HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քնար Բաբայան

Արցախում հիշեցին եզդիների ցեղասպանության 40 օրը

Երեկ Ստեփանակերտի Մաշտոց փողոցից մոտ 80 երիտասարդ «Ոչ ցեղասպանություններին» լոզունգով մոմերով երթ էին կազմակերպել դեպի Սուրբ Հակոբ եկեղեցի:

«Ոչ ցեղասպանություններին» քաղաքացիական նախաձեռնության Բերձորի ներկայացուցիչ Անի Հովհաննիսյանի խոսքով՝ իրենց երթով միանում են Երևանում և Ֆրանսիայում իրականացվող երթերին՝ Իրաքում օգոստոսի 2-ի 3-ի լույս գիշերը եզդիների նկատմամբ իրականացված ցեղասպանության 40 օրվա կապակցությամբ: Սեպտեմբերի 11-ն ամբողջ աշխարհում նշվում է նաև որպես ահաբեկչության դեմ պայքարի օր: «Այս ամենը հետևանք է 100 տարի առաջ Թուրքիայում հայերի ցեղասպանության անպատժելիության: Մեր երթով դատապարտում ենք իրականացված ցեղասպանությունները և կոչ անում կանխել դրանց կրկնումը»,-«Հետք»-ի հետ զրույցում մեկնաբանեց Ա. Հովհաննիսյանը:

Երթի համակազմակերպիչ (ընդհանուր առմամբ` 6 ՀԿ է ընդգրկված եղել) «Արցախակերտում» ՀԿ-ի համանախագահ Արտակ Բեգլարյանը համոզված է, որ Արցախում վերաբնակվելու ցանկություն հայտնած եզդիներին պատրաստ են մարդասիրական օգնություն ցուցաբերել: Դեռևս օգոստոսի սկզբին ԼՂՀ նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը մի շարք լրատվամիջոցների հետ զրույցում նշել է, որ Արցախը պատրաստ է իր հնարավորության սահմաններում օգնել եզդի փախստականներին: «Չենք ուզում հիմա ոսկե սարեր խոսք տալ, դա ճիշտ չէ, բայց կփորձենք օգնել այնքանով, ինչքանով կկարողանանք,- tert.am-ի հետ զրույցում ասել էր Դավիթ Բաբայանը՝ հավելելով,- կարևորն այն է, որ մենք կիսում ենք բոլոր իրենց զգացմունքները»:

ԼՂՀ Կառավարության աշխատակազմի տարածքային կառավարման և հայրենադարձության վարչության հայրենադարձության և միգրացիայի բաժնի պետ Էլինա Մխիթարյանը «Հետք»-ի հետ զրույցում նշեց, որ առայժմ ոչ մի եզդի չի դիմել իրենց Արցախում վերաբնակվելու հարցով:

Մեկնաբանություններ (2)

Թլկատինցի
Ափսոս որ երթի կազմակերպիչներն իրենց պարզած պաստառը սխալ հայերենով են գրել.....Ոչ թէ «Մեր երախտիքը.....», այլ «Մեր երախտագիտությունը......» (Երախտիքը մարդու արարքն է, գործը, բարեգործությունը, ինչի համար շնորհակալ/երախտագետ ենք)
Եղբայրեր Փիլոսյան
Լավ առիթ է, որ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100 ամյակին ընդառաջ այդ շարժումը (ՈՉ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ) դառնա միջազգային, որտեղ կներառվեն նաև այլազգիները (օր. մինչ օրս բոլոր ցեղասպանված ազգերի ներկայացուցիչները և այլն):

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter