HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նաիրա Հայրապետյան

Սեմ Քուկ. սև ու սպիտակ պատերազմի 33-ամյա լեգենդը

«Բոլոր ժամանակների լավագույն 100 երգիչներ» ցանկում աշխարհահռչակ «Rolling Stone»  ամսագրի ընթերցողների գնահատմամբ 16-րդ տեղում է Sam Cooke անունը:

Սեմ Քուկ.  գոսպելի, R&B, սոուլ և փոփ ոճերում ստեղծագործող երաժիշտ, երգիչ և երգահան: Վոկալիստ, ով կանգնած է սոուլ երաժշտության հիմքում և առավելապես հայտնի է «Սոուլի արքա» բնորոշմամբ՝ իր վոկալ առանձնահատուկ տվյալների  և ժամանակակից  երաժշտության մեջ ունեցած մեծ ներդրման համար: Այս արտիստը իրապես մեծ հեղինակություն էր վայելում 50-60-ական թթ.  ոչ միան աֆրոամերիկացիների կողմից, այլև սպիտակների: Նրա ստեղծագործական ուղին դեռևս համընկնում էր սևերի և սպիտակների սահմանազատման ժամանակաշրջանի հետ: Եվ այս ամենով հանդերձ՝ ամեն ամիս երաժշտական չարտերը ամբողջացվում էին Քուկի ռոմանտիկ բալլադներով:

Նրան հաճախ, ինչպես Ռեյ Չարլզին, նաև «սոուլի հայր» են անվանում: Առաջին անգամ երաժշտական հիթ-շքերթների առաջատար դիրքերում հայտնվեց 1957թ. «You send me»  երգով՝ այստեղից տապալելով և դուրս մղելով Էլվիս Փրեսլիի «Jailhouse Rock»-ը: Ապա հաջորդեց R&B և փոփ երգերի շարքը: Սակայն մինչ այդ երգիչը հարուստ ճանապարհ էր հասցրել անցնել՝ սկսելով իր առաջին քայլերը գոսպելից, սիրված ու ճանաչված լինելով սևամորթների շրջանում: Երգել սկսել էր դեռ մանկության տարիներից, «Highway QCs» խմբում:

Ապա հայտնվեց  «Soul Stirrers»  անվամբ եկեղեցական հայտնի երգչախմբում, որը մեծ ազդեցություն ունեցավ երգչի վաղ երաժշտական ոճի ձևավորման մեջ: Վեց տարի այստեղ հանդես գալուց հետո նա, գլխավոր երգչի իր դիրքը զիջելով խմբի հիմնադիր Ռոբերտ Հարիսին, որոշեց դուրս գալ և «շրջել» աշխարհիկ երաժշտության մեջ:

Իր առաջին փոփ սինգլը կոչվում էր «Lovable»: Այն թողարկվեց 1957թ. «Դեյլ Քուկ» կեղծանվամբ (չվիրավորելու համար ավետարանական ուղղությամբ երգչախմբին, քանի որ ընդունված չէր և նույնիսկ մեծ խարան կարող էր համարվել այն, որ գոսպելի երգիչը հանդես գար աշխարհիկ երաժշտությամբ): Սակայն այս գաղտնիքը երկար ի վիճակի չէր պահպանվել. Քուկի՝ իր տեսակի մեջ եզակի ձայնն անմիջապես ճանաչվեց: Կարճ ժամանակ անց Գերշվինի երգերից մեկը նրա կատարմամբ լսելուց հետո, վերջնականապես հիասթափված, երգչին այնուամենայնիվ տրվեց  աշխարհիկ երգերով հանդես գալու «օրհնություն-թույլտվությունը»: 

Նույն տարվա մեջ էլ ծնվեց «You Send me»-ն՝ երգչի առաջին հիթը, որը վեց շաբաթ շարունակ առաջին հորիզոնականում մնաց  Billboard R&B chart-ում և երեք շաբաթ նույն դիրքում՝ Billboard pop-ի շարքերում: Այս բալլադի հանդեպ երաժշտասերների արձագանքն այնքան մեծ էր, որ երգչի թավշյա ելևէջներով զնգուն ձայնը սկսեց ճանաչելի դառնալ ամենուր, հենց վոկալի առանձնահատկության, ապա բեմական գրավիչ արտաքինի  շնորհիվ: 

Մեծ ջերմությամբ ընդունվեցին նաև «Only Sixteen»–ը և «Everybody Loves To Cha Cha Cha»-ն:  Ինչպես R&B ոճի այդ տարների գրեթե բոլոր արտիստները, Սեմ Քուկը ևս առավելապես կենտրոնացած էր սինգլների ուղղությամբ: Իր գործունեության ընթացքում նա թողարկեց ավելի քան 29 առաջատար հիթ՝ փոփ և R&B անվանակարգերում: 1960թ. նա պայմանագիր ստորագրեց մեծ հեղինակություն վայելող RCA Records  ընկերության հետ. «Chain Gang»-ը դարձավ նրա թվով երկրորդ հիթը ԱՄՆ-ում, միաժամանակ երգչի հասարակական արձագանքը դատապարտյալների խնդրի հանդեպ: Այս երգով նա շարունակեց երկրպագուների բանակն ավելացնել, որի մեջ տարբեր ժանրերի և ոճերի երաժշտասերներ էին: Երգին հետևեցին «Cupid», Sad Mood», «Another Saturday Night», «Twistin the Night Away» և այլ հիթեր: 

Նրա կատարումներում շոշափվող՝ նուրբ, փափուկ, բայց խորապես զգացմունքային մոտեցումը այս արտիստի այցեքարտն էր: Կատարողական այս նրբությունները հետագայում պիտի ձևավորեին շատ ու շատ հայտնի երգիչների՝ Քյուրթիս Մեյֆիլդ, Արեթա Ֆրանքլին, Օտիս Ռեդինգ,Մարվին Գեյ, Սթիվի Ուոնդեր, Էլ Գրին, ինչու չէ, նաև Ջեյմս Բրաուն… այս հսկաներն իրենց ճանապարհը հարթել են Ս.Քուկի արդեն քանդած կարծրատիպերի շնորհիվ:

Սեմ Քուկը նաև տաղանդավոր երգահան էր և իր երգերի մեծ մասի հեղինակը, ինչպես նաև  գործիքավորողը: Ի հավելումն այս ամենի՝ նա ուներ նաև գործարար բացառիկ կարողություններ:1959թ. նա հիմնադրեց իր սեփական երաժշտական ընկերությունը, իսկ երկու տարի անց՝ «SAR Records» ձայնագրման ստուդիան: Սևերի և սպիտակների դեռևս սահմանազատման մթնոլորտում, խոստովանենք, սա չափազանց համարձակ նախաձեռնություն էր: «SAR Records» պիտակով հանրությանը ներկայացան «The Simms Twins» դուետը, «The Valentinos» խումբը, Բոբի Ուոմաքը, Ջոնի Թեյլորը, Բիլլի Փրեսթոնը և ուրիշներ: Այլ կերպ ասած՝ Քուկն իր ընկերությունը հիմնադրեց նաև սևամորթ երգիչներին աջակցելու և ճանապարհ տալու նպատակով: Սեմ Քուկն ընդամենը 33 տարեկան էր:

Ոչ ոք այդպես էլ հաստատ չիմացավ, թե ինչ էր տեղի ունեցել 1964թ. դեկտեմբերի 11-ի վաղ առավոտյան: Լոսանջելեսյան էժանագին մոթելներից մեկում ոստիկանությունը հայտնաբերեց երգչի սպանված դին: Նա մահացել էր ատրճանակի կրակոցից: Ինչպես հետագայում խոստովանել էր մոթելի մենեջերը, ինքն էր կրակել  երգչի վրա՝ ստիպված լինելով  ինքնապաշտպանվել: Ըստ այդ վկայության՝ Քուկը փորձել էր վերջինիս բռնաբարել: Հենց այս տարբերակն էլ հիմք ընդունվեց դատավարության ժամանակ, որը, սակայն, հունից դուրս բերեց երգչի մտերիմներին և երաժշտասերների մեծ մասին:

Նրանք համոզված էին, որ Սեմ Քուկը սպանվել էր միմիայն ռասիստական նկատառումով՝ լռեցնելու երկրի ամենահայտնի ու հաջողակ սևամորթին, ով ինքնուրույն էր, համարձակ և իր արվեստով առաջնորդ: Այս վարկածն առավել համոզված պնդում էր հատկապես երգչուհի Էտտա Ջեյմսը, ով անձամբ տեսել էր երգչի սպանված և իր իսկ վկայությամբ՝ տարբեր հարվածներից ջախջախված մարմինը: Դեպքի մասին մանրամասներն ու վկայությունները ներկայացված են Պիտեր Գուրալնիկի  «Dream Boogie»՝  երգչի մասին կենսագրական գրքում:  Արեթա Ֆրանքլինը Ս. Քուկին նկարագրում է որպես առասպելական հումանիստի և իշխանական վարքագիծ ունեցող մի մարդու:

Սեմ Քուկի մահը մինչ օրս մնում է երաժշտական աշխարհի մեծագույն առեղծվածներից մեկը:  Հազարավոր մարդիկ այդ օրերին սգում էին նրա կորուստը: Երգչի մահից ուղիղ մեկ տարի անց նրա ձայնագրման ստուդիան թողարկեց «A Change  Is Gonna Come»  երգը: Այն բնորոշվում է որպես քաղաքացիական իրավունքների պաշտպանությանն ուղղված հիմն՝ ազդված Դիլանի  «Blowin in the wind»- ից: Այն թերևս Քուկի ամենաքաղաքական բողոքն էր՝ երաժշտության լեզվով:

Նրա առեղծվածային մահով վերջ դրվեց Սեմ Քուկի կյանքին, սակայն ոչ նրա ստեղծագործական հավերժությանը… Նրա երգերը մինչ օրս կատարվում են հին ու նոր երգիչների կողմից և շարունակում մնալ ինքնահաստատման շեմը հաղթահարելու կարևոր նախապայման, հատկապես` սոուլի ժանրում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter