Հինգշաբթի, 20 սեպտեմբերի

«Միկա» մարզահամալիրն էլ անցավ պետությանը, բայց ինչպե՞ս



Ինչպես գրել էինք, օգոստոսի 25-ին ԴԱՀԿԾ-ն հարկադիր աճուրդի էր հանել «Միկա» մարզահամալիրը, որը առաջարկվում էր 9 մլրդ դրամով: Սա արվում էր համալիրի սեփականատեր «Միկա Քորփորեյշն» ՓԲԸ-ի՝ պետությանն ունեցած պարտքի մարման շրջանակներում: Ավելին՝ պետությանը պարտք է ոչ միայն այս ՓԲԸ-ն, այլեւ գործարար Միխայիլ Բաղդասարովին պատկանող մեկ այլ ընկերություն՝ «Արմավիա»-Ավիաընկերություն ՍՊԸ-ն: 

Այս կազմակերպությունների պարտքը ՀՀ-ին ավելի մեծ է, քան 9 մլրդ դրամը, ինչը լրագրողների հետ զրույցում օգոստոսի 28-ին հաստատել է ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը: Սակայն այստեղ կարեւորն այն է, թե ինչպես է մարզահամալիրն անցել պետությանը: 

Օգոստոսի 25-ին հայտարարված հարկադիր աճուրդը ավարտվելու էր սեպտեմբերի 4-ին, որից հետո, ըստ օրենքի, պետք է հայտարարվեր նոր աճուրդ, եթե, իհարկե, մինչ այդ գնորդ չհայտնվեր: Գնորդ իսկապես չեղավ, սակայն մինչ աճուրդը չկայացած կհամարվեր, ու նորը կհայտարարվեր, կառավարությունը որոշում ընդունեց: Օգոստոսի 28-ին կայացրած որոշմամբ՝ գործադիրը ֆինանսների նախարարին պարտավորեցրել է «Արմավիա»-Ավիաընկերություն ՍՊԸ-ի եւ «Միկա Քորփորեյշն» ՓԲԸ-ի՝ ՀՀ պետբյուջեի նկատմամբ ունեցած հարկային պարտավորությունների դիմաց` ԴԱՀԿ ծառայության կողմից հայտարարված անշարժ գույքի հերթական էլեկտրոնային աճուրդի ընթացքում գնորդ չլինելու հիմքով չկայանալու դեպքում ընդունել հարկադիր կատարողի առաջարկը պարտքի դիմաց 9 մլրդ դրամ արժեքով «Միկա Քորփորեյշն» ՓԲԸ պատկանող Երևանի Մանանդյան փողոց N 41 հասցեում գտնվող անշարժ գույքը եւ ամրագրել ՀՀ ֆինանսների նախարարության հաշվեկշռում:

Այսինքն՝ կառավարությունը նախարարին հանձնարարել է գնորդ չլինելու դեպքում ընդունել ԴԱՀԿԾ-ի առաջարկը եւ ստանալ աճուրդի հանված մարզահամալիրը: 

Միանգամից ասենք, որ պետության անունից, ըստ օրենքի, նման դեպքերում հանդես գալու իրավունք, իսկապես, ունի միայն ՖՆ-ն: Սակայն  «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքը (հոդված 35.4) հստակ նշում է, թե հարկադիր էլեկտրոնային աճուրդի դեպքում ինչ ընթացակարգ պետք է լինի. «Երկրորդ եւ յուրաքանչյուր հերթական աճուրդից հետո լոտը չվաճառվելու դեպքում պահանջատերը աճուրդի ավարտից հետո` երկու աշխատանքային օրվա ընթացքում, իրավունք ունի պահանջի դիմաց այն ընդունելու այդ աճուրդի մեկնարկային գնով: Հայաստանի Հանրապետության անունից հանդես եկող պետական մարմիններն իրավունք ունեն պահանջի դիմաց ընդունելու լոտը, եթե նրանք ունեն նման լիազորություն»:   

Փաստորեն, խոսքը երկրորդ եւ հետագա աճուրդների մասին է, իսկ կառավարությունը նախարար Գագիկ Խաչատրյանին հանձնարարել է ընդունել գույքը առաջին աճուրդից անմիջապես հետո՝ անտեսելով օրենքը:

Սակայն կառավարությունն ու ԴԱՀԿԾ-ն այնքան են շտապել, որ հակասել են միմյանց: Կառավարության կայքում նշված է, որ նախարարին հանձնարարվել է «ընդունել հարկադիր կատարողի առաջարկը», իսկ ԴԱՀԿԾ-ի կայքում ասվում է, որ գույքը հանվել է աճուրդից՝ հիմք ընդունելով պահանջատիրոջ դիմումը (նկարում): Ըստ օրենքի (հոդված 35)՝ ԴԱՀԿԾ-ն առաջարկ է անում (կրկին երկրորդ եւ դրան հաջորդող մյուս աճուրդներից հետո) հարկադիր աճուրդի դեպքում (ոչ էլեկտրոնային), իսկ պահանջատերը գրավոր համաձայնություն է տալիս կամ ոչ: Այնինչ հարկադիր էլեկտրոնային աճուրդի դեպքում, ինչպիսին «Միկա» մարզահամալիրի դեպքում է, պահանջատերն է դիմում ԴԱՀԿԾ-ին:

Ու հիմա անհասկանալի է, թե ով է ում դիմել: Բայց հիշենք, թե ինչպես Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը անցավ պետությանը՝ ՊՆ-ին (ԴԱՀԿԾ-ն չգիտես ինչու ինքն էր առաջարկ արել կառավարությանը, այն էլ՝ հերթական էլեկտրոնային աճուրդի ընթացքում եւ ոչ թե դրա ավարտից հետո), ապա այս անգամ, ըստ էության, չպիտի անակնկալ համարենք կառավարության եւ ԴԱՀԿԾ-ի գործելաոճը, որն արդեն սովորական է դառնում: 

Այս ամենի արդյունքը հավանաբար կտեսնենք որոշ ժամանակ անց, երբ, օրինակ, նույն «Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ն, ինչպես նշել է վերջինիս փաստաբանը, կդիմի Եվրադատարան, ու վերջինս, թերեւս, իրավունքի լուրջ խախտումներ կհայտնաբերի ներկայիս իշխանությունների գործելաոճում, սակայն դրա դիմաց ստիպված կլինի վճարել շարքային հարկատուն: 


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ