HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ղարաբաղցի ինքնուս դիզայները 6 տարի հարսանյաց սրահ է աշխատեցնում

Սասուն Գրիգորյանն աշխատում է Ստեփանակերտի կենտրոնական հրապարակից ներքև ձգվող Ազատամարտիկների փողոցի հարսանյաց սրահներից մեկում: 6 տարի առաջ է հիմնել սրահը, որի և՛ տնօրենն է, և՛ աշխատակիցը:

Սրահում խիտ-խիտ շարվել են հարսանյաց զգեստներով մանեկենները, որոնց հարևանությամբ հարսանեկան զամբյուղներ են, մոմեր և հարսանյաց արարողությանն անհրաժեշտ այլ դետալներ: Զամբյուղներն, օրինակ, դասակարգվել են ըստ գույների և պատրաստված նյութի: Դրանք հենց Սասունն է պատրաստում: Այս մասին ասում է սրահի աշխատակիցներից մեկը: Սասունը չի պատասխանում, փոխարենը ժպտում է: Աշխատակիցը շարունակում է, թե սրահում, բացի հարսանյաց հագուստից, մնացած ամեն ինչը Սասունն է պատրաստել: Դիզայներ-տնօրենը դարձյալ չի պատասխանում: Փորձում եմ նրան մեր խոսակցության դաշտ բերել, դրա համար տարակուսող հարց եմ տալիս. «Հա՞ որ, Դուք եք պատրաստե՞լ»: Այս անգամ Սասունի դեմքից կորում է ժպիտը, մոտենում է մոմերին, նայում դրանց, մի քանի րոպե անց գլխով համաձայնության նշան է ցույց տալիս: Աշխատակիցը հեռանում է սրահից, մեր խոսակցությունը, կարծես, չի սոսնձվում: Ես սկսում եմ լուսանկարել սրահը, զուգահեռ ասում եմ, որ ուղղակի հետաքրքիր է իմանալ, թե Ստեփանակերտում հարսանյաց արարողությունները շատացել են, թե՝ հակառակը: Սա, փաստորեն, պարզաբանում է մեր՝ սրահում հայտնվելու նպատակը, և Սասունի անվստահությունը հալվում է մեր հանդեպ:

Հարսանյաց արարողությունները շատ են, բայց լինում են շաբաթներ, որ եկամուտ չեն ստանում: Այս մասին ասում է տնօրենը: Երբ 6 տարի առաջ սրահը նոր էր բացել, այնպիսի վատ օրեր են եղել, որ նույնիսկ ուզում էր փակել, բայց չի արել: Հարցնում եմ՝ իսկ ինչո՞ւ չփակեցիք, ասում է՝ մտածում էի, որ լավ կլինի:

Մինչ հարսանյաց հագուստի վարձույթով տալը զբաղվում էր ծաղկի վաճառքով: Հիմա էլ ծաղիկներ է վաճառում խանութի մի առանձին հատվածում: Այդտեղ ծաղիկների համար հատուկ ջերմաստիճան կա, դրա համար էլ փակ են պահում դուռը: Նշում է, որ 2008-ին Ղարաբաղում կազմակերպած 700 հարսանիքների համար ինքն է ծաղկեփնջերը պատրաստել: Հարցնում եմ՝ ինչո՞ւ են Ղարաբաղում մեծամասամբ վաճառում արհեստական ծաղիկներ: Միանգամից պատասխանում է՝ «Հայաստանում քիչ է արհեստական ծաղիկների վաճառքը, չէ՞: Գիտե՞ք, թե ինչի, որովհետև Ղարաբաղում զոհվածները շատ են, գերեզմանների համար են տանում այդ ծաղիկները»:

Բազմոցին դրված կտորե պարկից երևում են հարսանեկան նոր զգեստները: Դրանք 2014-ի հավաքածուից են: Հարսանեկան զգեստների վարձույթն սկսում է 50.000 դրամից մինչև 250.000 դրամ: 180.000 դրամ արժեցող զգեստի դեպքում մի քանի ծառայություններ են ներառվում, Սասունը թվարկում է՝ «կարզինկեքը, պրիչյոսկան, ֆատան, մակիյաժը, եղունգների սարքումը, մեքենայի զարդարումը»: Եթե առանձին հաշվի այդ ծառայությունները, մոտ 100.000 դրամ գումար կկազմի, բայց անվճար են անում՝ հաճախորդների «դրության» մեջ մտնելով: «Մեկ-մեկ էլ պատահում է՝ ճղած վիճակով էլ են բերում շորերը: Երբ ճղած է լինում, քեֆին չեմ ուզում կպնեմ, բայց վախտ կա՝ քեզնից անկախ ես խոսում, բայց  հինչքան ասումըմ շտրաֆ անիմ, անում չըմ»,- կեսբարբառով ասում է ղարաբաղցի դիզայները:

Սասունը որևէ ուսումնարանում դիզայների մասնագիտացում չի ստացել, ինքուս է: Ձևավորումների համար երբեմն նորամածություններ է փնտրում համացանցում, բայց սովորաբար, ըստ նրա, իր երևակայությանն է հետևում: Իր հաշվարկով՝ Ստեփանակերտում 10-ից ավելի հարսանյաց խանութներ կան: Մրցակցություն առանձնապես չկա: Որ խանութը հարմար են գտնում, այդտեղից էլ օգտվում են, բայց, ասում է, իր սրահի տեսականին թերևս ամենալայնն է: Զգեստները պատվիրում է Ռուսաստանից, Ամերիկայից և Հայաստանից: ԱՄՆ-ից պատվիրածներն ավելի բարձր գին ունեն՝ 180.000-250.000 դրամի միջակայքում են, որովհետև 2014-ին են կարվել: Ընդհանուր, նկատում է, փորձում են օգտակար լինել սրահ մտնող այցելուներին: Երբ արդեն դուրս էինք գալիս սրահից, ավելացնում է՝ եթե այս գործն ուրիշ երկրում անի, ավելի շատ գումար կաշխատի, բայց չի ուզում, որովհետև նախընտրում է մնալ Ղարաբաղում: 

Մեկնաբանություններ (1)

MARA
անկեղծ ասած մտածում եմ մեկնաբանություն գրեմ, թե չէ ու որոշեցի գրեմ. Սասունը շնորհաշատ, տաղանդավոր, հասարակ ղարաբաղցի երիտասարդ է: Մարդ որը այս կյանքում ամեն ինչ ձեռք է բերել քրտնաջան աշխատանքի շնորհիվ: Կար այդպիսի ժամանակ երբ ՍԱՍՈՒՆԸ աշխատում էր հացի փուռում 2 հերթով. Ամեն օր յամը 15: 00-ին ավարտում էր աշխատանքը 01:00 նորից գալիս էր աշխատանքի և դա դեռ ամենը չէ: Նա կարողանում էր խմորը գնդել և բացել ցանկացած ձևի, այն դեպքում, երբ մնացած աշխատողները հազիվ մեկ ձևով էին դա անում: Պետք է խոստովանեմ որ այսքան տարի Սասունի նման աշխատող մենք չենք ունեցել: Հացի փուռից դուրս գալուց հետո նա սկսում է ծաղիկների գործը, հետագայում ծաղիկների հետ մեկտեղ բացում է հարսանյաց սրահը: Մի խոսքով հիանում եմ նրա տաղանդով, ֆանտազիայով, աշխատասիրությամբ: Հաջողություն եմ ցանկանում նրան ու նորանոր մտքեր

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter