HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երգ, որը միավորեց երեք տարբեր տարածքներ և երկրպագուների բանակ

Նաիրա Հայրապետյան

Երաժշտասերների մեծ մասն այս երգն առաջին անգամ լսել են Քվենտին Տարանտինոյի «Pulp Fiction»  ֆիլմում: «Urge Overkill» խմբի կատարմամբ այս սաունդթրեքը 90-ականներին հնչում էր ամեն անկյունում՝ հիշեցնելով ֆիլմից սիրելի դրվագներ: Բոլորն, անխոս, համոզված էին որ այն նոր խմբի նոր հայտնությունն է՝ հաջողված սկզբոբ: Իսկ իսկական մելոմանները պետք է վկայեին, որ 90-ականներին այդքան հանրաճանաչ երգն իրականում իր վերածնունդն էր ապրում, հանրաճանաչության երկրորդ փուլը և որ առաջին նվաճումն այս ասպարեզում նա ստացել էր դեռևս հեռավոր 60-ականներում, հեղինակի՝ Նիլ Դայմընդի կատարմամբ:

1967թ. ամերիկացի երգիչ, երգահան և դերասան Նիլ Դայմընդը ներկայացրեց իր երկրորդ ալբոմը՝ «Just for You» –ն, որի կազմում ընդգրկված երգերից մի քանիսը՝ հետագայում թողարկված սինգլ տարբերակով, մեծագույն հիթեր պիտի դառնային: Դրանցից մեկն էլ «Girl, You’ll be a woman soon»  երգն էր:  Ամերիկացի գրող և երաժշտական քննադատ Դեյվիդ Ուիլդը, իր գրքերից մեկում անդրադառնալով երգին, ներկայացրել է նաև  ստեղծման պատմությունը, որի համաձայն՝  «Երբ Դայմընդը 1967թ. ձայնագրեց այդ հանգիստ տեմպով և գայթակղիչ զգացմունքայնությամբ երգը, նա վերջնականապես ամրացրեց օրեցօր աճող կապը իր և կին երկրպագուների միջև, որոնցից շատերը, նույնիսկ տարիներ անց, արդեն աղջկական տարիքից ելած,  շարունակում էին հետևել նրան: Դայմընդն ասաց, որ երգը հատուկ գրել է իր պատանի երկրպագուհիների համար, ովքեր իրենց ներկայությամբ և ջերմ   արձագանքներով աջակցում էին նրան առաջին համերգների ժամանակ»:

  Երգը թողարկումից անմիջապես հետո գրավեց երաժշտասերների լայն լսարանը,  «US Pop Singles Chart» –ում զբաղեցրեց 10-րդ հորիզոնականը: Թեև այդ ժամանակ Դայմընդն արդեն բավականաչափ ճանաչված էր  և 10-րդ տեղն այլ կերպ ասած մեծագույն նվաճում չէր կարելի համարել, այնուամենայնիվ դրանով հորիզոնականներն հաշվի առնող երաժշտական տարածքներում վստահաբար ամրապնդեց նրա դիրքերն իբրև տաղանդավոր երգչի և երգահանի, իսկ բոլոր տեսակի պայմանականություններից դուրս գտնվող լսարանում դարձավ ամենասիրելիներից ու սպասվածներից մեկը:

Տարիներ անց, նոր երգերի ծնունդն ու հաջողությունները այս մեկը մոռացության մատնեցին: Եվ այդպես էլ կմնար, եթե 30-ամյա դադարից հետո, մի օր  ամենաարտասովոր երևակայությամբ ռեժիսորներից մեկը՝ Քվենտին Տարանտինոն, հոլանդական մի փոքրիկ երաժշտական խանությում պատահաբար չլսեր այն: Դա երգի քավըրներից մեկն էր՝ «Urge Overkill» ռոք խմբի կատարմամբ: Այն անմիջապես տպավորվեց ռեժիսորի մտքում, և նա որոշեց անպայման օգտագործել իր ֆիլմում:  1994թ-ից սկսվեց  «Girl, You’ll be a woman soon» երգի երկրորդ կյանքը, որի հսկայական հաջողությունը այցեքարտային էր նաև խմբի կյանքում: Մինչդեռ Դայմընդը, ով շատ ուշադիր է իր երգերի հանդեպ, սկզբում հրաժարվել էր ընդունել Տարանտինոյի առաջարկն ու թույլ տալ հնչեցնել այն ֆիլմում: Պատճառը սցենարն էր, որն ըստ երգչի չափազանց դաժան էր ու լի բռնություններով: Այնուամենայնիվ հաջողվեց համոզել, իսկ ֆիլմի պրեմիերային հաջորդած հաջողությունից հետո հավանաբար նա արդեն խաղաղված էր և ինչ-որ չափով երջանիկ, որովհետև երգը նոր տրամադրությամբ ներշնչեց նաև նրան. վերադարձ դեպի ակտիվ ստեղծագործական կյանք: Դայմընդն այդ փուլում կարծես հանգստի վիճակին էր անցել, իսկ  հիթային երգերն  այլևս նախկինի նման չէին փայլում: 

«Girl, You’ll be a woman soon»  երգի նոր տարբերակը Մեծ Բրիտանիայում գրավեց 37-րդ հորիզոնականը, Միացյալ Նահանգներում՝ 11-րդը, Ֆրանսիայում՝ 10-րդը. Ոչ այնքան նախանձելի կարգավիճակ, որը, սակայն, մեծ հաջողություններ ունեցավ վաճառքի առումով, հանրաճանաչության հասավ բազմաթիվ երկրներում՝ այդ թվում գրավելով նաև հետսովետական երաժշտական լսարանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter