HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Կնոջը խեղդամահ արած Ա. Ղազարյանի գործը վերաքննիչը բեկանել և ուղարկել է նոր քննության

Վերաքննիչ դատարանը 2014թ. հուլիսի 3-ին որոշում է կայացրել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2013թ. դեկտեմբերի 26-ի դատավճիռը` քրեական գործով ըստ մեղադրանքի Արտյոմ Վրեժի Ղազարյանի ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` այլ կազմով նոր քննության` սահմանելով նոր քննության ծավալ:

Արթիկի բնակիչ Արտյոմ Ղազարյանը Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի կողմից, նախագահությամբ Մարտին Սարոյանի, 2013թ. դեկտեմբերի 26-ի դատական նիստում մեղավոր էր ճանաչվել կատարած հանցանքում և դատապարտվել 10 տարի ազատազրկման՝ կնոջը դիտավորյալ սպանելու (խեղդելու միջոցով) համար:

Ամբաստանյալի փաստաբան Աննա Դավթյանն իր վերաքննիչ բողոքում նշել էր, որ առաջադրված մեղադրանքի հիմքում դրվել է Արտյոմ Ղազարյանի` որպես կասկածյալ դեպքից ընդամենը մի քանի ժամ հետո տված ցուցմունքը: Այդ ժամանակ նա  եղել է շփոթված, չի գիտակցել իր կատարած արարքը: Ամբաստանյալը նշել է, որ չի ցանկացել և երբևիցե մտադրություն չի ունեցել սպանելու կնոջը, այլ ընդամենը փորձել է համոզել նրան հետ կանգնել արատավոր ճանապարհից, ասել ճշմարտությունը, դադարեցնել հանդիպումներն այլ տղամարդկանց հետ և շարունակել համատեղ կյանքը, քանի որ ունեն երկու մանկահասակ երեխաներ և ինքն էլ շարունակում է սիրել կնոջը։

Սակայն Ցողիկը ծիծաղել է նրա վրա (քանի որ խմած է եղել), ավելին` վերցրել է խոհանոցային դանակը, սպառնացել սպանել Արտյոմին, ապա հարվածել նրա որովայնին և աջ ազդրին: Ցողիկի ձեռքից դանակը գցելու, հետագա հարվածներից իր անվտանզությունը ապահովելու համար Ա.Ղազարյանը բռնել է կնոջ պարանոցը և սեղմել, իսկ թե իրականում որքան ժամանակ է սեղմել` հստակ չի հիշել, ուղղակի իր կարծիքով սեղմել է այնքան, որ Ցողիկը թուլանա և ձեռքից գցի դանակը: Ցուցմունքում նշվել է նաև, որ Ցողիկ Այվազյանն Արտյոմ Ղազարյանից ոչ միայն ավելի բարձրահասակ, այլև մարմնեղ և հաղթանդամ է եղել:

Արտյոմ Ղազարյանը նման ցուցմունք է տվել քննչական փորձարարության և դատահոզեբուժական-հոգեբանական փորձաքննության ժամանակ, ինչպես նաև դատարանում։ Ըստ փաստաբան Աննա Դավթյանի` իր վստահորդի նման դիրքորոշումը հիմնավորվել է գործով ձեռք բերված այլ ապացույցներով, մասնավորապես` վկաների և տուժողի իրավահաջորդի ցուցմունքներով։

Վերաքննիչ բողոքում նշվել է, որ Ա.Ղազարյանն իրոք շատ է սիրել կնոջը և երեխաներին, ամեն գնով ցանկացել է պահպանել ընտանիքը, աշխատել է երկհերթ, համբերությամբ տարել կնոջ բոլոր քմահաճույքները: Անգամ, երբ իմացել է, որ կինն անբարո վարք է դրսևորում, հղի է, ընդ որում` ոչ իրենից, չի ցանկացել, որ կինը ընդհատի հղիությունը՝ հորդորելով լույս աշխարհ բերել երեխային, թեպետ հետագայում Ցողիկն, այնուամենայնիվ, ազատվել է անցանկալի հղիությունից: Իսկ վեճի ժամանակ կնոջ ագրեսիվությունը թուլացնելու եւ ինքնապաշտպանվելու նպատակով է միայն սեղմել նրա կոկորդը: Ա.Ղազարյանը կնոջ կյանքին և առողջությանը ոտնձգելու որևէ դիտավորություն չի ունեցել, դա է պատճառը նաև, որ ցանկացել է արհեստական շնչառություն տալ, երբ նկատել է, որ կինը չի շնչում այլեւս։ Այդ ամենն իմանալով` տուժողի հարազատները ոչ մի բողոք, պահանջ չեն ներկայացրել՝ ավելին, տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը դատական նիստում դրական բնութագրելով Ա.Ղազարյանին՝ խնդրել է դատարանին ազատ արձակել ամբաստանյալին դատարանի դահլիճից կամ նշանակել հնարավորինս մեղմ պատիժ նրա նկատմամբ։

Վերաքննիչ դատարանում պաշտպան Ա.Դավթյանը միջնորդել է նշանակել լրացուցիչ դատահոգեբանական փորձաքննություն` պատճառաբանելով, որ քրեական գործի նախաքննության ընթացքում քննիչի 29.07.2013թ. որոշմամբ նշանակվել է միայն ստացիոնար դատահոգեբուժական և դատահոգեբանական փորձաքննություն և փորձագետներին հարց չի առաջադրվել այն մասին, թե Ա.Ղազարյանին մեղսագրվող արարքը կատարելու պահին վերջինս գտնվել է արդյոք ֆիզիոլոգիական աֆեկտի վիճակում, թե ոչ: Հարուցված միջնորդությունը Վերաքննիչ դատարանի կողմից բավարարվել է և նշանակվել լրացուցիչ դատահոգեբանական փորձաքննություն:

Վերաքննիչ դատարանի կողմից նշանակված լրացուցիչ դատահոգեբանական փորձաքննության թիվ 55/1 եզրակացության հետևությունների համաձայն` կնոջը խեղդամահ անելուն նախորդող ժամանակահատվածում Արտյոմ Ղազարյանը գտնվել է հուզական լարվածության, կուտակման, անձնային և իրավիճակային տագնապության, շփոթվածության և սթրեսի վիճակում: Արտյոմ Ղազարյանի կատարած գաղտնի ուսումնասիրությունները զուգակցվել են տագնապի և խանդի հոգեվիճակներով, ինչը ի վերջո նրան հանել է հունից: Վերը նշված հոգեկան վիճակը նախորդել է սպանությանը` դրա հետ գտնվելով պատճառաբանական կապի մեջ:

Հանցագործութունը կատարելու պահին Արտյոմ Ղազարյանը գտնվել է կումուլատիվ աֆեկտի վիճակում:

Վերոգրյալների հիման վրա և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 403-423-րդ, 375-րդ հոդվածների պահանջներով` բողոք բերած անձը Վերաքննիչ դատարանին խնդրել է բեկանել, փոփոխել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 26.12.2013թ. կայացրած դատավճիռը, Ա.Ղազարյանի արարքը վերաորակել ՀՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածով, իսկ եթե դատարանը կգտնի, որ արարքի իրավական որակումը ճիշտ է՝ նշանակված պատիժը փոփոխել մեղմացման առումով։

Դատական գործի քննությունը Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանում այս անգամ վստահվել է դատավոր Հարություն Մովսեսյանին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter