HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեւան քաղաքի մասին: Բաց նամակ ՀՀ նախագահին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին

Մեծարգո́ Սերժ Ազատի

Մեծարգո́ Հովիկ Արգամի

Այն իրավիճակը, որում այսօր հայտնվել է Սեւան քաղաքը, հարկադրում ու նաեւ պարտավորեցնում է մեզ` հրապարակավ դիմել Ձեզ եւ ակնկալել Ձեր գործուն օգնությունը եւ օժանդակությունը: Տանտիրոջ սրտացավությունը եւ պարտքը հարազատ քաղաքի, նրա ներկայի եւ ապագայի նկատմամբ չի կարող մեզ անտարբեր թողնել մեր քաղաքի առջեւ ծառացած հիմնախնդիրների նկատմամբ: Այսօր, ինչպես երբեք` մեր քաղաքը, որի կայացման եւ զարգացման գործում  քիչ վաստակ չունենք մենք` ներքո ստորագրողներս, նաեւ քաղաքի ամեն մի բնակիչ, պարտադրանքի ու տագնապի փող է հնչեցնում`  ներկայանալով խնդիրների մի ամբողջությամբ, որոնց լուծումից է կախված նրա բնականոն կենսագործունեությունն այսօր, վաղը:    

Այսօր Սեւանի համար բազմաթիվ խնդիրներից գերխնդիր է  հատկապես համայնքային ենթակայության ճանապարհների եւ փողոցների անմխիթար վիճակը: Քիչ է ասել անմխիթար. տարիների ընթացքում դրանք մասամբ ենթարկվելով անորակ փոսային նորոգումների, ներկայումս դարձել են իսկական պատուհաս քաղաքի բնակիչների, նրա հյուրերի համար: Այդ խնդիրները մեկ օրում չէ, որ առաջացել են: Դրանք տասնամյակների պատմություն ունեն եւ այսօր արդեն արգելակում են քաղաքի առաջընթացին: Սեւան քաղաքի, Գոմաձոր եւ Ցամաքաբերդ թաղամասերի, Գագարին գյուղի  ճանապարհների վիճակն այնպիսին է, որ եթե դրանցում հաջողվի անգամ փոսային նորոգումներ իրականացնել, որեւէ էական արդյունք չի կարող լինել, որովհետեւ գոյություն ունեցող ասֆալտապատումը կատարվել է շուրջ երկու տասնամյակ առաջ: Տարեկան 400 մլն դրամ բյուջե ունեցող քաղաքապետարանը ի վիճակի չէ ապահովել Սեւան համայնքի ասֆալտապատ տարածքների /դրանք կազմում են 82.7 հա/ պատշաճ տեսքը, որովհետեւ բյուջեի միջոցների ավելի քան 80 տոկոսը գնում է համայնքային ենթակայության հիմնարկների,  ենթակառույցների պահպանմանը եւ աշխատավարձերի վճարմանը:  Վերջին 20 տարում քաղաքում կապիտալ լուրջ ներդրումներ չեն կատարվել եւ համայնքը չի ընդգրկվել ինչպես պետական բյուջեից ֆինանսավորվող, այնպես էլ որեւէ մասշտաբային ծրագրերում: Հետեւանքը` բազմաթիվ անլուծելի խնդիրներ, որոնք բոլորն անհնար է թվարկել:

Սեւանցին միշտ էլ պետական մտածողությամբ է մոտեցել համապետական ցանկացած միջոցառման եւ իր գործուն մասնակցությամբ նպաստել է պետության առջեւ ծառացած խնդիրների իրականացմանը: Մենք հասկանում ենք, որ նաեւ երկրի համար են դժվար ժամանակներ, սակայն` հավատացե́ք, առավել վատ վիճակ մեր քաղաքի համար, քան այսօր է, երբեք չի եղել: Տրամաբանական է, որ ճանապարհները եւ փողոցները ցանկացած բնակավայրի դեմքն են, նրա բնականոն կենսագործունեությունն ապահովող գլխավոր նախապայմանները: Եվ եթե դրանք նորմալ են, ուրեմն տվյալ բնակավայրը շնչում է, որից առաջին հերթին նրա բնակիչն է շահում: Սակայն մեզ` սեւանցիներիս համար այսօր հպարտանալու որեւէ բան չկա: Քարուքանդ վիճակում են գլխավոր փողոցը` Նաիրյանը, թաղամասերն իրար կապող գրեթե բոլոր փողոցները, բակերը, մայթերը: Քաղաքի մի ծայրից մյուսն անցելու համար սեւանցին հարկադրված է լինում օգտվել Սեւան-Երեւան մայրուղուց` շրջանցելով ամբողջ քաղաքը: Ասել, թե քաղաքային իշխանություններն այս ուղղությամբ ոչինչ չեն արել կամ չեն անում, սխալ կլինի: Ցանկությունը մեծ է, պարզապես հնարավորություններն են սուղ: 2013-ին Նաիրյան փողոցի սկզբնամասում կատարվել են 63 մլն դրամի ասֆալտապատման աշխատանքներ, որից 30 մլն-ը ՀՀ կառավարության 2013թ. մայիսի 8-ի թիվ 489-Ն որոշմամբ Գեղարքունիքի մարզպետարանին հատկացված միջոցների, իսկ 33 մլն-ը` համայնքի բյուջեի միջոցների հաշվին: Թեեւ տեղական իշխանությունները վերջին երկու տարում մարզում ապահովում են համայնքային բյուջեի կատարման բարձր տոկոս, օրինակ, 2013-ին բյուջեն կատարվել է 96.1 տոկոսով, սեփական եկամուտները` 86.3  տոկոսով, սակայն, կրկնում ենք, որ սեփական ուժերով անհնար է լուծել քաղաքի առջեւ ծառացած խնդիրները:

Մեծարգո նախագահ,

Սեւանում Ձեր նախընտրական հանդիպման ժամանակ Դուք հնչեցրիք ժողովրդական հայտնի խոսքը` քանի դեռ երեխան լաց չի եղել, մայրը նրան կուրծք չի տալիս: Այսինքն կուտակված հիմնահարցերը պետք է բարձրացվեն իշխանությունների առաջ, որ դրանք ընկալելի լինեն եւ գտնվեն դրանց լուծման ուղիներ: Այսօր, կարծես թե եկել է հարմար պահը` իրականություն դարձնել Ձեր իսկ կողմից արտահայտած միտքը. էլ ո՞վ, եթե ոչ մենք` սեւանցիներս, պետք է բարձրացնենք մեզ հուզող խնդիրները:

Այո, Սեւանի ներկա վիճակը` քարուքանդ փողոցներով ու բակերով հանդերձ,  խիստ տագնապալի է: Եվ` ոչ միայն այդ: Այդ վիճակը նրա բնակչի մոտ,  որքան էլ նա սիրի իր քաղաքը,  ծնում է հոռետեսություն նրա վաղվա օրվա նկատմամբ, եւ Սեւանը… դատարկվում է: Ասացե́ք, խնդրեմ, ո՞վ չի ցանկանում իր բնակավայրը տեսնել շեն ու բարեկարգ: Այս մտահոգությունն է հարկադրել մեզ` դիմել Ձեզ եւ ասել` զբաղվե’ք Սեւան քաղաքի հիմնահարցերով: Սեւանը Ձեզ է սպասում: Այլեւս սպառվել է նրա բնակչի համբերությունը: Այլեւս սպասելու  ժամանակ չկա, առավել եւս` նահանջելու տեղ, եւ Սեւանը իր հիմնահարցերի շուտափույթ լուծման կարիքն է զգում, որոնք, առանց Ձեր գործուն օգնության եւ միջամտության, հնարավոր չեն: Մենք բարձրաձայնում ենք մեր խնդիրները եւ հետամուտ ենք լինելու դրանց լուծմանը: Մի փողոցի ասֆալտապատմամբ Սեւանի խնդիրները չես համարի ավարտված: Ուստի հարկ է` մոտիկից` հենց տեղում ՀՀ կառավարության անդամների մասնակցությամբ մանրակրկիտ ուսումնասիրել քաղաքի խնդիրները եւ մշակել դրանց լուծման համալիր ծրագիր:

Սեւանցու մոտ միշտ էլ եղել է եւ կլինի պետական սկզբունքային մտածողություն երկրին հուզող խնդիրների նկատմամբ, սակայն սեւանցու մոտ կա նաեւ ժողովրդի լեզվով ասած` թասիբի, պատվի, պատվախնդրության եւ արժանապատվության խոր զգացողություն: Ուրեմն` ինչքա՞ն  կարելի է սպասել: Այլեւս անհնար է հանդուրժել ստեղծված վիճակը: Ասացե́ք, խնդրեմ, ո՞ւմ վրա իր հույսը դնի սեւանցին, եթե ոչ երկրի  իշխանությունների: Ժամանակին Սեւանն այն քաղաքն էր, որ գրավում էր բոլորին: Սեւանցին հպարտանում էր իր ծաղկուն քաղաքով ու լճով: Այսօր այդ բոլորը կարծես խլել են նրանից` նրան թողնելով իր հոգսերի դեմ միայնակ: Սեւանն  այսօր մոռացված է ու լքված երկրի բարձրաստիճան այրերի կողմից: Այո: Այլապես ինչով բացատրել, որ ինչպես տեղեկացանք քաղաքապետարանից` վերջին մեկուկես տարում վերոհիշյալ հարցերը բազմիցս գրավոր բարձրացվել են ՀՀ նախագահի, վարչապետի, տարածքային կառավարման նախարարի, Գեղարքունիքի մարզպետի առջեւ, բայց խոստացված օգնություններն ու ծրագրերն այդպես էլ մնացել են թղթի վրա:

 Սեւան համայնքի փողոցների ասֆալտապատումը հնարավոր է միայն ու միայն պետական աջակցությամբ: Ուստի մենք դիմում ենք Ձեզ` մեծարգո’ նախագահ, մեծարգո’ վարչապետ, եւ պահանջում շուտափույթ հանդիպում քաղաքի բնակչության հետ` տեղում ստեղծված իրավիճակին ծանոթանալու համար: Սա պահանջ եւ ոչ էլ պարտադրանք չպետք է համարել, այլ պարզապես իր բնակավայրի մտահոգություններով ապրող մարդկանց սրտի թելադրանք: Մենք պատրաստ ենք այդ հանդիպման ժամանակ առավել մանրամասն ներկայացնել քաղաքին հուզող խնդիրները:

Մենք անհամբեր սպասում ենք այդ հանդիպմանը:

Լսե́ք Սեւան քաղաքի ձայնը, ականջալուր եղե́ք նրա բնակչի տագնապին: 

Սեւանը Ձեր օգնության կարիքն ունի:

 

Պողոսյան Գագիկ Համազասպի –   Սևանի պատվավոր քաղաքացիների ակումբի նախագահ, շրջխորհրդի գործկոմի նախկին նախագահ 

Ղուկասյան Ռուբեն Արտուշի - «Սևան» հայրենակցական միության նախագահ,  Սևանի քաղխորհրդի գործկոմի նախկին նախագահ, Սևանի պատվավոր քաղաքացի

Կիրակոսյան Վազգեն Նիկոլայի –Աշխատանքի և պատերազմի վետերանների խորհրդի նախագահ, Սևանի պետական քոլեջի նախկին տնօրեն, Սևանի պատվավոր քաղաքացի   

Սիմոնյան Վանիկ Գարեգինի –«Սևանի կանաչների միություն» ՀԿ-ի նախագահ, Սևանի պատվավոր քաղաքացի

Ավետիսյան Անահիտ Մաքսիմի – Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի  Սևանի մասնաճյուղի նախագահ,  նախկին ժողկրթբաժվար 

Հովսեփյան Նաիրա Միսակի - «Սևան» երիտասարդական ակումբ ՀԿ-ի նախագահ

 Բադեյան Սաթիկ Ռոլանի – «Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ

Ավագյան Կամո Սերյոժայի - Գոմաձոր թաղամասի բնակիչ, համայնքի ավագանու անդամ

Բաղդասարյան Հունան Ռադիկի-  Ցամաքաբերդ թաղամասի բնակիչ, համայնքի ավագանու  անդամ 

Բադալյան Սայաթ-Նովա Սեդրակի –Գագարին գյուղի բնակիչ, «Գագարինցիներ» բարեգործական հիմնադրամի տնօրեն

Մեկնաբանություններ (1)

Մարատ
ինչ խոսք ես էլ եմ միանում նախագահին և վարչապետին ուղղված նամակին: Մենք ունենք խնդիրներ, ինչպես նշված է նամակում, ավելի կարևոր քան ասֆալտապատումն է. գործազրկություն, արտագաղթ, Սևանա լճի տարածքում զբոսաշրջության ոչ հետևողական մոտեցում, ձկան պաշարների ավելացում, ինչպես արվում էր ԽՍՀՄ ժամանակաշրջանում և այլն: Ինչպես վերը նշված է սևանցին միշտ էլ ունեցել է : Ավելին, նախագահը Սևանում հաղթել է ձայների ճնշող մեծամասնությամբ /որպես մեջբերում ասեմ, ես էլ եմ ընտրել Սարգսյանին/, բայց ինչպես հայտնի է նախագահը ընտրվելուց հետո պետք է ծառայի իր ժողովրդին ու լինի անվտանգության երաշխավոր: Որպես վերջնագիր ասեմ, որ նախագահից պահանջվում էր պարտադիր հանդիպում, բայց հետո կարծես թե գրածի համար փոշմանում են: Եթե նախագահը ծառայում է ժողովրդին, նա պահանջը չի դիտի որպես պարտադրանք:Հետամուտ մայրը առանց լացի է իր երեխային կերակրում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter