HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ի՞նչ կոնկրետ համակարգային փոփոխություն պետք է իրականացվի Հայաստանում, կամ որտե՞ղ է թաղված շան գլուխը

Ստեփան Դանիելյան,
քաղաքագետ

Վաղուցվանից բոլորը խոսում են համակարգային փոփոխությունների մասին, բայց ոչ ոք այդպես էլ չհիմնավորեց, թե խոսքը կոնկրետ ի՞նչ փոփոխությունների մասին է: Համակարգային փոփոխությունների մասին խոսացողները որպես լուծում առաջարկում են անձերի փոփոխություն կամ «քաղաքական դաշտի» սերնդափոխություն, սակայն անձերի փոփոխությունը չի կարող բերել համակարգափոխության, դա կարծես թե ակնհայտ է: Առավել ևս, նոր անձերը, որպես կանոն, ավագ սերնդի ավելի «կատարելագործված» տեսակներն են:

Ոմանք հիմնական խնդիրը տեսնում են Նախագահի լայն լիազորությունների մեջ, սակայն երբ հանրապետականներն առաջարկեցին անցնել խորհրդարանական կառավարման ձևին, քննադատությունն էլ ավելի ուժգնացավ: Այսինքն, դա չէ խնդիրը: Իմ կարծիքով՝ խորհրդարանական կառավարման ձևին անցնելու դեպքում վիճակը էլ ավելի անհույս կդառնա, և այդ «համակարգը» էլ ավելի մեծ դեգրադացիայի կենթարկվի:

Կան ավելի կորդինալ առաջարկություններ` ստեղծել նոր` «չորրորդ հանրապետություն», սակայն դա էլ ընդամենը խոսք է, առանց հստակ նշելու, թե ո՞րն է գործող կառավարման համակարգի հիմնական թերությունը և կոնկրետ ինչն է պետք առաջին հերթին փոխել:

Այժմ փորձեմ հիմնավորեմ, թե խոսքն ինչպիսի՞ համակարգային փոփոխությունների մասին կարող է գնալ. ո՞րն է Հայաստանի կառավարան համակարգի հիմնական խնդիրը:

Իմ տեսակետից՝ Հայաստանի հիմնական պրոբլեմը կուսակցություններն են, որոնք այդպես էլ չդարձան հանրային և սոցիալական կառույցներ, այլ մնացին որպես բիզնես նպատակներ հետապնդող հաստատություններ, հանրության, անգամ կուսակցական զանգվածի հետ որևէ հետադարձ կապի բացակայությամբ:

Կուսակցությունները կամ մեկ անձի սեփականությունն են, կամ էլ սահմանափակ անձանց պատկանող փակ բաժնետիրական ընկերություններ են, որոնց նպատակը գործող իշխանության հետ լծակների և բիզնես արտոնությունների շուրջ պարբերաբար ընթացող առևտուրն է: Դրա համար երբեմն անհրաժեշտ է լինում ժողորդին ոտքի հանել և որքան շատ մարդ մասնակցի նրանց ակցիաների, այնքան ավելի մեծ պահանջներ կարելի է ներկայացնել գործող իշխանություններին: Հանրային ընդվզման առաջնորդելու ունակությունը բարձրացնում է կուսակցությունների փայատերերի ակցիաները ապագա առևտրի ժամանակ:

Կուսակցությունները փակ համակարգեր են, որտեղ որոշումներն ընդունվում են նեղ շրջանակների կողմից և որոնք հաշվետու չեն ոչ ոքի առջև: Ցանկացած զարգացման` հեղափոխության, հեղաշրջման կամ անգամ իրոք արդար և ազատ ընտրությունների դեպքում, իշխնության է գալու գործող կուսակցություններից որևէ մեկը և ամեն ինչ նորից սկսվելու է կրկնվել վերջին քսանհինգ տարիներից հայտնի սցենարով և մեթոդոլոգիայով: Ցանկացած ընդվզում (անկախ արդյունքից) դատապարտված է անհաջողության:

Փորձենք կուսակցությունների գոծունեության տրմաբանությունը հասկանալ ներկայիս գործընթացները քննարկելով:

Ի՞նչու պետք է Դաշնակցությունը մնա «ոչ իշխանական քառյակում», այլ ոչ թե պայմանավորվածություններ ձեռք բերի գործող իշխանությունների հետ: Այս հարցին որևէ տրամաբանված պատասխան չունեն Դաշնակցության փայատերերը, որոնց շարքերում կան նաև դիվանագիտական կորպուսում գործող Նախագահի քաղաքականության ներկայացնողները: Դաշնակցությունը Քառյակում մնալու դեպքում պետք է մասնակցի կամ հեղափոխությանը, կամ հեղաշրջմանը և հաջողության դեպքում ստանա 2-3 նախարարական պորտֆել` համապատասխան ակսեսուարներով, կամ իշխանության հանդեպ ճնշման ուժեղման դեպքում Քառյակի կազմում գնա պայմանավորվածությունների գործող իշխանությունների հետ: Պարզ է, որ այդ բանակացությունների ժամանակ հիմնական ջութակը Դաշնակցությունը չի լինելու: Մյուս տարբերակը՝ սեպարատ պայմանավորվածությունների մեջ պետք է մտնի իշխանության հետ և Քառյակը տրոհելու համար որպես պարգևավճար ստանա անհամեմատ ավելի շատ, քան հաջողության դեպքում Քառյակի կազմում կարող էր ստանալ, այն էլ առանց որևէ ռիսկերի: Շատ պարզ տրամաբանություն է: Ցանկացած ողջախոհ գործարար հենց այդպես կգործեր: Հենց այդպես են վարվել համարյա բոլոր կուսակցությունները մեր նորագույն պատմության ժամանակաշրջանում:

Կամ բերենք երկրորդ օրինակը. ի՞նչ էր պահանջում Րաֆֆի Հովհաննիսյանը վերջին նախագահի ընտրությունների ժամանակ «ցմահ» հացադուլ հայտարարելու միջոցով` լծակներ և պորտֆելներ: Առևտուրը հրապարակային կերպով էր կատարվում, ոգևորված ամբոխի հիացական ներկայությամբ: Բնական է, ավելին չէր կարող պահանջել: Դա է Հայաստանի քաղաքական համակարգի ողջ տրամաբանությունը: Դաշնակցությանը կամ Ժառանգությանն իմաստ չունի մեղադրել նման գործելակերպի մեջ: Դրանք են խաղի գործող կանոնները: Եթե Հայաստանում որևէ անձ իրեն նվիրում է քաղաքական գործունեությանը, ապա իրական ընդդիմադիր կեցվածքի համար ողջ պետական մեքենայի ճնշման տակ է հայտնվում: Հատկապես ծայրահեղ է դառնում իրավիճակը այն պայմաններում, երբ բացակայում են հանրային աջակցության մեխանիզմներ, էլ չենք խոսում սոցիալական աջակցության մասին: Չկան քաղաքագիտական ինստիտուտներ, չկա մասնագիտական ինքնադրսևորման համար համապատասխան միջավայր, անգամ համալսարանները զրկված են ազատությունից, որտեղ անգամ անհամարժեք վարձատրության դիմաց քաղաքական գործիչները կարող են դրսևորվել: Մնում է մեկ տարբերակ, գործող իշխանությունների հետ պայմանավորվածություններ ձեռք բերել: Հատկապես այն դեպքում, երբ Հայաստանում նույնպես գործում է ստոկհոլմյան սինդրոմը:

Այժմ նորից վերադառնանք «մեր» համակարգին: Ժամանակին Լևոն Տեր-Պետրոսյանը Սահմանադրության ընդունման միջոցով ցանկացավ ձերբազատվել ՀՀՇ-ի կուսակցական վերնախավի ինտրիգներից, ուժեղացնելով Նախագահի ինստիտուտը, հաջորդ փուլում ինքը հայտնվեց ռազմական ֆեոդալների ազդեցության տակ և հրաժարական տվեց: Կազմալուծվեց նաև այն ժամանակվա «հանրապետականը»՝ ՀՀՇ-ն:

Ինչպե՞ս Սերժ Սարգսյանը եկավ իշխանության` նախ «գրավեց» Հանրապետական կուսակցությունը և նրա միջոցով իր կամքը թելադրեց Քոչարյանին: Այսինքն՝ ավտորիտար և հանրության առջև ոչ հաշվետու իշխանություն ձևավորելու համար պետք է «գրավել» կուսակցություն և հետո, արդեն այդ կուսակցության միջոցով բռնազավթել իշխանությունը: Որքանով այդ կուսակցական զանգվածը լինի հնազանդ և կոռումպացված, այնքանով իշխանությունը կլինի «հզոր»: Դա է այսօրվա գործող համակարգի տրամաբանությունը:

Համակարգի մյուս բաղկացուցիչ մասը` «ընդդիմադիր» կուսակցությունները, նույնպես շատ կարևոր դերակատարություն ունեն այդ համակարգի անխափան աշխատանքի համար: Նրանց երկու հիմնական առաքելությունները հետևյալներն են` վերահսկել ընդդիմադիր զանգվածներին և թույլ չտալ, որ որևէ այլ արժեհամակարգով քաղաքական կառույց ձևավորվի: Միաժամանակ մյուս գործող դերակատարը` իշխանությունը նրանց պետք է վարկաբեկի, որպեսզի հանրությունը հասկանա, որ փոփոխությունների որևէ հույս չկա, ինչն հանրությանը պետք է հասկացնի նաև «անկախ» մամուլը:

Ներկայիս սահմանադրական փոփոխությունները պետք է «հավերժացնեն» այս համակարգը` կուսակցությունների իշխանությունն էլ ավելի հզորացնեն, օլիգարխներին և ռեգիոնալ էլիտային ստիպեն մտնել կուսակցությունները մինչև ընտրությունները (մեծամասնական ընտրատեղերի վերացում)` բնականաբար հիմնականում իշխող կուսակցություն: Սա նաև օլիգարխների ու տեղական հեղինակությունների ավելի արդյունավետ վերահսկելու մոդել է: Նաև ազատվել երկրի իրական ղեկավարի կախվածությունը Նախագահի երկու տարով ընտրվելու սահմանափակումից: Ինչպես նաև անիմաստ դարձնել Նախագահի ընտրությունների ժամանակ հանրային ակտիվությունը:

Սա է սահմանադրական փոփոխությունների ողջ իմաստը: Հայաստանում իրական համակարգային փոփոխությունների համար անհրաժեշտ է փոփոխություններ կատարել ոչ թե Սահմանադրությունում, այլ կուսակցությունների մասին օրենքում: Ինչն երբեք գործող համակարգը թույլ չի տա` ընդդիմության և իշխանության համատեղ ջանքերով: Առանց հանային սոցիալականացված կառույցի ընդվզել գործող համակարգի դեմ նույն բանն է, որ գնաս գայլերի որսի առանց հրացանի: Պարտությունը երաշխավորված է:

Առաջանում է հարց, իսկ ո՞րն է ելքը: Իրականությունն այն է, որ հանրությունը պետք է ազատվի գործող կուսակցական համակարգի ճիրաններից, իսկ դրա համար, որքան էլ տարօրինակ չհնչի, պետք է հենց նոր տիպի կուսակցություն ստեղծվի: Ինչպես ասում են. «клин клином вышибают»: Հանրային զզվանքը առհասարակ «կուսակցություն» հասկացողության հանդեպ նույնպես այդ համակարգի գոյության հիմքերից է: Երբ հասարակությունը ի վիճակի չէ կենսական հարցերի շուրջ գալ համաձայնության, միավորվել մեկ կառույցի շրջանակում, ապա անիմաստ է խոսել փոփոխությունների մասին: Ո՞վ պետք է այդ համակարգափոխությունը իրականացնի:

Իսկ ինչու՞ նման կառույցը պետք է կուսակցություն լինի. շատ պարզ պատճառով, որովհետև ըստ Սահմանադրության, կուսակցությունն է կարող գալ իշխանության և ռեֆորմներ իրականացնել: Սակայն այդ կառույցը պետք է հենց ինքը լինի հակահամակարգ, իր արժեքներով, թափանցիկությամբ, հաշվետվողականության, զանգվածայնությամբ, որը կուսակցությունների գործունեության ներկայիս կամերային եղանակներով չի կարող իրականություն դառնալ և իրենից ներկայացնել բաց հանրային հարթակ:

Իսկ ո՞րն է այն գրավականը, որ այդ կուսակցությունը նույնպես չի վերածվի նախորդների նման մի կառույցի. դա արդեն շատ կոնկրետ և առարկայական խոսակցության մեկ այլ թեմա է:

Մեկնաբանություններ (1)

SCHANTH
Միայն Նախախորհրդարանն է առաջարկում իսկական համակարգափոխութիւն այլընտրանքային ընտրութիւններու միջոցաւ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter