HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Սա քաղաքական հարց է, Վոլոդյան էլ` քաղաքական բանտարկյալ»

Պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը կշարունակի մնալ բանտում: Նրա դատավճիռն այսօր թողնվեց անփոփոխ` 6 տարի պատժաչափով: Վերաքննիչ քրեական դատարանը, դատավոր Կարինե Ղազարյանի գլխավորությամբ, ամբողջությամբ մերժեց պահեստազորի գնդապետ Վալոդյա Ավետիսյանի պաշտպան Արա Զաքարյանի բողոքը: Պաշտպանը միջնորդել էր բեկանել Արաբկիր-Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը և գործ ուղարկել հետքննության Կենտրոն-Նորք-Մարաշի դատարան կամ կայացնել արդարացման դատավճիռ: Մերժման դեպքում` գոնե մեղմացնել 6 տարվա պատժաչափը այնպես, որ խարդախության մեջ մեղադրվող, Արցախյան պատերազմի մասնակից Վոլոդյա Ավետիսյանի նկատմամբ կիրառվի վերջին համաներումը:

Մինչ խորհրդակցական սենյակ հեռանալը, դատարանն արդեն մերժել էր փաստաբան Արա Զաքարյանի 4 միջնորդությունները` դատարան հարցաքննության հրավիրել ՊՆ Սեյրան Օհանյանին, քննիչ Խաչիկյանին, անթույլատրելի ճանաչել առաջին ատյանի դատարանում չհարցաքննված վկաների նախաքննական ցուցմունքները և տրամադրել ԱԱԾ-ի կողմից կատարված գաղտնալսումների` դատարանի կողմից տրված թույլտվությունների որոշումները:

«Մեկ անգամ չէ, որ իմ պաշտպանյալը հայտարարել է` տարբեր բարձրաստիճան անձինք, այդ թվում` Սեյրան Օհանյանը, հորդորել են իրեն հեռու մնալ ազատամարտիկների սոցիալական հարցերի մասին բարձրաձայնելուց` խոստանալով ֆինանսական աջակցություն ու բիզնես: Սեյրան Օհանյանը հայտարարել է, որ Վոլոդյա Ավետիսյանը իրենց պայմանավորվածությունը խախտել է, որի համար պատասխան է տալիս: Դատարանում Սեյրան Օհանյանի հարցաքննությամբ կարող էին գործին առնչվող էական հանգամանքներ պարզվել»,- ասաց փաստաբան Արա Զաքարյանը` ներկայացնելով բողոքի հիմքերը:

Մինչդեռ մեղադրող դատախազ Պապիկյանը նշեց, որ փաստաբանի բողոքն անհիմն է, իսկ դատավոր Լևոն Ավետիսյանի դատավճիռը օրինական է ու հիմնավոր: Մեղադրողի կարծիքով, դատարանն արդարացի պատիժ է նշանակել Վոլոդյա Ավետիսյանին: Ինչ վերաբերում է պաշտպանության նախարարին դատարան հրավիրելուն, ըստ դատախազի, դա որևէ առնչություն չունի մեղադրանքի ծավալի հետ: Քննիչին դատարան հրավիրելու հետ կապված էլ մեղադրողը որևէ հիմք չի տեսնում, քանի որ «վկա Հարոյանը դատարանում ասաց, որ Երևանում մնալու տեղ չեն ունեցել, դրա համար գիշերով ՌՈ շենքից դուրս չեն եկել: Նրանց ոչ մեկը չէր պահել բռնի ուժով»,- ասաց մեղադրողը:

- Ռազմական ոստիկանության շենքը հյուրանո՞ց ա,- ռեպլիկ հնչեց դահլիճից:

- Լա՞վ ես քնում գիշերները,- դատախազին նայելով` հարցրեց ազատամարտիկ Գագիկ Սարուխանյանը, ում դահլիճից դուրս հրավիրեց նախագահողը:

- Հանեք-հանեք, դահլիճից հանեք, Հայաստանից հանեք... ,- դատարանից դուրս գալով` ասաց ազատամարտիկը:

Վոլոդյա Ավետիսյանը ևս մեկ անգամ հայտարարեց, որ որևէ սպասելիք չունի հայաստանյան արդարադատությոնից. «Չեմ հավատում Հայաստանի արդարադատությանը»,-ասաց նա:

Արա Զաքարյանը նաև դատարանի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքին, որ Վոլոդյա Ավետիսյանի համար մեղմացուցիչ հանգամանքները շատ են` մասնակցություն Արցախյան պատերազմին, բազմաթիվ մեդալներ, պատվոգրեր ու շնորհակալագրեր, նախկինում դատված չլինելը, խնամքին 3 անչափահաս երեխա, անբասիր կենսագրություն. «Իսկ ծանրացնող հանգամանքներ չկան, այնինչ դատարանը պատիժների գրեթե ամենաբարձր շեմն է նշանակել, այնպես, որ համաներումը չտարածվի Վոլոդյա Ավետիսյանի վրա»,-նկատեց փաստաբանը:

-Ռեժիմը հավերժ չի,-դահլիճից դուրս գալուց առաջ բացականչեց Նախախորհրդարանի անդամ Եղիա Ներսիսյանը:

Փաստաբան Արա Զաքարյանը, «Հետքի» հարցին պատասխանելով, ասաց, որ պատրաստվում է բողոք ներկայացնել Վճռաբեկ դատարան: Իսկ Վոլոդյա Ավետիսյանի մարտական ընկերները, քաղաքացիական ակտիվիստներ, Նախախորհրդարանի անդամներ գտնում են, որ այս հարցը իրավական դաշտից դուրս է:

«Սա քաղաքական հարց է, Վոլոդյան էլ քաղաքական բանտարկյալ է: Վոլոդյան ազատամարտիկների` արժանապատիվ ապրելու հարցը բարձրացնելով` բարձրացնում էր քաղաքական հարց: Պարզապես Վոլոդյային դատելով` ուզում են բոլորիս ցույց տան, թե տեսեք` ով խոսի, պայքարի, նույն ճակատագրին կարժանանա: Բայց մենք բոլորս ենք «Հայաստան» քրեակատարողական հիմնարկում: Հիմա ոստիկանները այցելում են մեր տղաների բնակարաններ, ասում են` մի պայքարեք, մի գնացեք դատերին, թե չէ նույն բանը կկրկնվի: Իշխանությունը հույսը դրել է մեր ժողովրդի անհուսության վրա: Բայց մի օր այնպես է միավորվելու մեր ժողովուրդը...ես դրան եմ հավատում»,- «Հետքի» հետ զրույցում ասաց ազատամարտիկ Գագիկ Սարուխանյանը:

Հ.Գ. Վերաքննիչ դատարան էին եկել Վոլոդյա Ավետիսյանի 6 երեխաներից չորսը, որոնցից երեքը մինչև տասնչորս տարեկան անչափահասներ են: Նրանց կարգադրիչները թույլ չտվեցին մտնել դահլիճ: Փաստաբան Արա Զաքարյանը դատարանին խնդրեց, որ երեխաները ներս մտնեն: Նախագահող Կարինե Ղազարյանը նպատակահարմար չգտավ երեխաների ներկայությունը նիստերի դահլիճում, փոխարենը թույլատրեց երեխաներին տեսակցել հորը խորհրդակցական սենյակում լինելու ժամանակ:  

Մեկնաբանություններ (3)

Վեհարի
Մեկ տարի մարդուն բանտում են պահում և պարզվում է դատարանը ժամանակ չունի հարցաքննության հրավիրել ՊՆ Սեյրան Օհանյանին, քննիչ Խաչիկյանին, անթույլատրելի ճանաչել առաջին ատյանի դատարանում չհարցաքննված վկաների նախաքննական ցուցմունքները և տրամադրել ԱԱԾ-ի կողմից կատարված գաղտնալսումների` դատարանի կողմից տրված թույլտվությունների որոշումները: Այսպիսի ,,Արդարադատություն,, անցյալ դարի երեսնական թվականներին էր, երբ երեք դատավորի /тройка-յի/ միջոցավ առանց ապացույցների, միլիոնավոր անմեղների, ցմահ դեպի մահվան ճամբարներն էին ուղարկում: Անհրաժեշտ է քրեական գործ հարուցել ոչ միայն դատավորի ու դատախազի դեմ այլև նրանց և այլ գործերով այլ դատարաններին անօրեն ցուցումներ իջեցրած ս. Օհանյանի ու ս. Սարգսյանի դեմ:
Վեհարի
Դիտեք` http://www.youtube.com/watch?v=CvUQIAR7GGY Այս հղումով սեյրան Օհանյանը ավելի քան պարզ /միամտաբար/ խոստովանում է, որ ինքը սերժ Սարգսյանի անունից է հանդիպել /տեսանյութի 4.21 րոպեին/ Վոլոդյա Ավետիսյանի հետ և վերջինս հրաժարվել է պայմանավորվածություններին ենթարկվել ….:
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Բոլորին հայտնի է,որ Հայաստանում դատա-իրավական համակարգը ո՛չ թե գործերի ճշմարտությունն է բացահայտում,այլ ՔԱՂԱՔԱԿԱՆ պատվերներ է կատարում. հատկապես մեծ/զգայուն գործերի ժամանակ: Սրա վերջը գալու է միա՛յն այն ժամանակ,երբ Հայաստանում դատա-իրավական համակարգի վրա լինի ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ վերահսկողություն. այսինքն՝ ա) ԺՈՒՐԻՈՎ նախաքննություն և դատավարություն, բ) դատավորների ընտրություն ժողովրդի կողմից:.............................. Ինչ վերաբերում է Վոլոդյա Ավետիսյանին. ինքը, Շանթի պես, քաղաքակա՛ն բանտարկյալ է: Ռեժիմը Վ.Ավետիսյանին հայտնի անհատ դարձրեց: Կնստի որոշ ժամանակ ու հետո ԱՎԵԼԻ ՈՒԺԳԻՆ կպայքարի ռեժիմի դեմ: Իսկ այսպիսի ապազգային-աթոռապաշտ ռեժիմներ ԵՐԲԵՔ երկար կյանք չեն ունենում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter