HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիգրանակերտի 2014թ. հնագիտական պեղումները նշանավորվել են ուշագրավ գյուտերով

Տիգրանակերտի  հնագիտական արշավախմբի ղեկավար, պատմական գիտությունների դոկտոր Համլետ Պետրոսյանի գլխավորությամբ եւ«Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի աջակցությամբ հունիսի 25-ից օգոստոսի 22-ը վերսկսվել և ընթացել են Արցախի Տիգրանակերտի պեղումները: Պեղումների մոտավոր մակերեսը կազմել է 800 քառ. մետր, միջին խորությունը՝ 3,0մ:

Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ կառավարությանն առընթեր զբոսաշրջության եւ պատմական միջավայրի պահպանության վարչությունը, ամրացված թաղամասի հյուսիսային պարսպապատի պեղումները, որոնք բացել են պարսպի շուրջ 35մ նոր հատվածը, ցույց են տալիս, որ պարիսպը շեշտակի թեքվում է դեպի հարավ և ձևավորում հերթական՝ հինգերորդ կլոր աշտարակը, որի տրամագիծը մոտ 9 մետր է: Այս թեքումը հնարավորություն է տալիս ենթադրել, որ պարսիպը աստիճանաբար մոտենում է հարավային պարսպին, և կարող է ավարտվել Արքայկան աղբյուրներին չհասած: Ինչն էլ թույլ է տալիս եզրակացնել, որ սպասելի է Ամրացված թաղամասի գլխավոր մուտքի հայտնաբերումը:

Առաջին անտիկ թաղամասում շարունակվել են դեպի հյուսիս տարածվող բնակելի-տնտեսական համալիրների պեղումները: Ուղղանկյուն հատակագծումով համալիրները խմբավորվում են հիմնական պատի առանցքի երկու կողմերում: Պեղումները վկայում են այս համալրիների արհեստագործական և երկրագործական մթերքների մշակման հետ կապված զբաղմունքների մասին: Բնակիչների ակնհայտ քաղաքային կենցաղի վկայություններ են ոչ միայն համալիրների կանոնավոր՝ «հանրակացարանային» բնույթի կառուցապատումը, այլ նաև զուտ քաղաքային բարձրորակ խեցեղենը և կենցաղային իրերը: Թաղամասի այս հատվածը վաղ միջնադարում վեր է ածվել գերեզմանոցի: 

Պեղումները վաղքրիստոնեական հրապարակում նշնանավորվել են մի շարք ուշագրավ գյուտերով: Դա նախ և առաջ վաղքրիստոնեական դամբարանի հայտնաբերումն էր երկրորդ եկեղեցու արևելյան խորանի տակ: Այն ունի արեմուտք-արևելք ուղղվածություն, համարյա քառակուսի դամբանասրահ, թաղակապ ծածկ, հյուսիսային և հարավային պատերի մեջ ներկառուցված են մասունքները տեղադրելու հատուկ երկայնական խորշեր:  Ողջ կառույցն իրականացված է սրբատաշ մեծ բլոկներով՝ ամուր կրաշաղախի օգնությամբ: Հուշարձանը թերևս Աղցքի արքայական դամբարանի և Ամարասի Գրիգորիսի դամբարանից հետո նման լավ պահպանված երրորդ կառույցն է հայ` վաղքրիստոնեական մշակույթում

Խիստ ուշագրավ է նաև երկրորդ եկեղեցու արևմտյան և հյուսիսիային պատերի և սալահատակի պահպանված հատվածների բացումը, եկեղեցու արևմտյան բակում տապանաբակի հայտնաբերումը, որն այսօր ներկայանում է սալարկղային և սարկոֆագային մեծադիր գերեզմաններով:

2014թ. պեղումներից հետո հստակորեն կարելի է վերականգնել Տիգրանակերտի վաղքրիստոնեական հրապարակի գոյացման ընթացքը. սրբերի մասունքներով դամբարանի կառուցում, որի վրա հիմնվում է այդ սրբերին նվիրված եկեղեցին, ապա հուշակոթողի կառուցում նրանից հարավ-արևելք, ապա քաղաքային մեծ եկեղեցու կառուցում սրբերին նվիրված եկեղեցու հարավային կողմում: Պեղումներն այս հատվածում երևան են բերել նաև 12-13 և 10-11-րդ դարերի բնակելի-տնտեսակաան համալիրներ՝ տարատիպ թոնիրներով, տնետեսական հորերով, ամանեղենի և կենցաղային իրերի ուշագրավ օրինակներով:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter