HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարզպետարաններն ու մարզխորհուրդները կառավարման լավագույն միջոց եւ ֆորմալ հարթակ չեն դիտվում

Եվրոպայի խորհրդի Տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսը «Տեղական ժողովրդավարության խթանումը Հայաստանում» թեմայով սեմինարը սեպտեմբերի 11-ին անցկացրեց Սիսիանում: Հանրապետության հինգ մարզերից հրավիրված համայնքների ղեկավարներն ու ավագանու անդամները քննարկեցին 2014թ. մարտին Կոնգրեսի  ընդունած թիվ 351 հանձնարարականը, որը վերաբերում է տեղական ինքնակառավարման Եվրոպական խարտիայի դրույթների իրականացման ուղղությամբ Հայաստանի իրականացրած աշխատանքներին:

Ողջունելով սեմինարի մասնակիցներին, ԵԽ երեւանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Նաիրա Ավետիսյանը նշեց, որ նպատակ ունեն մշտադիտարկման արդյունքում ստեղծված «Կոնգրեսի հանձնարարականները Հայաստանում տեղական ժողովրդավարության վերաբերյալ» փաստաթուղթը համալրել  առաջարկներով եւ շարունակել հետամուտ լինել, որպեսզի Հայաստանը լիարժեք իրականացնի այն պարտավորությունները, որոնք ստանձնել է 2002թ. հունվարի 25-ին՝ վավերացնելով «Տեղական ինքնակառավարման խարտիան», իսկ 2013թ. մայիսի 13-ին` դրա լրացուցիչ արձանագրությունը:

Կոնգրեսի անդամ Նայջել Մերմագենը (Միացյալ թագավորություն), ՏԻ խարտիայի հարցերով անկախ փորձագիտական խմբի անդամ Յենսս Վայլքը  (Գերմանիա) իրենց ելույթներում անդրադարձան Հայաստանում տեղական ժողովրդավարության մասին Կոնգրեսի թիվ 351/2014/ հանձնարարականներին, ՏԻ եվրոպական խարտիայի դրույթների կատարման մոնիտորինգի եւ դրա լրացուցիչ արձանագրություններին, նշեցին այն կոնկրետ խնդիրները, որոնք նկատվել են մշտադիտարկման ընթացքում: Բանախոսների առաջարկած փոփոխությունները, մասնավորապես, վերաբերում են սուբսիդիարության սկզբունքի կիրարկման համար օրենսդրության վերանայմանը, միջհամայնքային համագործակցության խրախուսմանը, համայնքների ավագանիների կարողությունների բարձրացմանը, ինչպես նաեւ տեղական իշխանությունների լիազորությունների լիարժեք կիրարկմանը:

Խոսելով Հայաստանում ՏԻՄ լիազորությունների եւ գործունեության շրջանակի մասին, Նայջել Մերմագենը շեշտեց. «Հայաստանում տեղական նշանակության կարեւորագույն հանրային ծառայություններն ապահովում են ոչ թե ՏԻՄ-երը, այլ պետությունը, եւ այս առումով ՏԻՄ-երը լիարժեք լիազորություններ չունեն»: Խնդրին անդրադարձավ նաեւ Համայնքների ֆինանսիստների միավորման փոխնախագահ, ՏԻ խարտիայի հարցերով անկախ փորձագիտական խմբի անդամ Դավիթ Թումանյանը, նշելով, որ թերի լիազորությունների պարագայում անգամ դրանց իրականացման համար հատկացվող ֆինանսավորումը բավական փոքր է. պատվիրակված բազմաթիվ լիազորությունների համար ֆինանսավորում չի հատկացվում,  համայնքներին պատվիրակված լիազորությունների վրա ծախսվող գումարի 98%-ը ծախսվում է Երեւան քաղաքում:

Քննարկելով տեղական իշխանության լիազորությունների շրջանակն ընդլայնելու մասին Եվրոպայի խորհրդի առաջարկությունը, սեմինարի ընթացքում կազմակերպված թեմատիկ քննարկումների մասնակիցները շեշտեցին. «Հաշվի առնելով, որ Հայաստանում տեղական ինքնակառավարման մարմինների մատուցած ծառայությունների ծավալը փոքր է, կիսում ենք Եվրոպայի խորհրդի այն կարծիքը, որ Հայաստանում հարկավոր է իրականացնել լուրջ ապակենտրոնացում եւ մեծացնել ՏԻՄ-երի դերը հանրային ծառայությունների իրականացման գործում»:

Անդրադառնալով զեկույցի այն մտահոգությանը, որ  ՏԻՄ-երի գործունեության որոշ ուղղություններ շարունակում են չհամապատասխանել տեղական ինքնակառավարման Եվրոպական խարտիայի դրույթներին, Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը շեշտեց, որ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում, ընդունումից հետո 24 անգամ փոփոխություններ է կատարվել,  որից 17-ը` խմբագրական բնույթի: Նա առաջարկում է ոլորտում իրականացվող փոփոխությունների քաղաքական օրակարգ ձեւավորել:

Ի տարբերություն Էմին Երիցյանի, ում կարծիքով «համայնքների խոշորացումը գործիք է, բայց ոչ միջոց բարեփոխումներ իրականացնելու համար», Կոնգրեսի անդամ Նայջել Մերմագենը տեղական իշխանությունների արդյունավետ կառավարման լավագույն միջոցը փոքր համայնքների խոշորացումն է համարում: Նրա խոսքով` խնդիր է նաեւ պետական կառավարման մարմինների եւ տեղական իշխանությունների միջեւ խորհրդակցությունների ֆորմալ մեխանիզմների բացակայությունը՝ վերջիններիս ուղղակիորեն առնչվող հարցերի վերաբերյալ որոշումների կայացման ժամանակ: Այս առումով, Կոնգրեսի անդամի կարծիքով, ներկայիս մարզխորհուրդները լավագույն միջոցը չեն այդ պարտավորությունն ստանձնելու համար: «Ես չեմ կարող գնահատել Հայաստանի վարչատարածքային բաժանումն ամբողջությամբ, սակայն վստահ չեմ, որ մարզպետարանները, մարզխորհուրդները կառավարման լավագույն միջոցներն  են»,- լրագրողների հետ զրույցում նշեց Նայջել Մերմագենը:

Թեմատիկ քննարկումներում, անդրադառնալով Ֆորմալ երկխոսության մեխանիզմի բացակայությանը,  նշվեց, որ հաճախ այդ պատճառով համայնքները հայտնվում են այնպիսի իրավիճակում, երբ առանց տեղեկացնելու նրանց կարող է տրվել նոր լիազորություն, որով կարող է նոր ծախս առաջանալ համայնքի համար, նվազագույն աշխատավարձի դրույքաչափ փոխվել եւ այլն:

Սեմինարի ընթացքում քննարկան թեմա դարձավ նաեւ զեկույցում ընդգրկված մտահոգությունն այն մասին, որ ֆինանսական համահարթեցման մեխանիզմները համարժեք չեն բյուջետային ապահովվածության եւ ֆինանսական կարիքների առումով (Խարտիայի հոդված 9.5), իսկ դոտացիաների տեղաբաշխման գծով այլ պետական փոխանցումները կանոնակարգված չեն որեւէ օրենքով (Խարտիայի հոդված 9.7): 

Թե’ միջազգային, թե’ տեղական  փորձագետները, ինչպես նաեւ թեմատիկ քննարկումներին մասնակից համայնքների ղեկավարներն ու ավագանիններն արձանագրեցին, որ Հայաստանում համայնքներին ֆինանսները չեն բավարարում, եւ  համայնքների ֆիանանսական միջոցներն ավելացնելու համար առաջարկվեցին մի շարք փոփոխություններ: Դրանք հիմնականում վերաբերում են տեղական հարկերին, պետական հարկերից մասհանումներին, պետական տուրքերին, պետական բյուջեից համայնքային բյուջե տրանսֆերտներին, պետական բյուջեից համայնքներին տրվող նպատակային հատկացումներին եւ այլ դոտացիաներին, պետական բյուջեից փոխատվություններ կամ փոխառություններ վերցնելու հարցերին:

Թեմատիկ քննարկումների մասնակիցների կարծիքով` ֆինանսական համահարթեցման մասին օրենքը լիարժեք չի գործում, քանի որ հաշվի է առնվում միայն բնակչության թիվը, հողի հարկը եւ գույքահարկը: Որոշ եկամտային ցուցանիշներ հաշվի չեն առնվում, իսկ ծախսային ցուցանիշներն ընդհանրապես օրենքով հաշվի չեն առնվում:

Դավիթ Թումանյանի խոսքով` 1998-99 թվականներին կիրառվում էր մի մեխանիզմ, ըստ որի համայնքում գոյացող հարկերի մի մասը, մասնավորապես, եկամտահարկի 15%-ն ուղղվում էր տեղական բյուջե, իսկ համայնքի եկամուտներից հողի հարկի 5%-ը՝ պետական բյուջե: Նրա կարծիքով` անհամապատասխանություն կա նաեւ տեղական տուրքերի սահմանման առումով, քանի որ տեղական հարկերը, գործող օրենքի համաձայն, պետք է մուտքագրվեն համայնքային բյուջե, մյուս կողմից` խնդրահարույց է այն, որ համայնքներն ինքնուրույն տեղական տուրքեր չեն կարող  սահմանել:

Սեմինարում քննարկվող առանցքային թեմաներից էր ավագանիների դերի բարձրացումը: Հայաստանում տեղական ժողովրդավարության վերաբերյալ Կոնգրեսի հանձնարարականներում մտահոգություն է հայտնվել համայնքների ավագանիների՝ իրենց իրավասություններին առնչվող բոլոր հարցերի մասով նախաձեռնությունների իրագործման թույլ կարողությունների վերաբերյալ: Խոսելով այս խնդրի մասին, Հայաստանի ավագանիների ասոցիացիայի նախագահի տեղակալ Արտակ Պետրոսյանը նշեց, որ հիմնական խնդիրը կապված է ավագանու անդամների կարողությունների զարգացման եւ հզորացման հետ: Նրա կարծիքով` ամեն ինչ սկսվում է օրենսդրությունից եւ առաջարկեց օրենսդրության մեջ փոփոխել այն դրույթները, որոնցով ավագանու լիազորությունները սահմանափակվում է «կարող է» արտահայտության շրջանակում: Այս դեպքում, ըստ բանախոսի, ավագանու ընդունած որոշումը կարող է եւ իրավական ուժ չունենալ:

Տարբեր մեկնաբանություններ հնչեցին ավագանու դերի բարձրացմանը վերաբերող օրենսդրական փոփոխություններ կատարելու առաջարկների մասին, որոնք հիմնականում վերաբերում էին ավագանու անդամների կրթության ցենզին, ավագանու ղեկավար կազմի ընտրությանը: Միաժամանակ, դրական գնահատվեց այն առաջարկությունը, որով նախատեսվում է համայնքների խոշորացման արդյունքում համամասնական կարգով ավագանիների ընտրության կիրարկումը, ինչպես նաեւ` ավագանու կազմում հանձնաժողովներ ստեղծելը:

Սեմինարում խոսվեց նաեւ այն մասին, որ «տեղական իշխանությունների նկատմամբ վարչական վերահսկողությունը պետք է սահմանափակվի միայն համայնքի գործողությունների օրինականության ստուգմամբ եւ որ հսկողությունն իրականացնող մարմնի միջամտությունը համաչափ լինի այն շահերի կարեւորությանը, որոնց պաշտպանության համար այն նախատեսված է»:

Գյումրիում եւ Սիսիանում տեղի ունեցած սեմինարների ընթացքում արված առաջարկություններն, ըստ կազմակերպիչների, կհամախմբվեն ամփոփիչ փաստաթղթում եւ կներկայացվեն ՀՀ կառավարությանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter