HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

Երեք պատերազմի երեք լուսանկարների հետքերով

Ֆոտոլրագրող Օլեգ Կլիմովը գրեթե 20 տարի հետո որոշում է գտնել այն մարդկանց, ում նկարել է հակամարտությունների ընթացքում: Պատերազմը վավերագրած լուսանկարիչը խոստովանում է, որ պատերազմի ընթացքում իր լուսանկարած մարդիկ իր համար միայն պատերազմի կերպարներ էին. նա չգիտեր, թե ում է նկարում: Նրա լուսանկարները ժամանակին տարածվել են միջազգային մամուլի էջերում՝ դառնալով պատերազմի խորհրդանիշներ:

Վավերագրող Մաշա Նովիկովան  ֆիլմի միջոցով ներկայացրել  է, թե ինչպես է Օլեգը փնտրում իր լուսանկարների հերոսներին: Օլեգը  ընտրել է երեք լուսանկար երեք պատերազմներից՝ Ղարաբաղի, Աբխազիաի, Չեչնիայի:

«Նամակներ ինքս ինձ» (Letters to myself) ֆիլմը սկսվում է Ղարաբաղից: Ղարբաղյան պատերազմից Օ. Կլիմովն ընտրում է «Մադոննան կալաշնիկովը ձեռքին» («Мадонна с калашниковом») լուսանկարը: Այդ օրվանից Օլեգը հիշում է միայն այն, որ դա Ստեփանակերտն էր, որտեղ շատ փախստականներ կային: Օլեգն ու Մաշան երկար էին փնտրում այդ կնոջը Ղարաբաղում: Շատերը հիշում էին նրան, բայց տեղեկություն չունեին նրա մասին:

Փնտրտուքների արդյունքում պարզվում է, որ լուսանկարի կինը Էլոն է` Շահումյանից, ով այժմ ապրում է Վարդենիսում: Էլոն անգամ տեղյակ չէր, որ իր նկարը ժամանակին հայտնվել է համաշխարհային մամուլի էջերում: Այժմ նա ապրում է իր որդու և նրա ընտանիքի հետ: Հորը սպանել են պատերազմի ընթացքում, իսկ մյուս տղան պատերազմի տարիներից ի վեր անհետ կորած է: Մաշան խոստովանում է, որ տեսնելով Էլոյին` շատ է խղճացել նրան: Նա համոզված է, որ սոցիալապես ոչ լավ պայմաններում ապրող այս ընտանիքը հատուկ ուշադրության և օգնության կարիք ունի:

«Նկարից կարելի է կարծել, որ նա կռվող է, բայց նա պարզապես պաշտպանում էր իր ընտանիքը», - ասում է Մաշա Նովիկովան:

Ղարաբաղից հետո ֆիլմում ներկայացված է Աբխազիայի պատերազմից մի լուսանկարի պատմություն: Լուսանկարն արվել է 1993թ.՝ Սուխումիի ազատագրման օրը, այնտեղի հանգստյան տներից մեկում: Այսօր էլ նույն տեղում դեռ կանգնած է դաշնամուրը, որը ոչ ոք չի նվագում:

Մ. Նովիկովան հիշում է, որ Աբխազիայում Օլեգին ընդունում էին ինչպես յուրայինի, մեկին, ով իրենց հետ հավասար կռվել է, չնայած պատերազմի ժամանակ Օ. Կլիմովը զենք չի վերցրել: Սուխումի այցի ժամանակ Օլեգն այստեղ կազմակերպում է իր լուսանկարների ցուցահանդեսը: Փնտրելով իր լուսանկարի հերոսներին՝ նա տեղեկանում է, որ լուսանկարում պատկերված կինն արդեն մահացել է: Նա աբխազուհի էր, ամուսինը՝ վրացի: Պատերազմի ժամանակ, երբ այդ երկու ազգերը կռվում էին միմյանց դեմ, այս ընտանիքում դժվար իրավիճակ էր ստեղծվել, և ամուսինները որոշում են երկրից հանել իրենց տղային: Իսկ լուսանկարի դաշնակահարը պրոֆեսիոնալ պարող է, ով այժմ էլ աշխատում է իր մասնագիտությամբ:

Երրորդ պատմությունը տանում է Չեչնիա: Լուսանկարն արվել է այն ժամանակ, երբ պետք է կատարվեր փոխանակում ռուս և չեչեն զինվորների միջև:

«Պատերազմի ժամանակ փորձում էի լինել օբյեկտիվ: Այստեղ հասկացա, որ այդ պատերազմն ինձ էլ է վերաբերում, և դա ինձ համար անձնական դրամա էր որպես Ռուսաստանի քաղաքացի: Անձամբ ինձ համար դա վատագույն պատերազմն է», - խոստովանում է Օ. Կլիմովը:

Ռուս զինվորները, որոնք գերի էին ընկել, ասում էին, որ իրենց դավաճանել են, այդ պատճառով նրանք ստիպված էին գերի հանձնվել հակառակորդին:

Երեք պատմություններին զուգահեռ ընթանում է Օլեգի պատմությունը, ով տարիներ շարունակ լուանկարել է պատերազմ, դեռևս չի հաղթահարել պատերազմի տարիների ծանր հոգեվիճակը, որովհետև «մահվան զգացողությունը հետապնդում է անգամ այստեղ»: Չնայած երկար տարիներ պատերազմ չէր լուսանկարում, բայց երբ տեղի ունեցան Ղրիմի դեպքերը, չկարողացավ չգնալ: Նա խոստովանում է, որ էքստրեմալ պայմաններում ավելի հետաքրքիր է նկարել, որովհետև մարդիկ ավելի ազատ, անկեղծ ու բաց են:  

 «Ընտրեցի այս մասնագիտությունը, որովհետև մարդիկ սկսեցին ասել ճշմարտությունը: Հիմա իրավիճակը փոխվել է. լրագրության մեջ ընդունված է սուտ ասել», - եզրափակում է Օլեգը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter