HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Ավագանու աշխատանքը վճարո՞վի, թե՞ հասարակական հիմունքներով պիտի լինի

Հայաստանում ավագանիների վարձատրության մասին պարբերաբար բարձրաձայնվում է, քննարկվում, սակայն լուծում չի ստանում, որովհետեւ չեն հստակեցվում վարձատրման աղբյուրները, քանի որ համայնքային բյուջեն այդ նպատակին ծառայեցնելը բացառվում է: Հասկանալի չէ նաեւ վարձատրության չափը՝ այն պետք է խորհրդանշական գումար լինի, որ կտատանվի ըստ կատարած աշխատանքի, թե՞ ֆիքսված աշխատավարձ:

Եվրոպական երկրների փորձը ցույց է տալիս, որ ավագանիները մեծ մասամբ չեն վարձատրվում, այլ կատարած աշխատանքի դիմաց փոխհատուցում են ստանում, որը շատ փոքր գումար է: Օրինակ, Բուլղարիայում ավագանին կատարում է վճարովի հասարակական աշխատանք: Նա կարող է չնչին գումար ստանալ մեկ անգամ ավագանու նիստին մասնակցելու համար, սակայն, եթե ակտիվ գործի, ամսվա վերջում այդ գումարը կարող է պատկառելի թիվ կազմել:

«Իմ կարծիքով` մոտիվացիա պետք է լինի ու դա պայմանավորվի ոչ թե վարձատրությամբ, այլ ընդունվող որոշումների վրա ունեցած ազդեցությամբ,- ասում է Տեղական ժողովրդավարության գործակալությունների ասոցացիայի ղեկավար Անտոննելա Վալմորբիդան,- բացի այդ, համայնքներում եղած ցածր իրազեկությունը զրկում է հասարակությանը ավագանիների հետ սերտ համագործակցությունից: Մարդիկ պետք է հստակ իմանան, թե ինչ ակնկալիք ունեն ավագանուց, ինչ պետք է պահանջեն նրանից: Ցավոք, իրենք` ավագանիներն էլ, շատ դեպքերում, չգիտեն իրենց գործառույթները: Ավագանու 38 լիազորություններից, հիմնականում, տեղյակ են միայն մեկին»:

Կամո Գալստյանը

Շիրակի մարզի Կրաշեն համայնքի ավագանու անդամ Կամո Գալստյանը կողմ է ավագանիների վարձատրության գաղափարին: Մոտ 70 տնտեսություն ունեցող գյուղի երեք ավագանիներից մեկն է Կամոն, որ արդեն 8 տարի է զբաղվում է հասարակական գործունեությամբ: Նրա կարծիքով վարձատրվելու գաղափարը դրական ազդեցություն կունենա ավագանիների աշխատանքի վրա:

«Հմի ինչ օր կենենք, անհավես կենենք,- արդարանում է Կամո Գալստյանը,-մարդկանց հետ լավ ու վատ կեղնինք հարկերը հավաքելուց»: Հարկահավաքությունն, արդյոք ավագանու գործառույթների մեջ է մտնո՞ւմ, մեր հարցին ի պատասխան` կրաշենցի ավագանին արդարանում է, թե օգնում են համայնքապետին: «Գյուղապետը, եթե զբաղված կեղնի, մե գործով մե տեղմ էրթացած կեղնի, ավագանին իրա տեղը բդի աշխատի: Ի՞նչ տարբերություն, գյուղապետն ու ավագանին իրար հետ կապնված են, ընիկ չէրավ, մյուսը բդի էնե գործը»,- բացատրում է Կամո Գալստյանը:

Հայաստանի ավագանիների ասոցացիայի նախագահի տեղակալ Արտակ Պետրոսյանի համոզմամբ, պետք է հզորացնել ավագանու անդամների կարողությունները, մտցնել ավագանու ղեկավար կազմի գաղափարը: Ըստ Ա. Պետրոսյանի` դա կապահովի ավագանու անկախությունը: «Հայտնի է, որ մարմինն առանց գլխի չի կարող գործել, մինչդեռ հիմա ավագանու նիստերը հրավիրում եւ վարում է համայնքապետը,- առաջարկը հիմնավորում է Արտակ Պետրոսյանը,- այս հանգամանքը չի կարող ապահովել ավագանու անկախ գործունեությունը»:

Ըստ բանախոսի` հարկերի սահմանման գծով ՏԻՄ-ի լիազորությունները սահմանափակ են, ավագանիների ձեւավորման մեխանիզմները՝ թույլ: Անհրաժեշտ է, որ որոշ հարկատեսակների գծով ավագանին ինքը սահմանի դրանց չափը: Պետք է ազատվել այնպիսի օրենքներից, որոնք խոչընդոտում են ավագանու ընդունած որոշումների կատարմանը:

Արտակ Պետրոսյանի կարծիքով` Կառավարությունը նորընտիր ավագանիների համար պետք է վերապատրաստման դասընթացներ իրականացնի, իսկ գործող ավագանիների համար, որոշակի պարբերությամբ, վերապատրաստումներ անցկացնի: «Մեր օրենսդրությունն այնքան արագ է փոփոխվում, որ երկու-երեք տարի դրանց չհետեւելը կբերի նրան, որ հերթական ավագանու նիստի ժամանակ ավագանու անդամը լինելու է զուտ պասիվ քվեարկողի դերում»,- բացատրում է Հայաստանի ավագանիների ասոցիացայի նախագահի տեղակալը:

Արտակ Պետրոսյանը նույնպես կարծում է, որ Հայաստանում պետք է կիրառել ավագանու վճարովի հասարակական աշխատանքի տարբերակը, որն ընդունված է եվրոպական մի շարք երկրներում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter