HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հոգու պարտքը այդ զգացումն ունեցողինն է

Ռազմիկ Մարկոսյան

«Այլ երբ դու ողորմություն անես, թող չիմանա քո ձախ ձեռքը, թե ինչ է անում աջը…»: Մատթեոս, գլուխ 6:3

Ստալինյան բռնատիրության ֆենոմենի ուսումնասիրությունը երբեք չի ավարտվի: Չափազանց շատ են մինչ օրս անզղջում մնացած մեղքերը, հարյուրապատիկ շատ, քան այդ բռնապետությանը զոհ գնացածները, որոնց քանակը յոթանիշ թվով է արտահայտվում: Նրանց հիշատակի համար նախկին խորհրդային երկրի տարբեր վայրերում դրված հուշաքարերը չեն կարող իրենց վրա վերցնել զղջումի ողջ բեռը, բայց կարող են մի փոքր սփոփանք դառնալ: Այդպիսի հուշաքարեր կան Ղազախստանի Ակմոլենսկ բնակավայրում տեղակայված АЛЖИР, հայերեն թարգմանությամբ՝ ՀԴԿԱՃ (հայրենիքի դավաճանների կանանց Ակմոլենսկի ճամբար)-ում, որ թանգարան-արգելոցի է վերածվել: Թանգարան-արգելոցի վերածված մի այլ վայրում` ՌԴ Սոլովեցկյան կղզիներում գտնվող Հատուկ նշանակության սոլովեցկյան բանտի (Սոլովկի) տարածքում նույնպես հուշաքարեր կան: Վերջին շրջանում ԳՈՒԼԱԳ-ի համակարգի այս երկու վայրերում ես տեսա նախկին խորհրդային հանրապետությունների կողմից իրենց հայրենակիցների հիշատակը հավերժացնող այդ քարե խոնարհումները:

Ակմոլենսկ ու Սոլովկի կատարած այցելություններս պաշտոնական գործուղմամբ էին: Քաղաքական անկախության գաղափարակիր լինելու համար Ակմոլնի աքսորված լինելուց երեսուներկու տարի անց, որպես Հայաստանի պատվիրակության ղեկավար, մեկնեցի Ղազախստան՝ մասնակցելու «Կրոնի դերը ԱՊՀ երկրներում» թեմայով միջազգային կոնֆերանսին: Պաշտոնական հանդիպումներն ավարտվելուն պես այցելեցի իմ նախկին աքսորավայրը: Այդ այցելության մասին «Հետք» թերթում տպագրել եմ «Մահացու կյանքը» հոդվածը: Իսկ «Երկիրն առանց երկնքի» հոդվածում նկարագրել եմ իմ այցելությունը նախկին Սոլովեցկյան համակենտրոնացման ճամբար: Այս երկու վայրերում էլ Հայաստանը ներկայացված չէր, չնայած մեր երկրի` ազգային ընդհանուր թվաքանակի համեմատությամբ կրած մեծաքանակ կորուստին: Սոլովկիի արգելոց-թանգարանի աշխատակիցն իր անկեղծ սրտացավությունը հայտնեց այն կապակցությամբ, որ նախկին խորհրդային հանրապետությունների հուշաքարերի կողքին չկա Հայաստանի կողմից ներկայացվածը:

Վերադառնալուն պես ձեռնամուխ եղա հուշաքարի պատրաստմանը: Մեր կառավարությունը, ցավոք, չընկալեց ԳՈՒԼԱԳ-ի համակարգում հանիրավի զոհված հայերի համար հուշաքարի տեղադրման գործի կարևորությունը: Ստիպված էի անձնական նախաձեռնություն դրսևորել, քանի որ Արխանգելսկի ղեկավարության հետ բանավոր պայմանավորվածություն ու այդ կապակցությամբ այստեղ արդեն իսկ արված բավական աշխատանք կար: Հայաստանաբնակ ամենահավանական աջակիցներից ֆինանսական օգնություն չստանալով` դիմեցի մոսկվայաբնակ մեր հայրենակիցներից մեկին: Պատմեցի նրան ստեղծված իրադրությունը ու որպես պատասխան ստացա նրա ըմբռնումն ու պատրաստակամության դրսևորումը: Ինչ վերաբերում է որպես բարերարի իր անվան հանրայնացմանը, հորդորեց ձեռնպահ մնալ:  

Հուշաքարը Երևանից Սանկտ-Պետերբուրգ, ապա Արխանգելսկ ու Սոլովեցկյան կղզիներ տեղափոխելու, այնուհետև դրա տեղադրման հետ կապված դժվարին աշխատանքները ես արեցի իմ երկրի անունից: Ասենք, այնտեղ դա այլ կերպ չէին էլ կարող ընկալել: Նրանց երևակայությունը չէր զորի, որ նման կարևոր միջոցառումը, որը պատկան երկրում պետք է որ մեծ անդրադարձ ունենար, կարելի է կատարել անձնական նախաձեռնությամբ. պատրաստել հուշաքարը, ընտրել նրա վրա գրվելիք տեքստը, հասցնել աշխարհի ծայրը ու երկրի անունից տեղադրել մի այլ երկրի պետական հսկողության տակ գտնվող և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պահպանությանը ենթակա թանգարան-արգելոցում: Եվ հիմա էլ, ահավասիկ, իմ նախաձեռնությամբ հայտնում եմ իմ հայրենակիցներին, որ ՌԴ Սոլովեցկյան կղզիներում տեղակայված Հատուկ նշանակության սոլովեցկյան բանտի տարածքում արդեն առկա է մեր բռնադատված հայրենակիցների հարգանքի տուրք-հուշաքարը: 

Միայնակ, մեծ դժվարությամբ իմ տեղ հասցրած հայաստանյան հուշաքարի տեղադրման ամբողջ արարողակարգը մշակված էր ու վերահսկվում էր Արխանգելսկի մարզի պաշտոնյաների կողմից: Հարգանքիս տուրքն եմ մատուցում Բալաշով Ռոման Վիտորովիչին (Արխանգելսկի մարզի նահանգապետի տեղակալ` Սոլովեցկայն արշիպելագի զարգացման գծով), նրա խորհրդական Ժուրավսկի Ալեքսանդր Եֆիմովիչին, ինչպես նաև Կալինին Ալեքսեյ Գենրիխովիչին (Արխանգելսկի կառավարության` միջազգային կապերի և պետական արարողակարգի բաժնի պետ): Չեմ մոռանա այն հարգալից վերաբերմունքը, որ դրսևորեցին այս պաշտոնյաները ի դեմս ինձ` մեր երկրի ներկայացուցչի նկատմամբ, որի ջանքի դրսևորմամբ որոշ չափով պիտի սրբվեր ստալինյան բռնապետության ամոթն ու մեղմվեր Հայաստանի բաժին ցավը:

Շնորհակալությունս պիտի հայտնեմ Արխանգելսկի հայկական համայնքի ղեկավար Մամիկոն Գեգչյանին, ինչպես նաև հուշաքարը տեղադրող վարպետներին, որ Սոլովկիի վեց կղզիներից մեկից` Անզերից հրավիրված չորս եղեգնաձորցիներ էին` Տիգրան Ասատրյանի գլխավորությամբ: Տիգրանը մեր Նորավանքի եկեղեցին վերականգնող վարպետն է:  Արխանգելսկում նրան մեծ գնահատանքի արժանանացնելով` վստահել են Անզերի Գողգոթա եկեղեցու վերականգնման աշխատանքները, ինչը Տիգրանն արդեն պատվով ավարտին է հասցրել:

Հուշաքարի տեղադրման աշխատանքների ընթացքում պարզվեց, որ Տիգրանի պապը նույնպես Սոլովկիի համակենտրոնացման ճանբարում է եղել: Նրա վերջին նամակն ուղարկված է Կեմից: Այդուհետ ոչ մի տեղեկություն չի ստացվել: Հարազատները չգիտեն, թե նրա վախճանը որտեղ է եղել և ինչպես: Ես Սոլովեցկայն ճամբարի մասին գրած իմ «Երկիրն առանց երկնքի» հոդվածի հետ ընթերցողին ներկայացրել եմ Սոլովկիում զոհված հայերի ցուցակը, որն ինձ հաջողվել էր ձեռք բերել: Տիգրանին առաջարկեցի ծանոթանալ այդ ցուցակին: Հուզիչ էր պահը: Նրա պապն իմ ցուցակում 10-րդն էր: Նշված էր նաև գնդակահարության տարեթիվը` 03.10.37թ: Տիգրանը ասես կորած հարազատից մասունք գտած լիներ: Անմիջապես զանգահարեց Եղեգնաձոր և լուրը հայտնեց հարազատներին:

Նախախնամությունը հոգացել էր, որ Տիգրանն էլ մասնակցի այն հուշաքարի տեղադրմանը, որը գերեզմանաքար ու ուխտատեղի պիտի հանդիսանա նաև իր պապի համար: Նա ինձանից իմացավ, որ հուշաքարի տեքստի հրաշալի տառատեսակը ճարտարապետ Ասլան Մխիթարյանի նվերն է: Խոսեցինք նաև մեր հայրենակից, մոսկվայաբնակ բարերարի մասին, որը նույնպես եղեգնաձորցի է: Զարմանալի զուգադիպությունների շարքը շարունակվեց՝ ինձ մղելով դեպի բարերարի անունը բարձրաձայնելու պատասխանատվությունը: Նա Հայաստանի նախկին պետական գործիչ Գագիկ Մարտիրոսյանն է: Այսպես գոյացավ մի ինքնատիպ հայրենակցական կապ` մի բարի գործի առնչությամբ, որին մասնակից լինելը երանություն է: Այդպիսի երանություն ճաշակում են նրանք, ովքեր գիտեն, որ իրական վարձքը անցավորից չեն առնում:

ԳՈՒԼԱԳԻ-ի հզոր համակարգը սարդոստայնի պես տարածված էր: Նախկին խորհրդային հանրապետությունները հուշաքարեր ունեն տեղադրած նրա` թանգարան-արգելոցի վերածված բոլոր վայրերում: Ժամանակին իր հերթին բռնատիրության ալիքը սանձազերծած Անաստաս Միկոյանի արձանը տեղադրել պատրաստվող մեր երկրի անունից սա առաջին հուշաքարն էր, որ տեղադրվեց իր մութ անցյալը, համենայն դեպս, ոչ մեր` հայերիս վեհերոտությամբ հիշող ու բարձրաձայնող ռուսների հողում, որտեղ տանջամահ եղած ու մեծ մասամբ գերեզման չունեցող մեր հայրենակիցների առաջ մենք` ապրողներս, հուշաքարով չէ միայն, որ պիտի հատուցենք: Հուշաքարերը չեն կարող իրենց վրա վերցնել զղջումի ողջ բեռը: Դրանք պարզապես կարող են մի փոքր սփոփանք լինել ու իրենց գոյությամբ հույս ներշնչել, որ անցյալը չի կրկնվելու:

Սոլովկի, 20-27. 08. 2014թ

Մեկնաբանություններ (3)

Անդրանիկ Հակոբյան
Վարձքդ ի կատար ընկերս: Նույնիսկ չգիտեմ, թե հազար-հազար անմեղ զոհերի հիշատակի ու հիշատակության նվիրաբերումիդ համար շնորհակալության զգացումս է շատ, թե մարդկանց ու հասարակարգերի քար անտարբերության ու մոռացումի խավարից անմեղ նահատակումի վտանգավոր օրինակը փրկել- պաշտպանելու, կոչնակն արթուն պահելու ազնիվ ջանադրությանդ հանդեպ երախտագիտությունս: Նախախնամության կամքն է նաև, որ ստալինյան աքսորականների ու զոհերի առաջին սերնդի հիշատակի քարը դնում է աքսորլաների ու հալածականների երկրորդ սերնդի ներկայացուցիչը: Քո սերնդին և քեզ արժանին մատուցելու հարգանքի ու փառաբանության տուրքը երբևէ կուզենայի կատարեր ազատ, անկախ Հայաստանի մի քաղաքացի, որն իր մաշկի վրա չի ապրելու անազատությունն ու աքսորը: Թող աստված խաղաղություն բերի բոլոր ժամանակների և բոլոր ժողովուրդների անմեղ զոհերի հոգիներին:
Երազիկ Գրիգորյան
Այո, հոգու պարտքը այդ զգացումն ունեցողինն է: Խոնարհումս բոլոր այն մարդկանց, ովքեր սեփական հոգսի պես են կրում այս երկրի հոգսը:
Հ. Մարտիրոսյան
Ուրախ եմ, որ կարողացար հաթահարել բոլոր դժվարությունները և գլուխ բերեցիր անչափ կարևոր գործ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter