Երեքշաբթի, 25 սեպտեմբերի

Ակնաբերդցիներն սպասում են դպրոցի վերանորոգմանը, իսկ պետությունն այդքան հարուստ չէ



«Հետքն» այս տարվա սեպտեմբերի 1-ի առիթով անդրադարձել էր ԼՂՀ Շահումյանի շրջանի թիվ 1 դպրոցի խնդրին, որը կրում է ազատամարտիկ Շահեն Մեղրյանի անունը: Ակնաբերդ համայնքի միջնակարգ այս հաստատության շենքը կառուցվել է դեռեւս 1974-ին՝ իբրեւ Ումուդլու ադրբեջանաբնակ գյուղի դպրոց: Ու չնայած տիպային կառույցը բավականին մեծ է, ունի սպորտդահլիճ, ուսումնական երկհարկանի մասնաշենք, այժմ էլ այնտեղ 111 երեխա է սովորում, շենքը բավականին տխուր պայմաններում է գտնվում:

Դպրոցի պատուհանների մի մասի ապակիները բացակայում են, փոխարենը դրանք ստիպված ծածկում են ցելոֆանով: Դպրոցը ջեռուցվում է փայտով, սակայն հարց է, թե ցելոֆանապատ լուսամուտները ինչպես են պահում ջերմությունը: Սպորտդահլիճում ընհանրապես միայն փայտե շրջանակներն են մնացել ու այստեղ ցուրտ ամիսներին պարապել հնարավոր չէ: Նվիրաբերված գույքն էլ չփչանալու համար պահվում է փակ սենյակում: Դասասենյակներից մեկում ֆիքսել էինք փլման ենթակա միջնապատ, որը «կանգուն» էր միայն հենափայտերի շնորհիվ: Այսքանով հանդերձ, ըստ դպրոցի տնօրեն Նարինե Օսիպյանի, շենքը վթարային չի համարվում:

Ի պատասխան դպրոցի վերանորոգման վերաբերյալ մեր հարցին՝ ԼՂՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանն ասաց, թե «Այս պահին գյուղում չկան այդքան աշակերտներ, որ համապատասխանի այդ դպորցին, այսինքն՝ դպրոցը լրիվությամբ վերանորոգենք: Եթե չեմ սխալվում, այդ դպրոցը ոչ պակաս 300-տեղանոց դպրոց կարող է լինել»: Բայց որքա՞ն է տրամաբանական մտածել, որ եթե 300-տեղանոց դպրոցում 111 աշակերտ է սովորում, ուրեմն վերանորոգումն առաջնային չէ: Սա, իհարկե, լուրջ չէ:

Մյուս կողմից՝ Շահրամանյանը նշեց, որ իրենք առաջնորդվում են ԼՂՀ կրթության եւ գիտության նախարարության ծրագրով. «Մեր ԿԳՆ-ն ունի ծրագիր ըստ առաջնահերթության, եւ մենք դպրոցաշինության քաղաքականությունն իրականացնում ենք՝ համաձայն ներկայացված ծրագրի: Իրենք տալիս են, որ, օրինակ, այս պահին Կումայրի գյուղում անհրաժեշտություն կա կառուցել դպրոց, քան Ակնաբերդում… Դա շատ հաջողված ծրագիր է: Ամեն տարի մեծ քանակությամբ դպրոցներ ու մանկապարտեզներ ենք վերակառուցում եւ կառուցում»:

Ըստ նախարարի՝ ծրագիրը 5-ամյա կտրվածքով է: Մեր ճշգրտմանը, թե արդյոք Ակնաբերդի դպրոցը կա դրա մեջ, նա ասաց, թե կլինի: Մեզ հետ զրույցում տնօրեն Օսիպյանն ասել էր, որ հույսեր ունի ԼՂՀ վարչապետի խոստման հետ, ըստ որի՝ շենքը պիտի հիմնանորոգվի 2015-ին:

Կարեն Շահրամանյանը չթաքցրեց, որ պետությունը, հաշվի առնելով շահումյանցի գործարարների՝ Ակնաբերդի դպրոցին օգնելու նախաձեռնությունները, չի շտապել դրա վերակառուցումը առաջնահերթ համարել: Հիշեցնենք, սակայն, որ բարեգործությունները սահմանափակվում են տարբեր տեսակի գույք, առարկաներ, տեխնիկա նվիրելով: Նախարարն առանձնացնում է Մարտակերտի շրջանի Զագլիկի դպրոցի վերանորոգման ու Քաշաթաղի շրջանի Կումայրի գյուղում դպրոց կառուցելու դեպքերը, որոնք իրականացվել են արտահերթ կարգով՝ ելնելով անհրաժեշտությունից:   

Վերադառնալով Մեղրյանի անվան դպրոցին՝ նախարարը եզրափակեց. «Ցավոք սրտի, ի տարբերություն նախորդ տարիների, մենք հիմա իրականացնում ենք միայն կապիտալ աշխատանքներ: Մենք հարուստ պետութուն չենք, որ մի տասն անգամ մի դպրոցի վրա աշխատենք»:

Թե երբ ի վերջո կլուծվի այս դպրոցի հարցը, դժվար է ասել, չնայած համայնքում այն առաջնահերթ է համարվում: Զարմանալի է նաեւ «Եղնիկներ» ջոկատի հիմնադիր, Շահումյանի նախկին շրջանի ղեկավար Շահեն Մեղրյանի մտերիմների, հարազատների, ընկերների մի տեսակ անհաղորդ լռությունն այս խնդրին հատկապես այն պարագայում, երբ հենց Ակնաբերդից է սկսվել ԼՂՀ ներկայիս Շահումյանի շրջանի (նախկին Քելբաջարի եւ այժմ օկուպացված Շահումյանի շրջանների միավորումից) կազմավորումը, եւ այսօր աճող բնակչություն ունեցող Ակնաբերդը նաեւ սահմապահ գյուղ է:      


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Արխիվ