HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պատերազմի 100-ամյա ջավախքցի մասնակիցը` «արծվի տոհմից»

Մինչ բաց դռնից ներս մտնելը՝ հարսը զգուշացնում է, որ բարձր խոսեմ` Վարդանիչը դժվար է լսում: Դռան թակոցներին և «տա՞նն եք» հարցին չի արձագանքում: Հարսը մտնում է ներս՝ Վարդանիչ, հարցնող կա: Պառկած տեղից վեր է կենում և դուրս գալիս կանաչ ու սպիտակ զոլավոր փողկապով Սամսոն Վարդանիչը: Այդպես են բոլորը դիմում և ճանաչում նրան Ախալքալաքում: Միշտ այդպես պաշտոնական հագնված է դուրս գալիս տնից` օրինակ՝ շուկա գնում, գնումներ կատարում և վերադառնում տուն:

Թեև Երկրորդ համաշխարհային պատերազմի առաջին կարգի հաշմանդամ է, բայց առույգ է, ազատ տեղաշարժվում և հաղորդակցվում է մարդկանց հետ: Ապրում է իր տանը, որի հարևանությամբ բնակվում են որդին ու նրա ընտանիքը:

Խնդրում է սպասել, մինչ ինքը պատրաստվի և սկսենք զրույցը: 2 րոպե անց հարևան սենյակից դուրս է գալիս մեդալաշար կոստյումը հագին: «Էսպես լավ է տեսքս, չէ՞»,-հարցնում է ու հրավիրում հարևան սենյակ, որտեղ պահում է ալբոմները, նկարները, փաստաթղթերը, հուշերն ու նվերները:

Սամսոն Հովհաննիսյանը, ինչպես ինքն է ներկայացնում իրեն, «ֆրոնտավոյ» կապիտան է, ԽՍՀՄ հերոս, Ուկրաինայի պատվավոր քաղաքացի: Ծնվել է Ախալքալաքի շրջանի Մեծ Սամսար գյուղում: Մերենիա, Բարալեթ գյուղերում դպրոց հաճախելուց և Ախալքալաքում միջնակարգ կրթություն ստանալուց հետո մեկնել է Բաքու բարձրագույն կրթություն ստանալու համար: «Պատմաբան եմ, Բաքու եմ ավարտել, աղջիկների հետ ման եմ եկել ծովափում»,- հատուկ շեշտում է Սամսոն Հովհաննիսյանը և ծիծաղում իր ասածի վրա: Այնուհետև ավարտել է Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի Բարձրագույն պարտիական դպրոցի մասնաճյուղը Թբիլիսիում:   

Իր կենսագրության դրվագները ներկայացնելիս Սամսոն Հովհաննիսյանը փաստաթղթեր է ցույց տալիս: Ասում է՝ չի սիրում սխալ խոսել, իր մոտ ամեն ինչ հիմնավորված պետք է լինի: Ինձ էլ խորհուրդ է տալիս. «Եթե փաստաթուղթ, հիմք չունի, մի նկարի, մի գրի, քո գրածի արժեքը կորցնում ես»:

1942թ. սեպտեմբերին մեկնել է ռազմաճակատ: 47-րդ հրաձգային դիվիզիայի կազմում երեք հրաձգային գունդ է եղել, որից մեկի՝ 148-րդի հրամանատարը ջավախքցի հերոս Լևոն Դարբինյանն էր, իսկ Սամսոն Հովհաննիսյանը եղել է նույն դիվիզիայի 353-րդ հրաձգային գնդի երկրորդ գումարտակի հրամանատարը:   

Նվեր ստացած ժամացույցը

«Թշնամու ռմբակոծիչները պատրաստվում էին ռմբակոծել Չուդո քաղաքը: Մեր մեջտեղում՝ դեպի հյուսիս, ձոր կար: Գեներալ Կոզլովը կորցրել էր իրեն: Ինձ պատվիրեց դիվիզիան փրկել: Ես էլ մտածեցի ձորի այն կողմում կրակ վառել, որպեսզի ռմբակոծիչները այնտեղ թափեն, ոչ թե քաղաքի վրա: Դրա համար անմիջապես կանչեցի շարքային զինվոր Միհրան Քրթյանին (Ալաստանից), Վարազդատ Մանասյանին (Դիլիսկայից), ասացի, որ կրակ վառեն: Չանցած կես ժամ` ռմբակոծիչները երևացին օդում, և ռումբերը թափեցին այնտեղ, որտեղ կրակ կար»,- հիշում է Սամսոն Հովհաննիսյանը: Գեներալ Կոզլովը դրանից հետո գովել է նրան և ասել. «Это и есть армянский ум»:   

Պոլտավայի մարզի տարբեր հատվածներում տեղի ունեցած ճակատամարտերում՝ 1942 թվականի մարտին, երբ հրաման են ստացել նահանջել, նահանջել են մինչևԲորշովկա գյուղ՝ Բալակլեի շրջանի բարձունք: Յակոբենկո գյուղում էլ Լևոն Դարբինյանն էր պաշտպանական դիրքեր բռնել: Գերմանացիները Բալակլեի շրջանի բարձունքներում էին: Դարբինյանի գունդը բարձրացել է վերև և ընկել շրջափակման մեջ: Գեներալն իր գնդի փրկությունը թողել է «զեմլյակի»` Սամսոն Հովհաննիսյանի վրա: Վերջինս Բուկի գետի ծանծաղ մասից կարողացել է շրջափակումից հանել Դարբինյանի գունդը: Այդ պատմությամբ Սամսոն Հովհաննիսյանը հպարտանում է. կարողացել է փրկել իր հերոս հայրենակցի գունդը:

Ուկրաինայի Պոլտավայի մարզային թերթը իր մի հրապարակման մեջ Սամսոն Հովհաննիսյանին բնութագրել է որպես հերոս՝ «արծվի տոհմից», «լեգենդից ելած մարդ»: Այդ թերթերի մի քանի օրինակներ մինչ օրս Սամսոն Հովհաննիսյանի թղթապանակում են: Թղթապանակը դասավորված է ըստ ժամանակագրության. մի բան ցույց տալուց հետո Սամսոն Հովհաննիսյանը փաստաթուղթը նույն տեղն է դնում: Աչքերն արդեն լավ չեն տեսնում, բայց բոլոր փաստաթղթերը գտնում է ըստ դասավորության: Բոլոր իրերը խնամքով է պահում: Դրանց միջից առանձնացնում և ցույց է տալիս Բալակլեի շրջանի շրջկոմի առաջին քարտուղարի նվերը` ժամացույցը, որը շրջկոմի քարտուղարը 1984-ին իր թևից հանել և Սամսոն Հովհաննիսյանին է նվիրել:

Տեղ-տեղ, «փորփրելով» հիշողությունը, խառնում է տարեթվերը, բայց հետո կրկին ճշգրտում: «Սամսոն Վարդանի Հովհաննիսյանը հազար ինը հարյուր մարտի 15-ին, հազար ինը հարյուր մարտի..., 1959 թվի մարտի 15-ին ընտրվել է Վրաստանի Գերագույն սովետի դեպուտատ»,-շարունակում է նա՝ ցույց տալով ընտրման փաստաթուղթը:

Սամսոն Հովհաննիսյանը՝ կնոջ հետ

62 տարի Ջավախքում ղեկավար պաշտոններ է զբաղեցրել ժողտնտնեսության տարբեր ոլորտներում՝ կոլխոզի նախագահ, սովխոզի տնօրեն և այլն: Երբ ընտրվել է պատգամավոր, խորհրդարանում 1960թ.ունեցած ելույթում պահանջել է Վրաստանի 7-րդ հնգամյա պլանի մեջ մտցնել Ջավախքի տնտեսության զարգացման համար կարևոր կետերը՝ երկաթգծի, Ախալքալաքի մշակույթի տան կառուցումը, Ախալքալաքի խմելու ջրի երկրորդ գծի կառուցումը, քանի որ 15-հազարանոց բնակչությամբ Ախալքալաքը խմելու ջուր չուներ, և ջուրը բեում էր ձորերից կամ մոտակա գյուղերի աղբյուրներից: Թեև ֆինանսների նախարարը հրաժարվել է այդ ծրագրերը ֆինանսավորելուց, սակայն հետագայում հատուկ այդ նախագծերի համար Ս. Հովհաննիսյանը 4 անգամ մեկնել է Մոսկվա: Ի վերջո, 1975-ին ստացել է նախագծերը ֆինանսավորելու Մոսկվայի կարգադրությունը:

Սամսոն Հովհաննիսյանը 1992թ. թոշակի է անցել: 3 որդի ունի, 7 թոռ և 8 ծոռ: Կինը՝ տիկին Փառանձեմը, մահացել է: Նրա լուսանկարը հանելիս համբուրում է, աչքերը խոնավանում են:  Ցավում է, որ իր 100-ամյակին կինը չի լինելու: Այսօր լրանում է Սամսոն Հովհաննիսյանի 100 տարին: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter