HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Թեժ աշունը» եւ «սառը ցնցուղը»

Էդգար Վարդանյան

Գրեթե ամեն ամառ իշխանությունում չգտնվող քաղաքական ուժերը հայտարարում են, որ աշունը թեժ է լինելու։ Սակայն, որպես կանոն, հանրությանը չի տրվում «թեժ աշուն» հասկացության հստակ բացատրությունը, ինչը հանգեցնում է տարընկալումների, հիասթափությունների, շահարկումների մի ամբողջ շարանի առաջացմանը։ Օրեր առաջ ՀՀ ոստիկանապետը լրագրողների հետ կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարեց, որ «թեժ աշնան» համար կան սառը ցնցուղներ եւ ասաց, որ եթե դա էլ չօգնի, ուրեմն ավելի «թեժ աշուն» կարող է լինել։

Այսինքն` ստացվում է, որ «թեժ աշուն» հասկացությունը ոստիկանապետի մոտ առաջին հերթին զուգորդվում է «զանգվածային անկարգություններ» կոչվող օրինախախտման հետ, որոնց մասնակիցների նկատմամբ ոստիկանությունը չի վարանի հատուկ միջոցներ կիրառել։

Ամբողջ աշխարհում էլ երբեմն բողոքի ակցիաները վեր են ածվում զանգվածային անկարգությունների: Եվ նույնիսկ ամենադեմոկրատական երկրներում ոստիկանությունը կարգ ու կանոն հաստատելու համար հաճախ կիրառում է հատուկ միջոցներ։ Ավելին, գրեթե ամենուր գոյություն ունեն քաղաքական, քաղաքացիական պայքարն ի սկզբանե բռնի մեթոդներով իրականացնելու կողմնակիցներ։ Սակայն սոցիալական շարժումները, որոնց գործունեության մի զգալի մասը դրսեւորվում է փողոցներում, ավելի հաճախ դիմում են պայքարի խաղաղ մեթոդների։ Խաղաղ, ոչ բռնի մեթոդներով պայքարը «քաղաքացիական անհնազանդության» փիլիսոփայական հիմքն է։

Հայաստանյան ընդդիմադիր խոշոր քաղաքական ուժերը մշտապես հայտարարել են, որ իրենց պայքարը խաղաղ բնույթ ունի։ Եվ իրոք, որպես կանոն, նրանց կողմից կազմակերպված ակցիաները կրել են խաղաղ բնույթ։ Սակայն, կարծում ենք, որ հանրությանը երբեւէ հստակ չի ներկայացվել, թե կոնկրետ ինչպես են խաղաղ բնույթ կրող ակցիաների միջոցով մարդիկ հասնում հայտարարված նպատակի իրագործմանը՝ լինի նախագահի հրաժարական, կամ, ասենք, ԱԺ ինչ-որ օրենքի բեկանում եւ այլն։

Երբ հնչում է պահանջ եւ, օրինակ, կազմակերպվում է հանրահավաք կամ երթ, որի ժամանակ հայտարարվում է, որ մի քանի նմանատիպ միջոցառման միջոցով հանրությունը հասնելու է այդ պահանջի իրագործմանը, եւ երբ այդ պահանջը չի իրագործվում, մարդիկ, հերթական անգամ լսելով թեժ աշնան մասին, կարող են մտածել, որ այս անգամ, միգուցե, ամեն ինչ այլ է լինելու: Եվ կարող են կարծել, որ այդ «այլը»,  միգուցե, բռնի գործողություններն են լինելու, քանի որ իրենց նախկին խաղաղ ակցիաները արդյունքի չեն հանգեցրել։ Երբ «թեժ աշունը» դրսեւորվում է նույնատեսակ խաղաղ ակցիաներով, եւ հերթական անգամ հաջողություն չի գրանցվում, մարդիկ ասում են, որ հերթական անգամ խաբվեցին եւ կարող են նաեւ մտածել, որ պարտվեցին, քանի որ վճռական, ենթադրյալ բռնի գործողությունները տեղի չունեցան։

Վովա Գասպարյանն ասում է, որ չի հանդուրժի, որ իր երկրի մեջ «իրար կոտորեն, իրար սպանեն, հակառակորդն էլ օգտվի դրանից»։ Ինքնին դա շատ լավ դիրքորոշում է։ Ուղղակի հասկանալի չէ, թե ինչի՞ հիման վրա է ոստիկանապետը որոշել, որ «թեժ աշնանը» պատրաստվում են «իրար կոտորել, իրար սպանել»։ Եթե կան նման տեղեկություններ, ճիշտ կլինի հրապարակել դրանք, որ մարդիկ ակամայից չդառնան «իրար սպանողների» բանակների մասնակիցը եւ զոհը։ Եթե չկան նման տեղեկություններ, ապա նման հայտարարությունները կարող են դիտվել որպես Հայաստանում պետության եւ իշխանության սերտաճման վառ վկայություն, քանի որ կստացվի, որ ոստիկանապետը, օգտագործելով իր դիրքը, քաղաքականությամբ է զբաղվում՝ ընդդիմադիր քաղաքական ուժերի նկատմամբ հակաքարոզչություն է անում եւ, հնարավոր է, պետական ռեսուրսների միջոցով պատրաստվում է խոչընդոտել ընդդիմադիր ուժերի ակտիվ գործունեւությանը, ինչի իրավունքը նա, բնականաբար, չունի։ Այ, եթե նա, այս ամենի հետ մեկտեղ, նաեւ ասեր, որ թույլ չի տա, որ իշխանություններն իրենց ամբիցիաները բավարարելու, սեփական հարստությունը պահպանելու համար կողոպտեն եւ ճնշեն ժողովրդին, ապա կարող էինք նշել, որ նա չեզոք դիրքերից է խոսում։

Եվ մի բան էլ՝  ոստիկանապետը նաեւ ասել է, որ «եթե թեժ աշունները օրենքի խախտումներով են լինելու», նա չի հանդուրժի դա։ Պետք է հիշեցնել, որ անօրինական գործողությունը չի ենթադրում անպայման «իրար կոտորել», «իրար սպանել»։ Օրինակ` սեփական մարմիններով մայրուղու անժամկետ փակումը ֆորմալ առումով նույնպես անօրինական գործողություն է։ Սակայն, եթե դա արվում է քաղաքական եւ քաղաքացիական պայքարի շրջանակներում, ապա այն մտնում է «քաղաքացիական անհնազանդության» զինանոցի մեջ, որն, ի դեպ, ինչպես երեւում է «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մեկնաբանություններ» ժողովածուից, ճանաչված է որպես իրավունք ՀՀ սահմանադրական դատարանի անդամների կողմից։ 

Մեկնաբանություններ (1)

barséghian
20 dari nouyn xapébaoutioun. Désank iskagan dak Karoun, mard 1, yèv tavadjanoutioun. Asonts hamar, badmoutian yérgatorin antsav té antsav. Mindj nor varord ...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter