HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կազմակերպեցինք Վովայի փախուստը բանտից

Մհեր Ենոքյան

«Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից

Մահապատժի տարիներն էին: Ոչ մի ձայն, ոչ մի կենդանի օրգանիզմ, բացի մի քանի նույն դեմքերից չկար: Չէինք տեսնում արևը, չէինք զգում ժամանակը: Այն պարզապես չկար մեզ համար: Գրել եմ, որ կարդում էի` չխելագարվելու համար: Հարազատներս մի հնար գտնում էին ու Ողջերի աշխարհից ինձ գրքեր էին ուղարկում, նաև սնունդ` գոյատևելու համար:

Հեռուստացույց չէր թույլատրվում, փոխարենը երկաթյա դռան վերևում` ճաղերի մեջ, պատի ռադիո կար, որի ձայնը չէինք կարողանում բարձրացնել կամ իջեցնել: Մենք էլ գրիչները հալեցնում էինք, կպցնում իրար, անցկացնում դռան վերևի ճաղերի միջով, որ գոնե ռադիոյի ձայնը կարողանանք կարգավորել: Բայց այդ ռադիոն միշտ միացված չէր: Բանտի աշխատողներն այն միացնում էին մեկ ժամով, երբ կամենային, օրինակ՝ գիշերը կամ ցերեկը: Մենք էլ խնդրեցինք, որ երեկոյան միացնեն: Նկատել էի, որ հենց երեկոյան ժամերին քնքուշ ձայնով մի աղջիկ հեքիաթ է պատմում երեխաների համար: Տարիներ շարունակ ես նրա պատմած հեքիաթների տակ էի քնում՝ երևակայելով, թե տանն եմ: Հետո երևակայում էի, թե ինչ սենյակում է նստած այդ աղջիկը, ինչ հագուստով է, ինչպիսին են նրա աչքերը: Ո՞վ կմտածեր, որ քնքուշ ձայնով աղջկան տարիներ անց պիտի գտնեմ…

Հերթական ցուրտ ու մութ գիշերն էր: Հեքիաթի տակ քուն էի մտել: Մեկ էլ ճնճղուկի ծվծվոց եմ լսում: Ձայնը դեպի տանիք տանող օդանցքի խողովակն էր տանում: Ձեռքս խողովակի ներսը տարա ու քաշելով հանեցի «ազատազրկված» ու հուսահատ մի ճնճղուկ: Խցակիցս էլ էր արթնացել: Միասին հաց ու ջուր տվեցինք նրան:

Առավոտյան, երբ նախաճաշ բաժանող դատապարտյալը մոտեցավ մեր խցին ու բացեց հաց բաժանելու փոքր դռնակը, շշուկով հարցրեցինք.                                                    

- Ախպեր ջան, կօգնե՞ս Վովայի փախուստը դասավորենք:                                         

- Տղե՛րք ջան, ինձ մի քանի ամիս բան ա մնացել, որ ազատվեմ. ուզում եմ փորձանքից հեռու լինեմ,- վախեցած պատասխանեց հաց բաժանողը, ով նույնպես դատապարտյալ էր (սովորաբար հաց բաժանողները թեթև հանցանքների համար դատապատվածներն են լինում, ովքեր աշխատում են բանտերում):                                           

- Կալանավոր տղա ես ու չե՞ս ուզում մեր բախտակիցը ազատություն տեսնի,- ասում եմ ես:     

- Բայց ես ի՞նչ կարամ անեմ, ստեղից փախնելն անհնար բան ա, - վախվորած կողքերը նայելով՝ պատասխանում է հաց բաժանողը:                                                   

-Դու մի վախեցի, իդեալական փախուստ ա, հետք չի մնա, մեր Վովան շատ փոքր ա… դու պետք ա Վովային հասցնես մինչև միջանցքի պատուհանի ճաղերը ու վերջ (մահապատժի դատապարտվածների խցերի ցանցավոր ճաղերն այնքան մանր են, որ նույնիսկ լուցկու տուփը չի անցնի):                                                                  

Դռան ետևում կանգնած հաց բաժանողը զարմացած մեզ է նայում՝ երևի չհասկանալով, թե ոնց ենք «դատապարտյալ» Վովային իրեն տալու: Երբ հետ քաշվեցի, որ բերեմ մեր Վովային, խեղճը իրար խառնված ասաց.                                  

- Ախպեր ջան, մենակ շուտ արեք`չբռնվենք, թազա սռոկ կտան:                                                        

Վայրկյաններ անց, երբ տեսավ խեղճ ու կրակ ճնճղուկ Վովային, շունչը տեղն ընկավ:      

- Հը՛, հիմա կօգնե՞ս մեր բախտակցին փախուստի դիմի, - արդեն ծիծաղելով՝ հարցնում ենք նրան:

-Վա՛յ, ես Վովայի ցավը տանեմ,- ասաց հաց բաժանող դատապարտյալը եւ ճնճղուկին վերցրեց ափերի մեջ, տարավ դրեց պատուհանագոգին: Մեր նոր ընկերը վերջին անգամ նայեց իր «փրկիչների» կողմը, թռավ-գնաց: Հիմա նա վայելում է Ազատությունը…

P.S. Ձեզանից որևէ մեկի մտքով չի էլ անցնում, թե ինչքան դժվար կարող է լինել ռադիոյի ձայն բարձրացնելը: Դուք նույնիսկ հնարավոր է տարիներով չեք լսում ռադիո, իսկ ինձ համար այն կախարդական գործիք էր, որից լսում էի մարդկային ձայն: Ձեզանից որևէ մեկը չի կարող պատկերացնել, որ պատուհանը չի կարող բացել իր ձեռքերով, չի կարող շնչել մաքուր օդ կամ պատուհանագոգին լցնել հացի փշուրներ ճնճղուկների համար: Ես պատմում եմ այս պատմությունները, որ Դուք ապրե՛ք Ազատության ամեն մի վայրկյանը, իսկ պատուհանից ամեն անգամ նայելիս հիշեք, որ ֆիզիկական ու հոգևոր Ազատությունը Աստծո պարգևն է` տրված Մարդուն:

                                                                           

Մեկնաբանություններ (2)

Հերմինե Միքայելյան
ես պարզապես մաղթում եմ այս երիտասարդին՝ կամք, կորով և ամենակարևորը համբեևություն...
Հասմիկ Ա. Ա.
Ես միշտ պատկերացնում եմ, թե դու ի՜նչ հիանալի բժիշկ կլինեիր քո սրտացավությամբ, բարությամբ, մարդկայնությամբ: Մհեր ջան, Մարդու քո տեսակը չի կարող հանցագործ լինել, էլ չեմ ասում' մարդասպան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter