
Ի՞նչ է հաստատվել փորձագետի եզրակացությամբ
Այսօր Վարդան Պետրոսյանի գործով Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում սկսվեց ու չավարտվեց դատաավտոտեխնիկական փորձագետ Խորեն Զաքարյանի հարցաքննությունը: Մոտ 4 ժամ փորձագետին հարցեր էր ուղղում Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը:
Հիշեցնենք, որ փորձագետը դատարան էր հրավիրվել հենց Բաղդասարյանի միջնորդությամբ: Պաշտպանական կողմն ի սկզբանե կասկածի տակ է դրել դատաավտոտեխնիկական փորձաքննության եզրակացությունը:
Մինչ փորձագետի հարցաքննությունը՝ տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը միջնորդեց լրացուցիչ հարցաքննել Վարդան Պետրոսյանին, քանի որ տուժողները ներկա չէին եղել նախորդ նիստին, երբ հարցաքննվում էր Պետրոսյանը:
«Մենք հարցեր ունենք, հարգելի դատարան, թույլ տվեք մենք էլ արտահայտվենք»,- ասաց տուժողներից Արթուր Հակոբյանը, ով դատարան էր եկել տիկնոջ՝ Նաիրա Հայրապետյանի հետ:
Վարդան Պետրոսյանի պաշտպանը նշեց, որ խորհրդակցելով իր պաշտպանյալի հետ` եկել են այն եզրակացության, որ, օգտվելով իր իրավունքից, Վարդան Պետրոսյանը չի ցանկանում պատասխանել հարցերին, սակայն դա, ըստ քրեական դատավարության օրենսգրքի, չի կարող մեկնաբանվել ի վնաս իրեն:
![]() |
![]() |
«Վարդան Պետրոսյանն ասելիք չունի, քանի որ նախորդ դատական նիստի ընթացքում խոսել է, պատմել է դեպքի մանրամասների մասին»,- ասաց պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը:
Դատարանը բավարարեց Ռուբեն Բալոյանի միջնորդությունը՝ Պետրոսյանին լրացուցիչ հարցաքննելու մասին, սակայն Վարդան Պետրոսյանը հայտարարեց, որ ինքը դատարանում Արթուր Հակոբյանին ասելու ոչինչ չունի, փոխարենը պատրաստ է նրա բոլոր հարցերին պատասխանել դրսում՝ աչքերի մեջ նայելով:
«Անցյալ նիստին ես ասացի՝ Արթուր Հակոբյանին նորից բերել էստեղ, նշանակում է նորից ստեղծել կոնֆլիկտային վիճակ: Ես շատ եմ ցավում դրա համար, որ ստեղծվում է վատ հոգեվիճակ: Այս դահլիճում ես պատասխանելու ոչինչ չունեմ: Ինչ վերաբերում է հետոյին, ես սիրով կպատասխանեմ Արթուր Հակոբյանի բոլոր հարցերին: Ես հրաժարվում եմ հարցերին պատասխանելուց, որպեսզի չվերսկսվի կոնֆլիկտային, ծանր վիճակ: Արթուր, ես քո բոլոր հարցերին կպատասխանեմ դրսում՝ աչքերիդ մեջ նայելով»,- դիմելով Արթուր Հակոբյանին՝ ասաց Վարդան Պետրոսյանը:
«Ես հարցեր ունեմ, տամ, թող ինքը չպատասխանի… »,- ասաց Արթուր Հակոբյանը:
«Նիվայի» հետընթացի ու արգելակման լույսերը վառված են եղել. հաստատում է փորձագետը
Դատաավտոտեխնիկական փորձագետ Խորեն Զաքարյանը, պատասխանելով Վարդան Պետրոսյանի պաշտպանի հարցերին, նշեց, որ այս գործով փորձաքննությունն իր բնույթով բարդ փորձաքննություն է եղել: Այն կատարել է երկու հոգանոց խումբ, տևել է նոյեմբերի 4-7-ը, նոյեմբերի 5-ին փորձագետը ելակետային տվյալներ է պահանջել քննիչ Հայկարամ Հակոբյանից: Վերջինս հասցրել է հարցաքննել տուժողներին ու ելակետային տվյալները հասցրել փորձագետին նոյեմբերի 6-ին (նույն օրը նույն քննիչը ձերբակալել է նաև Վարդան Պետրոսյանին), իսկ նոյեմբերի 7-ին 26 էջանոց բարդ փորձաքննությունն արդեն պատրաստ է եղել:
Նիկոլայ Բաղդասարյանին հետաքրքրում էր, թե ինչպես կարող էին միաժամանակ հարցաքննվել տուժողները, ձերբակալվել Վարդան Պետրոսյանը, փորձագետը ստանար ելակետային տվյալներն ու հասցներ ավարտել եզրակացությունը:
- Համենայնդեպս, կարողացել ենք,- պատասխանեց փորձագետը:
- Հարգելի դատարան, թող հստակ հարց ձևակերպի պաշտպանը, այս ամենը լրագրողների համար է հնչեցնում, ոչ թե դատարանի,- առարկեց Ռուբեն Բալոյանը:
Նիկոլայ Բաղդասարյանը ժպտաց, տուժող Հակոբյանը վրդովվեց՝ խնդրելով դատարանին միջամտել.
- Թող պաշտպանը չքայլի, նստած տեղից հարցեր տա, չժպտա... էրեխուդ կկորցնես, տեսնենք ոնց կպահես քեզ,-ասաց տուժող Հակոբյանը պաշտպան Բաղդասարյանին:
Փորձագետ Խորեն Զաքարյանը պատասխանեց «Նիվայի» հետընթացի ու արգելակման լույսերը վառված լինելու մասին հարցին՝ հաստատելով, որ դրանք, ըստ փորձաքննության, միացված են եղել վթարին նախորդող պահին:
-Հնարավո՞ր է լույսերը միանային առանց փոխանցման տուփը հետընթացի վրա դնելու,- հարցրեց Նիկոլայ Բաղդասարյանը:
- Բացառվում է,- պատասխանեց փորձագետը:
-Երբ տեսել եք «Նիվա» մեքենան Եղվարդի ոստիկանության տուգանային հրապարակում, հայելիներ եղե՞լ են,- հարցրեց պաշտպան Բաղդասարյանը:
-Ո՛չ,-պատասխանեց փորձագետը:
- Իսկ արդյոք Ձեր իրավասության մեջ չէ՞ր մտնում ուսումնասիրել, թե ինչ է տեղի ունեցել հայելիների հետ կապված:
- Նախաքննական մարմինը նման հարցադրում չէր արել: Մենք կատարում ենք փորձաքննություն մեզ առաջադրած հարցերի շրջանակներում միայն,-պատասխանեց փորձագետը:
- Առարկում եմ, հայելիների մասով կա առանձին փորձաքննություն, որը կատարվել է մեր միջնորդությամբ,-ասաց Ռուեն Բալոյանը:
Պարբերաբար տուժողների իրավահաջորդ Ռուբեն Բալոյանը առարկություններ էր հնչեցնում հարցերի առնչությամբ, դատավոր Վաղինակ Մկրտչյանը հանում էր պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանի հարցերը:
«Փորձագետին նման նյութեր չեն ներկայացվել, հարգելի պաշտպան, Դուք կարող եք հարցեր տալ միայն իր կատարած փորձաքննության շրջանակներում»,- նշում էր նախագահող դատավորը:
Իսկ պաշտպան Բաղդասարյանը մեջբերում էր 3D մոդելավորումն ու այն լուսանկարները, որոնք արվել էին դեպքի վայրում: Փոխարենը փորձագետը օգտվել էր 1960-80-ական թվականների մեթոդաբանությունից:
«Ուղիղ 2 ժամ 55 րոպե Նիկոլայ Բաղդասարյանն է խոսում, 5 րոպե փորձագետը»,-առարկում էր Ռուբեն Բալոյանը:
Խնդրի առարկան երկու մեքենաների բախման վայրն է: Քննիչ Հայկարամ Հակոբյանը դեպքի վայրի զննության արձանագրության մեջ որպես երկու մեքենաների բախման վայր արձանագրել է կողնակը՝ ըստ կողնակում հայտնաբերված ցայտապաշտպանիչի: Իսկ պաշտպանական կողմը կարծում է, որ վթարը տեղի է ունեցել ոչ թե կողնակում, այլ բանուկ մասում, ավելի ստույգ՝ ճամփեզրին, որտեղ թափված է հեղուկը:
Հենց ասում է գազի բալոն, հարցը հանեք
Նիկոլայ Բաղդասարյանը փորձագետին հարցեր տվեց նաև «Նիվայի» մեջ տեղադրված գազի բալոնի մասին: Ռուբեն Բալոյանը առարկեց. «Գազի բալոնը ոչ մի պատճառական կապի մեջ չի կարող լինել վթարի կամ երեխաների մահվան հետ: Հենց ասում է գազի բալոն, հարցը հանեք, ես առարկում եմ»,-ասաց Ռուբեն Բալոյանը:
Հարցերը հանվում էին, թեպետ պաշտպան Բաղդասարյանը կարծում էր, որ «Նիվայի» հետևի նստարանին տեղափոխված գազի բալոնը պատճառական կապի մեջ է երկու տղաների մահվան հետ:
Հաջորդ նիստին՝ սեպտեմբերի 19-ին կշարունակվի փորձագետի հարցաքննությունը:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել