Շաբաթ, 22 սեպտեմբերի

Ալավերդու ճոպանուղին 3,5 ամիս է` չի աշխատում



Ալավերդու ներքին հատվածը Սանահին/Սարահարթ թաղամասին միացնող ճոպանուղին 3,5 ամիս է` չի աշխատում: Այն թաղամաս գնացող ճանապարհը կրճատում էր 5,2 կմ-ով: Ճոպանուղու շարժիչը և գեներատորը  այս տարվա մայիսի 26-ին վնասվել են կայծակից: Ալավերդցիներն ամիսներ շարունակ հույսով սպասում են ճոպանուղու վերագործարկմանը:

«Ես առանց ճոպանուղու Ալավերդին չեմ պատկերացնում, այն ինձ  համար ոչ միայն տրանսպորտային միջոց է, այլև մշակույթ: Ճոպանուղին մեր քաղաքի մի մասնիկն է, չեմ ուզում հաշտվել ճոպանուղու չաշխատելու հետ»,- ասում է մասնագիտությամբ ինժեներ Հասմիկ Մելիքյանը:

Ճոպանուղու վերագործարկումն Ալավերդիում այսօր ամենաքննարկվող թեման է: Ձյունառատ եղանակներին ճոպանուղին ապահովում է քաղաքի ամենամեծ` Սարահարթ թաղամասի բնակչության անվտանգ երթևեկությունը:

Ճոպանուղու սեփականատերը «Վալլեքս Կապիտալ» ընկերությունն է:

««Վալլեքս Կապիտալը» որևէ պարտավորություն չունի  ճոպանուղու հետ կապված: Ճոպանուղին աշխատեցնելու համար հանձնված է «Վերդ» ՍՊԸ-ին, որն էլ  կրում է ճոպանուղու աշխատելու պատասխանատվությունը»,- հեռախոսով ասաց «Վալլեքս Կապիտալ» ընկերության տնօրեն  Սահակ Կարապետյանը:


«Վերդ» ՍՊԸ-ի տնօրեն, միաժամանկ` ճոպանուղու տնօրեն Ավետ Թամազյանը «Հետքին» հայտնեց, որ արդեն աշխատանքից ազատել է ճոպանուղու բոլոր 15 աշխատողներին: Տնօրենը տեղյակ չէր, թե ինչպես է որոշվելու անգամ իր կարգավիճակը: Նա հայտնեց, որ «Վերդ» ՍՊԸ-ի նախագահը Վալերի Մեջլումյանն է: «Ֆինանսական առումով ես իրավունք չունեմ պահելու աշխատողներին, այսինքն` կամ պետք է վարձատրեմ, կամ պետք է տամ վճարովի կամ անվճար արձակուրդ, որն էլ ի պաշտոնե կատարել եմ: Երկու ամիս տվել եմ արձակուրդ աշխատողների  հաշվին, մեկ ամիս տվել եմ իրենց  ամենամյա արձակուրդը, դրանից հետո էլ վճարելու  հնարավորություն չունեմ, քանի որ ֆինանսական հոսքեր չկան, և ինձ մնում է վերջին գործողությունը, այն է` սպասել, թե ինչպիսի կարգավիճակ կունենա ճոպանուղին»,- ասաց տնօրենը: Ավետ Թամազյանն ասում է, որ  ստեղծված վիճակի մասին տեղեկացրել է «Վալլեքսի» ղեկավարությանը:  Սեպտեմբերի 11-ին աշխատանքից արդեն ազատված ճոպանուղու 15 աշխատողները ճոպանուղու վերագործարկման խնդրանքով դիմեցին աշխատանքային այցով Ալավերդիում գտնվող Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի աջակցությունը: «Ճոպանուղու շարժիչին կայծակը խփել է, չի աշխատել, շարժիչը ուղարկեցինք Երևան, սարքեցին, բերեցինք, մի տեղը սարքում ենք, մյուսը փչանում է: Չենք կարողանում կողմնորոշվել` ինչից է:  40 տարի աշխատում է ճոպանուղին, հիմա ուզում ենք ագրեգատը լրիվ փոխենք, խանգարողը ֆինանսականն է»,- մարզպետին հայտնեց  ճոպանուղու մեքենավար Կարո Կարապետյանը: Ավետ Թամազյանն էլ մարզպետին ներկայացրեց ճոպանուղին գործարկելու տարբերակները.«<Մայիսի 26-ից հետո ես բանակցություններ եմ վարել Սանկտ-Պետերբուրգի «SEЕMO«  ինվենտոր կազմակերպության հետ, որը պատրաստ է մեզ հատկացնել ժամանակակից սարքավորում, որը կփոխարինի 40 տարվա վաղեմիություն ունեցող շարժիչին: Արժեքը 5607 եվրո է»,- ասաց տնօրենը: Երկրորդ տարբերակով Ավետ Թամազյանը առաջարկում է «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության օգնությամբ ճոպանուղին աշխատեցնել ռեզերվային շարժիչով. «Հիմա մենք ունենք ռեզերվային շարժիչ 12 կվտ, դրա փոխարեն կարող ենք տեղադրել  կռունկային շարժիչ և պրիմիտիվ եղանակով աշխատել, սակայն մինչև օրս սայլը տեղից չի շարժվում»:

«Գործարանում բացի Ձեզնից` մյուսներն այն կարծիքին են, որ դա անվտանգության խնդիրներ է առաջացնելու: Հիմա դուք ինձ համոզում եք, որ չէ, բայց ես դրա մասնագետը չեմ: Արի պայմանավորվենք աշխատել Սանկտ-Պետերբուրգի տարբերակով»,- Ավետ Թամազյանին ասաց մարզպետը:  

«Ես կփորձեմ «Վալլեքսի» տնօրինության հետ բանակցություններ վարել,  հասկանալ` արդյոք ֆինանսական հնարավորություններ ունեն, թե չունեն,  որպեսզի շարժիչը գնեն, բայց ես վստահեցնում եմ Ձեզ, որ գործարանի տնօրինությունը  նույնպես անհանգստացած է ճոպանուղու հետագա աշխատանքի համար, որովհետև ճոպանուղին ոչ միայն զուտ փոխադրամիջոց է մեր քաղաքի  համար, այլ նաև  հետաքրքրություն է ներկայացնում զբոսաշրջիկների  շրջանում»,- Հետքին ասաց Արթուր Նալբանդյանը: 


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (1)
1. Մելանյա13:28 - 17 սեպտեմբերի, 2014
հառգելի Լարիսա միթե չես հասկանում մարզպետի բերած պատճառաբանությունը ինչի համար է.. Ավտոբուսի գծերը իրենց է պատկանում և ձեռնտու է իրենց ճոպանուղու չաշխատելը...Թե չե միթե ՎԱԼԼԵՔՍԻ գումարները այնքան քչացան մի ապարատ գնելու համար իսկ իրենց համար բնակարան գնելու համար այն էլ Երեվան քաղաքում բավարարում է: Պարզաբանումները թողնում եմ Ձեզ քանի որ գիտեմ դուք ՛՛խելացի -ճկուն մտքի տեր անձնավորություն եք:
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ