ՏԵՐ ու ՓՐԿԻՉ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍ-ին հետևելու փոխարեն,որ իր կյանքը տվեց մեզ, մեր մեղքերից մաքրվելու համար.....

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter