HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրանսֆերային ամփոփում. Ա Սերիա

Հայկ Դավթյան

Վերջին 5-6 տարիներին իտալական Ա Սերիայում խաղացող թիմերը տրանսֆերների համար մեծ գումարներ չեն տրամադրում եւ հիմնականում փորձում են ֆուտբոլիստներին գնել շատ ցածր գնով կամ վարձակալելով:

«Յուվենթուս»

Ա Սերիայի վերջին 3 մրցաշրջաններում չեմպիոն հռչակված թիմն ամռան ընթացքում կարողացավ պահպանել թիմի «կորիզը» եւ հեռացած մի քանի պահեստային խաղացողների փոխարեն ձեռք բերեց նոր ֆուտբոլիստներ:

«Յուվենթուսի» ամենաթանկ տրանսֆերը ամենաթանկերից մեկը դարձավ Իտալիայում: Իսպանացի երիտասարդ հարձակվող Ալվարո Մորատան Թուրին ժամանեց Մադրիդից, ուր նա խաղում էր Մադրիդի «Ռեալի» կազմում: Տեղափոխության համար իտալական կողմը վճարեց 20 մլն եվրո: «Սասուոլոյի» նախկին կիսապաշտպան Ստեֆանո Ստուրարոն «Յուվեի» համար արժեցավ 5,5 մլն եվրո, իսկ ահա ֆրանսիացի պաշտպան Պատրիս Էվրայի համար ակումբը գումար չվճարեց: 2014-2015թթ. մրցաշրջանում «Յուվենթուսի» ֆուտբոլիստներ են համարվելու նաեւ Ռոբերտո Պերեյրան եւ Ռոմուլոն, ովքեր թիմ են տեղափոխվել վարձակալական հիմունքով:

«Նապոլի»

Բելգիայի նախորդ առաջնության լավագույն կենտրոնական պաշտպաններից մեկը` Կալիդու Կուլիբալին  7 մլն եվրո արժեցավ «Նապոլիի» համար: Գումարը փոխանցվեց բելգիական «Գենկ» թիմի հաշվեհամարին: Հոլանդիայի հավաքականի կիսապաշտպան Ջոնաթան դե Գուզմանի համար «Վիլյառեալը» ստացավ 6, իսկ «Էսպանյոլը»` Դավիդ Լոպեսի համար 5,3 մլն եվրո: Նշենք, որ բացի այս ֆուտբոլիստներից «Նապոլիում» հանդես կգան նաեւ արգենտինացի դարպասապահ Մարիանո Անդուխարը եւ «Սուոնսիից» վարձավճարով տեղափոխված Միչուն:

«Ռոմա»

Հռոմյական թիմը նախորդ մրցաշրջանում գրանցեց փայլուն արդյունք` գրավելով երկրորդ հորիզոնականը, ուստի պարզ դարձավ, որ «գայլերը» ամռանը նոր ֆուտբոլիստներ կգնեն գալիք մրցաշրջանում չեմպիոն հռչակվելու համար: Արգենտինացի երիտասարդ վինգեր Խուան Իտուրբեի համար ակումբի ղեկավարությունը «Վերոնաին» վճարեց ոչ ավել, ոչ պակաս 22 մլն եվրո: Հույն պաշտպան Կոստաս Մանոլասի տեղափոխության դիմաց «Օլիմիպիակոսը» ստացավ 13 մլն եվրո: «Ռոման» կարեւոր քայլ կատարեց` 6 մլն եվրոյի դիմաց «Կալյարիից» գնելով Ռաջա Նայնգոլանի ամբողջական տրանսֆերը: 18-ամյա հարձակվող Անտոնիո Սանարաբիան ակումբի համար արժեցավ 4,9 մլն, իսկ Խոսե Հոլեբասը` 1 մլն եվրո: Արժե նշել, որ վարձավճարով «Ռոմա» տեղափոխվեցին նաեւ Դավիդե Աստորին, Պապու Յանգա-Մբիվան, Լեանդրո Պարեդեսը եւ թուրքական ֆուտբոլի ծագող աստղ Սալիհ Ուչանը: Առանց փոխհատուցման արդեն իսկ «Ռոմայի» ֆուտբոլիստներ են համարվում Էշլի Քոլը, Սեյդու Կեյտան եւ Ուրբի Էմանուելսոնը:

«Ինտեր»

«Ինտերի» ղեակավարությունը երկարատեւ բանակցություններից հետո հաջողվեց 8 մլն եվրոյի դիմաց ձեռք բերել անգլիական «Քարդիֆի» կիսապաշտպան Գարի Մեդելեին: «Մանչեսթեր Յունայթեդի» հետ պայմանագիրն ավարտած սերբ պաշտպան Նեմանյա Վիդիչը միլանյան ակումբ տեղափոխվեց անվճար: Վարձակալությամբ թիմի կազմը համալրեցին Յան Մվիլան, Դոդոն եւ Պաբլո Դանիել Օսվալդոն:

«Միլան»

Միլան քաղաքի համանուն թիմի համար այս տրանսֆերային պատուհանը կարելի է ամենահաջողը համարել վերջին տարիների կտրվածքով: Թիմի փոխնախագահ Ադրիանո Գալիանիին հաջողվեց 7 մլն եվրոյով գնել Ատլանտայի կիսապաշտպան Ջիակոմո Բոնավենտուրային եւ 4,25 մլն-ով` Ադիլ Ռամիին: Ֆեռնանդո Տորրեսը, Մարկո Վան Գինկելը  եւ Պաբլո Արմերոն «Միլանի» կազմը համալրեցին վարձակալությամբ, իսկ ահա Դիգո Լոպեսը, Միքայել Ագացին, Ժերեմի Մենեզն ու բրազիլացի պաշտպան Ալեքսը ակումբի խաղացող դարձան առանց որեւէ փոխհատուցման:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter