Չորեքշաբթի, 19 սեպտեմբերի

Վարդենիս-Մարտակերտ. Հայաստանը Արցախին կապող բազմանշանակ նոր ուղին (լուսանկարներ)



Վարդենիս-Մարտակերտ ճանապարհը վերջին մի քանի ամսում աղմկոտ է: Բայց պատճառը ոչ թե ավտոմեքենաների եռուզեռն է, այլ շինարարական տեխնիկայի ձայնը: Դեռ խորհրդային տարիներից գործող մայրուղին, կարելի է ասել, նորից է կառուցվում. ներկա պահին ընթանում են ճանապարհի հետ կապված բազմատեսակ աշխատանքներ՝ ճանապարհի լայնացում, ջրթող խողովակների տեղադրում, հենապատերի կառուցում:

Ճանապարհի` վերակառուցման ենթակա հատվածի ընդհանուր երկարությունը 115,3 կմ է: Երեւան-Գորիս-Ստեփանակերտ մայրուղուց հետո սա երկրորդ միջպետական ճանապարհն է, որն իրար է կապում ՀՀ-ն ու ԼՂՀ-ն: ԼՂՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանն ասում է, որ այս մայրուղին առաջին հերթին կարեւոր է ԼՂՀ Մարտակերտի ու Շահումյանի շրջանների համար, որոնք տնտեսական առումով կապված են հատկապես ՀՀ Վարդենիսի ու Մարտունու տարածաշրջաններին:

Ըստ նախարարի՝ նորակառույց ճանապարհը թույլ կտա խթանել ԼՂՀ նշված շրջաններում վերաբնակեցումն ու սոցիալ-տնտեսական զարգացումը, բացի դրանից՝ բանակի կարիքների համար օգնությունն այդ ճանապարհով ավելի շուտ կհասնի, քան Գորիսով, չնայած Երեւան-Վարդենիս-Մարտակերտ-Ստեփանակերտ եւ Երեւան-Գորիս-Ստեփանակերտ ճանապարհները երկարությամբ գրեթե հավասար են (340-350 կմ): Առաջինը պարզապես ավելի ուղիղ է եւ հարմար երթեւեկելու համար:  

Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի շինարարությունը ֆինանսավորում է «Հայաստան» համահայկական հիմնադրամը, որը 2013-ի դրամահավաքի  արդյունքում գոյացած 22 մլն դոլարից 12-ը հատկացրել է հենց այս նպատակին: Սակայն հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը մամուլին հայտնել է, որ դեռ 20 մլն դոլար էլ անհրաժեշտ է՝ ծրագիրն ավարտելու համար:   

Նշենք, որ մայրուղին շինարարության համար բաժանված է մի քանի հատվածների. Վարդենիս-Սոթք (13,5 կմ), Սոթք-Քարվաճառի խաչմերուկ (36,3 կմ), Քարվաճառի խաչմերուկ-Գետավան (32,4 կմ), Գետավան-Դրմբոն (10 կմ), Դրմբոն-Սարսանգի հէկ (14,9 կմ), Մաղավուզ-Մարտակերտ (8,2 կմ): Սարսանգի հէկից մինչեւ Մաղավուզ հատվածն արդեն իսկ ասֆալտապատ է:

Ամբողջ ճանապարհի շինարարությունն իրականացնում են արցախյան 6 կազմակերպություն («Կապավոր» ՍՊԸ, «Դորոժնիկ» ՍՊԸ, «Վրեժ» ՓԲԸ, «Քարավան» ՍՊԸ, «Վիրաժ» ԱԿ, «Ճանշին» ՓԲԸ), որոնք հաղթել են մրցույթում: Նախարար Շահրամանյանն ասում է, որ որոշվել է ղարաբաղցի շինարարներին ներգրավել գործընթացին, որպեսզի հարկերը մուծվեն ԼՂՀ բյուջե: Մյուս կողմից՝ ԼՂՀ աշխատուժի ներգրավումը զբաղվածության որոշակի խնդիր է լուծում: Կ. Շահրամանյանն ասում է, որ ամեն կապալառու նվազագույնը 40 աշխատող ունի՝ մեխանիզատորներ եւ բանվորներ (սրան էլ գումարենք նախագծող ընկերություններին):

Ճանապարհահատվածները նշված ընկերությունների միջեւ բաշխվել են ըստ նրանց կարողությունների. օրինակ, եթե Սոթք-Քարվաճառի խաչմերուկ հատվածում աշխատում են միանգամից երեք կազմակերպություն, ապա Գետավան-Դրմբոն եւ Մաղավուզ-Մարտակերտ հատվածները կառուցում է նույն ընկերությունը:  

«Այս մի տարվա ընթացքում կատարվում են հողային աշխատանքներ, ճանապարհը բերվում է նորմաների մեջ, ափապաշտպանիչ աշխատանքներ են իրականացվում, տեղադրվում են ջրթող խողովակներ, դրանց գլխամասերն են կառուցվում: Այս տարի նախատեսվում է ավարտել հողային աշխատանքները,- «Հետքի» հետ զրուցում ասաց Կարեն Շահրամանյանը:- Հաջորդ տարի արդեն կտեսնենք, թե ինչ փոփոխություններ կան ճանապարհի վրա: Ընդհանուր աշխատանքներում խոչընդոտներ չկան, խնդրները լուծվում են տեղում: Իրականացվում է նախագծային եւ տեխնիկական հսկողություն: Նախագծողները տարբեր են՝ 5 կազմակերպություն, 3-ը՝ Հայաստանից, 2-ը՝ Արցախից: Այս տարի կիրականացվեն խճապատման, մյուս տարի՝ կոպճապատման եւ ասֆալտապատման աշխատանքները»:

Նոր ճանապարհի Վարդենիս-Սոթք հատվածն արդեն պատրաստ է, այն ասֆալտապատվել է այս տարի, իսկ Սոթքից մինչեւ Շահումյանի շրջան (Սոթքի լեռնանցք) հատվածը, ինչպես եւ մյուսների դեպքում, ամբողջական տեսքի կբերվի գալիք տարի:

Մեր հարցին, թե հնարավոր կլինի արդյոք այս տարվա ընթացքում եւս 20 մլն դոլար հավաքել՝ գործընթացը եզրափակելու համար, ԼՂՀ քաղաքաշինության նախարարը պատասխանեց. «Աննապատակահարմար է ճանապարհը թողնել այս վիճակով: Հակառակ դեպքում կառաջանան լրացուցիչ աշխատանքներ, ինչը անթույլատրելի է, լրացուցիչ գումարներ են անհրաժեշտ լինելու: Կան նախագծային ժամկետներ, որոնցում հնարավոր է իրականացնել բոլոր աշխատանքները: Սակայն դա մեկ հարց է, իսկ փաստացի աշխատանքների հարցն՝ այլ բան, ինչը կապված է ֆինանսավորման հետ»:

Ճանապարհը շահագործման հանձնելը նախատեսված է 2015-ի նոյեմբերին, բայց ամեն ինչ կախված է գումարից, որը հիմնադրամը հույս ունի հավաքել այս տարի: Փողի հետ կապված՝ Կ. Շահրամանյանն ասում է, որ բիտումը բերում են Իրանից, իսկ առանց անհրաժեշտ ֆինանսների ու շինանյութի՝ ծրագիրը կանգ կառնի: Ըստ մեր զրուցակցի՝ շինարարները ճանապարհի մեծ մասում մինչեւ 65-75 տոկոս կատարել են հողային աշխատանքները: Ավելին՝ այս տարի հնարավորություն կար ասֆալտապատել Մարտակերտ-Գետավան հատվածը, սակայն ֆինասավորում չի եղել:

Ըստ նախագծի՝ ճանապարհը կարեւոր նշանակություն կունենա իրենից 2-3 կմ հեռավորության վրա գտնվող համայնքների, ինչպես նաեւ ավելի հեռու գտնվողների համար: Դրանք շուրջ 30-ն են: Կարեն Շահրամյանի փոխանցամբ՝ ճանապարհի հարակից տարածքներում նախատեսվում է կառուցել հասարակական նշանակության օբյեկտներ, որը խթանելու է նաեւ տուրիզմը Շահումյանի ու Մարտակերտի շրջաններում, որոնք հարուստ են մշակութային կոթողներով: Հանքարդյունաբերող «Բեյզ Մեթլս» ընկերությունն արդեն խոստացել է «Զեյնաբի աղբյուր» տարածքում (Գետավան-Դադիվանք հատվածում) կառուցել հասարակական նշանակության օբյեկտներ, ռեստորանային համալիր:        

Երեւան-Գորիս-Ստեփանակերտից ու այս նոր մայրուղուց զատ՝ քննարկման փուլում է Արցախի հարավային հատվածը՝ Հադրութի ու Քաշաթաղի շրջանները, Սյունիքի մարզին կապող  ճանապարհի կառուցման հարցը: ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը ժամանակին մամուլին հայտնել էր, որ այս երեք մայրուղիները լինելու են այն կմախքը, որի վրա հետագայում կճյուղավորվեն այլ ճանապարհներ: Նախարար Շահրամանյանի կարծիքով՝ գալիք հարավային ճանապարհը Հադրութի Առաջամուղ գյուղով հասնելու է մինչեւ Քաշաթաղի Իշխանաձոր, որտեղից Խնձորեսկով կմտնի Գորիս: Կա նաեւ Միջնավան-Կովսական-Կապան տարբերակը: Ճանապարհները հիմա էլ կան, բայց բարվոք վիճակում չեն:

Իսկ թե ինչ կարժենա այդ նոր մայրուղին, նախարարն ասում է, որ 1 քմ մակերեսի միայն խճապատումն ու ասֆալտապատման երկու շերտն արժեն մոտ 15.000 դրամ՝ չհաշված հողային, հնարավոր պայթեցման եւ այլ աշխատանքները: 

Լուսանկարները՝ Հակոբ Պողոսյանի


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (1)
1. Վարազ Սյունի (Ամստերդամ)03:54 - 16 սեպտեմբերի, 2014
Ճիշտը և տրամաբանականը Միջնավան-Կովսական-Կապան 3-րդ ճանապարհի տարբերակն է: Նախ՝ Գորիսով ճանապարհ արդեն կա: Հետո՝ Կովսական-Միջնավան տարածաշրջանի բնակիչների կապը Կապանի հետ է (առևտուր, բուժօգնություն,ժամանց և այլն): Կովսական-Կապանը ընդամենը 25 կմ է. եղած (արդեն օգտագործվող) ճանապարհը պիտի ուղղակի լավացնել.այսինքն՝ ավելի էժան կնստի:
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ