
Համայնքների խոշորացում. թեր եւ դեմ կարծիքներ
Եվրոպայի խորհրդի տեղական ինքնակառավարման մարմինների կոնգրեսի անդամ Նայջլ Մերմագենը համայնքների խոշորացման գործընթացն Հայաստանում համարում է երկրի հետագա զարգացման կարեւորագույն գործընթացներից մեկը:
Նրա համոզմամբ` արդեն մի քանի տարի ձգձգվող այս ծրագիրն ի վերջո իրականություն կդառնա, եթե անգամ դրա համար հարկ լինի պարտադրանք կիրառել:
«Մենք Հայաստան էինք այցելել 2003 թ.-ին, հիմա արդեն անցել է տաս տարի եւ պետք է հասկանալ, թե ինչ փոփոխություններ են արձանագրվել այդ ընթացքում: Զգացվում է, որ Հայաստանում բոլորը՝ կառավարության վերին օղակներից մինչեւ համայնքները, ընդունում են փոփոխություն կատարելու անհրաժեշտությունը,- ասում է Նայջլ Մերմագենը,- այն, որ Հայաստանում համայնքներն ընդդիմանում են խոշորացման ծրագրին, անակնկալ չէ: Ես քաղաքական գործիչ եմ, եւ ես ինքս գոհ չէի լինի, որ իմ համայնքը միաձուլեին, ու ես իմ պաշտոնից զրկվեի: Երբ կառավորությունը կողմնորոշվի, որոշի որն է լավագույն լուծումը, կարծում եմ` կկատարի այդ փոփոխությունները: Լավագույն դեպքում այն կարելի է իրականացնել բնակիչների ցանկությամբ եւ օժանդակությամբ, գուցե հանրաքվեի միջոցով, սակայն համայնքների միաձուլումը կարող է կատարվել նաեւ պարտադրանքով, որը ժողովրդավարության մեջ դիտվում է, որպես բացասական երեւույթ»:
Նայջլ Մերմագենը 2002-2005 թթ.-ին ղեկավարել է Մեծ Բրիտանիայի Հարավային Սոմերսեթի շրջանը: 200 հազար բնակիչ ունեցող գյուղական այդ համայնքը ձեւավորվել է 1974 թ.-ին՝ 121 փոքր համայնքների միաձուլումից: Պարոն Մերմագենի հավաստիացմամբ` 40 տարի առաջ տեղի ունեցած միաձուլման գործընթացն եւս հարթ չի եղել, սակայն հիմա, երբ նաեւ սերնդափոխություն է տեղի ունեցել, բոլորն էլ գոհ են: «Ես վստահ եմ, որ ինչպես Անգլիայում, այնպես էլ այստեղ կանցնի որոշ ժամանակ, եւ բոլորն էլ կհամոզվեն, որ համայնքների խոշորացումը անհրաժեշտություն է»,- նկատում է Ն. Մերմագենը:
Համայնքների խոշորացման ծրագրի վերաբերյալ բոլորովին այլ դիրքորոշում ունի Հայաստանի համայնքների միության նախագահ Էմիլ Երիցյանը: Նրա կարծիքով` համայնքների խոշորացումը դեղատոմս չէ եւ իրականություն դառնալու առումով էլ շատ կասկածելի է: Էմիլ Երիցյանի համոզմամբ, եթե անգամ հաջողվի պիլոտային ծրագրով հասնել որոշ համայնքների խոշորացման, ապա կստանան այսպես կոչված «լոսկուտի» էֆեկտ:
«Օրինակ Ֆրանսիայում համայնքների խոշորացման գաղափարը մշտապես քննարկվում է եւ դեռ իրականություն չի դարձել: Այնտեղ մոտ 40 հազար տեղական իշխանություն կա, մոդելը շատ նման է հայկականին, այնտեղ 5 բնակիչ ունեցող համայնքները շատ-շատ են: Ընդունենք, որ խոշորացումը որոշակի գործիք է, որը պիտի կիրառվի հասցեական, այսինքն` կապված բնակավայրերի կառավարման հետ, որոնք քաղաքաշինական առումով այնքան են մեծացել, որ թափանցել են իրար մեջ եւ դրանց միավորումը պարզապես անհրաժեշտություն է: Դա շատ հասկանալի եւ ընդունելի տարբերակ է: Բայց, երբ խոշորացման գործիքը փորձում են կիրառել ամբողջ երկրի վարչատարածքային ռելիեֆը փոխելու համար, ի սկզբանե սա չլուծվող խնդիր է»,- պարզաբանում է Էմիլ Երիցյանը:
Եթե ցանկություն կա 915 համայնքի փոխարեն ունենալ 300 համայնք, դա, ըստ Էմիլ Երիցյանի, պահանջում է այլ մոտեցում, այն է՝ վարչատարածքային նոր համակարգի ստեղծում: Պարոն Երիցյանը բերում է Վրաստանի օրինակը, երբ նախկին նախագահ Սահակաշվիլին 2004 թ.-ին գոյություն ունեցող 1000-ից ավելի համայնքները միավորելով ստացավ 60 համայնք: Պատճառը զուտ տեխնիկական էր: Գոյություն ունեին հայկական, ադրբեջանական գյուղեր, առկա էր ընտրովի մարմիններ, որոնք ունեին սեփական բյուջե, եւ դա ամենեւին էլ ձեռնտու չէր Վրաստանի իշխանությանը: Միավորելով համայնքները, որտեղ 70 տոկոսից ավելին բնակչության հայեր ու ադրբեջանցիներ էին, ղեկավար նշանակվեց վրաց ազգի ներկայացուցիչ: Այս դեպքում կարելի է հստակ ասել, որ համայնքների խոշորացման ճանապարհով էթնիկական խնդիր էր լուծվում:
«Հիմա նույնը տեղի է ունենում Մերձբալթիկայում: Նրանք ունեն ռուսախոս հատվածի խնդիր եւ լուծման ճանապարհ են ընտրել խոշորացումը,- ասում է Էմիլ Երիցյանը,- Հայաստանում նման խնդիր դրված չէ: Ես չեմ պատկերացնում որեւէ համայնք Հայաստանում, օրինակ նույն Դիլիջանին մոտ գտնվող համայնքները, որոնք ուզենան միավորվել նրա հետ, ինչքան էլ ոսկե սարեր խոստանաս: Որովհետեւ դա բերում է բնակչության ինքնության աղավաղման: Յուրաքանչյուրս մեզ նույնացնում ենք այն վայրի հետ, որտեղ ծնվել-մեծացել ենք եւ իհարկե շատ դժվար է համակերպվել այն մտքի հետ, որ դու այսուհետ, ասենք, դիլիջանցի ես»:
Խոշորացման դեպքում ծագում են նոր հակասություններ: Ըստ Էմիլ Երիցյանի, արդարացումը, թե նման եղանակով գումարների խնայողություն է տեղի ունենում, տեղին չէ, քանի որ դրանք այնքան քիչ են, որ անգամ խնայողության դեպքում որեւէ ռեսուրս չի ստեղծվում: Նա բերում է Երեւանի օրինակը, որ մեծածավալ գործունեություն իրականացնում է հիմնականում պետության աջակցության հաշվին:
«Եթե խոշորացման արդյունքում դու նոր լիազորություն եւ ֆինանս չես տալիս, չկա որեւէ մոտիվացիա, ո՞րն է այդ դեպքում նպատակը,- հարցնում է Երիցյանը,- մենք իրականում վարչատարածքային փոփոխության խնդիր ունենք, որովհետեւ մեր ենթակառուցվածքները խորհրդային տարիների քաղաքաշինական պրակտիկայի արդյունքն են: Օրինակ` սոցիալական ծառայությունները գտնվում են նախկին շրջկենտրոններում, սպասարկում են հարակից 30 գյուղի եւ չես կարող դա կտրտել ու բաժանել համայնքների միջեւ: Այսինքն` եկել, կանգնել ենք մի ինչ-որ պատի առաջ, երբ հետագա ապակենտրոնացումը ֆիզիկապես անհնարին է»:
Էմիլ Երիցյանի համոզմամբ` պետք է ձեւավորել երկմակարդակ կառավարում: Պետք է բյուջե եւ ինքնուրույն գործելու հնարավորություն տալ մարզերին: Ներկայում մարզպետարաններն իրականացնում են մեծ ծավալի լիազորություններ, որոնք օրենքից դուրս են ու տեղական ինքնակառավարման բնույթ ունեն: Այն լիազորությունները, որոնք հնարավոր չէ մասնատել, որոնք պահանջում են մասնագիտական որակավորում, օրինակ` կրթության քաղաքականությունը, պետք է տրվեն մարզերին, նշում է Հայաստանի համայնքների միության նախագահը:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել