HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արդարությունը չես գնի

Մանուկ Սահակյան, ցմահ բանտարկյալ

Հարգելի ընթերցող, հոդվածը սկսում եմ մի պարզ մանկական հիշողությամբ, որն իմ կյանքում կրկնվեց երիտասարդ տարիքում՝ այս անգամ թողնելով իր անջնջելի հետքն իմ կյանքում: Կարծում եմ՝ բոլորդ էլ կհիշեք մանկության տարիներից նման պատմություն, երբ տանն ինչ-որ իր է կոտրվել, և ձեզ մեղադրել են, սակայն իրականում դուք չեք կոտրել, բայց քանի որ տան փոքրը դուք էիք ձեր «մեղավորությունը», կարելի է ասել, ապացուցված էր համարվում: Վստահ եմ, որ ժպիտով կհիշեք մանկական հիշողությունը, բայց այն ժամանակ թվում էր՝ ձեզ մեղադրում են մի ծանր հանցագործության մեջ և չէին լսում ձեր անմեղության ձայնը, իսկ դուք ջանք չէիք խնայում ձեր անմեղությունն ապացուցելու համար`շատ ժամանակ արդարության վերականգնման ապացույց դարձնելով մանկան արցունքները:

Վերջերս լուրերով մի նորություն լսեցի, որ ԱՄՆ-ում մի քանի դատապարտյալներ արդարացվել էին տասնյակ տարիներ անց: Որպես փոխհատուցում նրանց պետք է վճարեին 41 միլիոն դոլար գումար: Ինձ հետաքրքիր է, թե ինչ զգացողությամբ ընդունեցին այս լուրը ազատության մեջ ապրողները: Վստահ եմ, որ շատերն անկեղծ զարմացան և գուցե փորձեցին պատկերացնել, թե ինչ են զգացել այդ մարդիկ անազատության տարիներին, իսկ մյուսների ուշադրությունը գրավեց գումարի մեծությունը, մտածելով, որ այդքան գումար փոխհատուցում ստանալուց հետո, նրանք իրենց կյանքը կկառուցեն ինչպես ցանկանան և նրանց խեղված ճակատագրերը նոր գույներ կստանան:

Հետաքրքիր է, երբ փոքր տարիքում ձեր անմեղությունն ապացուցելու համար կռիվ էիք տալիս, կփոխեի՞ք այդ անմեղությունն ինչ-որ շոկոլադով: Վսատահաբար կարող եմ ասել՝ ոչ:

Նույն կերպ կարո՞ղ է արդյոք գումարի մեծությունը փոխհատուցել տարիներ շարունակ հանցագործի պիտակով ապրած անազատության տարիները: Նմանապես ո՛չ: Կարո՞ղ է գումարը փոխհատուցել հոգեկան ապրումները, որոնք մինչև իսկ հոգեկան խանգարման կարող են հասցնել, կարո՞ղ է փոխհատուցել ընտանիքի ջերմությանը, երեխայի առաջին քայլերը տեսնելու երջանկությանը կամ երկու սրտերի այդպես էլ չկայացած միացմանը: Այդ տարիներին, երբ դուք արդարություն եք պահանջում, ձեզ հետ հավասար պատիժ են կրում հարազատները:

Կարո՞ղ եք մի պահ պատկերացնել, որ ձեզ դատապարտել են չգործած հանցանքի համար, բայց այդ մասին դուք չեք էլ կարող բարձրաձայնել, դուք չունեք դրա իրավունքը: Վստահ կարող եմ ասել, որ սխալ դատավարությունն աշխարհում հայտնի ամենադաժան սպանություններից մեկն է, իսկ դրա հետևանքով անազատության մեջ շպրտվածի ձայնը չլսելը սպանություն է: ՀՀ-ում կան անմեղ դատապարտյալներ, ովքեր պատասխան են տալիս ոչ իրենց կողմից կատարված հանցագործության համար: Իսկ ո՞վ է ապահովագրված, որ իր կամ իր հարազատի նկատմամբ նման անարդարություն չի կատարվի:

Քանի դեռ չունենք անկախ դատարաններ, քանի դեռ դատարանները վերևից եկող հրամաններն իրականացնող կառույցներ են, ուրեմն ոչ ոք ապահովագրված չէ: Իմ կարծիքով ազատության մեջ ապրողները չպետք է մտածեն, թե այն խնդիրները, որոնք արդարադատությանն են վերաբերվում, իրենց չեն առնչվում: Նրանք պետք է պայքարեն դրա դեմ հենց իրենց համար, քանի որ ժողովրդավարական պետություն ունենալու առաջին և հիմնական նախապայմանն անկախ դատարանների առկայությունն է: Ցանկանում եմ հավատալ և հուսալ, որ տարիներ շարունակ տարբեր անհատների և կազմակերպությունների կողմից բարձրաձայնվող իրավական բացերը, ՀՀ-ում ցմահ ազատազրկվածներին վերաբերվող խնդիրները կստանան հասարակության լայն շրջանակների աջակցություն և ժամանակի ընթացքում կստանան իրենց լուծումը: Վերջին ամիսներին նման հույս է արթնացնում Արդարադատության նախարարության կեցվածքն և բարեփոխման ծրագրերի խոստումները: Հուսով եմ, որ խոստումները կիրականան ընդունված օրենքների տեսքով, իսկ դրանք, իրենց հերթին, թղթի վրա գրված տողերից կվերածվեն գործող իրականության:

Մեկնաբանություններ (1)

Վեհարի
Արդարադատության նախարարության կեցվածքը եղել և մնում է գոյություն ունեցող համակարգի իշխանության պահպանումը, և եթե այդ համակարգը առաջնորդվեր օրենքներով կամ ազգապահպանության խնդիրներով ապա հեռախոսով վերևից եկող հրամանների փոխարեն պետք է ստիպված լիներ օրենքը խախտող մարդասպան-հանցագործներին, այսինքն յուրային իշխանավորներին պատժել: Աշխարհում հայտնի ամենադաժան սպանություններից մեկը` սխալ դատավարությունները կշարունակվեն մինչ այն օրը, երբ չարիքների դեմ պայքարող մեծամասնություն կազմողները կգիտակցեն, որ իրենք մեծամասնություն են կազմում մի բուռ տգետ տականքների նկատմամբ և միավորվելով կհասկանան, որ անհրաժեշտ է վերացնել կյանքը սպանողներին կամ երևույթը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter