HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ոստիկանությունը հակված չէ բացահայտել լրագրողների նկատմամբ բռնությունների դեպքերը. հանցակազմը գրեթե միշտ բացակայում է

Այս տարվա հունվարի 1-ից մինչև սեպտեմբերի 9-ը ընկած ժամանակահատվածում լրագրողի նկատմամբ բռնություն կիրառելու, մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու կամ հակաօրինական այլ գործողություններ իրականացնելու վերաբերյալ ՀՀ ոստիկանության ենթակա ստորաբաժանումներում նախապատրաստվել է 5 նյութ և կատարվել 1 ծառայողական քննություն։ Այս մասին «Հետքին» տեղեկացնում են ՀՀ ոստիկանության լրատվության վարչությունից:

Քննիչը եզրակացրել է, որ «Հետքի» լրագրողի հասցեին հնչած սպառնալիքները լուրջ չեն եղել

Մայիսի 7-ին  Գավառի ընդհանուր իրավասության դատարանում «Հետքի» լրագրող Անի Հովհաննիսյանը լուսաբանել է Սարգիս Հակոբյանի կողմից կնոջը՝ Հասմիկ Խաչատրյանին խոշտանգելու վերաբերյալ դատաքննությունը: Նիստի ավարտից հետո դատարանի բակում Հասմիկի աջակից ակտիվիստների եւ «Հետքի» լրագրողի վրա են հարձակվել սոցիալիստական շարժման ղեկավար ներկայացած Ռոբերտ Ահարոնյանն՝ իր աջակիցներով:

Դատարանի վարչական շենքի առջև, քաղաքացի Ռ. Ահարոնյանի աջակից հայ-ռուսական միավորում իրավապաշտպան կազմակերպության անդամ Արմեն Ղևոնդյանը «Հետք» թերթի լրագրող Անի Հովհաննիսյանի հասցեին սեռական բնույթի հայհոյանք է տվել է հարվածել տեսախցիկին։ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գավառի նստավայրում դատական կարգադրիչները փորձել են հանդարտեցնել Ա. Ղևոնդյանին, սակայն նա շարունակել է իր գործողությունները, արդյունքում նրա և ակտիվիստ երիտասարդների միջև քաշքշուկ է տեղի ունեցել։ Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ ոստիկանության ՔԳՎ Գեղարքունիքի մարզի քննչական բաժին, որտեղ 18.05.2014թ. ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Խուլիգանություն) հարուցվել է քրեական գործ։

18.08.2014թ. որոշում է կայացվել  քրեական գործի վարույթը կարճելու մասին՝ հանցակազմի բացակայության հիմքով։

Այն, որ այս գործով որեւէ մեկը պատասխանատվության չէր ենթարկվելու լրագրողին սպառնալու, մասնագիտական աշխատանքը խոչընդոտելու եւ հայհոյելու համար, պարզ էր հենց Գեղարքունիքի մարզի քննչական բաժնի ավագ քննիչ Հ. Մկրտչյանի վերաբերմունքից: Հարցաքննության ընթացքում նա Անի Հովհաննիսյանին ասել էր. «Դուք էլ եք բզբզացել, ինքն ասել է ինձ մի նկարի, դուք նկարել եք»:

Քննիչի վերաբերմունքը տեղ է գտել նաեւ քրեական գործով վարույթը կարճելու եւ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշման մեջ: Նա լրագրողի հասցեին լուրջ սպառնալիք չի համարել «Դու զգույշ մնա, Երևանում գտնելու ենք, սատկացնենք» արտահայտությունը: Ինչպես նաեւ այն, որ Արմեն Ղեւոնդյանը խոչընդոտել է լրագրողի աշխատանքը, նրան սպառնացել. «Դու զգույշ մնա, սատկացնելու եմ քեզ, այ մանդալոշկա», որից հետո իջել է ավտոմեքենայից եւ շարժվել Անի Հովհաննիսյանի ուղղությամբ: Բախում չի եղել միայն այն պատճառով, որ Անին վազքով բարձրացել է ավտոբուս:

Նշենք, որ հանցագործության մասին հաղորդում ներկայացնելիս Անի Հովհաննիսյանը կենտրոնացել է հատկապես իր մասնագիտական աշխատանքը խոչընդոտելու վրա, սակայն այդպես էլ նշված հատկանիշով քրեական գործ չի հարուցվել: Քննիչ Հ. Մկրտչյանը նշել է, որ «…Անի Հովհաննիսյանին սպառնալիքներ տալը եղել է կոնֆլիկտի ընթացքում, զայրույթի պահին եւ դրանք լուրջ չեն եղել…»:

Ագրեսիվ վարքագիծ դրսեւորածներին քննիչն «արդարացրել» է բացառապես նրանց ցուցմունքների հիման վրա` առանց փորձաքննության եզրակացնելով, որ «հուզական» վիճակում են եղել, մինչդեռ համացանցում հայտնված եւ քրեական գործում առկա տեսանյութերն ապացուցում են ճիշտ հակառակը:          

Ներողություն` «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողին նկուղում պահելու համար

Armlur.am կայքը («Ժողովուրդ» օրաթերթ) մայիսի 28-ին լուր էր տարածել, որ իր թղթակիցներին Աբովյան-Սայաթ-Նովա խաչմերուկի վրա գտնվող «Մոսկվիչկա» սուպերմարկետի անվտանգության ծառայության աշխատակիցն ու սուպերմարկետի իրավաբանը թույլ չեն տալիս դուրս գալ խանութի տարածքից: Ըստ կայքի՝ պատճառն այն է, որ ընդմիջման ժամին «Մոսկվիչկայից» գնված բրնձե փլավի մեջ armlur.am-ի թղթակիցն ապակու կտոր էր հայտնաբերել եւ պարզաբանման նպատակով տեսախցիկով այցելել է խանութ: Նրանց իջեցրել են սուպերմարկետի նկուղ եւ պահանջել ջնջել լուսանկարներն ու տեսաձայնագրությունը, եւ միայն դրանից հետո խոստացել ազատ արձակել:

Այս տեղեկության վերաբերյալ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությունից ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժին գրություն են ուղարկել այն մասին, որ «Մոսկվիչկա» սուպերմարկետի տնօրեն Սարգիս Գալստյանը խոչընդոտել է www.armlur.am լրատվական կայքի լրագրող Քնար Մանուկյանի մասնագիտական օրինական գործունեությանը։

Նախապատրաստված նյութերով 12.06.2014թ. որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին՝ հանցակազմի բացակայության հիմքով։

Քնար Մանուկյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ դեպքի օրը խմբագրություն է եկել «Մոսկվիչկա» սուպերմարկետի սեփականատեր Արմեն Նազարյանը եւ խմբագրությունում բոլորի ներկայությամբ ներողություն խնդրել իր աշխատակիցների պահվածքի համար:

«Այդ ամենը հաշվի առնելով` մենք ասացինք, որ էլ ինչ կարող ենք անել, եթե իրենք ընդունում են իրենց մեղքը եւ բոլոր աշխատակիցներից ներողություն են խնդրում, հայտարարեցինք, որ բողոք չունենք: Չնայած այս ամենին` ոստիկանության Կենտրոնի բաժնում քննություն սկսվեց: Ինձ անձամբ կանչել են հարցաքննության եւ այնտեղ էլ ասել եմ, որ հաշվի առնելով սուպերմարկետի տնօրենի մոտեցումը, որ նա ներողություն խնդրեց իր աշխատակիցների պահվածքի համար մեր խմբագրությունից, մենք բողոք չունենք: Որոշ ժամանակ անց ծանուցեցին մեզ, որ քրեական գործի հարուցումը մերժել են»,- ասում է Քնար Մանուկյանը:

Լրագրողը հանցագործության մասին հաղորդում է տվել, բայց իրեն վնասած անձանց դեմ բողոք չի հայտնել

ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնում 21.06.2014թ. «Ararum.am» լրատվական կայքի համահիմնադիր Հովհաննես Եսայանը հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 03-ի սահմաններում, Երևան քաղաքի Ռուբինյանց 14/1 շենքի բակում երկու անծանոթ տղաներ ձեռքերով և ոտքերով հարվածել են իր մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։ Նյութերի նախապատրաստման ընթացքում քաղաքացի Հ. Եսայանին մարմնական վնասվածքներ հասցրած անձանց հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկված օպերատիվ միջոցառումները դրական արդյունք չեն տվել։

Հետաքննությամբ պարզվել է, որ Հ. Եսայանի առողջությանը պատճառվել է թեթև աստիճանի մարմնական վնասվածք: Քրեական օրենսգրքով նախատեսված է, որ նման հանցանք կատարելու դեպքում քրեական գործ հարուցվում է ոչ այլ կերպ, քան դիմողի բողոքի հիման վրա, իսկ Հ. Եսայանը ոստիկանություն ներկայացրած դիմումով և լրացուցիչ բացատրությամբ հայտնել է, որ իրեն մարմնական վնասվածք պատճառած անձանց նկատմամբ բողոք չունի: Նախապատրաստված նյութերով 01.07.2014թ. որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին։

Քրեական գործը կարճվեց. լրագրողը որոշումը բողոքարկում է դատարանում

ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթի լրագրող Անի Գևորգյանի գործունեությանը խոչընդոտելու վերաբերյալ այս տարվա ընթացքում նախապատրաստվել է 2 նյութ: Դրանցից մեկով Անի Գեւորգյանի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելու, բռնություն կիրառելու վերաբերյալ Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ: Ըստ դրա` ոստիկան Վարդան Գևորգյանը փետրվարի 12-ին Մաշտոցի պողոտայում լրագրողից փորձել է խլել տեսախցիկը եւ խոչընդոտել վերջինիս մասնագիտական գործունեությունը: Անին ՀՔԾ-ին ուղղված հաղորդագրության մեջ նշել էր, որ իր նկատմամբ բռնություններ են կիրառվել ոչ միայն Մաշտոցի պողոտայում, այլեւ ոստիկանության Կենտրոնի բաժնում՝ բաժնի պետ Արտակ Պողոսյանի կողմից:

Անի Գևորգյանը մեզ հետ զրույցում ասաց, որ քրեական գործը կարճվել է, ինչից հետո դիմել է դատարան՝ վիճարկելու կարճման որոշումը: Լրագրողի բողոքը քննվում է Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Արշակ Վարդանյանի: Բողոքի քննության հաջորդ նիստը տեղի է ունենալու սեպտեմբերի 24-ին:

Հաջորդ միջադեպը եղել է 23.06.2014թ.: Այդ օրը Անի Գևորգյանը ոստիկանություն հաղորդում է ներկայացրել այն մասին, որ նույն օրը Երևան քաղաքի ոստիկանության Կենտրոնականի բաժնի մոտ ոստիկանության ծառայողները բռնություն են գործադրել իր նկատմամբ՝ ստորին շրթունքի շրջանում պատճառելով մարմնական վնասվածք։ Անին միաժամանակ հայտնել է, որ նշված գործողություններով ոստիկանները խոչընդոտել են իր մասնագիտական գործունեությանը:

Տեղեկացնենք, որ միջադեպը կատարվել է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ իրականացված բողոքի ակցիայի մասնակիցներին ոստիկանության բաժին բերման ենթարկելուց հետո: Անին դեպքերը լուսաբանելու նպատակով գնացել է Երևանի ոստիկանության Կենտրոնի բաժնի բակ, որտեղ, ըստ նրա, ոստիկանության մի խումբ աշխատակիցների կողմից իր նկատմամբ կիրառվել է բռնություն. հարվածել են դեմքին:

Ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոնի քննչական բաժնում նախապատրաստված նյութերով որոշում է կայացվել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության միջոցով գործը ՀՀ հատուկ քննչական ծառայություն ուղարկելու մասին:

Հուլիսի 1-ին ՀՔԾ-ն հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ հունիսի 23-ի դեպքերի առիթով, Անի եւ Սարգիս Գևորգյանների հաղորդման հիման վրա, հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309 հոդվածի 2-րդ մասի (պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել էբռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով) եւ 164 հոդվածի 3-րդ մասի (լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելը) հատկանիշներով:

«Այս քրեական գործն այժմ քննվում է  Հատուկ քննչական ծառայությունում, որով ես եւ ilur.am կայքի օպերատոր Սարգիս Գևորգյանը տուժող ենք ճանաչվել: Արդեն հարցաքննվել ենք, սեպտեմբերի 11-ին էլ ծանոթացել ենք գործով քննչական խումբ ձեւավորելու որոշմանը: Թեեւ այս գործով տուժողների թիվն անցնում է երկու տասնյակը (մի խումբ քաղաքացիներ ևս հայտարարություն են ներկայացրել ոստիկանություն՝ իրենց նկատմամբ ոստիկանների կողմից իրականացված բռնությունների վերաբերյալ: Այդ փաստով հարուցվել է քրեական գործ,-հեղ.), որևէ ոստիկան առայժմ որպես կասկածյալ չի ներգրավվել: Այսինքն` մենք տուժողներ ենք, բայց թե ինչի՞ց կամ ումի՞ց ենք տուժել, նախաքննական մարմնին պարզել չի հաջողվում»,-ասում է Անի Գևորգյանը:

Երբ լրագրողը հերքում է իր նկատմամբ բռնության փաստը

Լրագրողի նկատմամբ բռնության հաջորդ միջադեպն առնչվում է «Կենտրոն» հեռուստաընկերության լրագրող Գևորգ Խաչատրյանին: www.hraparak.am կայքում տեղեկություն էր հրապարակվել այն մասին, որ վերջինին դաժանորեն ծեծել է «ծառուկյանական պատժիչ բրիգադը», եւ լրագրողն ազատվել է աշխատանքից։

Նյութերի նախապատրաստման ընթացքում չի հիմնավորվել քաղաքացի Գ. Խաչատրյանին ծեծելու հանգամանքը, և 27.08.2014թ. որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով:

Ուշագրավն այն է, որ թերթի հրապարակումից հետո լրագրողը զանգահարել է խմբագրություն եւ փորձել հերքել կատարվածը: «Փաստորեն, այնպիսի երկրում ենք ապրում, որ ծեծվածը դիմադրում է, խնդրում է իրեն չպաշտպանել: Թերեւս համարում է, որ ինքն արժանի է ծեծի»,- եզրակացրել էր «Հրապարակը»:

 

Հերթական բռնությունը՝ ԱԺ դարպասների մոտ

Նյութն արդեն պատրաստ էր հրապարակման, երբ լրագրողի նկատմամբ բռնության հերթական միջադեպը գրանցվեց: Սեպտեմբերի 9-ին «Հակահարված» արտ-խումբն ակցիա է իրականացրել Ազգային ժողովի դիմաց՝ դարպասների վրա փակցնելով «Բարև Ռոբ» գրությամբ պաստառ:

Դրանից հետո ԱԺ-ի դարպասներից դուրս է եկել ԱԺ անվտանգության պետ Կարեն Հայրապետյանը և պոկել պաստառը, այնուհետև մոտեցել է դարպասների մոտ նկարահանում իրականացնող «Ա1+»-ի լրագրող Մարինե Խաչատրյանին և վերջինիս ձեռքին հարվածելով` գետին գցել նրա նկարահանող սարքը՝ Ipad-ը:

Կարեն Հայրապետյանը արդարացել է, թե չի նկատել լրագրողի վկայականը և մտածել է, թե լրագրողն էր պաստառ փակցնողը:

Սեպտեմբերի 12-ին հաղորդագրություն տարածվեց, որ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի հանձնարարությամբ ՀՔԾ-ն ուսումնասիրելու է լրագրող Մարինե Խաչատրյանի և ԱԺ անվտանգության ծառայության պետ Կարեն Հայրապետյանի միջև տեղի ունեցած միջադեպը: Ինքը` Մարինե Խաչատրյանը, հաղորդում կամ դիմում չի ներկայացրել:

Բազմաթիվ լրագրողներ խուսափում են իրենց գործունեությունը խոչընդոտելու դեպքերի մասին հաղորդում ներկայացնել` քաշքշուկների մեջ չընկնելու եւ հարցաքննությունների վրա անիմաստ ժամանակ չկորցնելու համար, քանի որ մեղավորները հազվադեպ են պատժվում:

Իրավապահների հանդեպ լրագրողների այս անվստահությունը հիմնազուրկ չէ: Հայաստանի անկախության շրջանում լրագրողների նկատմամբ տեղի ունեցած մի քանի տասնյակ բռնության դեպքերի բացահայտումները մատների վրա կարելի է հաշվել: Իրավաբանները եւ լրագրողները բազմիցս մատնացույց են արել, որ այդ գործերով ոստիկանությունը պատշաճ քննություն չի իրականացնում, բայց իրավիճակն այդպես էլ չի փոխվում: «Հանցակազմ չկա» քննիչների սիրած արտահայտությամբ ամեն ինչ ավարտվում է, եւ կանաչ լույս է վառվում նոր բռնությունների համար: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter