HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ազատություն ու երջանկություն բառերը հոմանիշներ են

Մհեր Ենոքյան, «Հետքի» թղթակիցը «Նուբարաշենի» բանտից

Ես գրում եմ Ձեզ, որ օգտակար ինձ զգամ, որ Ձեզ փոխանցեմ ամենակարևոր միտքը Ազատության մասին: Պատմում եմ պատմություններ իմ բանտային օրագրից, որ Դուք գնահատեք Ազատությունը, որ գիտակցեք, թե որքան երջանիկ եք: Երբ մարդ ազատ է ու չգիտի, որ կա նաև անազատություն, ազատ է ու վերջ, ապրում է սովորականի պես ու չի էլ գիտակցում, թե ինչ հրաշք է սեփական ձեռքերով տան դուռը բացելն ու աշխատանքի գնալը: Մի անգամ գրել էի հացի խանութ գնալու հաճույքի մասին, հիշո՞ւմ եք: Հաճախ մտածեք երջանկության, այսինքն՝ Ազատության մասին: Ազատ լինել` հավասար է երջանիկ լինել: Ազատություն ու երջանկություն բառերն ինձ համար հոմանիշներ են:  

Այս նամակը գրում եմ սեպտեմբերի 1-ին: Ուսանող եմ ու երևակայում եմ, թե գնում եմ հայ-ռուսական Սլավոնական համալսարան, չնայած երբեք չեմ տեսել համալսարանի շենքը: Երկու փուչիկ եմ փչել ու կախել խցում՝ ինքս ինձ համար տոնական տրամադրություն ստեղծելով: Զբոսանքի գնալուց առաջ բանտի աշխատակիցներից մեկը շնորհավորեց ինձ, ես էլ՝ իրեն: Գիտեմ, որ նա էլ է իրավաբանական ֆակուլտետի ուսանող:

Հիշեցի բանտում անցկացրած «ուսանողական» ցուրտ ու մութ տարիները: Նորից երևակայում էի, թե դասի եմ գնում: Ամեն սեպտեմբերին ինձ տարբեր ճանապարհներով գրքեր էին ուղարկում (դրսից որևէ բան ստանալ արգելված էր, այդ թվում՝ գրքեր): Ուսումնասիրում էի ամեն ինչ՝ քվանտային ֆիզիկա, հոգեբանություն, աստղագիտություն... Մահապատժի տակ նստած՝ ինքս ինձ համար քննական տոմսեր էի պատրաստում տարբեր առարկաներից, դնում էի սեղանի վրա, հետո հուզվելով քաշում էի տոմսերից մեկն ու երևակայածս դասախոսներին քննություն հանձնում: Մի քանի օր ինքս ինձ արձակուրդ էի տալիս, հետո մշակում նոր ծրագիր և անցնում հերթական կիսամյակի դասերին:

Մահապատժի 3-րդ տարին էր` 1999թ.-ը, մտան խուզարկության և անգլերենի դասագիրք հայտնաբերեցին: Քանի որ բանտի գրադարանում նման գիրք չկար, սկսեցին հարց ու փորձ անել, թե որտեղից է այն հայտնվել: Բնականաբար, լռում էի:

- Ես քեզ չեմ հասկանում, Մհե՛ր, ինչի՞դ է պետք անգլերեն սովորել, մեկ ա, վաղ, թե ուշ բոլորդ էլ բանտում մահանալու եք,-իսկապես չհասկանալով` հարցրեց այդ օրվա հերթափոխի պետը:

Ես էլ ժպտալով ու համոզված պատասխանեցի.

- Անպայման դուրս եմ գալու բանտից ու հայտնվեմ ազատության մեջ, որտեղ անգլերենի իմացությունը կհեշտացնի նպատակներիս իրականացումը:

Չորս տարի անց, երբ Գորիսի բանտից հաջողվեց փախուստ իրականացնել և մի օր երեկոյան Երևանի կենտրոնում զբոսնելիս տեսա այդ օրվա հերթափոխի պետին իր ընտանիքի հետ, նա էլ ինձ տեսավ և ճանաչեց, բայց… Ոչ մի աղմուկ չբարձրացրեց, ոչ էլ բռնել փորձեց, այլ հանգիստ գլխով արեց՝ ցույց տալով, որ ճանաչեց ու կարծես ասել կուզեր՝ «Հալալ ա քեզ…»:

P.S. Չեմ կարծում, որ գտնվի բանտի նույնիսկ մեկ աշխատակից, ով ճանաչելով ինձ անձամբ՝ չցանկանա ազատության մեջ հանդիպել:

Մեկնաբանություններ (2)

Անահիտ
Պատմում եմ պատմություններ իմ բանտային օրագրից, որ Դուք գնահատեք Ազատությունը, որ գիտակցեք, թե որքան երջանիկ եք:
Լիանա
Վա՜յ Մհեր ջան, կլինի հավատա քո ազատությունը, հավատա մի օր անպայման երջանկության դուռը կբացվի քո արջև, միայն աղոթի, անդադար աղոթի, մենք էլ քո հետ իհարկե

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter