Չորեքշաբթի, 26 սեպտեմբերի

Ալավերդու հիվանդանոցի վրա արդեն 545 մլն դրամ է ծախսվել, բայց ջրամատակարարման հարցը դեռ չի լուծվում



Ալավերդու «Բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում ջրամատակարարման անհուսալի վիճակ է ստեղծվել: Հիվանդները չեն կարողանում լուծել իրենց սանիտարահիգենիկ խնդիրները: Շատ հիվանդատերեր առավոտյան տնից կապրոնե շշերով ջուր են բերում հիվանդանոց` հիվանդների լվացվելու համար: Անբավարար ջրամատակակարման հետևանքով հիվանդանոցում հատկապես լուրջ խնդիրներ են ունենում ստացիոնար բուժվող հաշմանդամները:

«Ջրի պատճառով հիվանդանոցի գինեկոլոգիական բաժանմունքում մեծ դժվարություններ են առաջանում նորածիններին լողացնելու գործում»,- «Հետքին» այսօր բժշկական կենտրոնում հայտնեց բժիշկներից մեկը:

Հիշեցնենք, որ Ալավերդու «Բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի հիվանդանոցային մասնաշենքը սոցներդրումների հիմնադրամի 200մլն. դրամ ներդրումով կապիտալ վերանորոգման է ենթարկվել 2008-2010թ.թ.-ին, իսկ պոլիկլինիկական մասնաշենքը 2012-2013թ.թ.-ին: «Բժշկական կենտրոն» -ի  պոլիկլինիկական մանաշենքը վերանորոգվել է համաշխարհային բանկի 345մլն. դրամ ներդրումով: Պատվիրատուն հանդիսացել է ՀՀ առողջապահության նախարարության ԾԻԳ-ը:

Թեև պատկառելի ներդրումներին, այսուհանդերձ, կապիտալ վերանորոգման ընթացքում արմատական լուծում չի ստացել բժշկական կենտրոնի 24-ժամյա ջրամատակարարման խնդիրը:

«Բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Ստեփան Մոսինյանը կենտրոնի ջրամատակարարման հետ կապված այսօր մեզ հայտնեց. «Ըստ նորմատիվների ցանկացած ստացիոնար բժշկական հաստատությունում պետք է ապահովվի 24-ժամյա ջրամատակարարում: Ներկա պահին Ալավերդու բժշկական կենտրոնն ունի ռեզերվային 5 տոննա ջրի կուտակման տարողություն: Բայց քանի որ կենտրոնին «Հայջրմուղկոյուղու» Թումանյանի ստորաբաժանման Ալավերդու գլխավոր ջրամբարից առավոտյան ջրամատակակարումը տևում է ընդամենը 1 ժամ 20 րոպե` ժամը 8:00-9:20-ն , իսկ երեկոյան` ժամը 17:00- 18:00-ը, բնականաբար, հազիվ 2,5 ժամվա ընթացքում հնարավոր չի լինում լցնել 5 տոննա ջրի տարողությունները, և չի ապահովվում բժշկական կենտրոնի նորմալ ջրամատակարարումը»:

Այսօր իր աշխատանքային օրը Ալավերդիում անցկացնող Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը «Հետքին» հայտնեց, որ տեղյակ չէ «Բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի ջրամատակարաման գործում առաջացած դժվարություններից: Արթուր Նալբանդյանը խնդիրը տնօրեն Ստեփան Մոսինյանի հետ քննարկելուց հետո մեզ հայտնեց. «Հիվանդանոցի ջրամատակարաման հետ կապված Ստեփան Մոսինյանն ինձ ասաց, որ 5 տոննա ջուրը հիվանդանոցին բավարարում է հազիվ 40 րոպե: Հիվանդանդանոցը ջրամատակարարվում է նաև առավոտյան և երեկոյան սահմանված գրաֆիկով: Ես «Հայջրմուղկոյուղու» Թումանյանի ստորաբաժանման տնօրենից տեղեկացա, որ ֆրանսիացիների կողմից վարկային ծրագրով ջրագծերի նորոգման ծրագրեր են իրականացվում նաև Ալավերդի քաղաքում: Ծրագրի ավարտը նախատեսվում է 2015թ. մայիսին: Ես կփորձեմ խոսել Պատրիկ Լորենի հետ` հնարավորության սահմանում Ալավերդու Ջրավազան թաղամասի նոր ջրագծի կառուցումը առաջնահերթ իրականացնելու համար»,- ասաց մարզպետը :

Ըստ Արթուր Նալբանդյանի, քանի որ բժշկական կենտրոնը սնվում է Ջրավազան թաղամասի ջրագծից, ապա այդ ջրագծի առաջնահերթ կառուցումից հետո կլուծվի նաև հիվանդների 24-ժամյա ջրամատակարարման խնդիրը: «Չի բացառվում, որ մինչև այս տարվա վերջ Ջրավազան թաղամասի ջրագծի կառուցման ծրագիրը ավարտվի»,- հուսադրեց Արթուր Նալբանդյանը: 


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ