HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Որտե՞ղ է տեղի ունեցել վթարը. կողնակո՞ւմ, թե՞ երթևեկելի մասում

Եւս մի քանի նիստ, և կավարտվի Վարդան Պետրոսյանի գործով դատավարությունը: Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը լսել է բոլոր վկաներին, տուժողներին, Վարդան Պետրոսյանին, հետազոտել բոլոր ապացույցները: Շուտով դատախազ Արթուր Սարգսյանը կարտասանի իր մեղադրական ճառը, որին կհետևի պաշտպանականը:

Մինչ այդ, այսօր ավարտվեց դեռ անցյալ նիստին սկսված դատաավտոտեխնիկական փորձագետ Խորեն Զաքարյանի հարցաքննությունը, որին միջնորդել էր դատակոչել պաշտպանական կողմը: Փորձագետին հարցեր ուղղեցին Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը, մեղադրող դատախազ Արթուր Սարգսյանն ու տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը:

Դատաավտոտեխնիկական փորձագետի հարցաքննությունից պարզ դարձավ, որ նախաքննության մարմինը տրամադրել է քրեական գործի ավելի քան 200 էջանոց նյութերը, նրանք զննել են ավտոմեքենաները, բայց չեն եղել դեպքի վայրում:

- Հնարավո՞ր է արդյոք որոշել դեպքի վայրը թափված ապակիներով,-հնչեց պաշտպան Բաղդասարյանի հարցը:

- Եվ՛ հնարավոր է, և՛ ոչ՝ նայած հանգամանքներից, բայց մեր առջև նման խնդիր դրված չի եղել, քանի որ մեզ քննիչի կողմից տրվել են ելակետային տվյալներ, ըստ որոնց քննիչը որոշել է բախման վայրը՝ կողնակում:

- Ձեր օգտագործած 1980 թ-ի գրքում նշված է, որ հնարավոր է,- հայտարարության կարգով ասաց փաստաբան Բաղդասարյանը:

- Հետազոտվե՞լ են արդյոք վթարի վայրում երկու ավտոմեքենաների անիվների արգելակման հետքերը:

-Մեզ նման տվյալներ չեն տրամադրվել,-եղավ փորձագետի պատասխանը:

- Քանի՞ աստիճան է պտտվել «Նիվա» մակնիշի ավտոմեքենան բախումից հետո:

- 180 աստիճան,- պատասխանեց փորձագետ Զաքարյանը:

- Հնարավոր չէ՞ր «Նիվայի» հետվթարային դիրքի վրա տեղադրելով ավտոմեքենան՝ հետադարձ շարժել ու պարզել նախավթարային դիրքը,- հարցրեց Նիկոլայ Բաղդասարյանը, ով գտնում է, որ ճանապարհի բանուկ մասում կանգնած «Նիվան» 180 աստիճան հետ պտտելով՝ այն դարձյալ կհայտնվեր բանուկ մասում, ոչ թե կողնակում:

Սակայն այս հարցի դեմ առարկեց տուժողի իրավահաջորդի շահերի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը.

-Դրա կարիքը չի եղել, եթե լիներ, քննիչը կպահանջեր այդ գործողությունը կատարել:

- Արդյոք տեղեկացել եք, թե որքան մարդ է նստած եղել «Նիվայի» մեջ, արդյո՞ք խոչընդոտվել է վարորդի տեսանելիությունը:

- Դա մեր իրավասության հարց չէ, այլ իրավական գնահատականի,-պատասխանեց փորձագետը:

Տուժողներից Նաիրա Հայրապետյանն էլ ռեպլիկի կարգով ասաց՝ նկատի ունենալով Վարդան Պետրոսյանին.

- «Նիվան» չտեսավ հետևը, թող ինքն իր դիմացը տեսներ, ինքն էլ հո մենակ էր:

- Բառախաղերով են զբաղված, ամեն ինչ անում են լրագրողների համար,- ասաց տուժողներից Արթուր Հակոբյանը

Փորձագետին հարցեր տվեց նաև դատախազը:

- Դեպքի վայրում թափված հեղուկ կա, զննության առաջին արձանագրության մեջ նշված նյութի հետք: Արդյո՞ք դա մեքենաների բախման հետևանքով է եղել:

- Ես կարող եմ միայն կարծիք հայտնել: Հեղուկը հոսելու հատկություն ունի: Լուսանկարին նայելով կարող եմ ասել, որ կանգնած վիճակում գտնվող տեղից արտահոսք է:

Փորձագետին հարցեր տվեց նաև Ռուբեն Բալոյանը:

- 71 կմ/ժ նվազագույն արագություն եք որոշել BMW-ի համար: Դրա մեջ մտնո՞ւմ է դեֆորմացման հետևանքով մարված արագությունը:

-Ո՛չ, դա նվազագույն շեմն է, դրանից բարձր կարող է լինել, բայց ցածր՝ ոչ,- պատասխանեց փորձագետը: 


Հարցաքննությունը ավարտվելուց հետո Ռուբեն Բալոյանը դատարանին նեկրայացրեց դեպքի վայրի 18 լուսանկարներ, որոնք արվել են վթարից անմիջապես հետո: «Լուսանկարները կան քրեական գործում, պարզապես մենք խոշորացրել ենք դրանք: Այստեղ հստակ երևում է կողային հայելիներից մեկը, որի հետ կապված այդքան հայտարարություններ եղան, թե չի եղել: Նկարներում երևում է նաև հեղուկի ուղղությունը, որը սկսվում է հողածածկ գոտուց և շարժվում է դեպի երթևեկելի մաս»,-ասաց Բալոյանը:

Մեկ այլ լուսանկարում, Ռուբեն Բալոյանը ցույց տալով մեքենայից թափված հեղուկի հետքը, նշեց, որ այն դուրս է գալիս մինչև կողնակ՝ վկայելով, որ վթարը տեղի է ունեցել հենց այդ մասում: Տուժողի շահերի ներկայացուցիչը միջնորդեց հետազոտել դրանք և կցել քրեական գործին:

Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանն էլ նշեց, որ  դրանք գործում առկա նույն լուսանկարներն են, որոնք ինքը նախորդ նիստին ներկայացրել էր խոշորացված ու լուսավորված տարբերակով:

«Այո՛, այստեղ երևում է BMW-ի հետքը, որը չի գծել քննիչը: Կա նաև անիվի տակից թողնված հետքը: «Նիվայի» թողած հետքերը ևս երևում են: Քննիչը 180 աստիճան կիսակլորը գծել է, հետո դադարեցրել է: Եթե չի եղել դիտավորություն, ինչպե՞ս է հնարավոր՝ կես հետքը գծել, մյուս կեսը, որը հստակ երևում է՝ չգծել: Այս լուսանկարով ապացուցվում է, որ հետքը թերի է գծվել: Վթարից հետո հեղուկ է թափվել BMW-ի վրա, նաև ճանապարհի երթևեկելի մասում, հետևաբար, մենք պնդում ենք, որ վթարը տեղի է ունեցել բանուկ մասում»,-կարծիք հայտնեց Նիկոլայ Բաղդասարյանը: 

Դատարանը բավարարեց միջնորդությունն, ու 18 լուսանկարները կցվեցին գործին: Դատական հաջորդ նիստը նշանակվեց արդեն հոկտեմբերի 3-ին:

Վերջին լուսանկարում կողային հայելին կարմիրով շրջանակի մեջ է առնվել «Հետքի» կողմից 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter