HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրանսֆերային ամառ. Բունդեսլիգա

Հայկ Դավթյան

Գերմանական Բունդեսլիգայում հանդես եկող թիմերը, մեծամասամբ հանդիսանալով երիտասարդ ֆուտբոլիստներ արտադրող թիմեր, գրեթե ամեն տարի շատ քիչ քանակությամբ խաղացողներ էին ձեռք բերում: Այն բանից հետո, երբ այս ամռանը Բրազիլիայում կայացած ֆուտբոլի աշխարհի առաջնությունում գերմանացիները հռչակվեցին չեմպիոն` Բունդեսլիգայում հանդես եկող թիմերն սկսեցին արագորեն նոր ֆուտբոլիստներ ձեռք բերել:

«Բավարիա» Մյունխեն

Երկար տարիներ այս թիմը Գերմանիայում հանդիսանում է ամենազորեղն ու ամենատիտղոսակիրը, բայց թանկարժեք տրանսֆերներ հազվադեպ է իրականացնում: Արդեն իսկ ավարտված տրանսֆերային պատուհանի ընթացքում այդ «ավանդույթը» խախտվեց, քանի որ ակումբի ղեկավարությունն ստիպված էր վնասվածքի պատճառով երկար ժամանակով շարքից դուրս եկած Խավի Մարտինեսին փոխարինող գտնել: Մյունխենյան թիմ տեղափոխվեց մարոկկացի պաշտպան Մեհդի Բենատիան, ում տեղափոխության դիմաց իտալական «Ռոման» ստացավ 26 մլն եվրո գումար: «Բավարիայի» գլխավոր ձեռքբերումը հանդիսացավ լեհ հարձակվող Ռոբեր Լեւանդովսկին, ում համար «Բավարիան» ստիպված չեղավ գումար վճարել, քանի որ Դորտմունդի «Բորուսիայի» հետ ֆուտբոլիստի պայմանագիրն ավարտվեց: Նույն կերպ թիմի կազմը համալրեց կիսապաշտպան Սեբաստիան Ռոդեն: Մյունխենյան ակումբ տեղափոխվեցին նաեւ իսպանացիներ Խաբի Ալոնսոն, Խուան Բերնատը եւ Պեպե Ռեյնան: Բոլոր այս տրանսֆերները թիմի համար արժեցան շուրջ 50 մլն եվրո:

«Բորուսիա» Դորտմունդ

Ակումբն այս ամռանը թե Գերմանիայում եւ թե ողջ Եվրոպայում ամենաակտիվներից էր տրանսֆերային շուկայում, ինչի շնորհիվ թիմի կազմը համալրեցին 5 նոր ֆուտբոլիստներ (խոսքն այն խաղացողների մասին է, որոնց տեղափոխությունների համար ակումբի ղեկավարությունը որոշակի գումար է վճարել):

Իտալիայի նախորդ առաջնության լավագույն ռմբարկու Չիրո Իմոբիլեի համար սկսված «որսում» հաղթող ճանաչվեց հենց դորտմունդյան թիմը: Տեղափոխությունն արժեցավ 19,4 մլն եվրո: Գերմանիայի ընտրանու կազմում աշխարհի չեմպիոն հռչակված Մատիաս Գինտերի տրանսֆերի համար «Բորուսիան» 10 մլն եվրո վճարեց «Ֆրայբուրգին»: Բեռլինի «Հերտան» կոլումբիացի հարձակվող Ադրիան Ռամոսի տեղափոխության դիմաց ստացավ 9,7 մլն: 8 մլն եվրոյի դիմաց «Մանչեսթեր Յունայթեդից» Դորտմունդ վերադարձավ ճապոնացի կիսապաշտպան Սինձի Կագավան, իսկ ահա Նուրի Շահինի` «Բորուսիայի» լիիրավ ֆուտբոլիստ դառնալու համար Մադրիդի «Ռեալը» ստացավ 7 մլն եվրո:

«Բայեր» Լեւերկուզեն

Այս անգամ նույնպես ակումբի ղեկավարությունը շեշտը դրել էր երիտասարդ ֆուտբոլիստներ գնելու վրա: «Բայեր» տեղափոխվեց Գերմանիայի նախորդ առաջնության գլխավոր հայտնություններից մեկը` Հական Չալհանօղլուն: Թուրք խաղացողի տեղափոխության դիմաց «Համբուրգը» ստացավ 14,5 մլն եվրո: «Նյուրնբերգի» առաջատար Խոսիպ Դրմիչը «Բայեր» տեղափոխվեց 6,8 մլն-ի դիմաց: Բրազիլացի երիտասարդ պաշտպան Վենդելին «Բայերը» 6,5 մլն-ի դիմաց գնեց «Գրեմիոյից»: Վարձակալությամբ լեւերկուզենյան թիմի ֆուտբոլիստներ դարձան Տին Յեդվայն ու Կիրիակոս Պապադոպուլոսը:

«Բայերը» ծախսելով 30 մլն եվրո հավաքեց նոր, երիտասարդ ու դինամիկ կազմ:

«Վոլֆսբուրգ»

Վերջին տարիներին «Վոլֆսբուրգը» մեծ քայլերով առաջ է գնում եւ սպասվում է, որ այս տարի թիմը կպայքարի Չեմպիոնների լիգայի ուղեգրի համար: Այդ նպատակն իրագործելու համար ակումբի ղեակավարությունը ձեռք բերեց նոր ֆուտբոլիստների` որոշ խաղային օղակներ ուժեղացնելու համար: Աջ պաշտպան Սեբաստիան Յունգին «Վոլֆսբուրգը» Ֆրանկֆուրտի «Այնթրախտից» գնեց 2,5 մլն եվրոյի դիմաց, իսկ կիսապաշտպան Ջոշուա Գուիլավոգուիի երկամյա վարձակալության դիմաց Մադրիդի «Ատլետիկոն» կստանա 5,5 մլն եվրո: Դանիացի հարձակվող Նիկլաս Բենդտները «Արսենալի» հետ պայմանագրի ավարտից հետո առանց գումարային փոխհատուցման տեղափոխվեց «Վոլֆսբուրգ»:

Այլ ակումբների թանկարժեք ձեռքբերումները ներկայացնենք ստորեւ:

Միեր-Միշել Լասոգա. «Հերտա»-«Համբուրգ»-8,5 մլն եվրո

Յաբ Սոմեր. «Բազել»-«Բորուսիա» Մյոնխենգլադբախ-8 մլն եվրո

Ադամ Շալաի. «Շալկե»-«Հոֆենհայմ»-6 մլն եվրո

Ֆիլիպ Կոստիչ. «Գրոնինգեն»-«Շտուտգարտ»-6 մլն եվրո

Օլիվեր Բաուման. «Ֆրայբուրգ»-«Հոֆենհայմ»- 5,5մլն եվրո

Խոսելու. «Հոֆենհայմ»-«Հանովեր»-5 մլն եվրո

Լուսանկարում` Դորտմունդի «Բորուսիայի» նորեկ, իտալացի Չիրո Իմոբիլեն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter