HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Խաբեության և ինքնախաբեության վարպետները

Խորհրդարանի աշնանային նստաշրջանի մեկնարկի նախօրեին նախագահ Սերժ Սարգսյանն ազդարարեց այն հիմնական ուղղությունները, որոնցով իշխանությունը զարգացնելու է քաղաքական պրոցեսները:

Ըստ էության, նախագահը չթաքցրեց, որ հետապնդում է երկու կարևոր խնդիր. ցանկացած գնով ավարտին հասցնել սահմանադրական փոփոխությունների և այդ շրջանակում պառլամենտական կառավարման համակարգի ներդրման` սկսած գործընթացը և այդ համատեքստում իշխանության անցնցում վերարտադրման այսպես կոչված իրավական հիմքերի ստեղծումը:

Այդ նպատակով նա փաստացի հայտարարեց իշխանական ռեսուրսների մոբիլիզացա` խորհրդարանը հռչակեց որպես հիմնական ռազմաճակատ, իսկ ՀՀԿ խորհրդարանական խմբակցությանը` այնտեղ խրամատավորված զինվորներ: Այս նախապատրաստությունները վկայում են, որ նա պատրաստվում է ներքաղաքական վճռական ճակատամարտի, որտեղ որոշվելու է ոչ միայն իր քաղաքական ապագայի, այլև գուցե ողջ իշխանական համակարգի ամբողջականությունը պահպանելու ճակատագիրը: Դրան նախագահը գնում է գործողությունների հստակ պլանով, տեսլականով, բազմաքայլ կոմբինացիաների պահեստային տարբերակներով, որոնք ուղղված են մի կողմից համակարգին և թիմին վստահություն, մյուս կողմից` մրցակիցներին ու հասարակությանը իր ուժեղ լինելու մեջ համոզվածություն ներշնչելուն: Եվ նա, թվում է, ընտրել է դրա համար ամենահարմար պահը` հաշվի առնելով այն իրողությունը, որ հակառակ ճամբարը հիմա ամենաքիչն է ընդունակ խոչընդոտելու նպատակների կենսագործմանը:

Չնայած հետագա անելիքները, մարտավարությունը ճշտելու փորձերին` ոչ իշխանական ուժերն իրականում զբաղված են կեղծ օրակարգերի մշակմամբ թե́ հասարակությանը և թե́ իրենք իրենց խաբելով` չկարողանալով դուրս գալ անսկզբունքայնության և անհետևողականության ճիրաններից:

Բացառությամբ ՀԱԿ-ի, խորհրդարանական ոչ իշխանական մյուս ուժերը դեռ երկու տարի առաջ էին ամրագրել, որ Հայաստանի հասարակական-քաղաքական զարգացման բանալին օր առաջ կառավարման կիսանախագահական համակարգից հրաժարվելը և խորհրդարանական համակարգին անցնելն է: Սակայն հիմա, երբ իշխանությունն ինքն է նախաձեռնել դրան ուղղված սահմանադրական փոփոխությունները, այդ ուժերը, բացառությամբ ՀՅԴ-ի, համակարգի փոփոխությունը հռչակեցին ժամանակավրեպ: Միակ բացատրությունը, որը շրջանառության մեջ դրվեց պառլամենտական համակարգին անցնելու հնարավորության մասին առաջին իսկ ակնարկից հետո, այն էր, որ Սերժ Սարգսյանն այս նախաձեռնությունը սկսել է իր իշխանությունն արդեն ԱԺ նախագահի կարգավիճակով հավերժացնելու նպատակով:

Բայց նման կանխակալ կարծիքն այն պաշտպանողներին երկու առումով դրեց անհեթեթ վիճակի մեջ: Նախ` բացի հայեցակարգային որոշ ընդհանրական մոտեցումներից, որոնք ընդամենը փորձեր էին` հիմնավորելու նոր կառավարման համակարգին անցնելու անհրաժեշտությունը, փոփոխության որևէ նախագիծ դեռևս շրջանառության մեջ չկա, և հնարավոր չէ ասել` ինչպիսի՞ լիազորություններով են օժտվելու ԱԺ նախագահն ու վարչապետը, իրական իշխանությունը նրանցից որի՞ն է պատկանելու: Այսինքն` Սահմանդրական փոփոխությունները որպես իշխանության վերարտադրման մեխանիզմ դիտարկողները ոչ թե կարող են պնդումներ անել և վերջնական ախտորոշում տալ, այլ կասկածներ հայտնել: Երկրորդ` փաստորեն դեռ անգամ փոփոխությունների նախագիծը հանրությանը չի ներկայացվել, բայց ընդդիմությունը համոզվածություն է հայտնում ոչ միայն հանրաքվեի միջոցով փոփոխություններն արդեն իսկ անցկացված լինելու մասին, այլև կանխորոշում է ՀՀԿ-ի հաղթանակը գալիք խորհրդարանական ընտրություններում և ԱԺ նախագահի պաշտոնում Սերժ Սարգսյանի ընտրվելը: Սա ոչ ավել, ոչ պակաս թե́ սահմանադրության բարեփոխումների պրոցեսում և թե́ խորհրդարանական գալիք ընտրություններում սեփական պարտությունը ճանաչելու անուղղակի ինքնախոստովանություն էր: Բայց սա դեռ ոչինչ:

Եթե ընդդիմությունը հայաստանյան բոլոր ախտերի, ձախողումների, կուտակվող խնդիրների պատճառ համարում է ներկայիս իշխանության բնույթը, ինչպես նաև` պետական իշխանությունն ուզուրպացնելու, մոնոպոլացնելու ներկայիս «սահմանադրական» նկրտումները, ապա հենց դա էլ ընդդիմությունը պետք է դարձներ իր հիմնական պոտենցիալ թիրախը և այդ հեռանկարի շուրջ էլ կառուցեր իր ռազմավարությունը: Երկու օր առաջ տեղի ունեցավ քառյակի երկու առանցքային ուժերի` ԲՀԿ-ի և ՀԱԿ-ի ղեկավարներ Գագիկ Ծառուկյանի և Լևոն Տեր Պետրոսյանի հերթական հանդիպումը: Սակայն դատելով հանդիպման մասին հրապարակված համատեղ պաշտոնական տեղեկատվությունից` իշխանության վերարտադրման կանխարգելման հնարավոր մեխանիզմների խնդիրն, ըստ էության, չի էլ քննարկվել: Իհարկե, չի բացառվում, որ իրականում այն քննարկվել է: Սակայն եթե կողմերը նախընտրում են դրա մասին ոչինչ չտեղեկացնել, փոխարենը շեշտադրում են զուտ մարտավարական նշանակություն ունեցող` իշխանությանը ներկայացված 12 կետանոց պահանջագրի կատարման վիճակն ամփոփող առաջիկա հանրահավաքի կազմակերպչական խնդիրների վրա, պետք է ենթադրել, որ նրանք չեն կարողանում այդ  հարցում գալ ընդհանուր հայտարարի: Արդյունքում, ինչպես միշտ, ներքին այդ հակասությունները, շահերի բախումը թաքցնելու հիմնական ձևը դարձել է երկրորդական, տակտիկական որոշ հարցերի շուրջ փոխզիջումային որոշումներ կայացնելու հանգամանքը թմբկահարելը, ինչը պարզունակ քաղաքական աճպարարություն է:   

Դրանցից էր, օրինակ, այդ 12 կետանոց պահանջագրի ներկայացումը իշխանություններին, որի կատարման համար, ինչպես հայտնի է, ժամանակ էր տրվել մինչև սեպտեմբեր: Այդ ժամկետն արդեն սպառվել է, և հիմա քառյակը պետք է որոշի` ի՞նչ անել դրանց հետ կամ ավելի ճիշտ` ինչպե՞ս դուրս գալ դրա տակից: Խնդիրն այն է, որ իշխանությունն այդ իսկապես առարկայական և կարևոր, բայց իրավիճակային պահանջներից մեկ-երկուսը կատարել է, մեծ մասը` ոչ: Հիմա քառյակը պետք է որոշի` արդյո՞ք չկատարված մասն այնքան կարևոր է, որ իշխանություններին «կարմիր քարտ» ցույց տրվի: Առայժմ միակ բանը, որ կարողացել են անել քառյակը ներկայանցող ուժերը, հոկտեմբերի կեսերին հանրահավաքի անցկացումն է և այդ հարցի պատասխանը տալը: Բայց բոլորը հասկանում են, որ ամենակարևորը ոչ թե այդ պատասխանն է, այլ այն, թե ի՞նչ է հետևելու դրանից հետո, որո՞նք են լինելու ընդդիմության քայլերը, մինչև ու՞ր է այն գնալու, և արդյոք դա հի՞մք է դարձվելու ամբողջական իշխանափոխության խնդիր դնելու և, օրինակ, նախագահի կամ գոնե վարչապետի հրաժարականը պահանջելու համար: Ահա սրան է, որ քառյակն իրականում պատրաստ չէ և չի եղել երբեք:

ՀԱԿ-ը և «Ժառանգությունն» առաջ են քաշում ամբողջական իշխանափոխության և Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջելու հարցը: ՀՅԴ- ու ԲՀԿ-ն, սակայն, նման արմատական մոտեցումը մերժում են` պաշտպանելով այսպես կոչված դանդաղ շտապելու տարբերակը: Նրանց բոլորի դիրքորոշումների վրա ոչ թե այս կամ որևէ այլ պահանջը կամ դրանց կատարման վիճակն է ազդել, այլ դրված մարտավարական բացարձակապես տարբեր և ի սկզբանե բոլորին հասկանալի միանգամայն տարբեր նպատակները:

Բանն այն է, որ ԲՀԿ-ն առաջնորդվում է առավելագույնը ներքին թավշյա հեղաշրջման տրամաբանությամբ, ընդ որում` չկարողանալով շրջանցել Հովիկ Աբրահամյանի գործոնը:  ԲՀԿ-ում հասկանում են, որ ծայրահեղ գործողությունների գնալը գործող իշխանության հետ կարող է խորտակել նաև իրեն` որպես այդ իշխանության գենետիկան ամբողջությամբ կրող հոգեզավակ: Այդ պատճառով ԲՀԿ-ի գործողությունների հիմքում ընկած է գործող համակարգը Սերժ Սարգսյանից սահուն կերպով վերցնելու, նվազագույնը` առավել հարմար պայմաններով կիսելու մտադրությունը: Անգամ Ռոբերտ Քոչարյանի` իշխանության վերադառնալու կամ նրան վերադարձնելու խնդիրը ԲՀԿ-ն դիտարկում է հենց այս տեսանկյունից: ՀԱԿ-ը և «Ժառանգությունն. իրենց հերթին հասկանում են, որ այն սցենարը, որով առաջնորդվում է ԲՀԿ-ն ու իր ետևից քարշ է տալիս իրենց, չի հանգեցնելու որակական, համակարգային փոփոխության, այլ ընդամենը բերելու է դերակատարների պարզ փոխատեղման, որից իրենց բաժին չի հանվելու: Ավելին, նրանք լուրջ մտավախություն ունեն, որ կարող են կամա թե ակամա դառնալ Քոչարյանին վերադարձնելու նպատակին ծառայող գործիքներ:

Միաժամանակ այս 4 ուժերից յուրաքանչյուրն էլ հասկանում է, որ առանց իրար և քառյակից դուրս դատապարտված են մարգինալացման` իրենց համար շատ ավելի դրամատիկ հետևանքներով: Հենց այս գործոնով պայմանավորված` ոչ իշխանական ուժերի համար առաջնայինը դառնում է ոչ թե իշխանափոխության խնդիրը կամ իշխանության վերարտադրման կանխարգելումը, այլ, այսպես ասած, առայժմ ջրի երեսին մնալը, չսուզվելը, քաղաքական դաշտում իրենց ներկայությունն ինչ-որ բանով արդարացնելը: Դրա միակ շանսը տալիս է երկրորդային նշանակության հարցերի շուրջ փոխզիջումային համաձայնությունների հասնելու, շարունակ հանդիպումներ անցկացնելու միջոցով միասնականության տպավորություն ստեղծելը և դա քաղաքական գործոն դարձնելը:

Սա, իհարկե, չի բացառում, որ իշխանության և մասնավորապես Սերժ Սարգսյանի դիրքերի թուլացման նախանշանների ի հայտ գալու պարագայում միասնականության այդ իմիտացիան կարող է փոխակերպվել իրականի: Բայց որքան էլ ներկայումս ընդդիմության դաշտի այս իմիտացիոն դրսևորումները վանող են, այնուամենայնիվ, պետք է հաշվի առնել, որ սա այն է, ինչին ընդունակ է ներկայիս ընդդիմությունը: Այս դաշտում խաղացողների` իրականությունն ամեն կերպ կոծկելու ձգտումը նրանց ստիպում է երբեք չթուլացնել ակտիվությունը, շարունակ հանդես գալ նոր կրեատիվ կամ շաբլոնային նախաձեռնություններով, ինչը կենդանություն է հաղորդում քաղաքականությանը և ամենակարևորը` իշխանությանը որոշ հարցերում փոխզիջումների դրդելու միակ միջոց հանդիսանում:

Մեկնաբանություններ (4)

barséghian
Mégnapanoutian Arjani djén. Paribardabar karakatsin gouyr djé, tupoy djé.
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Ուղղում՝ ՀԳ. Ընդդիմադիր կողմը երբեք չի ասել,որ իրենք դեմ են պառլամենտային համակարգին. նրանք ասում են, որ դա «ժամանակավրեպ» է, որի հետ համաձայն եմ:..................................................... Իսկ ՅՀԴ-ը՝ 2008-ից սկսած՝ իշխանությունների կրտսեր ու հավատարիմ եղբայրն էր: «Դաշնակները» ասում են՝ «մենք կոլեգիալ կուսակցություն ենք,ուստի ուզում ենք պառլամենտային համակարգ»: Բայց «դաշնակները» կույր են ձևանում՝ իշխանությունների կցորդ դառնալով:
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Համոզված չեմ,թե արդյոք այդքան համաձայն եմ հոդվածի հետ: Նախ՝ այսպիսի «սահմանադրական բարեփոխումներ» ԱՅՍ ՊԱՀԻՆ Հայաստանին պետք չէ՝ այն էլ տվյալ փաթեթով: Դա,ա՛յս պահին, ՀՍՏԱԿ մեկ նպատակ ունի. իշխանության վերարտադրում: Ես սա նմանեցնում եմ հետևյալին. պատկերացրեք մարդը արյունահոսում է,իսկ կողքից իրար են անցել, թե այդ արյունահոսվող մարդու մազերը ինչ գույն ներկեն: Նույնն էլ այս, այսպես կոչված, «սահմանադրական բարեփոխումները» . Հայաստանը արյունահոսում է (արտագաղթ, օլիգարխային տնտեսություն),իսկ էդ ՀՀԿ-ն չգիտես ինչով է զբաղված: Նախագահական կամ պառլամենտային համակարգ. իսկ Ի՞ՆՉ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ այս պահին. դա՞ է արյունահոսությունը դադարեցնելու: Իհարկե ո՛չ: ՍԿԶԲԻՑ օլիգարխների հետևից գնացեք ու 5000 դրամանոց «ընտրությունները» վերացրեք. հետո կմտածցեք ավելի լյուքս պրոբլեմների մասին. ինչպես ՝ նախագահական,թե՞ պառլամենտային համակարգ: ՀԳ. Ընդդիմադիր կողմը երբեք չի ասել,որ իրենք դեմ են նախագահական համակարգին. նրանք ասում են, որ դա «ժամանակավրեպ» է,որի հետ համաձայն եմ:
Մարատ
Վերնագիրը ամեն ինչ արժե:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter