HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Պուտինի տեղեկացմանը սպասելիս, կամ ինչու են «ջարդում» Լևոն Հայրապետյանին

Մոսկվայի Բասմանի դատարանը, բավարարելով ՌԴ քննչական կոմիտեի միջնորդությունը, մինչև դեկտեմբերի 15-ը երկարաձգեց դեռևս հուլիսին կալանավորված հայազգի գործարար, բարերար Լևոն Հայրապետյանի նկատմամբ կալանքի ժամկետը: Նրան պաշտոնապես նոր մեղադրանք առաջադրվեց` մեքենայություն, ինչը նշանակում է, որ քննչական ծառայությունն ամրապնդում է Լևոն Հայրապետյանին անազատության մեջ պահելու և նրան քրեական պատասխանատվության ենթարկելու իրավական հիմքերը:

Ըստ ամենայնի` կոմիտեն իր առջև խնդիր է դրել հայ բարերարի խնդիրը քաղաքական հարթությունից տեղափոխել քրեական դաշտ: Թվում է, սակայն, որ նպատակը ոչ թե գործը քաղաքական շահարկումներից պաշտպանելն է և օբյեկտիվությունն ապահովելը, այլ նրա ձերբակալման` ավելի շատ քաղաքական թվացող որոշումն ամրապնդելը:

Բայց որքան էլ հիմք ընդունենք Լևոն Հայրապետյանի` իր նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը «բեսպրեդել» որակելու իրողությունը, առաջնորդվենք մարդու անմեղության կանխավարկածով, այս պահին հիմնական խնդիրն ավելորդ զգացմունքայնությամբ, տարատեսակ շահարկումներով գործարարին չվնասելն է: Մանավանդ որ գործը, որի շրջանակներում կալանավորել են Հայրապետյանին, նոր մասշտաբներ է ընդունում: Երեկ տեղեկատվություն տարածվեց այն մասին, որ նույն գործի շրջանակներում տնային կալանքի տակ է առնվել ռուսական հզոր «Սիստեմա» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Վլադիմիր Եվտուշենկովը: Այս իմաստով զուտ քրեաիրավական դաշտում մնում է համակերպվել այն ամենի հետ, ինչ ձեռնարկում է քննչական կոմիտեն:

Բայց Հայրապետյանի հարցը միայն իրավական կողմ չունի: Գործարարը շարունակում է մնալ «Մատրոսկայա տիշինա» մեկուսարանի իր բանտախցում` ունենալով չափազանց լուրջ առողջական խնդիրներ: Դրանց բնույթը և ծանրությունը, ի վերջո մարդկային պարզ կարեկցանքն ուղղակի պահանջում են բուժումն ապահովել քաղաքացիական հիվանդանոցում: Նախաքննական մարմնի կողմից այդ խնդիրների նկատմամբ կուրության դրսևորումը, գործարարի նորմալ բուժումն ապահովելուն ուղղված փաստաբանների տարատեսակ միջնորդությունները հետևողականորեն մերժելը ոչ միայն ընդգծում են համակարգի կողմից նրա նկատմամբ յուրահատուկ վերաբերմունք ունենալու իրողությունը, այլև անազատության մեջ առնվազն բարոյահոգեբանական առումով նրան ջարդելու ցանկությունը: Այդքանով արդեն խնդիրն ինքնին դառնում է քաղաքական, Հայրապետյանին վերածում հալածյալի:

Օգոստոսի 10-ին Սոչիում Ադրբեջանի նախագահ Իլհամ Աիևի հետ ԼՂ հարցով բանակցություններից հետո Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել էր, որ Լևոն Հայրապետյանի հարցը բարձրացրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ: «Ռուսաստանի նախագահը խոստացավ՝ ուսումնասիրել այդ խնդիրը: Նա տեղյակ չէր ոչ քրեական գործից, և ոչ էլ ճանաչում էր Լևոն Հայրապետյանին, գոնե՝ անուն-ազգանունով: Նա խոստացավ ուսումնասիրել և մեզ տեղեկացնել՝ կապված առողջական խնդիրների հետ»,- հարցազրույցի ժամանակ ասել էր Սերժ Սարգսյանը:

Մի կողմ թողնենք փաստը, որ նշելով, թե Պուտինը տեղյակ չէ Հայրապետյանից և նրա շուրջը հյուսվող գործից, Հայաստանի նախագահն ըստ էության փորձում էր հանել կասկածներն առ այն, որ գործի հարուցումն ու Հայրապետյանի մեուսացումը Կրեմլից իջեցված քաղաքական հրահանգի կամ պատվերի արդյունք է, և որ Ռուսաստանի իշխանությունները դրա հետ որևէ կապ չունեն: Թերևս դրա մասին է խոսում նաև այն փաստը, որ Սերժ Սարգսյանը, ըստ էության, Պուտինի մոտ բարձրացրել է ոչ թե հայ գործարարի, նկատմամբ քրեական հետապնդման իրավաչափության հարցը, այլ նրա առողջական վիճակի: Գուցե իսկապես նախագահը փորձելով է այդքանով բավարավելով ավելի չվնասել Լևոն Հայրապետյանին: Համենայնդեպս ամեն կերպ ուզում ես դրան հավատալ: Բայց փաստ է, որ Հայրապետյանի նկատմամբ նոր, երրորդ մեղադրանքի առաջադրումը տեղի ունեցավ Սերժ Սարգսյանի այս հայտարարությունից ուղիղ մեկ ամիս անց: Եթե նախագահները Սոչիում խոսել են այս թեմայով, ապա դա ակնհայտորեն ոչ թե լավացրեց Հայրապետյանի վիճակը, այլ էլ ավելի վատացրեց: Այդ ընթացքում Հայրապետյանին միայն մեկ անգամ` սեպտեմբերի 2-ին, այն էլ մեկ օրով, տեղափոխեցին քաղաքացիական հիվանդանոց: Այդ կարճ ժամանակահատվածում առավելագույնը կարող էին նրան հետազոտել, բայց ոչ երբեք բուժել: Եվ եթե դրանից հետո նրան կրկին տեղափոխում են մեկուսարան, նշանակում է հիվանդանոց տանելն ընդամենը նրա առողջական վիճակի ծանրության մասին պնդումները հերքելու նպատակ է հետապնդել:

Չի բացառվում, որ Հայրապետյանի հարցը չի եղել Պուտինի հետ բանակցությունների օրակարգում և Սերժ Սարգսյանը, նման հայտարարություն անելով, պարզապես փորձել է չեզոքացնել Հայրապետյանի հարցով որևէ քայլ չձեռնարկելու հետ կապված` ՀՀ իշխանություններին ուղղված մեղադրանքները: Եթե այդպես է, ապա նշանակում է, որ Հայրապետյանը հայտնվել է ոչ միայն ռուսական, այլև հայկական քաղաքական իշխանության շահերի յուրօրինակ պատանդի կարգավիճակում:

Համենայնդեպս ոչ Սերժ Սարգսյանը, ոչ էլ նրա աշխատակազմն անցած մեկ ամսվա ընթացքում որևէ պարզաբանում չտվեցին` ի վերջո Պուտինն ինչ-որ բան արե՞լ էր Լևոն Հայրապետյանի առողջական վիճակի մասին տեղեկանալու և գուցե միջոցներ ձեռնարկելու մասին իր տված խոստումը կատարելու ուղղությամբ: Եթե անգամ հարցն իսկապես բարձրացվել է ՌԴ նախագահի հետ հանդիպման ժամանակ, ապա դատելով հայ գործարարի ներկայիս վիճակից` պատասխանն առավել քան ակնհայտ է: Բայց դա արդեն վերաբերմունք է ոչ թե պարզապես Լևոն Հայրապետյան անձի, գործարարի նկատմամբ, այլ` պետության, ընդ որում` ռազմավարական գործընկեր համարվող պետության: Հայրապետյանի նկատմամբ շարունակվող անմարդկային վերաբերմունքը պետք է ընդունել որպես Պուտինի պատասխան Սերժ Սարգսյանին և հայ հասարակությանը:  

Մեկնաբանություններ (2)

hasmik
ին համոզմամբ ոչ էլ սերժ սարգսյանը խոսել է Պուտինի հետ, հավանաբար ՀՀ իշխանություններին ձեռք է տալիս Լևոն Հայրապետյանի այս կարգավիճակը
aa
Բարի գալուստ Եվրասիական միություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter