HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քնար Բաբայան

Ստեփանակերտում թանկացել է քաղաքային տրանսպորտի ուղեվարձը

Հոկտեմբերի 1-ից Ստեփանակերտի ներքաղաքային ավտոբուսների կանոնավոր փոխադրումների սակագինը կբարձրանա 30 դրամով. նախկին 70 դրամի փոխարեն ուղևորները վճարելու են 100 դրամ: Ըստ Ստեփանակերտի քաղաքապետարանի մամլո ծառայության տարածած հաղորդագրության՝ ներքաղաքային ավտոբուսների երթուղիները սպասարկող ընկերությունների ղեկավարները, հաշվի առնելով վերջին 7 տարիների ընթացքում դիզվառելիքի և ավտոպահեստամասերի թանկացումը (վերջին անգամ 7 տարի առաջ ուղեվարձը 50 դրամից դարձել էր 70 դրամ), առաջարկում էին մեկ ուղևորի փոխադրման սակագինը դարձնել 112 դրամ («Մհեր» ՍՊԸ) և համապատասխանաբար 120 դրամ («Ստեփանակերտ-Սերվիս» ՓԲԸ):

«Երկարատև քննարկումների արդյունքում քաղաքապետ Սուրիկ Խաչատրյանը որոշեց Ստեփանակերտի ներքաղաքային ավտոբուսների երթուղիների կանոնավոր փոխադրումների սակագինը սահմանել 100 դրամ: Նա ընդգծեց, որ ուղևորների փոխադրման սակագնի բարձրացումը 30 դրամով հիշյալ ընկերություններին պետք է ստիպի առավելագույնս բարեխղճություն դրսևորել և պայմանագրային բոլոր պարտավորությունները կատարել անթերի, որպեսզի բնակչությունն օրեցօր բարելավվող սպասարկումից զգա, թե ինչով է պայմանավորված փոխադրումների սակագնի փոփոխությունը»,- ասված է մամլո հաղորդագրության մեջ:

Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի բաժնի պետ Էդգար Ավանեսյանի հավաստմամբ՝ ամեն ինչ կատարվել է օրենքով: «Երթուղու ուղեվարձի փոփոխությունը կարգավորվում է «ԼՂՀ ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքի համաձայն, ըստ որի՝ երթուղու ուղեվարձը կարող է վերանայվել օբյեկտիվ պատճառներով` դրամի արժեզրկման, վառելիքաքսուքային նյութերի, տրանսպորտային միջոցների եւ ավտոպահեստամասերի գների աճի հետ կապված՝ կազմակերպության ներկայացրած գրությունների համապատասխան հաշվարկների հիման վրա եւ մրցութային հանձնաժողովի ներկայացմամբ, իսկ այն հաստատվել է երթուղային ցանցը կազմակերպող համապատասխան մարմնի որոշմամբ: Ստորագրվել է քաղաքապետի համապատասխան որոշում, որն էլ ուղարկվել է ԼՂՀ արդարադատության նախարարություն`պետական գրանցում ստանալու նպատակով»,- «Հետքի» հետ զրույցում մանրամասնեց Է. Ավանեսյանը:

Ստեփանակերտ քաղաքի հանրային տրանսպորտի 70 տոկոսը սպասարկում է«Ստեփանակերտ-Սերվիս» ՓԲԸ-ն՝ 10, 13, 14, 16 և 18 համարի 28 ավտոբուսներով և վարձակալած 5 միկրոավտոբուսներով: Ընկերության տնօրեն Լևոն Չալյանի խոսքով՝ սակագների վերանայումն անհրաժեշտ էր՝ հաշվի առնելով վառելիքաքսանյութային ապրանքների և պահեստամասերի դինամիկ գնաճը:

«2010թ. –ից մեր ծառայությունները մատուցում ենք «Հունդայ» մակնիշի ավտոբուսներով, որոնք անմխիթար ճանապարհների պատճառով ստիպված ենք լինում հաճախակի վերանորոգել: Բացի դրանից, օր չկա, որ նստելատեղ չվերանորոգենք: Վերջերս մեծ ուշադրություն ենք դարձնում նաև վարորդների հագուկապին: Արդեն քանի ամիս է՝ վարորդները երթուղի են դուրս գալիս համազգեստով: Դրանք բոլորը ծախսեր են»,- ասում է Լ. Չալյանը:

Մինչդեռ ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Աշոտ Սարգսյանը անհիմն է համարում ոչ միայն ուղեվարձի, այլև մնացած ծառայությունների թանկացումները: «Կարող ենք բերել բազմաթիվ փաստարկներ և ապացուցել, որ անգամ 70 դրամն է սակարկելի, քանի որ ժամանակին մասնագետների կողմից կատարված հաշվարկների համաձայն` ուղեվարձի ինքնարժեքը կազմել է 32 դրամ»,- ասել է Ա. Սարգսյանը՝ հավելելով, որ ղարաբաղաադրբեջանական սահմանագծում օգոստոսյան լարված իրավիճակից հետո արցախցիների նկատմամբ նման վերաբերմունքը ոչ հայրենասիրության դրսևորում է:

«Ստեփանակերտ սերվիսում» վստահեցնում են, որ ընկերությունը վնասով է աշխատում, ահա թե ինչու 2012թ. ապրիլից այն գործում է Արցախի ներդրումային հիմնադրամի հովանու ներքո: Տրանսպորտի գնի թանկացումը, ըստ Արցախի ներդրումային հիմնադրամի տնօրեն Արտակ Միրզոյանի, թույլ կտա տարեկան տնտեսել 100 մլն դրամ, որն այժմ ուղղվում է «Ստեփանակերտ սերվիս»-ի սուբսիդավորմանը:

«Ճիշտ է, հիմնադրամը ֆինանսապես մեզ օգնում է՝ մարելու գնված ավտոբուսների վարկը, բայց, ի վերջո, որպես ընկերություն պետք է ինքնաբավ լինենք, գոնե աշխատավարձերի բարձրացման ֆոնին մենք էլ վարորդների աշխատավարձերը բարձրացնենք: Այսօր ընկերությունում աշխատում է 62 վարորդ, նրանց ամսական աշխատավարձը կազմում է 100 հազար դրամ»,- «Հետքի» հետ զրույցում պարզաբանեց ընկերության տնօրենը՝ հավելելով, որ ուղեվարձի բարձրացումից հետո նախատեսում են վարորդների աշխատավարձը բարձրացնել 10-15 տոկոսով:

Ներքաղաքային երթուղայիններից մեկի վարորդը, ով չցանկացավ ներկայանալ, «Հետքի»-ին ասաց, որ թանկացումն իրեն ևս ձեռնտու չէ: «Օրական տես քանի մարդ ա առանց վճարելու (կամ առավոտ շուտ 10-հազարանոց դեմ տալիս ու մանր չլինելու պատճառով թողնում ենք իջնի) իջնում ավտոբուսից, որ որոշների թողած 10-30 դրամներով անգամ չենք կարողանում առանց վնասի օրվա պլանը տալ»,- ասում է երթուղայինի վարորդը՝ հավելելով, որ վստահ էլ չի, թե արդյոք ուղեվարձի թանկացումը կնպաստի իր աշխատավարձի բարձրացմանը: Այդքանով հանդերձ՝ ուղեվարձը բարձրացնելուց հետո անգամ սպասարկող ընկերությունում վաղ են համարում օգուտի մասին խոսել: Բայց միևնույն ժամանակ խոստանում են է́լ ավելի բարձրացնել սպասարկման որակը, ինչը, պետք է խոստովանել, այսօր էլ բավականին բարձր մակարդակ ունի: Ընկերությունը մտավախություն չունի նաև, որ Երևանի պես Ստեփանակերտում էլ քաղաքացիական բողոքի ակցիա կսկսեն: Ըստ պրն Չալյանի՝ 30 դրամով թանկացումը մեծ հարված չի հասցնի արցախցիների ընտանեկան բյուջեին:

«Ազգային վերածնունդ» կուսակցությունը հայտարարություն էր տարածել, որ օրերս կազմակերպվելու է քաղաքացիական բողոքի ակցիա ընդդեմ ուղեվարձի բարձրացման: «Ազգային վերածնունդ» կուսակցությունը 288 ուղևորի շրջանում անցկացրել է սոցհարցում՝ ճշտելու նրանց դիրքորոշումը ուղեվարձի թանկացման և հարակից խնդիրների վերաբերյալ: Հարցումներից պարզվել է, որ վերջին 6 ամսվա ընթացքում եկամուտների ավելացում հիմնականում ունեցել են քաղծառայողները և պետական ծառայողները, եկամուտները չեն աճել մասնավոր հատվածում աշխատողների մեծամասնության մոտ: Ընդհանուր առմամբ, հարցվածների 58 տոկոսի մոտ եկամուտների ավելացում չի եղել, 40 տոկոսի մոտ եղել է, իսկ 2 տոկոսի մոտ եկամուտները նվազել են: Մինչև 45 հազար դրամ ստացողների ճնշող մեծամասնությունն աշխատում է մասնավոր հատվածում: Հարցվողների 40 տոկոսն աշխատում է քաղծառայության/պետական ծառայության ոլորտում, մասնավոր հատվածում՝ 26 տոկոսը, կրթական ոլորտում՝ 7 տոկոսը, անհատ ձեռներեց է 7 տոկոսը, չի աշխատում հարցվողների 20 տոկոսը (հիմնականում ուսանողներ): Հարցվածների 79 տոկոսը պատասխանել է, որ թանկացումներն էական ազդեցություն կունենան իրենց ընտանեկան բյուջեի վրա, 10 տոկոսը գտնում է, որ էական ազդեցություն չեն ունենա, իսկ 11 տոկոսը դժվարանում է պատասխանել: Հարցին, թե արդյոք կմասնակցեն ուղեվարձի թանկացման դեմ բողոքի ակցիաների, եթե այդպիսիք կազմակերպվեն, հարցվողների 54 տոկոսը դրական պատասխան է տվել, 26 տոկոսը դեմ է եղել բողոքի ակցիաներին, իսկ 20 տոկոսը դժվարացել է պատասխանել:

Հոկտեմբերի 1-ին հաշված օրեր են մնացել: Երթուղային տաքսիներում արդեն կախվել են ուղեվարձի թանկացման մասին տեղեկացնող ցուցանակներ: Մինչ այսօր թանկացման վերաբերյալ իրենց դժգոհություններն արցախցիները շարունակում են հայտնել սոցցանցերում, ծանոթ-բարեկամների հետ զրույցներում միայն, իսկ թանկացման մասին զգուշացնող ցուցանակներն անուշադիր կարդացողներն այսօր արդեն համեստորեն վճարում են իրենց 100 դրամը և մանրը ստանալու դեպքում զարմացած հարցնում՝ «խե պա արդեն 100 չի՞»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter