HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԼՂՀ բանակի նշանակությունը միջազգային շահերի հոլովույթում-1

Սարո Սարոյան
Քաղաքական վերլուծաբան

Միջազգային հարաբերություններում շահերի վերհանման խնդիրը կարեւորագույն նշանակություն ունի, քանզի այն քաղաքական սուբյեկտների միջեւ եղած փոխհարաբերությունների շոգեքարշն է: Սակայն հարկ է նկատել, որ փոխշահավետ պայմանավորվածությունների ու գործակցության հիմնաղբյուր ծառայելուց բացի, միմյանց փոխլրացնող, փոխազդող ու փոխհակադրվող շահերի գնահատումը հնարավորություն է տալիս ծրագրել այնպիսի մոտեցումներ, որոնց միջոցով միջազգային հարաբերությունների առանձին սուբյեկտներ (այդ թվում` փոքր ծավալներ կամ քիչ ռեսուրսներ ունեցող) գործնականում կարող են ձեռք բերել անբեկանելի դիրքեր ու իրացնել երբեմն ոչ տեսանելի հնարավորություններ: Այդ տեսանկյունից աշխարհում ներկայանալի կարեւոր սուբյեկտներից է ֆորմալ առումով չճանաչված, բայց դե ֆակտո գոյություն ունեցող Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:

Ներկայացված պնդումը իբրեւ մասնավոր կարծիք չդիտարկելու համար հարկ է պատասխանել հետեւյալ հարցին` արտաքին քաղաքական խաղացողները արդյոք շահագրգռվա՞ծ են ԼՂՀ գոյությամբ, եւ եթե այո, ապա` ի՞նչ հիմնարար շահերից ելնելով:

Մեր քաղաքական միտքը տվյալ հարցի պատասխանն առավելապես պայմանավորել է Էգեյան ծովից մինչեւ Ալթայ ձգվող թուրքական աշխարհի երկու տարբեր մասերի միացմանը խոչընդոտող եւ այդ աշխարհի կարեւոր հանգուցային մի կետում սեպի նման խրված հայկական երկու պետական կազմավորումների գոյությամբ: Այլ կերպ ասած` պայմանավորել է տարածաշրջանում հայկական տարրի զբաղեցրած հարմար աշխարհագրական դիրքով:

Անշուշտ, թե՛ Արեւմուտքի, թե՛ Չինաստանի, թե՛ Ռուսաստանի եւ թե՛ Իրանի շահերին դեմ է ֆիզիկապես միաձույլ «Թուրքական աշխարհի» գոյությունը: Իսկ Հայաստանի ու Վրաստանի Հանրապետությունների ներկա սահմանները թույլ չեն տալիս, որ Թուրքիան ցամաքային կապով միանա Ադրբեջանին եւ նրա միջոցով` Կենտրոնական Ասիայի երկրներին: Ուստի, այդ տեսանկյունից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն ընդամենը օժանդակ նշանակություն ունի Հայաստանի Հանրապետության ստանձնած աշխարհաքաղաքական տվյալ դերակատարության համար:

Տեսականորեն սա հիմք է տալիս ենթադրել, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արժեքը, կարգավիճակի ապագան ու քաղաքական հնարավորությունները կախված են աշխարհի քաղաքական քարտեզի վրա եւ միջազգային հարաբերություններում Հայաստանի Հանրապետության ունեցած դիրքից ու նշանակությունից: Նկատենք, որ գլխավորապես հենց այս հիմնավորումն էլ ընկած է հայոց քաղաքական մտքի կողմից շրջանառվող եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նշանակությունը պարզաբանող մեկնաբանությունների հիմքում: Մինչ այժմ իբրեւ ռազմաքաղաքական միավոր նրան առավելապես վերապահվել է Հայաստանի Հանրապետության հարավային դարպասներն անառիկ պահելու գործառույթ: Ըստ այդ մեկնաբանության` հենց դրանում են շահագրգիռ միջազգային քաղաքականության մեջ առանցքային դերակատարություն ունեցող սուբյեկտներից շատերը:

Թուրքական վտանգը դիմագրավելիս Հայաստանի Հանրապետության հնարավոր առավելագույն պաշտպանունակության հարցում, անշուշտ, շահագրգիռ են աշխարհաքաղաքական շատ ուժեր, եւ ԼՂՀ-ն այդ գործում ունի առանցքային նշանակություն: Սակայն, բացի նշված հանգամանքից գոյություն ունի կարեւոր մի այլ գործոն եւս, որն այսօր ԼՂՀ գոյության ու զարգացման գլխավոր երաշխիքներից մեկն է դարձել:

Իր կազմավորման դժվարին ճանապարհին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը աշխարհին է ներկայացել հիմնարար մի ինստիտուտի` բանակի միջոցով: Աշխարհն ընդունել է Արցախի դե ֆակտո գոյությունը նրա բանակի մարտունակության շնորհիվ: Այդուհետ, ելնելով առկա սպառազինության որակից, զինուժի քանակից եւ մարտական ոգու բարձր աստիճանից, ԼՂՀ բանակի գործոնը գերտերությունները ծառայեցրել են տարածաշրջանում ռազմաքաղաքական տարբեր գործընթացների ուղղորդման կամ զսպման գործին:

Բացի այդ, բանակի արժեքը մեծ է եղել Արցախի ներքաղաքական կյանքի կարգավորման տեսանկյունից: Ինչպես նախորդ տարիներին, այսօր եւս ԼՂՀ-ի պետականությունը հիմնվում է հենց բանակի բնականոն կենսագործունեության վրա: Բանակը դարձել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիումի կազմակերպման, նրա կառավարության իրականացրած տնտեսական ու սոցիալական քաղաքականությունների առանցքը:

Թվում է, թե միջազգային շահերի դիտանկյունից Արցախի ահռելի չափերի ռազմականացվածությունն ու դրա նկատմամբ աշխարհաքաղաքական ուժերի լոյալությունը պայմանավորված է եղել Հայաստանի Հանրապետության հարավային դարպասների պաշտպանության գործում ԼՂՀ-ի նշված դերակատարությամբ: Սակայն աշխարհում տեղի ունեցող ռազմաքաղաքական գործընթացները վկայում են, որ վերջին տարիներին միջազգային հիմնական ակտորները ԼՂՀ բանակին դիտարկել են որպես ինքնուրույն այնպիսի գործոն, որը երբեւէ կարող է ստանձնել գլոբալ խնդիրների լուծման գործառույթներ: Ռազմական ու քաղաքական որոշակի պարամետրերից ելնելով` կարելի է անգամ ենթադրել, որ առանձին միջազգային ուժեր մարտունակ բանակի միջոցով ԼՂՀ-ին վերապահված տարածաշրջանային ինքնուրույն դերակատարությունն ինչ-որ առումով ավելի բարձր են դիտարկել, քանց նրա` զուտ Հայաստանի Հանրապետության հարավային սահմանները պաշտպանելու գործառույթը սպասարկելը:

Մասնավորապես, գերտերությունների եւ ուժային կենտրոնների անգործությունը ՄԱԿ-ի ԱԽ 1993թ. չորս բանաձեւերի կատարման նկատմամբ, ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից առավելապես ստատուս-քվոյի պահպանմանը միտված ռազմավարությունը, Լեռնային Ղարաբաղի ենթակայության տակ գտնվող անվտանգության գոտում բնակեցման քաղաքականության եւ հանքահումքային ռեսուրսների շահագործման նկատմամբ լոյալությունը, վերջին տարիներին Արեւմուտքի, այն է` ԱՄՆ-ի, Ավստրալիայի, Իսպանիայի առանձին նահանգների, ինչպես նաեւ Ուրուգվայի կողմից ԼՂՀ անկախության ճանաչմանը միտված քաղաքականության ի հայտ գալը, Իրան-ԼՂՀ ուղղակի կապերի ու հարաբերությունների անարգել ծավալումը, միջազգային դիվանագիտության մեջ ԼՂՀ-ի առավելապես դրական լույսի ներքո ներկայացումը եւ այլ փաստեր վկայում են Արցախի սուբյեկտայնության պահպանման ու մեծացման գործում միջազգային տարբեր ուժերի ցանկությունների եւ շահերի գոյության մասին: Չպետք է կասկածներ ունենալ, թե այդ ուժերի համար տարածաշրջանում իրենց շահերը ծրագրավորելիս ու գործարկելիս տեսանելի չեն մնում ԼՂՀ ահռելի չափերի ռազմականացվածության եւ սեփական սոցիումը բանակի վրա կառուցելու իրողությունները: Ընդհակառակը, Արցախի բանակը ձեւավորվել ու կայացել է միջազգային հանրության լուռ համաձայնությամբ ու նրանց անուղղակի միջամտությամբ: Իսկ դա խոսում է առանձին ուժերի գիտակցված քաղաքական կուրսի գոյության մասին:

Տարածաշրջանում ծավալվող ռազմաքաղաքական գործընթացների ներկայիս միտումներն աչքի առաջ ունենալով, կարելի է պնդել, որ նրա կարիքը տարածաշրջանում զգացվելու է առաջիկա տարիներին: Եւ դա միջազգային ակտորների հետապնդած շահերի էվոլյուցիայի արդյունքն է:

(Շարունակելի)                                  

Մեկնաբանություններ (1)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
Համաձայն եմ: Նույնիսկ 10-20 հազար զինվոր ունեցող կանոնավոր բանակն արդեն բավականի՛ն հետաքրքիր է Արևմուտքի, հատկապես ԱՄՆ-ի համար: Հիմնական պատճառներից մեկն այն է,որ ԼՂՀ-ում ռուսական զորք չկա ու սա,ամե՛ն գնով, պիտի այսպես պահել: Եթե ՀՀ-ն կարճատես գտնվի ու միանա ԵՏՄ-ին,ապա Արցախի նշանակությունը ԱՄՆ-ի/ Արևմուտքի համար է՛լ ավելի է մեծանալու՝ որպես հակակշիռ՝ ռուսականացված ՀՀ-ի դեմ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter